իշխանները, Գագիկ արքայի ավագ եղբայրը՝ Աշոտ Արծրունին, ինչպես և թշնամի ուժերի դեմ պայքարի թեմաներով աշխարհիկ այլ քանդակներ։ Հվ. ճակատի կենտր. հատվածում ամբողջ հասակով ներկայացված են Արծրունյաց տոհմի չորս հերոս նախնիները՝ իրենց տոհմանշաններով, զինանշաններով և պահպանիչ խորհրդանշաններով շրջապատված: Նույն թեման երկու առանձին հատվածներով կրկնված է հս ճակատում, որտեղ ավանդական հերոսների հետ պատկերված են նաև Արծրունյաց թագավորական տան անդամները։ Արլ. ճակատում քանդակված են Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Լուսավորիչը և, հավանաբար, Արծրունյաց տան եպիսկոպոսները։
Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Դրանց մի մասը կազմում է երրորդ գոտին (11-րդ շարք)։ Առյուծի, հովազի, արջի, քարայծի, եղջերուի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր (14-րդ շարք) խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ են։ Գոտու արլ. ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ։ Խաչաթևերի և ճակտոնապատերի քիվերի տակ ձգվում է տոհմանշաններ, զինանշաններ և կենդանիների վազքի տեսարաններ պատկերող զարդագոտին։ Արմ. թևի քիվի տակ տեղադրված են մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն օժանդակած իշխաններին և նրանց կանանց։ Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին։ Ի հակադրություն ստատիկ քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով է կերպավորված սարսափահար եղնիկների, քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների ու հովազների կատաղի հետապնդումից։
Ա–ի բարձրաքանդակները որոշակիորեն առնչվում են հին հայկ. և սասանյան պատկերաքանդակներին։ Իսկ տաճարը շրջառող զարդագոտիների համակարգը կապվում է IV–VII դդ, հայկական արվեստի ավանդույթներին, ակնհայտ է Զվարթնոցում մշակված ձևերի ազդեցությունը։ Ա–ի բարձրաքանդակներից շատերը ներկված են եղել վառ գույներով, իսկ դրանց աչքերի բիբերը՝ ագուցված կապտավուն, ջնարակած խեցիներով։
Տաճարը նշանավոր է նաև որմնանկարներով թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է։ Պատերի ցածրադիր մասերը շրջառում են որմնանկարների երեք գոտի՝ հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները։ Ա–ի որմնանկարները ոճով մի կողմից առնչվում են վաղ միջնադարյան հայկական որմնանկարչությանը (Արուճ, Լմբատավանք ևն), մյուս կողմից՝ IX– XI դդ. արվեստի բոլոր ճյուղերն ընդգրկած գեղարվեստական նոր ուղղությանը։ Որմնանկարները մասամբ եղծված են։
Ս. Խաչ եկեղեցին, ամբողջությամբ վերցրած, եզակի երևույթ մնաց միջնադարյան հայ արվեստում։ Ա–ի պատկերաքանդակները ազդեցին ինչպես հայկ. քանդակագործության հետագա զարգացման (Բղենո, Նորավանք, Սանահին ևն), այնպես էլ XIII–XIV դդ. Վասպուրականի մանրանկարչական դպրոցի կազմավորման վրա։
Ա–ի դերը նշանակալից է եղել հայ մատենագրության (Թովմա Արծրունի, Թումա Մինասենց, Գրիգորիս Ադթամարցի, Զաքարիա Գնունեցի և ուրիշներ) ու գրչության զարգացման գործում (տես Աղթամարի գրչության կենտրոն)։
Հազարամյա տաճարը մեզ է հասել առանց էական վերափոխումների։ XIV դ. բարձրացվել են արլ. ավանդատների ծածկերը և վերակառուցվել է գմբեթի վեղարը, երբ նախկին ոլորտաձև ծածկը փոխարինվել է կոնաձև ծածկով։ 1293-ին տաճարի հս–արլ. կողմում կառուցվել է մի փոքրիկ մատուռ, իսկ 1763-ին արմ. կողմում՝ մեծ ցածրանիստ գավիթ։ XVIII դ. քանդել են թագավորական վերնահարկ տանող աստիճանները և հվ. մուտքի առջև ավելացրել բարձր զանգակատուն։ Տաճարի հվ–արլ. կողմում մեծ գերեզմանատունն է՝ XIII–XVII դդ. բազմաթիվ խաչքարերով։ Վասպուրականի թագավորության անկումից հետո Ա–ում նստում էին Արծրունի իշխան ները և նրանց շառավիղները։ Հետագայում այն որպես քաղաք չի հիշատակվում, բայց մնում է եպիսկոպոսական և կաթողիկոսական կենտրոն (տես Աղթամարի կաթողիկոսություն)։ Այժմ կղզին լքյալ է և անբնակ։
Պատկերազարդումը տես 256–57 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Թովմա Արծրունի, Պատմության Տան Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Լալայան Ե., Վասպուրականի նշանավոր վանքերը, 1912.։ Орбели И. А., Памятники армянского зодчества на острове Ахтамар, Избр. труды, т. 1, М., 1968; Der-Nersessian S., Aghtamar, Cambridge, 1965. Ipsirogly M., Die Kirche von Achtamar, B.—Meinz, 1963.
ԱՂԹԱՄԱՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, հայ դպրոց, հայտնի է դեռևս X դարից, աշխուժացել է Աղթամարի կաթողիկոսության հիմնադրման (1113) ժամանակից։ Առաջին ձեռագիրը 1277-ից է. այդ թվականին գրիչ Սիմեոնը ընդօրինակել է մի մատյան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 207)։ Դպրոցը հովանավորել է Ստեփանոս Գ Սեֆեդինյան կաթողիկոսը (1272–96)։ Վերելք է ապրել Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսի (1296–1336) օրոք։ Սիմեոնի աշակերտ գրիչ Դանիել Աղթամարցին Ստեփանոս Օրբելյանի խորհրդով և Զաքարիա կաթողիկոսի հոգածությամբ ընդօրինակել է Թովմա Արծրունու Պատմությունը (1303), իսկ 1330–ական թթ. գրել այդ Պատմության հավելվածը (Սեֆեդինյանների պատմությունը)։ Դանիելի ժառանգները, որոնց գրչության շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր, շուրջ 200 տարի գրչության արվեստը իրենց տոհմի ձեռքին են պահել՝ միաժամանակ սովորեցնելով ուրիշներին։ Դանիելից հետո հայտնի են Զաքարիա փիլիսոփա ծաղկողը (XIV դ. վերջ – XV դ. սկիզբ), որը նաև Աղթամարի մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչ է, երկրորդ Դանիելը, հայտնի ժամանակագիր Թովմա Մինասենցը, Ներսես և Ստեփանոս (կաթողիկոս) եղբայրները (XV դ.), Գրիգորիս Ա կաթողիկոսը և ուրիշներ։ Դպրոցը մեծ հռչակ ուներ, և այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու էին գալիս տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի ու Հերմոնի դպրոցներից։ Ա.գ.կ–ից մեզ են հասել պատմական և գեղարվեստական երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագրեր։
Գրկ. Ոսկյան Հ., Վասպուրական - Վանի վանքերը, Վնն., 1940, էջ 110-32։ Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. է, Ե., 1965, էջ 102-03:
ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ 1113–1895, Հայոց եկեղեցու ինքնուրույն աթոռներից մեկը։ Վասպուրականի Արծրունիների հետ ազգակցական կապ ունեցող Դավիթ եպիսկոպոսը, 1113-ին պատրվակ դարձնելով Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի դեռահասությունը, իրեն հռչակեց Ամենայն Հայոց կաթողիկոս։ Հաջորդ տարում Սև լեռան (Կիլիկիա) վանքերից մեկում գումարվեց ժողով, որը մերժեց Դավթի կաթողիկոսությունը։ Վերջինս չենթարկվեց ժողովի որոշումներին, և Ա. կ. հռչակվեց ինքնուրույն աթոռ, որի իրավասությանը մնաց միայն Վասպուրականի մի մասը։ Մինչև XIII դ. 70–ական թթ. Ա. կ. ժառանգում էին նույն ընտանիքից սերված եկեղեցականներ իսկ 1272-ից կաթողիկոս դարձավ Աղթամար կղզու և հանդիպակաց ափի հայկական գյուղերին տիրացած ֆեոդալական մի այլ գերդաստանի՝ Սեֆեդինյանների ներկայացուցիչ Ստեփանոսը։ Սեֆեդինյանները իրենց համարում էին մոր կողմից Արծրունիներ։ Ա. կ. մինչև XVI դ. վերջերը մնաց այս գերդաստանի ձեռքում, որպես ժառանգական ստացվածք։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–1464) Կարա–Կոյունլու Ջհանշահ խանի օժանդակությամբ կարճ ժամանակով իր իշխանության տակ միավորեց Էջմիածնի և Աղթամարի կաթողիկոսությունները։ Ա. կ. ուներ 14 թեմ։ Աղթամարի կաթողիկոսներին հաստատում էին այդ կողմերի մահմեդական տիրակալները։ XVII դ. Ա. կ–յան և էջմիածնի միջև վեճեր սկսվեցին իրենց իրավասության սահմանների շուրջը։ XVIII դ. վերջից Ա. կ. ճանաչեց Էջմիածնի գերակայությունը։ XIX դ. վերջերին Ա.կ. ուներ երկու թեմ, որոնք ընդգրկում էին Վանա լճի հվ. շրջանները (Հայոց ձոր, Ռշտունիք, Շատախ, Անձևացիք, Մոկք, Կորճայք, Խիզան, 100 հզ.մարդ, 302 եկեղեցի և 58 վանք)։ Ա. կ–յան աթոռի շուրջը ծայր առած պայքարի, էջմիածնի կաթողիկոսության հետ ունեցած վեճերի, կաշառակերության, թուլակամության հետևանքով Ա. կ. լրիվ