Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/241

Այս էջը սրբագրված է

խակի ոռոգում, պարարտացում գոմաղբով, բրնձի, առվույտի մշակում են)։ Ուժեղ սոդային աղակալած հողերի մելիորացումը շատ դժվար է, և չնայած աշխարհում այդպիսի հողերը գրավում են մեծ տարածություններ, այնուամենայնիվ դրանք գրեթե չեն իրացվում։ Լավագույն դեպքում օգտագործվում են որպես արոտավայրեր։

ՀՍՍՀ–ում Ա. հ. կան Արարատյան դաշտում. զբաղեցնում են մոտ 30 հզ. հա տարածություն։ Դրանք առաջացել են հողակազմող պրոցեսի ընթացքում և ունեն մարգագետնային ծագում։ Արարատյան գոգահովտի բիոկլիմայական առանձին գոտիների ջրընկալ հզոր ավազաններից ներհոսած, հողմահարված ջրալույծ նյութերով հագեցած ջուրը կուտակվում է Արարատյան դաշտում։ Կուտակված ինֆիլտրացիոն յուրը թույլ հոսքի պայմաններում վերածվում է արտեզյան գետնաջրերի։ Այն տեղամասերում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր Է, և ջրաաղային հաշվեկշիռը կարգավորվում է գոլորշիացմամբ, առաջանում են Ա. հ.։ ՀՍՍՀ–ում Ա. հ–ի մելիորացման արդյունավետ մեթոդները մշակվել են ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության հողազիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ում՝ 1960-ական թթ. սկզբներին։ Ոչ հիմնային ռեակցիա ունեցող Ա. հ–ի իրացման համար կիրառվում է ջրով լվացազատումը, աղուտա–ալկալի հողերի համար՝ քիմիական մեթոդը։ Մշակվող հողատարածություններում եղած առանձին ոչ մեծ աղակալած հողակտորների իրացման համար կիրառվում է խրամատա–բնային մեթոդը՝ խաղողի վազի և պտղատու ծառերի տնկումներով։ Սոդային աղակալած և ալկալի–աղուտ հողերի իրացման համար մշակվել է համալիր մեթոդ։ Քիմիական գործարանների օգտագործած ծծմբական թթվի թափոնը դաշտ ուղարկելուց առաջ նոսրացվում է ջրով, և ստացվում է մինչև 0,8–1% խտության լուծույթ, որով հավասարապես լվացվում է հողը։ Ծծմբական թթուն չեզոքացնում է հիմնային միջավայրը, դուրս մղում փոխանակային նատրիումը, հիդրոֆիլ կոլոիդները կոագուլացվում են, և կտրուկ նվազում է հողի մասնատվածությունը, որն ավելացնում է ջրի ծծանցումը և լվացազատման պրոցեսում հողից դեպի ստորգետնյա ջրերը աղերի դուրս բերումը։ Հիմնային ռեակցիայի չեզոքացման հետ միասին տեղի է ունենում մագնեզիումի և կալցիումի ածխաթթվային միացությունների քայքայում, գիպսի, ինչպես նաև նատրիումի ու մագնեզիումի ծծմբաթթվական աղերի առաջացում։ Ջրալվացազատման ժամանակ դյուրալույծ աղերը և նոր առաջացած միացությունները հողից հեռացվում են ցամաքուրդային ցանցով։ Լվացազատման ժամանակ գիպսը, իոնային կազմի և կլանող կոմպլեքսի փոփոխության հետևանքով, հողի վրա բարելավող ազդեցություն է թողնում։ Հողի հիմնային ռեակցիան չեզոքացնելու ժամանակ կալցիումի և մագնեզիումի կարբոնատների լուծելիությունը բարձրանում Է, և դրանց իոնները նույնպես մասնակցում են հողաբարելավման պրոցեսին։ Վերջին տարիներին որպես մելիորանտ կիրառվում է նաև լեռնահանքային արդյունաբերության երկաթարջասպ պարունակող թափոնը։Նայած հողերի աղակալածության աստիճանին, 1 հա–ի վրա ծախսվում է 50–120 տ ծծմբական թթու կամ 100–250 տ երկաթարջասպ և 30–60 հզ. մ³ ջուր։ Ա. հ–ի հետագա բարելավման համար կարևոր է նաև ցանքաշրջանառության ճիշտ ընտրությունը և ագրոտեխնիկայի արդյունավետ ձևերի կիրառումը։ Նպատակահարմար է առաջին տարին մշակել աշնանացան ցորեն, ապա 3–4 տարի՝ առվույտ, իսկ հետագայում՝ բանջարաբոստանային և պտղատու կուլտուրաներ։ Իրացված Ա. հ–ի 1 հա միջին բերքը կազմում է 30–40 գ աշնանացպն ցորեն, 80–100 գ առվույտ, 90–100 գ խաղող, պալմետային ձևավորված այգիներից՝ 200–250 ց պտուղ։

Ստորգետնյա ջրերի մակարդակը իջեցնելու համար ՀՍՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի, հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ների գիտնականները առաջարկել են տարբեր ձևի ցամաքուրդներ։ ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ում ստեղծվել է Ա. հ. փխրեցնող, խոր ճեղքեր փորող ՌՇՉՅԱ–3-120 մակնիշի մեքենա։ ՀՍՍՀ գյուղատնտ. մինիստրության բույսերի պաշտպանության ԳՀԻ մշակել է իրացված հողերում աճող մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումներ։ 1973-ին ՀՍՍՀ–ում իրացվել են շուրջ 1500 հա աղակալած հողեր։ Այս ուղղությամբ մշակված քիմիական մեթոդը և աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել աղակալած հողերի մելիորացիայի մեթոդների վերաբերյալ միջազգային սիմպոզիումում, որը կազմակերպվել է 1969-ի մայիսին, Երևանում։ Հ. Պետրոսյան

Նկարում` 1. Սոդային աղուտ։ 2. Հացահատիկի բույսերի ցանքատարածություն մելիորացված աղուտում; 3 խաղողի այգի մելիորացված աղատում։ 4. Պալմետային պտղատու այգի մելիորացված աղուտում։

ԱՂԱՀԵՃՔ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Գտնվում է Աղավնո գետի (այժմ՝ Հագար–չայ) վերին հոսանքում, համապատասխանում է այժմյան Լաչինի շրջանին (Ադրբ. ՍՍՀ)։ Միջին դդ. Ա–ում հայտնի էին Քաշաթաղ և Խոժոռաբերդ ամրոցները, որոնց անունով և կոչվում էր գավառը։ Ըստ Սյունյաց եկեղեցական հարկացուցակի, XIII դ. Ա–ում եղել է 43 գյուղ։ XVII–XVIII դդ. հայտնի էր Քաշաթաղի մելիքությունը։


ԱՂԱՂԱՆ, գյուղ Պարսկահայաստանում, Ղարադաղի շրջանում, լեռնային վայրում։ XIX դ. վերջին Ա. ուներ ավելի քան 300 հայ բն. (41 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղն ունեցել է վարժարան։ Ա–ում կա եկեղեցի, շրջակայքում՝ հին բնակատեղիներ և գերեզմանատուն։


ԱՂԱՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Արածանիի հովտում, Բալու քաղաքից հյուսիս–արևմուտք, լեռնալանջի վրա. XX դ. սկզբին ուներ ավելի քան 200 հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա–ում կային եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՂԱՄԱԼՅԱՆ Արտեմ Պողոսի (1882–1963), սովետական պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է հունվարի 15-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Չայքադուզ գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղ)։ Ա. 1903-ին արտասահմանից Անդրկովկաս է տեղափոխել լենինյան «Իսկրա»–ն։ 1914-ին