պատմության ուրվագծեր» (1967), «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 7, 1967), «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1, 1967, ռուս.) հեղինակներից և խմբագիրներից է։ «ՍՍՀՄ պատմություն» (12 հհ., ռուս.) աշխատության գլխավոր խմբագրության անդամ է։ Ա. ընտրվել է ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԿ XV, XVI, XXIII, XXIV համագումարներում ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, XXV համագումարում՝ ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Ա. պարգևատրվել է Կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշաններով։
Երկ. Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Ե., 1957։ Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Ե., 1961: А. Бакнаанов, Баку, 1948; Вековая дружба народов Закавказья, я. 1, Е., 1970.
ԱՂԱՅԱՆ Ղազարոս Ստեփանի (1840–1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Ծնվել է ապրիլի 4(16)–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Խաչեն, Վրաց. ՍՍՀ Բոլնիսի շրջան) հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր–Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում (1861–62), Մոսկվայում և Պետերբուրգում (1862–67)։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869–70)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898–1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Ա–ի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է հունիսի 20 (հուլիսի 3)–ին, Թիֆլիսում։
Ա. բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում, 1862-ին։ «Արության և Մանվել»–ով (1867) Ա. հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում (1872) արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, աշխատավոր գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Պատկերելով հայ գյուղացու ընդվզումները տիրող անարդարությունների դեմ՝ Ա. միաժամանակ ցույց է տվել, որ անհատական պայքարը ժամանակի սոցիալ–քաղաքական հարաբերությունների պայմաններում անհեռանկար է։ Այս հանգամանքով էլ բացատրվում է վիպակի դրական հերոսների ողբերգական վախճանը։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Ա. համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Դաժանություն», 1890)։ «Թեմական տեսուչ» (1881) ստեղծագործության մեջ մերկացրել է ցարիզմի քաղաքականությունը փոքր ժողովուրդների նկատմամբ՝ առանձնապես լեզվի ու դպրոցների հարցում։ Ա–ի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է նաև «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ (1887, 1893)։ Մարդու, ներդաշնակ սոցիալական հարաբերությունների մասին Ա–ի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Անգեղյան Տորքի մասին։
Նկարում` «Արութին ն Մանվել»–ի 1-ին հրատ․ շապիկը։
Ա. մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվական»–ը լույս է տեսել 1882-ին, հաջորդը՝ «Բանաստեղծություններ»–ը 1890-ին։ Հեքիաթներն Ա–ի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Ա–ի հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղափարին։ «Անահիտ»–ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։ Ինքնակենսագրական և պատմական հարուստ նյութ է պարունակում «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» (1893) հուշագրությունը։ Ընդգրկելով մի ամբողջ պատմաշրջանի՝ 1850–90-ական թթ. ազգային–հասարակական կյանքը, այդ գործը ինչպես իր փաստագրական նյութով, այնպես էլ առաջավոր գաղափարներով ու արվեստով հայ հուշագրության նշանակալից երկերից է։
Ա. հարստացրել է մեր թարգմանական գրականությանը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Ի. Կռիլովի «Գայլն ու գառը» (1885), «Սոխակներ» (1886), Ֆ. Շիլլերի «Երկրի բաժանումը» (1888), Հ. Հայնեի «Ֆրդովսի» (1890), Լ. Տոլստոյի «Ոսկե կացին» (1910), Վ. Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (1910) ևն գործեր։ Առանձնապես հիշատակության է արժանի Ա. Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը (1884)։
Ա. անդրադարձել է հայ գրականության և գրական լեզվի զարգացման հարցերին։ Իր գրաքննադատական հոդվածներում հետևողականորեն պաշտպանել է ռեալիզմի և ժողովրդայնության սկզբունքը։ Ուշագրավ են «Բանաստեղծություններ Հովհաննես Հովհաննիսյանի» (1887), «Պերճ Պռոշյանց և իր «Սոս և Վարդիթերը» (1888), «Հայոց այժմյան բանավոր երգերը» (1890, 1893), «Հովհ. Թումանյանի «Անուշ»–ից մի ճաշակ» (1893) և այլ հոդվածներ։ Ա. ուսումնասիրել է հայոց լեզվի պատմության, տեսության, բարբառագիտության և ուղղագրության բազմաթիվ վիճելի հարցեր։ Նրա լեզվաբանական ժառանգության մեջ կարևոր տեղ ունեն «Հայկական հնչյունների մասին» (1874), «Գրաբար և աշխարհիկ լեզուների տարբերությունը» (1890), «Հայոց լեզու» (1890), «Սուրբ լեզու» (1890), «Հայոց գրի մասին» (1892), «Մեր նույնահնչյուն գրերի մասին» (1909) ևն։ Ա. գտնում էր, որ բարբառները ժամանակի ընթացքում տեղի են տալիս գրական լեզվին։ Աշխարհաբարի ձևավորման և զարգացման հարցում պաշտպանել է Մ. Նալբանդյանի սկզբունքները։ Նա գրական լեզուն հարստացնող, սնող հիմնական աղբյուր համարել է բարբառները։
Հայ մանկավարժության պատմության մեջ Ա. հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան: Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացի–