Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/257

Այս էջը սրբագրված է

ԱՂԻՈՎԻՏ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Վանա լճի հս. ափին։ Գավառի անունով էլ լիճը կոչվել է նաև «Աղի լիճ»։ Արաաշես Ա–ի ժամանակ Աղիովիտը, հավանաբար, բաժանվել է երկու մասի։ Գավառի Զարիշատ քաղաքն ի պատիվ Արտաշես Ա–ի հոր՝ Զարեհի, ստացել է «արքունի քաղաքի» իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովիտի արմ. մասը, որը դարձել է «Զարիշատ Աղիովտի» քաղաքային տարածքը։ Արլ. մասը ևս շարունակել են կոչել Աղիովիտ։ Հետագայում այն, որպես Վասպուրականի գավառ, Առբերանի գավառի հետ միասին արքունի կալված էր։ Այստեղ էին նստում Արշսւկունի սեպուհները, որի պատճառով գավառը կոչվել է նաև «Սեպուրհական» կամ «Վասպուրական» (այս անունը ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա)։

Գրկ. Երեմյան Ս. Տ., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Ս. Երեմյան


ԱՂԻՔԱՅԻՆ ՖԼՈՐԱ, առողջ մարդու աղիքային համակարգում ապրող մանրէներ, որոնք սննդի հետ միասին օրգանիզմ են թափանցում նորածնի կյանքի առաջին օրվանից։ Աղիքային համակարգում գոյություն ունեն տաբեր մանրէներ։ Բարակ աղիքների վերին հատվածում մանրէները համեմատաբար քիչ են, քանի որ նրանք մեծ չափով ոչնչանում են ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ, իսկ ստորին հատվածում աղիքային ֆլորան հիմնականում կազմված է Bacterium coli, Bacillus acidophilus և այլ մանրէներից, որոնք ընդունած սննդի ածխաջրատները ենթարկելով խմորման՝ առաջացնում են կաթնաթթու և այլ թթուներ ու կանխում նեխման պրոցեսները։ Հաստ աղիքների մանրէները մեծ մասամբ անաերոբ են (Bacillus perfringens, Bacillus putrificus ևն)։ Նրանց ազդեցությամբ սպիտակուցները քայքայվում են և առաջացնում մի շարք թունավոր նյութեր (ինդոլ, ֆենոլ, սկատոլ)։ Առանձին դեպքերում (փորկապության ժամանակ) դրանք կարող են օրգանիզմի ինքնաթունավորման պատճառ դառնալ։


ԱՂԻՔՆԵՐ, մարսողական խողովակի բաժին։ Սկսվում է ստամոքսից, վերջանում սրբանի անցքով։ Օրգանիզմն ունի բարակ և հաստ աղիքներ։ Մարդու բարակ աղիքի երկարությունը 5–6 մ է։ Տեղակայված է որովայնի կենտրոնական հատվածում և կազմելով բազմաթիվ գալարներ, հասնում է մինչև աջ զստափոսն ու բացվում հաստ աղիքի սկզբնական մասի՝ կույր աղիքի մեջ։ Բարակ աղիքի պայտաձև սկզբնական հատվածը կոչվում է 12 մատնյա աղիք (երկարությունը՝ 30 սմ), ուր բացվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները։ Բարակ աղիքի հաջորդ հատվածները կոչվում են աղիճ աղիք և զստաղիք։ Հաստ աղիքի երկարությունը 1–2 մ է։ Նրա մասերն են՝ կույր, վերել, միջաձիգ, վայրէջ, սիգմաձև և ուղիղ Ա.։ Ա. կազմված են արտաքին, միջին և ներքին շերտերից։ Արտաքին շերտը՝ որովայնամիզը, շիճուկ արտադրող լպրծուն թաղանթ է։ Միջին շերտը մկանային է՝ կազմված շրջանաձև և երկարաձիգ մկանախրձերից։ Ներքին շերտը ծալքավոր լորձաթաղանթ է՝ աղիքահյութ արտադրող մանր գեղձերով։ Բարակ աղիքի լորձաթաղանթի վրա կան թավիկներ, որոնց շնորհիվ մարսված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Հաստ աղիքը թավիկներ չունի, այնտեղ ներծծվում են ջուրն ու աղերը և ձևավորվում է կղկղանքը։ Հ. Հակոբյան


ԱՂԻՔՆԵՐԻ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ախտաբանական վիճակ, որի դեպքում խանգարվում կամ լրիվ ընդհատվում է աղիքների պարունակության շարժումը և դադարում գազերի և կղկղանքի արտազատումը։ Կլինիկական ընթացքի առումով լինում է սուր (ileus), որն ունի մեխանիկական և դինամիկ ձևեր, և քրոնիկական։

Մեխանիկական անանցանելիության դեպքում որևէ մեխանիկական արգելք խոչընդոտում է աղիքների պարունակության շարժմանը։ Մեխանիկական անանցանելիությունը լինում է՝ խեղդողական (ստրանգուլյացիոն), երբ սեղմվում են արյան անոթները, ծայր աստիճան խանգարվում է արյան շրջանառությունը և առաջանում աղիքի մեռուկ (պատճառներն են՝ աղիքի գալարի ոլորումը, հանգուցավորումը, ճողվածքի օղակվելը), փակողական (օբտուրացիոն), երբ մեխանիկական արգելքը միայն փակում է աղիքի լուսանցքը (պատճառներն են՝ աղիքի գալարի ծռումը, նորագոյացությունները, օտար մարմինները, որդերի կծիկը, մեծ լեղաքարը, վիրահատական սպիները, կպումները)։ Մեխանիկական անանցանելիության յուրահատուկ ձև է աղիքների ներագուցումը (ինվագինացիան), երբ աղիքի գալարի ստորին հատվածի մեջ է մտնում գալարի վերին հատվածը և մասնակիորեն խցանում աղիքի լուսանցքը։

Դինամիկ անանցանելիությունը աղիքների շարժողական գործունեության խանգարումն է։ Դինամիկ անանցանելիությունը լինում է՝ ա. լուծանքային, որի դեպքում վերանում է աղիքների բնականոն, ռիթմիկ գալարակծկումը, առաջանում է աղիքների կամային շարժումների կորուստ (պատճառներն են՝ որովայնախորշում կատարված վիրահատությունները, ծանր թունավորումները, որովայնամզաբորբը), և բ. ջղաձգային, որի դեպքում առաջանում են աղիքների տարբեր հատվածների ծայրահեղ կծկումներ, ընդհուպ մինչև աղիքի լուսանցքի լրիվ փակվելը (երբեմն՝ երկարատև)։

Քրոնիկական անանցանելիությունը, որպես կանոն, լինում է փակողական բնույթի։ Առաջանում է աղիքի պատին դանդաղ աճող ուռուցքի կամ որովայնի խոռոչում գոյացած կպումների հետևանքով։ Այս դեպքում անանցանելիությունն արտահայտվում է տևական ու պարբերական փորկապությունով, փորափքանքով։

Ա. ա–յան ընդհանուր ախտանիշներն են՝ հիվանդության հանկարծ սկսվելը, որովայնի ուժեղ ցավերը, փքումը, փսխումը, կղման և գազերի բացակայությունը, պուլսի արագացումը, արյան ճնշման անկումը։ Ա. ա. պահանջում է վիրաբուժական անհապաղ միջամտություն։

Գրկ. Петров В. И., Кишечно-рентгенологическая диагностика кишечной недрокодимости, М., 1964; Щекотов Г. М., Непроходимость кишечника и ее лечение, Л., 1966 (ունի մատենագիտական ցանկ)։ Ռ. Պարոնյան


ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, աղիքների լորձաթաղանթի կատարալ կամ թարախային ախտահարում։ Պատճառներն են՝ սննդային թունավորումները, արդյունաբերական թույները (սնդիկ, կապար, ֆոսֆոր պարունակող միացությունները), որոշ վարակական հիվանդություններ (դիզենտերիան, ամեոբիազը), որդերը։ Տես նաև Բարակ աղիքների բորբոքում, Հաստ աղիքների բորբոքում։


ԱՂԻՔՆԵՐԻ ԻՋՎԱԾՔ, ախտաբանական վիճակ։ Մեծ մասամբ առաջանում է կանանց մոտ, ծննդաբերությունից հետո ծանր աշխատանք կատարելու կամ խիստ նիհարելու հետևանքով։ Հիմնական ախտանիշներն են՝ որովայնի շրջանի ցավերը, լուծը, փորկապությունը։ Կանխարգելումը և բուժումը՝ ֆիզիոթերապիա, աղեկապի (բանդաժի) օգտագործում։


ԱՂԿԱԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս, արևմուտք։ 201 բն. (1970), հայեր, ադրբեջանցիներ։ Միավորված է Այրիվանի կոլտնտ. հետ։ Ա. ունի տարրական դպրոց–ակումբ, բուժկայան։ Ա–ում խոշոր ժայռաբլրի վրա կան կիկլոպյան տիպի (բրոնզի դ.) ամրոցի ավերակներ։ Միջին դարերում այդ ամրոցի փլատակների վրա կառուցվել է գյուղաքաղաք իր բերդով (տես Բերդկունք), որն ավելի ուշ ժամանակներում անվանվել է Աղ–կալա (սպիտակ բերդ, տեղացիները անվանում են Իշխանաց ամրոց)։ Ա–ի շրջակայքում կան նաև հնագույն դամբարաններ։ Բ. Խաչատրյան


ԱՂՀԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոն գավառում, Մուշ քաղաքից մոտ 14 կմ հյուսիս, Արածանի գետի ձախ կողմում, արգավանդ հարթավայրում։ XX դ. սկզբին ուներ 68 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա. ավերվեց ու ամայացավ։ Բնակչության մի մասը զոհվեց, իսկ փոքր մասն ապաստանեց Արևելյան Հայաստանում։


ԱՂՁՆ, Արզն, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հարավ–արևելյան մասում, Տիգրիս գետից հյուսիս։ Ուներ ավելի քան 3500 կմ² տարածություն։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Arzanenae ձևով։ Եղիշե պատմիչն Ա. հիշում է Արզնարզյուն, իսկ Թովմա Արծրունին՝ «Արզն Աղձնյաց» անուններով։ Ա. Բիթլիսի լեռնանցքով (տես Ձորապահակ) անցնող ճանապարհով կապվում էր Մեծ Հայքի կենտրոնական նահանգի՝ Այրարատի հետ։ Գավառը եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը։ Հ. Վարդանյան


ԱՂՁՆԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի գավառում։ XX դ. սկզբին ուներ շուրջ 700 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ 2 դպրոց, վանք և 3 եկեղեցի։ 1915-ին թուր–