Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/247

Այս էջը սրբագրված է

կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր–Ղևոնդյանը», «Անապաստանը», «Պիոներուհին» (չորսն էլ 1928-ին), «Կոմերիտուհին ընթերցելիս», «Կարմիր բանակայինը» (երկուսն էլ 1930-ին), «Կարմիր հրամանատարը» (1931), «Երաժշտագետ Ս. Մելիքյանը» (1933), «Բժիշկ Հ. Գաբրիելյանը» (1934), «Երգչուհի Բարոնկինան» (1935), «Բլանշը» (1940) և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն սովետական կերպարվեստի պատմության մեջ։

1936-ին Ա. հատուկ հրավերով մեկնել է Բաքու և ստեղծել Ադրբեջանական ՍՍՀ ժող. երգիչ Ջաֆարի, ժող. արտիստ Հ. Սարաբսկու, ժող. նկարիչ Ա. Ազիմզադեի, բանվոր Մահուբեի, օդաչու Մահմեդբեկովայի և ուրիշների դիմանկարները։

Ա. կապող օղակ է եղել XIX և XX դդ. հայ նկարիչների միջև՝ նոր բարձրության հասցնելով ազգային ռեալիստական նկարչությունը։ Նա հանրագումարի բերեց իրեն նախորդող հայկական դիմանկարային արվեստի նվաճումները՝ նոր որակի և գեղանկարչական նոր բարձրության հասցընելով այդ ժանրը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1939)։ Մահացել է դեկտ. 13-ին, Երևանում։

Գրկ. Երեմյան Ա. և Գյուրջյան Գ., Նկարիչ Ստեփան Աղաջանյան. կյանքն ու արվեստը, Ե., 1927։ Մարտիկյան Ե., Ստեփան Աղաջանյան, Ե., 1956։ Պարսամյան Ռ. Հ., Ստեփան Աղաջանյան, Ե., 1963։

Պատկերազարդումը տես 240 էջից հետո՝ ներդիրում։ Ե. Մարտիկյան

ԱՂԱՋԱՆՈՎ Սուրեն իվանի (1905-1952), սովետական ռազմական գործիչ։ Ինժեներա–տեխ. ծառայության գեն–մայոր։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Ազոխ գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջան)։ Ընտանիքը Բաքու տեղափոխվելուց հետո Ա. սովորել և միաժամանակ աշխատել է նավթահանքերում։ 1920-ական թթ. մեկնել է Մոսկվա։ Սովորել է բանֆակում։ Եղել է ՍՍՀՄ ավիացիոն արդ–յան մի շարք գործարանների դիրեկտոր։ Ընտրվել է ՍՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի անդամ (1937–39)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է Լենինի (2), Կուտուզովի I աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Մահացել է դեկտ. 16-ին։


ԱՂԱՋԱՆՈՎԱ (Աղաջանովա–Շուտկո) Նինա (Նունե) Ֆերդինանդի (ծն. 1889), հայազգի սովետական կուսակցական գործիչ, մանկավարժ, կինոսցենարիստ։ ՍՄԿԿ անդամ 1907-ից։ Ծնվել է հոկտեմբերի 27 (նոյեմբ. 8)–ին, Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ Սովորել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներում։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո–Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914–15-ին եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուս. կոմիտեի անդամ, 1914-ին՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատ. քարտուղար։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ Մասնակցել է 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և վիբորգի կուս. կոմիտեների անդամ, Պետրոգրադի սովետի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918–19-ին՛ աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919-ին՝ ՌԿԿ(բ)–ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921–22-ին աշխատել է Պրագայի, 1934–38-ին Ռիգայի սովետական դեսպանատներում։ Կինոյում գործունեությունն սկսել է 1924-ից։ Ա–ի սցենարով Ս. էյզենշտեյնը 1925-ին նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Դրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Դալայը» (1929), «Դասալիք» (1933) կինոնկարների սցենարները։ 1945–52-ին սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ. ինստ–ում։

Գրկ. Эйзенштейн С., Избр. произвед., т. 1, М., 1964 (гл. «Нунэ»); Герои Октября, т. 1, Л., 1967.


ԱՂԱՍԻԵՎ Ղազիմահմեդ Աղասի օղլի (1882–1918), հեղափոխական գործիչ, Բաքվի նավթարդյունաբերական բանվորների միության ղեկավարներից։ ՌԿ(բ)Կ անդամ 1904-ից։ 1906-ին մասնակցել է ս–դ. «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ագիտացիոն–մասսայական աշխատանք է կատարել ադրբեջանցի և դաղստանցի բանվորների շրջանում՝ համախմբելով նրանց բոլշևիկների շուրջը։ 1918-ի մարտին ակտիվորեն մասնակցել է Բաքվում հակահեղափոխական խռովության ջախջախմանը։ Բաքվի ժողկոմսովետի կողմից նշանակվել է Դերբենդ քաղաքի և Հարավային Դաղստանի արտակարգ կոմիսար։ Սպանվել է հոկտեմբերին՝ մուսավաթականների ձեռքով։


ԱՂԱՍՅԱՆ Աստղիկ Ալեքսեյի (ծն. 1899), հայ սովետ. ռեժիսոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945)։ Ծնվել է հոկտ. 15 (27)–ին, Թիֆլիսում։ Բեմական գործունեությունն սկսել է որպես դերասանուհի Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատրոնում (1917)։ Խաղացել է Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Մեդա (Շանթի «Հին աստվածներ»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես») ևն։ 1929-ին մասնակցել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրմանը, ուր 1931 -63-ին աշխատել է որպես ռեժիսոր։


ԱՂԱՍՅԱՆ Գրիգոր Խորենի (ծն. 1926), հայ սովետ, նկարիչ։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ծնվել է ապրիլի 13-ին, Երևանում։ 1950-ին ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվ. գեղարվեստական ինստ–ը։ Աշխատում է թեմատիկ–կոմպոզիցիոն գեղանկարի («Ընդմիջում», 1962, «Լավաշ են թխում», 1966), դիմանկարի («Տիգրանուհին» նկարաշարքը, 1958–68) և գրաֆիկայի («վառարանի մոտ», 1955, «Երեկո։ Վենետիկ», 1961) բնագավառներում:


ԱՂԱՍՅԱՆ Վարսենիկ Գրիգորի (ծն. 1898), հայ սովետական բանաստեղծուհի։ Ծնվել է հուլիսի 15-ին, Նախիջևանի գավառի Ջահրի գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերության միջնակարգ դպրոցը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին, «Պատանի» հանդեսում։ 1928–1929-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ Լույս է ընծայել «Օրերի երգը» (1933), «Մայրական հույզեր» (1937), «Հատնտիր» (1955) բանաստեղծությունների ժողովածուները՝ նվիրված սովետական մարդու խոհերին և ձգտումներին։ Հեղինակի ավելի ուշ շրջանի բանաստեղծական արվեստի արտահայտություններից են «Լիրիկա» (1964) և «Մայրամուտիս շողերով» (1971) ժողովածուները։


ԱՂԱՎԵԼՅԱՆ Սերգեյ Դավթի (ծն. 1913), սովետական բանակի ինժեներ–գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է մարտի 22-ին, Երևանի նահանգի Օրդուբադի գավառի Բիստ գյուղում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ)։ Ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը (1932)։ 1935–38-ին ուսանել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ում, 1941-ին ավարտել է ժուկովսկու անվ. ռազմա–օդային ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է սովետա–ֆրանսիական «Նորմանդիա–Նեման» ավիագնդի հրամանատարի տեղակալ ինժեներա–ավիացիոն ծառայության գծով (1943–45)։ Մասնակցել է Տու–104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Ա. «Նորմանդիա–Նեման» գնդի սովետական վետերանների խորհրդի նախագահն է։ Պարգևատրվել է սովետական 4 և ֆրանսիական 4 շքանշաններով։ Ներկայումս աշխատում է որպես ինժեներ–կոնստրուկտոր։


«ԱՂԱՎԻՏ» կամ «Աղավետ» (արաբ․ «ավաիդ էլ մասիդ» – «գուշակությունների փորձ» անվան աղավաղումից), աստղագուշական և ախտարական նյութերի ժողովածու (միջին դարերում արաբերենից թարգմանվել է հայերեն)։


ԱՂԱՎՆԱՁՈՐ (մինչև 1946՝ Այնաձոր), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ արևմուտք։ 1782 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ծննդատուն, կապի բաժանմունք։ Ա–ի այգիները ոռոգվում են Արփա գետի վրա կառուցված ջրհան կայանի ջրերով։ Միջնադարում Ա–ի տարածքում, Դվին–Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն։


ԱՂԱՎՆԱՁՈՐ (մինչև 1948՝ Բաբաքիշի), գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Մարմարիկ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ 971 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Գործում է մանկական առողջարան։ Ա. հիմնադրել են 1829-ին Ալաշկերտից գաղթած հայերը։


ԱՂԱՎՆԱՏՈՒՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք։ 2227 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահա–