Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/266

Այս էջը սրբագրված է

ԱՂՏՔ (Հաղթ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի (Սվազի) Հաֆիկի գավառակում, սակավաջուր սարահարթում։ 1914-ին ուներ 3200 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կար եկեղեցի (Ս. Կարապետ) և վարժարան (Հրեշտակապետյան), ուր սովորում էր 200 աշակերտ։ Ա–ի հայ բնակիչներն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղահանվեցին, մեծ մասը զոհվեց, փրկվածները գաղթեցին օտար երկրներ։


ԱՂՐԱՎԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Շապին–Գարահիսարի գավառում, Արաբկիր–Երզնկա–Տիվրիկ տանող ճանապարհի վրա։ 1915-ի նախօրեին ուներ շուրջ 1600 հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Տարանցիկ առևտրական ճանապարհի վրա գտնվող գյուղի բնակիչները պահում էին նաև գիշերային պանդոկներ առևտրականների համար։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Ա–ի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, փրկվածները տեղափոխվել են օտար երկրներ։


ԱՂՐԻՉԱՅ, գետ Ադրբեջանական ՍՍՀ–ում, Ալազանի ձախ վտակը։ Երկարությունը 134 կմ է, ավազանը` 1810 կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի հվ. լանջերից, 3200 մ բարձրությունից։ Հոսում է Ավթարանի հովտով։ Ընդունում է Կիշչայ, Մուրդար և այլ վտակներ։ Ջրի տարեկան միջին ծախսը 3.85 մ³/վրկ է (գետաբերանում), առավելագույնը` 41.4 մ³/վրկ, տարեկան հոսքը` 121.3 մլն. մ³։ Ա–ի և նրա վտակների ջրերն օգտագործվում են ոռոգման համար:

Նկարում` Արշակունի թագավորների դամբարանը Աղցում (կտրվածք)։


Աղց, Աղձք գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ` Ձորափ, Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում)։ Հայտնի է IV դ. կեսերին կառուցված դամբարանով, ուր ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյուններ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի–Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Ա–ում։ Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75 մ, լայնությունը՝ 2,65 մ, բարձրությունը՝ 2,60 մ)։ Դամբարանն ունի թաղակապ ծածկ, ներսում՝ պայտաձև կամարներ։ Սալահատակված է։ Արմ. մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ ևն)։ Գ. Կարախանյան


ԱՂՑԱՆ, խաշած կամ հում բանջար, որի վրա աղ կամ աղ ու քացախ ցանելով ուտում են հացի կամ կերակրի հետ։ Հնուց տարածված էր Արարատյան դաշտում, Ջավախքում, Արցախում, Սյունիքում, Գողթնում, Սասանում և այլուր։ Գործածվել է հատկապես պաս օրերին։ Այժմ էլ գործածվում է Հայաստանում և հայաբնակ այլ վայրերում։

Նկարում` Աղուդի։ Կոթող–հաշարձսւն (մինչև VII դ.)։ Ձախից՝ վերականգնումից առաջ։ Աջից՝ 1970-ի մասնակի վերականգնումից հետո։


ԱՂՈՒԴԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտանի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 1222 բն. (1970), ադրբեջսւնցիներ։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահաթյամբ, հացահատիկի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա–ում կա VI դ. կոթող–մահարձան։ Թաղածածկ դամբարանի վրա բարձրանում են երկու ուղղանկյուն մայթեր, կենտրոնում՝ բարձր ութանիստ սյուն, որը պսակվում է ճոխ մշակված ոլորազարդ խոյակով։ Կամարաղեղները հենվում են մույթերին հպված պահպանակներին և վերևից ավարտվում հորիզոնական հեծանով, որի վրա, մինչև 1931-ի երկրաշարժը, բարձրանամ էր ցածր հենակներով եռամաս կամարաշարքը։ Կոթողի տարբեր մասերը զարդարված են նռան, խաղողի, երկրաչափական, բուսական զարդաքանդակներով, որոնք հիշեցնում են Սիսավանի VII դ. տաճարի, Զվարթնոցի քանդակները։ Կոթողը վերականգնվում է։ Բ. Գասպարյան, Ս. Մնացականյան, Գ. Կարախանյան


ԱՂՈՒԶՈՒՄ, գյուղ Կարսի մարզի Կարսի օկրուգում, Կարս գետի ձախ ափին, արգավանդ հարթավայրում։ XX դ. սկգբներին ուներ շուրջ 320 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Ա–ի հայկ. թաղն ավերվել է 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը ապաստան է գտել Սովետական Հայաստանում։


ԱՂՈՒՀԱՑ, ծիսական սովորույթ հայերի և աշխարհի շատ ժողովուրդների կենցաղում։ Եղել է հարգանքի, հարստության, առատության, բարեկամության, հավատարմության և բարեհաջողության խորհրդանիշ։ Դարեր շարունակ նորածին երեխայի վրա աղ են ցանել՝ նրա առողջությունը պահպանելու, կյանքը ապահովելու նպատակով։ Հայ նահապետական գերդաստանի ամբողջ տարվա համար օգտագործվելիք աղը պահվել է կնոջ տեսքով կավամանի մեջ, որն առնչվում է Անահիտ աստվածահու պաշտամունքի հետ։ Աղն օգտագործվել է հարսանեկան սովորույթներում որպես հարստության և առատության խորհրդանիշ։ Հացով երդվելու սովորույթն ընդհանրական է։ «Ա. ատել» արտահայտաթյունը նշանակում է սեղանակից լինել, որով ստեղծված սերը, հավատարմությունը, հարգանքը դրժելը հանցանք է։ Հայ ժողովուրդն Ա–ով է դիմավորել հաղթանակով վերադարձող թագավորին, բանակին՝ գերդաստանի նահապետի կամ հարգանք վայելող հասակավոր տղամարդու ձեռքով։ Հայ թագավորներն ու զորավարները թշնամու դեմ մարտնչելու