Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/239

Այս էջը սրբագրված է

վատորիան (1956)։ Նպաստել է Դաղստանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը։ Գրել է սյուիտ ջութակի և դաշնամուրի համար (1951), «Դաղստանյան սյուիտ» լեզգիների ժող. մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), «Անցյալի պոեզիայից» (1956) և «Հայկական պոեզիայից» (1957–58, Հ. Թումանյանի «Հայոց վիշտը», Ա. Իսահակյանի «Անգիր, և անհայտ, և անհիշատակ», ժող. մարտական՝ «Էրզրումցիների երգ», աշխատանքային՝ «Գութանավորի երգ») վոկալ շարքերը, կանտատներ, Պոեմ–ռապսոդիա ջութակի և դաշնամուրի համար (1959) ևն։ Դաղստանում հանրաճանաչ են Ա–ի մասսայական երգերը։ Զոհվել է ավիացիոն աղետից, հոկտեմբերի 23-ին։

Գրկ. Якубов М., Сергей Арабабов, М., 1966.

ԱՂԱԲԱԼՅԱՆՑ Գեորգի (Գևորգ) Գերասիմի (1904–1966), հայ սովետական գինեգործ։ Գյուղատնտ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1936), ՌՍՖՍՀ գիտության վաստ. գործիչ (1964)։ Ծնվել է հոկտեմբերի 17-ին, Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում։ Ավարտել է (1926) Դոնի գյուղատնտ. և մելիորացիայի ինստ–ը։ 1937-ից՝ Կրասնոդարի, իսկ 1960-ից՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստ–ների գինեգործության ամբիոնի վարիչ։ Ա. մշակել է գինու 7 կոնյակի սպիրտի ստացման նոր տեխնոլոգիա, Ա. Ա. Մերժանյանի և Ս. Ա. Բրուսիլովսկու հետ՝ անընդհատ հոսքում գինու շամպայնացման եղանակը, որի համար նրանց շնորհվել է լենինյան մրցանակ (1961)։ Մահացել է մարտի 20-ին, Մոսկվայում։

Երկ. Химико-технологический контроль производства советского шампанского, М., 1954; Избр. работы по химии и технологии вина, шампанского и коньяка, М., 1972.


ԱՂԱԲԱՂ, Աղապաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում, սակավաջուր սարահարթի վրա։ XIX դ. երկրորդ կեսին ուներ մոտ 80 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղը ուներ եկեղեցի և ուսումնարան։ 1915-ին Ա–ի բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել է ապաստանել օտար երկրներում։


ԱՂԱԲԵԿԱԼԵՆՋ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հարավ–արևմուտք։ 326 բն. (1970), հայեր։ Մտնում է Մարտակերտի այգեգործական սովետական տնտեսության մեջ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան։


ԱՂԱԲԵԿՅԱՆ Մարկոս (1830-1908), հայ հրապարակագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է Զմյուռնիայում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան վարժարանում, 1843–49-ին սովորել է Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1851-ին Մ. Մամուրյանի հետ ծննդավայրում հիմնել է մասնավոր ուսումնարան։ 1860–63-ին Թիֆլիսում խմբագրել է «Կռունկ Հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը։ 1866–1867-ին Կ. Պոլսում խմբագրել է «Ծիլն Ավարայրի» պարբերականը, հոդվածներ է տպագրել «Արևելյան մամուլ», «Լույս», «Բյուզանդիոն», «Ծաղիկ», «Լումա» հանդեսներում։ Իր հրատարակած ու խմբագրած պարբերականներում, ինչպես նաև առանձին աշխատություններում, նա արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել է 1860–ական թթ. հայ ազատագրական շարժումները։ Քննադատելով հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիե»–ն՝ Ա. գտնում էր, որ այդ իրավունքները պետք է պաշտպանել «խաղաղ և օրինավոր» ճանապարհով։ Կողմնակից էր արևելահայ և արևմտահայ լեզուների «իրարամերձեցման» միջոցով միասնական լեզվի ստեղծմանը։ Թողել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսության այժմյան վիճակի վրա» (1865), «Հայ ժողովրդի պատմություն» ծավալուն աշխատության 2 հատորներ (ձեռագիր, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան) ևն, ֆրանսերենից թարգմանել է Ֆ. Գիզոյի «Քաղաքակրթության պատմություն»–ը։

Գրկ. Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2, Ե., 1956։ Հ. Ղազարյան


ԱՂԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ բույսերի, բուսական օրգանիզմների հարմարվողականությունը հողային և ջրային միջավայրի բարձր աղակալությանը։ Մեծ աղադիմացկունությամբ օժտված են՝ աղերով հագեցած լուծույթներում (15–20% ) ապրող բակտերիաները, քաղցրահամ ջրերում չզարգացող ծովային ջրիմուռները, ինչպես նաև հալոֆիտները (օրինակ՝ բալախը հարմարվել է աճելու խոնավ աղուտներում, որտեղ աղերի կոնցենտրացիան 1–2% է)։ Ա. արտահայտվում է բույսերի նյութափոխանակության փոփոխությամբ, ընկնում է շնչառության և տրանսպիրացիայի ինտենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը, պրոտոպլազմայի թափանցելիությունն աղերի նկատմամբ, բարձրանում կոլոիդների ջրասիրությունն ու կապված ջրի քանակը, պրոտոպլազմայի մածուցիկությունը և կոագուլացման շեմքն աղերի թունավոր ազդեցության հանդեպ։ Միաժամանակ փոխվում է բույսերի ջրային ռեժիմը, նրանք դառնում են ավելի ջերմադիմացկուն, բայց՝ գերզգայուն ջրազրկության նկատմամբ։

Բույսերի Ա. բուսաբուծության համար ունի գործնական նշանակություն, թույլ և միջին չափով աղակալած հողերն օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաներ՝ բամբակենի, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ ևն աճեցնելու համար։ Բույսերի Ա. բարձրացնելու նպատակով Սովետական Միությունում մշակվող մեթոդներից կիրառվում Է՝ մինչև ցանքսը ուռճացած սերմերը 1 ժամ տևողությամբ կերակրի աղի 3%-անոց լուծույթի մեջ ընկըղմելը։ Տես նաև Աղակալած հողեր։


ԱՂԱՋԱՐՅԱՆ Միհրան Կարապետի (1892–1933), սփյուռքահայ հասարակական գործիչ, հրապարակագիր, խմբագիր, մանկավարժ։ Ծնվել է սեպտեմբ. 5-ին, Զեյթունի Ալբիստան քաղաքում (Կիլիկիա)։ Սովորել է Կ. Պոլսի Ազգային կեդրոնական վարժարանում (1909–14)։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Հոդվածներ է տպագրել Կ. Պոլսի «Կայծ» ամսագրում։ 1915-ին աքսորվել է Դեր Էլ Զոր, իսկ պատերազմից հետո որպես ուսուցիչ աշխատել է Մարաշի ազգային վարժարանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում։ 1924-ից բնակվել է Բեյրութում։ 1926-ին, դաշնակցության դեմ բուռն պայքարի պայմաններում, ընտրվել է Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։ 1926–28-ին ֆրանս. գաղութային իշխանությունները բանտարկել են Ա–ին որպես առաջադեմ գործչի։ Ա. եղել է Լիբանանում լույս տեսնող «Լիբանան» և «Ժողովուրդ» թերթերի խմբագիր և դրանց էջերում պրոպագանդել է Սովետական Հայաստանի նվաճումները, սոցիալիզմի գաղափարները։ Հրատարակել է «Ինչպես կգողնան» (1926), «Սիսի վերջին աթոռակալը և իր մեղապարտ գավառականը» (1926) և այլ գրքեր։ Ա–ին սպանել են դաշնակցական տեռորիստները, 1933-ի հոկտ. 11-ին, Բեյրութում։


ԱՂԱԹԹՈՒ, քլորաջրածնական թթու, միահիմն ուժեղ թթու, քլորաջրածնի ջրային լուծույթը։ Անգույն, սուր հոտով հեղուկ։ Տեխ. Ա. խառնուրդների ( ևն) առկայության պատճառով դեղնականաչավուն է։ Խտությունը կախված է –ի պարունակությունից (տես աղյուսակ)։ Մեկ մթնոլորտ ճնշման տակ 20–22%-անոց Ա. ազեոարոպ խառնուրդ է, որը եռում է 108,6°C–ում։ Ավելի նոսր լուծույթները թորելիս խտանում են, խիտերը՝ նոսրանում։ Երկու դեպքում էլ առաջանում է ազեոտրոպ խառնուրդ։ Խիտ աղաթթուն (26%-ից բարձր) խոնավ օդում ծխում է անջատելու պատճառով, որը, լուծվելով խոնավության մեջ, առաջացնում է Ա–ի մանր կաթիլներ։ Ա. քիմիապես շատ ակտիվ է։ Նրա մեջ լուծվում են մեծ թվով մետաղներ՝ դուրս մղելով ջրածին։ Չեն լուծվում պլատինը, ոսկին, արծաթը, պղինձը, սնդիկը ևն։ Ա–ում լուծվում են նաև բազմաթիվ մետաղների օքսիդներ և հիդրօքսիդներ՝ առաջացնելով քլորիդներ։ Ա. ստանում են ջրում լուծելով։ Արտադրությունը բաժանվում է երկու մասի՝ քլորաջրածնի ստացումը և նրա կլանումը ջրով։ Առավելագույն կլանում ապահովելու համար այն կատարում են հատուկ աբսորբման աշտարակներում։ Ստացվում է 30–38%-անոց Ա․։ Ամենաշատ օգտագործվող անօրգանական նյութերից է։ Օգտագործվում է մետաղների ( ևն) քլորիդներ ստանալու, հորանցքերը՝ կարբոնատներից, մետաղները՝ օքսիդներից մաքրելու համար։ Մեծ քանակով Ա. է օգտագործվում սինթետիկ կաուչուկի (նաիրիտ), խեժերի և պլաստմասսաների (քլորվինիլ) արտադրության համար։ Աղ–

Քլորաջրածնի պարունակությունը

զանգվ. տոկոս գ/լ խտությունը կգ/մ³
4 40.7 1018
10 104.7 1047
20 219.6 1098
30 344.8 1149
34 397.5 1169
36 424.4 1179