Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/256

Այս էջը հաստատված է

հեղինակազրկվեց և 1895-ին վերացվեց։ Ա. կ–յան թեմերը անցան Կ. Պոլսի Ազգային պատրիարքարանին։

Աղթամարի կաթողիկոսների անվանացանկ

(ըստ Ն. Ակինյանի)

Դավիթ Ա (1113–մոտ 1165), Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165-մոտ 1185/90), [Անանուն] (աթոռակալության տարիները հայտնի չեն), Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223–մահ. 1272), Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272–մոտ 1296), Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296-1336), Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340-ից–մահ. 1346), Դավիթ Բ (1346–մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371), Զաքարիա Բ Նահատակ (1369–1393), Դավիթ Գ (1393-1433), Զաքարիա Գ (1434-1464), Ստեփանոս Դ Տղա (1465–1489), .Զաքարիա Դ (1489–մոտ 1496), Ատոմ (հիշատակվում է 1496, 1497, 1499, 1507), Հովհաննես (հիշատակվում է 1512-ին), Գրիգորիս Ա Աղթամարցի (Մեծ) (մոտ 1512–մոտ 1544), Գրիգորիս Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 - մոտ 1586), Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605), Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660 – 1662), Պետրոս (մահ. 1670), Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին), Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին), Կարապետ (հիշատակվում է 1677-ին), Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին), Թովմա Ա (1681–1698)։ Հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1697-ին), Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին), Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699–1704-ին), Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին), Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711), Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին), Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին), Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735–1736-ին), Նիկողայոս Սպարկերտցի (1736–1751), Գրիգոր (մոտ 1751–1761), Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761–1783), Կարապետ Ղռըմֆասմենց (1783 – 1787), Մարկոս Շատախեցի (1788 – 1791), Թեոդորոս (հիշատակվում է 1992-1794-ին), Միքայել (հիշատակվում է 1796-ին), Կայասյետ (մահ. մոտ 1813), Խաչատուր Ա Վանեցի (1813–1814), Կարապետ (մահ. մոտ 1823), Հարություն (մահ. մոտ 1823), Հովհաննես Շատախեցի (1823 – 1843), Խաչատուր Մոկացի (մոտ 1844-1851), Գաբրիել Շիրոյան (1851–1857), Պետրոս Բյուլյուլ (1858 – 1864), Խաչատուր Բ Շիրոյան (1864 – 1895)։

Գրկ. Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916; Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920։ Վ. Վարդանյան

ԱՂԹԱՄԻՐ, կիկլոպյան ամրոց և բնակավայր Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղի մոտ, Քասաղ գետի ափին։ Ամրոցը գոյատևել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակից սկսած մինչև մ. թ. XV դ.։ Բազմիցս վերականգնվել է։ Պահպանվում են պարիսպների հետքերը։ Հուշարձանն անկանոն քառակուսի է (մոտ 155 × 135 մ)։ Ա–ի շրջակայքում կա հնագույն դամբանադաշտ։ Ա. ուսումնասիրել են Թ. Թորամանյանը (1924), հետագայում՝ Մ. Հասրաթյանը (1950, 1951, 1952) և Ս. Սարդարյանը (1956–57)։


ԱՂԻ, գետ Հայկական լեռնաշխարհում, Աղիովիտ գավառում։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հվ. լանջերից, մոտ 2240 մ բարձրությունից։ Երկարությունը՝ մոտ 30 կմ, Արճեշից արլ. թափվում է Վանա լիճը։


ԱՂԻ (թուրք. Աղու), լեռնանցք (1973 մ) Ծաղկանց լեռների հվ–արմ–ում (Արևմտյան Հայաստանի։ Վանա լճի ավազանը կապում է Արածանիի հովտի (Մանազկերտի դաշտ) հետ։ Ա. լեռնանցքով է անցնում Արճեշ–Մանազկերտ խճուղին։


ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, որ զբաղվում է կերակրի աղի արդյունահանմամբ և վերամշակմամբ։ ՍՍՀՄ ունի կերակրի աղի մեծպաշարներ (քարաղի հանքաշերտեր, լճերի նստվածքային աղաշերտեր, լճերի, ծովերի ու օվկիանոսների աղաջրեր ևն)։ Ըստ հանքավայրերի և ստացման տեխնոլոգիայի, կերակրի աղը լինում է քարաղ, նստվածքային կամ լճային աղ (ավազանների) և եփովի աղ։ Առավել շատ արդյունահանվում են նստվածքային աղը (ընդհանուր հանույթի 53%) և քարաղը (43%)։ Աղի հիմնական սպառողներն են սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը։ Քիմիական արդյունաբերությունը սեփական կարիքների համար արդյունահանում է նաև աղալուծույթներ։

ՍՍՀՄ–ում կերակրի աղի հանույթը 1967-ին կազմել է 10,6 մլն. տ, որի 70%-ից ավելին բաժին է ընկնում Արտյոմովսկի հանքվարչությանը և Բասկունչակի աղահանքին։ Սոցիալիստական երկրները 1959-ին արդյունահանել են համաշխարհային աղի հանույթի ավելի քան 1/3։ Աղի համաշխարհային արդյունահանումը (ներառյալ աղալուծույթը) 1950-ի 43,4 մլն. տ–ից 1959-ին հասել է 80,6 մլն. տ։

Հայաստանում աղի արդյունահանումը հայտնի է եղել հնուց, հարուստ պաշարներով և բարձր որակով հռչակված էին Կողբի, Կաղզվանի և Նախիջևանի աղահանքերը։ 1863-ին Կողբի աղի հանույթը հասնում էր 1384 հզ. փթի։ 1952-ին սկսվել է Ավանի աղահանքի շահագործումը, որի նախագծային կարողությունը տարեկան 200 հզ. տ է։ 1970-ին աղահանքը տվել է 60 հզ. տ աղ։ Աղի խոշոր սպառող է Երևանի Ս. Մ. Կիրովի անվ. քիմ. կոմբինատը, որի պահանջները բավարարելու համար Հրազդանի կիրճում կազմակերպվել է աղաջրի արդյունահանում։ Կ. Վերմիշև

«ԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ», Կողբի աղահանքերից (Արաքսի աջ ափին) դեպի Թիֆլիս և Քութայիս ձգվող սայլուղի։ Հայտնի էր դեռ վաղ միջնադարում։ «Ա. ճ.» սկիզբ առնելով Կողբ ավանից, Արաքսի գետանցով մտնում էր Խերբեքլու (այժմ՝ Երվանդաշատ) և Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվում դեպի Բայանդուր–Ալեքսանդրապոլ (Լենինական)– Շիշթափա–Գորելովկա–Բոգդանովկա։ Այստեղ «Ա. ճ.» երկճյուղվում էր՝ մեկը դեպի Ծալկա–Թիֆլիս, իսկ մյուսը՝ Ախալքալաք–Ասպինձա–Ախալցխա–Զեկարի լեռնանցք–Քութայիս ուղղությամբ։ Արդեն XIX դ. երկրորդ կեսին այս երթուղով դեպի Անդրկովկասի տարբեր շրջանները սայլերով ու գրաստներով տարեկան տեղափոխվում էր ավելի քան 80 հզ. տ քարաղ։ «Ա. ճ.» բանուկ էր մինչև XX դ. սկիզբները։ Այդ ուղիով կատարվող երթևեկությունը նվազեց հատկապես 1902-ին՝ Թիֆլիս–Երևան երկաթուղու բացումից հետո։ Կողբից հվ–արմ. Հայկական պարի լեռնանցքներից մեկը, որտեղով աղ էին արտահանում Միջագետք և այլ երկրներ, կոչվում էր Աղտո ձոր։ Վ. Պետրոսյան


ԱՂԻՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ արևմուտք։ 791 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, կուլտուրայի տուն, գրադարան։ Ա–ում կա 1878-ին կառուցված եկեղեցի։


ԱՂԻՆ, Վաղավեր, գյուղաքաղաք Փոքր Հայքում, Արաբկիրի գավառում, Արաբկիրից 25 կմ արլ., Եփրատի աջ կողմում՝ 3 կմ հեռավորության վրա։ XX դ. սկզբին Ա. ուներ 500 տուն բնակիչ, որից 200 տունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր։ Հայերն զբաղվում էին արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, բրուտագործություն, երկաթագործություն ևն), երկրագործությամբ, այգեգործությամբ։ Ա. հայտնի էր խաղողի և պտղատու այգիներով։ Հայերն ունեին 2 եկեղեցի, 2 վարժարան։ Ավանդաբար ճերմակ ծագ ավերակ քաղաքը, որտեղ ապրել են հայ իշխաններ, տեղադրում են Ա–ի տեղում։ Բայց Ճերմակ ծագը գտնվում է Ա–ից 6 կմ հվ–արմ., ուր այժմ էլ պահպանվել են Ս. Մամաս եկեղեցու ավերակները, բերդը, գերեզմանատունը, հայտնաբերվել են հսկա կարասներ, քանդակազարդ որմնաքարեր։ 1915-ին Ա–ի հայերը տեղահանվել են, և մեծ մասը զոհ է գնացել եղեռնին։


ԱՂԻՆՅԱՆ Արմենակ Աբրահամի (1906–1954), հայ սովետական գյուղատնտես։ Կենսբ. գիտութ. դ–ր (1953)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է հունիսի 1-ին, Ղալաչա գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում)։ 1933-ին ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստ–ը: 1941–46-ին ծառայել է սազական բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1939–41 և 1946– 54-ին աշխատել է հայկական գյուղատնտեսական ինստ–ի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնում։ Ա. լուսաբանել է էնդոսպերմի, որպես ժառանգականությունը կայունացնող գործոնի կենսաբանական նշանակությունը, սաղմնաբանորեն երիտասարդ սերմերի փոփոխականության մեծ ընդունակությունը, բացահայտել աշնանացան հացաբույսերի ժառանգականությունը և փոփոխականությունը կարգավորելու հնարավորությունը։ Մահացել է մարտի 17-ին, Երևանում։

Երկ. О природе яровизации и изменчивости растений, Е., 1958.


ԱՂԻՆՅԱՆ Գեղեցիկ Գևորգի (ծն. 1914), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ Ծնվել է սեպտեմբերի 10 (23)–ին, Աչասու գյուղում (այժմ՝ Իջևանի շրջ. Աչաջուր գյուղ)։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Ա–ին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է ծխախոտի բարձր բերք ստանալու համար։ Ա. եղել է ՀՍՍՀ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։