Նկարում` Ա. Մ. Ահարոնով։
1935–45-ին ղեկավարել է Բաշկիրիայի, 1945–54-ին՝ Օդեսայի, իսկ 1954–62-ին՝ Երևանի բժշկական ինստիտուտների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնները։ Ունի արժեքավոր աշխատություններ կանանց սեռական օրգանների չարորակ ուռուցքների ռենտգենյան ախտորոշման և բուժման, շնչահեղձ նորածինների վերակենդանացման, K վիտամինի դերի մասին: Ահարոնովը 1954–62-ին ՀՍՍՀ մանկաբարձ–գինեկոլոգների գիտական ընկերության նախագահն էր։ Զոհվել է 1962-ի օգոստոսի 2-ին, ավիացիոն աղետի ժամանակ, Ռիո դը ժանեյրոյից հայրենիք վերադառնալիս։
Երկ. Влияние тимуса и коры надпочечника на развитие матки, Уфа, 1941; Оперативное акушерство, 3 перераб. и доп. изд., Е.,.1963.
ԱՀԱՐՈՆՔ, Ահրոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խուլփ գավառակում, Սասունի արևմտյան մասում, բարձրաբերձ լեռների ստորոտին։ XX դ. սկզբին Ահարոնքն ուներ 80-90 տուն հայ բնակչություն, որոնք զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ և շերամապահությամբ։ Գյուղում կար երկու եկեղեցի (Յոթ Մանուկ, Ս. Աստվածածին) և մեկ վարժարան՝ 60–70 աշակերտով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ահարոնքի բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասն ապաստանել Արևելյան Հայաստանում։
ԱՀԵԿԱՆ (կամ Ահկի), հայկական հեթանոսական տոմարի 9-րդ ամսվա անունը։ Անշարժ (Սարկավագադիր) տոմարով ահեկանի 1-ը համապատասխանում է ապրիլի 8-ին (նահանջ տարում՝ 7-ին)։
ԱՀՄԱԴԱԲԱԴ, քաղաք Հնդկաստանի Հուջարաթի նահանգում։ 1300 հազար բնակչությամբ ՝ (1967)։ Տրանսպորտային հանգույց է, արդունաբերական և առևտրաֆինանսական կենտրոն։ Կան բամբակյա գործվածքեղենի, մետաքսի, ծխախոտի, կաշվի, մետաղամշակման, քիմիական, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները (ոսկերչություն և այլն)։ Գործում է համալսարան (1949)։ Պատմական հուշարձաններից են Զամա Մասջիդը կամ Մեծ մզկիթը (1424) և Թին Դարվազա եռակամար դարպասը (1425)։ Հիմնադրվել է 1411-ին։
ԱՀՄԱԴ–ՇԱՀ ԴՈՒՐԱՆԻ (մոտ 1721–1773), աֆղան զորավար, Աֆղանստանի շահ 1747-ից, աֆղանական պետության հիմնադիր։ Մասնակցել է Նադիր Շահի արշավանքներին, գլխավորել իրանական բանակի աֆղանական հեծելազորը։ 1747-ին իր զորքով գնացել է Աֆղանստան, թագադրվել շահ։ Կատարել է հաջող արշավանքներ դեպի Հնդկաստան, Իրան, Հարավային Թուրքեստան։
ԱՀՆԻՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, լեռնային, անտառապատ վայրում։ Ալավերդուց 57 կմ հարավ–արևելք: 275 բնակիչ (1970), հայեր։ Մտնում է Լորուտի կաթնաանասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։ Ահնիձորը հիմնադրել են Հաղպատ և Սանահին գյուղերի հողատերերից փախած գյուղացիները XIX դ. 2-րդ կեսին։
ԱՀՎԱԶ, քաղաք Իրանի հարավում,Խուզիստանում: 207 հազար բնակիչ (1966)։ Գտնվում է Կարուն գետի ափին, խոշոր նավթահանքերի կենտրոնում։ Երկաթուղային հանգույց և գետային նավահանգիստ է, ունի օդանավակայան։ Կան տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, պողպատագլանման գործարան։ Ահվազով է անցնում Թեհրան տանող նավթամուղը։ Այստեղ ապրում է մոտ 1000 հայ (1968)։ Կա հայկական եկեղեցի։
ԱՀՐԱՆՔ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների հինգերորդ օրվա անունը։
ԱՀՐԻՄԱՆ (Անհրա–Մայնյու անվ. պահլավական ձևը), զրադաշտականության մեջ՝ չարի մարմնացում, չար աստված, որն իբր ստեղծել է բոլոր չարիքները՝ մահը, հիվանդությունները, աղետները, վնասակար գազաններին ու թռչուններին և մշտական պայքարի մեջ է Ահուրամազդայի հետ։ Հայերի մոտ հայտնի է եղել նաև Արհմն անունով։
Գրկ. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Ե., 1970։
ԱՀՈՒՐԱՄԱԶԴԱ, զրադաշտականության գերագույն աստվածը։ Ըստ առասպելաբանության, ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն։ Բարու և չարի պայքարի վերաբերյալ պատկերացումների զարգացման հետ կապված՝ Ահուրամազդան դիտվել է իբրև բարի սկզբունքի մարմնավորում, բարի աստված, որը մշտական պայքարի մեջ է չար աստծո՝ Ահրիմանի հետ։ Հայերի մեջ հայտնի է եղել Որմիզդ անունով՝ Ահուրամազդայի անվան պահլավական Հորմիզդ, Օրմիզդ ձևերից (նոր պարսկերենում՝ Հորմոզ)։ Ահուրամազդա անունից է ծագում հայկական Արամազդ աստծո անունը։
Գրկ. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Ե., 1970։
ԱՂԱ (թուրք․ պարոն, ավագ եղբայր), Օսմանյան կայսրությունում զորապետների, այդ թվում ենիչերիների հրամանատարի, ինչպես նաև պալատական ծաոաների որոշ խմբերի ավագների տիտղոս։ Ենիչերիների վերացումից հետո (1826)՝ թուրքական բանակի կրտսեր և միջին սպաներ։ ժամանակակից Թուրքիայում՝ հարուստ հողատեր, երբեմն՝ անվան բաղկացուցիչ մաս։ Նախասովետական հայ իրականության մեջ՝ գյուղատեր, կալվածատեր, ինչպես նաև ունևոր մարդկանց դիմելու ձև։
ԱՂԱ ՄԻՐԱՔ Իսֆահանի (ծնված և մահվան թթ. անհայտ), Թավրիզի մանրանկարչության դպրոցի (XVI դ.) նկարիչ, փղոսկրի փորագրման վարպետ։ Ստեղծագործել է Հերաթում, ապա՝ Թավրիզի պալատական գրադարանում։ Նշանակալից գործերից են Նիզամիի «Խամսե»–ի ձեռագրի (1539–43, Բրիտանական թանգարան, Լոնդոն) մի քանի մանրանկարները («Մեջնունը գազանների շրջապատում» ևն)։ Աղա Միրաքի մանրանկարներն աչքի են ընկնում կառուցվածքի ներդաշնակությամբ, խնամքով մշակված մանրամասներով, բներանգով։
ԱՂԱԲԱԲ (Աղաբաբյան) Հակոբ Բեժանի (1875–1926), հայ գրող և մանկավարժ։ Ծնվել է նոյեմբերի 14(26)–ին, Ղազախի գավառի Սև քար (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանում) գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Աշխատակցել է «Հասկեր», «Կարմիր ծիլեր» և այլ պարբերականների։ Ա. Խնկոյանի և Հ.Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895-ին, «Աղբյուր» ամսագրում։ Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ», (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում։ Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար («Թուխսը»,1914, «Պախրախոտ», 1935 և այլն)։ Աղաբաբը հեղինակ է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոյի (երաժշտությունը՝ Դ. Ղազարյանի)։ Աղաբաբը իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Թիֆլիսում։
Գրկ. Մխիթարյան Ա., Վրաստանի սովետահայ գրականությունը, Ե., 1966, էջ 84 – 92։
Նկարում` Գ. Գ. Աղաբաբյան։
ԱՂԱԲԱԲՅԱՆ Գրիգոր Գարեգինի (ծն. 1911), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ծնվել է հունիսի 12(25)–ին, Ալեքսանդրապոլում։ Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1937)։ 1950–59-ին Երևանի գլխավոր ճարտարապետ։ 1959-ից ՀՍՍՀ պետշինի նախագահ։ Աղաբաբյանի աշխատանքներին (Երևանի սառցակոմբինատ, 1950, Կենտրոնական ծածկած շուկա, ինժեներ Հ. Առաքելյան, 1952, Հրազդանի մեծ կամրջի ճարտարապետական մշակումը, 1956, ավտոկայարան, 1966 ևն) բնորոշ է հորինվածքի