Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/263

Այս էջը սրբագրված է

վիթ (769–778), Մատթե (778-779), Մովսես (779-781), Ահարոն (781-784), Սողոմոն (784), Թեոդորոս (784–788), Սողոմոն (788-799), Հովհաննես [799–824, կաթողիկոսական աթոռը Պարտավից փոխադրեց Բերդակուր (Արցախում), Տրտու գետի ափը], Մովսես (824), Դավիթ (824–852), Հովսեփ (852–877), Սամուել (877–894), Հովնան (894–902), Սիմեոն (902-923), Դավիթ (923-929), Սահակ (929-947), Գագիկ (947–958), Դավիթ (958–965), Դավիթ (965–971), Պետրոս (971–987), Մովսես (987-993), Մարկոս, Հովսեփ, Մարկոս և Ստեփանոս (ըստ Մ. Գոշի և Կիրակոս Գանձակեցու ժամանակագրությունների, գահակալել են 993–1079-ին), Հովհաննես (1079– 1129), Ստեփանոս (1129–1131), որից հետո միառժամանակ (ըստ Մխիթար Գոշի՝ 8 տարի, իսկ ըստ Կիրակոսի՝ 25 տարի) Աղվանքը կաթողիկոս չունեցավ, Գագիկ մանուկ, որին ձեռնադրեցին՝ կոչելով Գրիգորիս (1139), Բեժգեն, որ ամուսնացավ ու կարգալույծ եղավ (1140), Ներսես (1149–1155), Ստեփանոս (1155–1195), Հովհաննես (1195–1235), որը Միափոր գավառում կառուցեց Խամշի վանքը և այն դարձրեց կաթողիկոսանիստ, Ներսես՝ եղբայր նախորդի (1235–1262), Ստեփանոս (1262–1323), Սուքիաս և Պետրոս (ըստ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի N 2561 ձեռագրի, գահակալել են 1323–1331-ին), Զաքարիա (հիշատակված 1331-ին), Դավիթ (հիշատակված միայն ցանկերում), Կարապետ (1402–1420), Հովհաննես (հիշատակված 1426–1428), Մատթեոս (հիշատակված 1434-ին), Աթանաս (ցանկերում գահակալած է համարվում մեկ տարի), Գրիգոր (ըստ ցանկերի), Հովհաննես՝ որդի Ջալալի (1441–1470), Ազարիա (ըստ ցանկերի), Մատթեոս (հիշատակված 1488-ին), Արիստակես (ըստ ցանկերի), Թումա Սոկյութլվեցի (հիշատակված 1471-ին), Ստեփանոս (հիշատակված 1476-ին), Ներսես (հիշատակված 1478-ին), Առաքել (1481–1497), Շմավոն (հիշատակված 1481-ին), Արիստակես (հիշատակված 1515–1516-ին), Սարգիս Ղշլաղեցի (հիշատակված 1554-ին), Գրիգոր՝ որդի Մեյրամբեկի (հիշատակված 1559–1574-ին), Պետրոս (1571), Դավիթ (հիշատակված 1573-ին), Փիլիպպոս Տումեցի (ցանկերում՝ գահակալած մեկ տարի), Հովհաննես՝ որդի Մեյրամբեկի (1574 – 1586), Դավիթ (հիշատակված 1584-ին), Աթանաս (հիշատակված 1585-ին), Շմավոն (1586–1611), Արիստակես Քոլատակցի (հիշատակված 1588-ին), Մելքիսեթ Արաշեցի (հիշատակված 1593-ին), Սիմեոն (հիշատակված 1616-ին), Պետրոս Խանձկեցի (1653 – 1675), Սիմեոն Խոտորաշենցի (1675–1701), Երեմիա Հասան–Ջալալյանց (1676–1700), Եսայի Հասան–Ջալալյանց (1702–1728), Ներսես հակաթոռ (1706–1736), Իսրայել՝ թոռնեղբայր Ներսեսի (1728 – 1763), Ներսես (հիշատակված 1763-ին), Հովհաննես Գանձասարեցի (1763–1786), Սիմեոն Խոտորաշենցի (1794–1810), Սարգիս՝ եղբայր Հովհաննես Գանձասարեցու (1810–1815)։ 1815-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսության միջնորդությամբ և ռուսական կառավարության հրամանով, վերացվեց Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսությունը, և նրա տեղ հաստատվեց միտրոպոլիտություն։ Սարգիս կաթողիկոսը 1815-ից մինչև 1828-ը՝ իր մահը, եղավ միտրոպոլիտ։ Այդ պաշտոնում նրան հաջորդեց իր եղբորորդի (Հասան–Ջալալյան տոհմից) Բաղդասարը՝ պատմությանը հայտնի մշակութային եռանդուն գործունեությամբ։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1–3, Բեյրութ, 1959–61։ Ուլուբաբյան Բ., Աղվանից թագավորական տան հարցի շուրջը, «ԼՀԳ», 1971, N 7։

ԱՂՎԱՆԻՑ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Սասանյան Իրանի կուսակալություն կամ փոխարքայություն։ Արևելյան Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո, 387-ին, Սասանյանները Արցախ և Ուտիք նահանգները միացրին Աղվանքին՝ հիմնելով առանձին մարզպանություն, որը գոյություն ունեցավ մինչև արաբական տիրապետությունը։ Ա. մ. աշխարհագրական–տերիտորիալ հասկացություն էր, խառը էթնիկական կազմով։ Հայ նախարարական ավագանին, հենվելով տեղացի ստվար հայության վրա, տնօրինում էր երկրի ներքին կյանքը։ Մինչև 462-ը մարզպանի աթոռանիստն էր Կապաղակ քաղաքը։ 462–636-ին մարզպանության կենտրոնն էր Պերոզապատը կամ Պարտավը։ 636-ին Վարազ–Գրիգորը (Միհրանյան տոհմից) դարձավ «Աղվանքի առաջին իշխանը»։ Արաբական տիրապետության հաստատումով Միհրանյանները դարձան խալիֆայության վասալներ։ 706-ին վերացավ նրանց իշխանությունը, և երկիրը մտավ «Արմինիա» փոխարքայության կազմի մեջ։ Արցախում և Ուտիքի լեռնային ու նախալեռնային գավառներում հայ իշխանությունները շարունակեցին իրենց գոյությունը և IX դ. վերջերից ընդգրկվեցին Բագրատունյաց թագավորության կազմում։


ԱՂՎԱՆՆԵՐ, Աղվանք երկրի կամ «Աղվանից բուն աշխարհի» անղրածին բնակիչները։ Հելլենիստական դարաշրջանում աղվանական ցեղերը անցել են դասակարգային հասարակության։ Մ. թ. ա. I դ. ձևավորվել է աղվանական ստրկատիրական պետությունը։ Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի, գեղեցիկ ու բարձրահասակ Ա. խիզախ պատերազմողներ էին, հիմնականում զբաղվում էին պարզունակ փոխանակային առևտրով։ Հեթանոս Ա. պաշտել են լուսինը (գլխավոր աստված), արեգակը ևն։ 370-ական թթ., Ուռնայր թագավորի օրոք, Ա. պաշտոնապես ճանաչել են քրիստոնեությունը։ Դաշնակցային և դրացիական դարավոր կապերի մեջ գտնվելով Մեծ Հայքի հետ՝ Ա. խորապես կրել են նրա ազդեցությունը։ Մեսրոպ Մաշտոցը աղվան Բենիամինի հետ միասին ստեղծեց աղվանական այբուբենը։ Սելջուկ–թուրքերի և մոնղոլ–թաթարների տիրապետության ժամանակներում (XI–XIV դդ.), երբ Մերձկասպյան շրջանները վերածվեցին նորեկ քոչվորների ձմեռային արոտավայրերի, Ա–ի մնացորդները ձուլվեցին Ատրպատականից դեպի հյուսիս շարժվող միջինասիական ծագմամբ օղուզա–թուրքմենական ցեղերին։


ԱՂՎԱՆՔ, հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»-ի, բուն Ա. ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստան ի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտ ի Բազկան կամ Հեջերի։ Ա–ի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։ Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան–համայնական հասարակարգը քայքայվելով՝ տեղի տվեց դասակարգային հասարակարգին։ Զարգացան շահագործման կիսանահապետական–կիսաստրկատիրական ձևերը։ Շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ. թ. ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Ա–ի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։ Ա–ի թագավորության զորքերը (62000 հետևակային, 22000 հեծյալ) իրենց կառուցվածքով և զենքով նմանվել են հայկականին։ Տիգրան Բ Մեծի բանակում նրանք կռվել են հռոմեական նվաճողների դեմ։ Ա–ի Օրոյզ թագավորը մ. թ. ա. 65-ին շարունակեց պայքարը նաև Պոմպեոսի լեգեոնների դեմ՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ։ Ի վերջո, Օրոյզը նույն թվականին հարկադրական հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ՝ դառնալով <հռոմեական ժողովրդի դաշնակիցը և բարեկամը>։ Մ. թ. ա. 36-ին Ա. խուժեց Կանիդիոս Կրասոս զորավարը և Աղվանից Զոբիրա թագավորին ստիպեց վերստին ճանաչել մ. թ. ա. 65-ի պայմանագիրը։ Մ. թ. ա. 20-ին, Մեծ Հայքում Հռոմի դեմ ուղղված ապստամբությունից հետո, Ա. փաստորեն անկախացավ։

Մ. թ. I դ. 2-րդ կեսին Ա–ից արևմուտք արդեն գոյություն ուներ Մազքթաց Արշակունիների թագավորությունը, որի գահանիստն էր Չող քաղաքը։ Ի տարբերություն հայ Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարսկաստանից անկախ վիճակում, Ա–ի Արշակունի թագավորները, IV դ. սկսած, սովորաբար ենթակա էին Պարսից արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվեցին։ 370-ական թթ. Ուռնայր թագավորն ընդունեց քրիստոնեություն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Հայաստանի հետ, ընդունեց Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը, օգնեց նրան ստեղծելու աղվանական գիրը։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացրեց Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն (տես Աղվանից մարզպանություն)։ Այնուհետև «Աղվանք» անունը դարձավ աշխարհագրական–տերիտորիալ հասկացություն: Նրանում հզոր ուժ էր հայ նախարարական ավագանին։ Ի տարբերություն մարզպանական Աղվանքի, Աղվանից թագավորության նախկին տերիտորիան հայկ. աղբյուրներում անվանվում է «Բուն Աղվանք»։ Մարզպանական Ա–ի կազմում մտած հայկ. գավառներում շարունակում էին գոյատևել հայ իշխաններր, որոնց թվում նաև տեղական թագավորական դինաստիան՝ «Առանշահիկ» տիտղոսով։ Անդրկուրյան կամ Բուն Աղվանքում գլուխ բարձրացրեց տեղական ֆեոդալա–