26 ԱԲԻՇԵՎ
անվ. բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, ավիացիոն ակադեմիայում և Օրջոնիկիձեի անվ. ավիացիոն ինստ֊ում վարել է գազատուրբինների, թիակավոր մեքենաների, ավիացիոն շարժիչների տեսության դասընթացները։ 1949-ից ղեկավարում է ավիացիոն շարժիչաշինության կենտրոնական ինստ֊ի գազատուրբինների նախագծման բաժինը։
Երկ. Теория авиационных газовых турбин, М. 1953; Теория газовых турбин реактивных двигателей, М., 1965.
ԱԲԻՇԵՎ Ալժափար (ծն. 1907), ղազախ գրող։ Ծնվել է սեպտեմբերի 15-ին։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Պատմվածքների և ակնարկների առաջին ժողովածուի հիմնական թեման Կարագանդայի հանքափորների աշխատանքն է («Անցափակում», 1936)։ Գրել է նաև պիեսներ։ Նրա «Ոչ, չեմ մեռնի ես» (1965) հերոսական դրաման արտացոլում է Ղազախստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Լ. Սիրզոյանի և ղազախական սովետական գրականության հիմնադիր Ս. Սեյֆուլլինի բարեկամությունը։
Երկ. Ոչ, չեմ մեռնի ես, «ՍԳ», 1968, № 3։
ԱԲԻՈԳԵՆԵԶ (հուն, α – ժխտ. մասնիկ, βίος — կյանք և γένεσίς – ծագում), անօրգանական նյութերից կենդանի էակների առաջացման տեսություն։ Մինչև XIX դ. կեսը Ա. տերմինի տակ հասկացվում էր ինքնաբերաբար ծագումը, այսինքն անկենդան նյութերից բարդ կազմակերպված կենդանի նյութերի հանկարծակի առաջացումը։ Դեռնս XVII դ. հավատում էին որդերի, ձկների, գորտերի և նույնիսկ մկների ինքնածնությանը հողից, տիղմից, ցեխից։ 1668-ին իտալացի գիտնական Ֆ. Ռեդին ցույց տվեց, որ հոտած մսի վրա ճանճի թրթուրներն առաջանում են միայն ճանճերի դրած ձվերից։ XVIII դ. իտալացի գիտնական Լ. Սպալանցանին հաստատեց, որ եռացրած արգանակում մանրէներ չեն զարգանում։ Այդ միտքը վերջնականապես ապացուցեց ֆրանս. գիտնական Լուի Պաստյորը 1861-ին, որի փորձերը, սակայն, չէին ժխտում Ա֊ի հնարավորությունը նախկին երկրաբանական ժամանակաշրջաններում։ Հանդես գալով բիոգենեզի՝ «կյանքի հավիտենականության» տեսության դեմ, Ֆ. Էնգելսը գտնում էր, որ կյանքը մատերիայի շարժման հատուկ ձև է և առաջացել է նրա զարգացման որոշակի փուլերում։ Ներկայումս գիտնականՆերի մեծ մասի կարծիքով կյանքի առաջացումը երկարատև պրոցես է և տեղի է ունեցել Երկրի վրա հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում, երբ պայմանները (ճառագայթման ռեժիմը, երկրակեղևի հեղուկ, գազային ու կարծր վիճակների ջերմաստիճանը, քիմիական բաղադրությունը ևն) խիստ տարբերվել են ժամանակակից պայմաններից։ Ա֊ի տարածված տեսություններից մեկը պատկանում է սովետական գիտնական Ա. Ի. Օպարինին։
ԱԲԻՈՆ, Ապիոն, Աբյան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթի Յոմուրայի գավառում, Կալաֆկա֊Ուզ գետի միջին հոսանքում, համանուն թեմի կենտրոնը։ XX դ. սկզբին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ քարաշեն եկեղեցի՝ երկշարք ընդարձակ պատշգամբ֊դահլիճներով։ Առանձնահատուկ կառուցվածք ուներ եկեղեցու քարաշեն գմբեթը, որի մեջ շարք֊շարք ամրացված էին շուրջ 4 տասնյակ լայնաբերան կժեր, որոնք նպաստում էին ձայնի հնչեղությանը։ 1850-ական թթ. Ա֊ում գործում էր վարժարան։ 1908–09-ին Ա֊ում լույս է տեսել Յոմուրայի շրջանի ուսուցչական միության օրգան, խմորատիպ «Գեղջուկ» թերթը (խմբ. Ե. Սրապյան), որը 1909–10 սկսեց տպագրվել Տրապիզոն քաղաքում։
Բնակիչների մի մասը փրկվեց Մեծ եղեռնից, տեղափոխվեց Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աբխազիայում, Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։
ԱԲԻՋԱՆ (Abidjan), Փղոսկրի Ափ Հանրապետության մայրաքաղաքը։ 450 հզ. բն. (1968, արվարձաններով)։ Նավահանգիստ Էբրիե ծովալճակի ափին։ Ջրանցքով կապված է Ատլանտյան օվկիանոսի և երկաթուղով՝ Բոբո֊Դիուլասոյի (Վերին Վոլտա) հետ։ Քաղաքում կան թեթև ու սննդի, փայտամշակման, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ, նավաշինարան։ Ունի օդանավակայան (Պոր֊Բուե)։ Ա֊ում գործում է Դակարի համալսարանի մասնաճյուղը։
ԱԲԻՍԱԼ ԶՈՆԱ (<հուն. άβυσσος–անհատակ), ծովային ամենամեծ խորությունների զոնա՝ սկսած 2 կմ-ից։ Օվկիանոսի ավելի քան 6 կմ խորության մարզերն առանձնացվում են որպես գերաբիսալ զոնա։ Ա. զ֊ին հատուկ է ջրի ծայրաստիճան դանդաղ շարժումը, կայուն ջերմաստիճանը (մոտ 0°), խտությունն ու աղիությունը։ Ա. զ-ի կենդանիները կամ կույր են, կամ ունեն խոշոր աչքեր։ Ջրում լրիվ բացակայում է արևի լույսը, շատ օրգանիզմներ լույս են արձակում։ Բուսականությունից կան միայն բակտերիաներ և սապրոֆիտային ջրիմուռներ։
ԱԲԻՍԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, խորջրյա ծովային նստվածքներ ավելի քան 3 կմ խորություններում։ Գրավում են Համաշխարհային օվկիանոսի հատակի մոտավորապես 90%։ Ա. ն. գոյանում են օվկիանոսի վերին շերտերում ապրող օրգանիզմների կմախքներից, քամիներով և ծովային հոսանքներով ցամաքից բերված միներալների մասնիկներից, հրաբխային և տիեզերական փոշուց։ Ա. ն. են խորջրյա կարմիր կավը և օրգանածին տիղմերը։
ԱԲԻՍԿՈՒ, Աբիսկո (Abisko), ազգային պարկ սկանդինավյան լեռներում, Շվեդիայի հյուսիսում։ Հիմնվել է 1909-ին, որպես լանդշաֆտային արգելանոց։ Տարածությունը՝ 75 կմ²։ Ընդգրկում է Աբիսկու գետի ավազանը և Տուրնետրեսկ լճի հվ. ափի մի մասը։ Գերակշռում են հազվադեպ հանդիպող կեչու և փշատերև (գլխավորապես սոճու) անտառները։ Կաթնասուններից Ա֊ում կան հյուսիսային եղջերու, բևեռային աղվես, գայլ, իշայծյամ, գորշ արջ, թռչուններից՝ բևեռային կաքավ, հյուսիսային ուրուր, սպիտակ բու, ճնճղիկ, քարարծիվ, բեկաս, սերինոս։ Արգելավայրի տարածքում գտնվում է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական կայանը։
ԱԲԻՏՈՒՐԻԵՆՏ (<լատ. abituriens–հեռանալու պատրաստվող), ավարտական քննություններին պատրաստվող միջնակարգ դպրոցի ընթացավարտ։ ՍՍՀՄ-ում 1950֊ական թթ. վերջերից ստացել է իմաստային այլ նշանակություն՝ ուսումնական հաստատություն ընդունվող անձ։
ԱԲԼԱՑԻԱ (<ուշ լատ. ablatio — պոկում, հեռացում), զանգվածի հեռացումը պինդ մարմնի մակերևույթից՝ այդ մակերևույթը շրջահոսող տաք գազերի հոսքով։ Ա. տեղի է ունենում էրոզիայի, հալման, սուբլիմման հետևանքով։ Դիտվում է, օրինակ, մթնոլորտում ասուպային մարմինների և տիեզերական թռչող ապարատների մեծ արագությամբ շարժվելու ժամանակ։ Օգտագործվում է տիեզերական թռչող ապարատների մասերի արտաքին պաշտպանության (պաղեցման) և տաք գազերի հոսքից ուժեղ տաքացող հրթիռային շարժիչների ներքին պաշտպանության համար՝ կոնստրուկցիոն նյութի կամ տաքացող մակերևույթը պատող հատուկ նյութի շերտի հալման կամ սուբլիմման ջերմությունը ընտրելու միջոցով։ Սուբլիմման հետևանքով առաջացած նյութերը, որոնք հոսանքով շարժվում են դեպի ներքև, ստեղծում են գազային պատվար՝ պատերը պաշտպանելով մթնոլորտի կամ այրված նյութերի հետ անմիջական շփումից։
ԱԲԼՂԱՐԻԲ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–1080), հայ պետական գործիչ։ Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։ Ա. Ա. 1021-ին Սենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թթ. նշանակվել է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ 1073-ին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել է Գանձակից Կիլիկիա գաղթած Օշինյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ֊ի հետ։ Ա. Ա. Կիլիկիայում ունեցել է տնօրինման լայն իրավունքներ, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկ. պետության հիմնադրման համար։ Թաղվել է Պապեռոնում։
Գրկ. Ալիշան Ղ, Սիսուան, Վնտ., 1885։
ԱԲԼՈՒԽՎԱՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում։ Շրջկենտրոնից՝ 38 կմ հս֊արլ.։ 164 բն. (1968), հայեր։ Կոլտնտեսության հիմնական զբաղմունքը ծխախոտի, եգիպտացորենի մշակությունն է և անասնապահությունը։ Ունի ութամյա դպրոց։ Գյուղը 1890-ական թթ. հիմնադրել են Տրապիզոնից, Ջանիկից գաղթած հայերը։
ԱԲԽԱԶԱ֊ԱԴԸՂԵԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, իբերո֊կովկասյան լեզվաընտանիքի խումբ, որի մեջ մտնում են աբխազերենը, աբազերենը, ադըղեերենը, կաբարդիներենը և