Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/267

Այս էջը հաստատված է

նախօրեին երդվում էին Ա–ով։ Ա. այժմ էլ հայերի և մյուս ժողովուրդների կենցաղում հյուրերին հարգանք մատուցելու միջոց է։ Ա–ի սրբության գաղափարն արտահայտվել է առակներում, ասացվածքներում, հեքիաթներում և ժող. բանահյուսության այլ ժանրերում։ Անհյուրընկալ, երախտամոռ մարդուն անվանում են «անաղուհաց մարդ»։ Ն. Ավագյան

ԱՂՈՒՏԱՎՈՐՈՒՄ ԳՐՈՒՆՏԻ, գետնի մշակում կերակրի (կամ այլ) աղով՝ ոռոգման ջրանցքների, ջրամբարների, հողային պատվարների ու պատնեշների ջրանցիկությունը նվազեցնելու, ինչպես նաև գետնի կապակցվածությունն ու հողային կառուցվածքների (օր. ճանապարհների պաստառների) կայունությունը մեծացնելու համար։ Հիմնված է հողից կալցիումի մասնակի հեռացման ճանապարհով գետնի ֆիզիկական հատկությունների փոփոխման վրա։ Աղը գետնի մեջ մտցվում է չոր վիճակում կամ լուծույթի ձևով։ Ա. գ. կատարվում է աղի լուծույթում եղած նատրիումի և գետնի մեջ գտնվող կալցիումի իոնների փոխանակային կլանման շնորհիվ, գոյացած կալցիումի քլորիդը հողից հեռացվում է ջրով լվանալու միջոցով։ Ա. գ. կիրառվում է ավազակավային, կավավազային և կավային հողերի համար։ Աղուտավորումից հետո գետնի ծծանցման գործակիցը փոքրանում է 5–100 անգամ։ 1 մ² մակերեսի համար ծախսվում է 1–5 կգ աղ։ Աղուտավորված գետնի վրա կոշտ (հատկապես՝ գիպսաբեր) ջրերի երկարատև ներգործության դեպքում 3–5 տարի անց Ա. գ. կրկնում են։


ԱՂՈՒՏՆԵՐ, հողեր, որոնց վերին շերտերում պարունակվում են 1% և ավելի ջրալույծ աղեր՝ քլորիդներ, սուլֆատներ և կարբոնատներ։ Ա–ում հալոֆիտներից (աղասեր բույսեր) բացի ուրիշ բույսեր չեն աճում։ Տարբերվում են առաջնային և երկրորդային Ա.։ Առաջնային Ա. գոյանում են բնական ճանապարհով, իսկ երկրորդայինները՝ հողը ոչ ճիշտ ոռոգելու կամ մշակելու պատճառով (տես Աղակալած հողեր)։ Քլորիդներ պարունակող Ա.՝ «թաց» Ա., սովորաբար խոնավ են և մուգ գույնի։ Սուլֆատներ ունեցող Ա–ի վերին շերտը չորանալիս վերածվում է փոշենման զանգվածի։ Այդպիսի Ա. կոչվում են «փխրուն»։ ՀՍՍՀ–ում Ա. կան Արարատյան դաշտում։ Ա–ի բարելավման միջոցառումները նույնն են, ինչ աղակալած հողինը։ Խ. Միրիմանյան


ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻ, ամենօրյա թերթ, օրգան ՀԿ(բ)Կ Կենտկոմի։ Լույս է տեսել 1921-ին, Երևանում։ Պատ. խմբագիր՝ Եղիա Չուբար։ Արծարծել է գյուղական չքավորությանը հուզող խնդիրներ, լուսաբանել կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության՝ գյուղում կիրառած քաղաքականությունը։ Թերթին բնորոշ էր կիսագրագետ ու անգրագետ զանգվածների լեզվամտածողությանը համապատասխան գեղջկական ոճը, ժող. բառ ու բանի, թևավոր խոսքերի գործածությունը։ Հ. Ֆելեքյան


ԱՂՔԵՆԴ, Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Աղնջաձոր զյուղի նախկին (մինչև 1968) անվանումը։


ԱՂ–ՔԻԼԻՍԱ, գյուղ Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում, այգեվետ ձորահովտում։ 1907-ին ուներ 447 բն., մեծ մասամբ հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ավերվել է 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակչության մեծ մասը, փրկվելով կոտորածներից, բնակություն է հաստատել Սովետական Հայաստանում։


ԱՂՔԻԼԻՍԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հարավ։ 222 բն. (1970), ադրբեջանցիներ։ Ա. Մուրթելի հետ միավորված է Փոլադի պետական տնտեսության մեջ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղը հիմնադրվել է XVII դ. 70-ական թթ.։ Գյուղի մերձակայքում պահպանվել են հին բնակատեղիների հետքեր, կա կիսավեր եկեղեցի (XI – XIII դդ.)։


ԱՃԱԿԱՆ(լատ. augmentum), մասնիկ, որը դրվելով հնդեվրոպական լեզուների բայերի սկզբում՝ ցույց է տալիս անցյալ ժամանակը։ Գրաբարում հանդես է գալիս մեծ մասամբ անցյալ կատարյալի եզակի թվի 3-րդ դեմքում, երբ բայը միավանկանում է (հմմտ. բերի, բերեր, բեր և եբեր, հատի, հատեր, հատ և եհատ)։ Ապառնին ևս միավանկ մնալով ստանում է Ա. (օրինակ՝ դնեմ բայի ապառնին դից–ի փոխարեն լինում է եդից)։ Ա. հայերենում միավանկությունը և վանկազրկությունը վերացնելու միջոց էր։ Ա. են համարվում նաև արմատի վրա ավելացած բաղաձայնները [հմմտ. սեր (սերել)–սերմ, գող–գողտ (գողտուկ), գաղ–գաղտ, լի–լիր ևն]։ Վ. Առաքելյան


ԱՃԱՆԱՆ (ն. Նորաշենիկ, Խալաջ), գետ Հայկական ՍՍՀ–ում, Ողջիի ձախ վտակը։ Երկ. 29 կմ է, ավազանը՝ 130 կմ²։ Սկիզբ է առնում Բարգուշատի լշ–ի հվ. լանջերից, 2700 մ բարձրությունից։ Վերին հոսանքն անցնում է անտառապատ ձորով։ Տարեկան միջին ծախսը 0,92 մ³/վրկ (Նորաշենիկ), առավելագույնը 14,4 մ³/վրկ, տարեկան հոսքը՝ 29,0 մլն. մ³։


ԱՃԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի (1876–1953), հայ լեզվաբան, բանասեր։ ՀՍՍՀ ԳԱ ակադ. (1943)։ Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ (1897), Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից–անդամ (1937)։ Ծնվել է մարտի 8 (20)–ին, Կ. Պոլսում։ Ավարտելով Կ. Պոլս ի Կեդրոնական վարժարանը՝ պաշտոնավարել է Գատգյուղի Արամյան դպրոցում (1893) և Կարինի Սանասարյան վարժարանում (1894)։ 1895-ից սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Ա. Մեյյեին, ապա Ստրասբուրգում՝ Հ. Հյուբշմանին (1898)։ 1898-ից՝ ուսուցիչ Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Նոր Նախիջևանում, Թեհրանում, Թավրիզում։ 1923-ին հրավիրվել է Երևանի պետական համալսարան, մինչև կյանքի վերջը աշխատել որպես դասախոս, նաև ամբիոնի վարիչ։

Ա. մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ Է։ Ուսումնասիրել Է հայերենագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայագիտության մի շարք ճյուղեր (հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն ևն), հատկապես զբաղվել է հայերեն թարթառների քննությամբ, նրանց պատմության ու դասակարգման խնդիրներով և ստեղծել բարբառագիտական հետազոտությունների իր մեթոդն ու տեսությունը։ Բարբառագիտական կարևորագույն աշխատություններն են «Հայ բարբառների դասակարգումը» (1909, ֆրանս.),. որն իբրև դիսերտացիա ներկայացրել է Սորբոնի համալսարանին, «Հայ բարբառագիտություն»–ը (1911) և «Հայերեն գավառական բառարան»–ը (1913), որ պարունակում է մոտ 30000 գավառական բառ։ Բայի սահմանական եղանակի ներկա և անցյալի անկատար ժամանակների կազմության հիման վրա, հայագիտության մեջ առաջին անգամ Ա. առաջարկել է հայերեն բարբառների ձևաբանական դասակարգումը՝ բաժանելով դրանք երեք ճյուղի՝ ում, կը, և շ։ ժամանակակից հայ բարբառագիտության հիմքը կազմող ձևաբանական դասակարգման այդ գլխավոր հատկանիշը զուգորդվում Է նաև գոյականների ներգոյական հոլովի կազմության առանձնահատկություններով։ Գտնելով, որ ժամանակակից հայերեն բարբառներն առաջացել են գրաբարից, Ա. այն տեսակետն է զարգացրել, որ V դ. եղել են հավանաբար չորս բարբառներ, որոնք ունեցել են չնչին տարբերություններ։ V դ. հետո դրանք աստիճանաբար խորացել են։ X–XI դդ. պատմականորեն արդեն գոյացել էր այժմյան բարբառների հիմնական մասը։

Շուրջ 40 տարվա անխոնջ աշխատանքի արդյունք է Ա–ի «Հայերեն արմատական բառարան»–ը (հ. 1–7, 1926–35), որը բարձր է գնահատել Ա. Մեյյեն՝ ասելով. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան» («Հայերեն արմատական բառարան», հ.7, էջ 205)։ Պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառ՝ բացատրություններով, քերականական և բառագիտական տեղեկություններով ու 5095 արմատի ստուգաբանությամբ։ Յուրաքանչյուր բառ–հոդված բաղկացած է հինգ բաժնից. ա. բառագիտական, որտեղ տրվում են գլխաբառի քերականական ձևերը, իմաստային բացատրությունները, հնագույն գործածությունների մասին եղած մատենագրական վկայությունները, տարբեր գրչությունները և ածանցավոր ձևերն ու բարդությունները, բ. ստուգաբանական՝ բառի ծագման պատմությունը, գ. պատմական՝ գլխաբառի ստուգաբանության պատմությունը, դ. բարբառագիտական՝ գլխաբառի զանազան ձևերը հայերենի 30 բարբառներում, ե. փոխառություններ, որտեղ ցույց է տրվում, թե հայերեն բառը որ լեզվին է անցել իբրև փոխառություն։ Արմատական բառարանն իր բովանդակած մեծահարուստ նյութով ու կառուցվածքով բացառիկ երևույթ է լեզվաբանական գրականության մեջ։

«Հայոց անձնանունների բառարան»–ում (հ. 1–5, 1942–62) Ա. հավաքել և ուսումնասիրել է V–XIII դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները՝ տալով դրանց մեծագույն մասի ստուգա–