Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/274

Այս էջը հաստատված է

Կենցաղում, սովորաբար, ամառային ամիսներ են համարվում հունիսը, հուլիսը և օգոստոսը։ Հարավային կիսագնդում դրանք ձմեռային ամիսներ են։

Ցերեկվա տևողության մեծացման և կեսօրին Արեգակի մեծ բարձրության հետևանքով ջերմաստիճանը ամռանը լինում է բարձր։ Հս. Աֆրիկայում այն հասնում է մինչև 60° C։ Հայաստանում ցերեկվա առավելագույն տևողությունը (հունիսի 22–ին) 15 ժամ է, և կեսօրին Արեգակը հորիզոնից բարձրանում է մինչև 73,5°։

Հայաստանում հին սովորությամբ ամռան սկիզբը համարվել է մայիսի վերջը։ Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում ամռան գալուստը՝ համընկնում է օրվա միջին ջերմաստիճանի 20–26°C սահմանն անցնելու հետ, երբ ամբողջ լանդշաֆտը ծածկվում է փարթամ կանաչով։ Ա. Հայաստանում երկարատև է, շոգ (Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը հասնում է 42°C, իսկ լեռնային շրջաններում՝ 35°C), օդի հարաբերական խոնավությունը հաճախ իջնում է 30%–ից։ Ամռան ամիսներին է կատարվում խոտհարքը, հացահատիկի բերքահավաքը, հասնում են ծիրանը, կեռասը ևն։ Հայերը պաշտամունքային շատ տոներ կատարում էին ամռանը։ Հեթանոս հայերը նշանավոր տոներից մեկը՝ Նավասարդը տոնում էին օգոստոսին։ Օգոստոսի 11–ը համարվում էր նրանց նոր տարվա սկիզբդ։ Ամռանը սկսվում է հովեկությունը։ Բ. Թումանյան

ԱՄԱՌԻՃ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ XX դ. սկզբին ուներ 27 տուն հայ (շուրջ 170 մարդ) և 8 տուն քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Վարդան)։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է. փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՄԱՌՆԱ, բնակավայր ԵԱՀ–ում, Կահիրեից 287 կմ հվ., Նեղոսի աջ ափին, ուր գտնվել են Էխնաթոն (Ամենհոթեփ IV) փարավոնի հիմնած Ախեթաթոն քաղաքի ավերակները։ Տես Էլ–Ամառնա։


ԱՄԱՍԻԱ, քաղաք Թուրքիայում, Ամասիայի վիլայեթի կենտրոնը։ Գտնվում է Եշիլ–Իրմակ գետի ափին։ Երկաթուղային կայարան է Սամսուն–Սվազ գծի վրա։ 38,5 հզ բն. (1970)։ Ունի շաքարի արդյունաբերություն, գործվածքեղենի ու գորգի արտադրության մանր ձեռնարկություններ։ Բնակիչներն զբաղվում են նաև առևտրով (արտահանում են հացահատիկ, ալյուր, բուրդ, մրգեր, կաշի, հաշիշ ևն) և գյուղատնտեսությամբ։ Ա. աշխարհի հնագույն քաղաքներից է։ Ըստ ավանդության, Ա. հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացու հորեղբայր Ամասիան մ. թ. ա. IV դ.։ 302–ից Ա. դարձել է Պոնտոսի թագավորության կենտրոնը։ Ռազմական կարևոր հենակետ էր մ.թ.ա. 89–87, 73–71 և 66 թթ. հռոմեացիների դեմ Պոնտոսի մղած պատերազմներում։ Հետագայում քաղաքն անցել է բյուզանդացիներին։ 1075–ին Ա. գրավել են սելջուկները, 1246–ին մոնղոլները, իսկ 1397–ից տիրացել են թուրքերը։

Քաղաքում կան պատմական շատ հուշարձաններ՝ հնամենի քարայրներ, միջնադարյան շինություններ, բերդեր, կամուրջներ, նոր շրջանի եկեղեցիներ, մզկիթներ ևն։ Քաղաքը մեծապես տուժել է 1734–ի և 1825–ի երկրաշարժերից։ Հնադարյան քաղաքից կանգուն են մնացել բերդի պատերը և պոնտական թագավորների ժայռափոր գերեզմանները։

Հայերը Ա–ում բնակություն են հաստատել շատ վաղ ժամանակներից։ Ա. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր հրամանով (536) ստեղծված Երկրորդ Հայք կուսակալության կենտրոնն էր։ 712–ին Բյուզանդիան ստեղծում է Հայկական բանակաթեմ, որի կենտրոնը դարձյալ Ա. էր։ 1064–ին Ա. դառնում է Կարսի Գագիկ Բագրատունի թագավորի կալվածքը։ XX դ. սկզբին Ա. ուներ 12 հզ. հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Հռչակված էր Ա–ի հայ ջուլհակների պատրաստած գործվածքեղենը։ Հայերի ձեռքում էր գտնվում նաև առևտուրը։ Տեղացի հայերը ստեղծել են մետաքս մանող և ալրաղաց մեքենաներ։ XIX դ. երկրորդ կեսին Ա–ում գործել են բազմաթիվ մշակութային և կրթական ընկերություններ (Պարթևական, Ուսումնասիրաց, Ներսեսյան, Ընթերցասիրաց, Դպրոցասիրաց, Կանանց կրթասիրաց, Հայրենասիրաց ևն)։ Ա–ում եղել է կանանց կար ու ձևի արհեստանոց–ուսումնարան։ 1909–ին հայերն ունեին «Իրիս» թատերական ընկերությունը։ Ա–ում լույս են տեսել «Ապառաժ» շաբաթաթերթը, նույն անունով ամսագիրը (1911) և «Ամասիա» կիսամյա հանդեսը (1911 – 12)։ Հտայերն ունեին յոթ դպրոց՝ 5 արական, 2 իգական, 5 մանկապարտեզ, հիվանդանոց, ուխտատեղիներ (Ա. Հովհաննես, Քառասուն մանկունք, Ս. Թորոս) և երկու վանք (Ս. Աստվածածին, Ս. Արիստակես)։ 1895–96–ի համիդյան ջարդերին զոհ դարձան 1000–ից ավելի հայեր։ 1915–ին հայերը տեղահանվեցին, մեծ մասը ոչնչացավ, իսկ փրկվածները գաղթեցին Սիրիա, Լիբանան։ Ա–ում ապրում է մոտ 300 հայ (1971)։ Ա–ում են ծնվել հույն մեծ աշխարհագրագետ Ստրաբոնը (մ. թ. ա. մոտ 63 – մ. թ. մոտ 20), հայ նշանավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) և ուրիշներ։

Գրկ. Սիմոնյան Գ.Հ., Հուշամատյան Պոնտական Ամասիո, Վնտ., 1966։


ԱՄԱՍԻԱ, քտա, Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանի կենտրոնը, Ախուրյան գետի աջ ափին։ 2786 բն. (1970), հայեր, ադրբեջանցիներ։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Կա պանրի գործարան։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց, կինոթատրոն։ Ա. որպես բնակավայր գոյություն ունի հին ժամանակներից։ Ավանից հս․– արմ․՝ «Չատին դարա» վայրում, կան հին ամրոցի հետքեր։


ԱՄԱՍԻԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ 747 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է խորդենու և հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–գրադարան, մանկապարտեզ։ Կոլտնտեսական է. Ն. Գրիգորյանին բամբակագործության մեջ ունեցած հաջողությունների համար շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։


ԱՄԱՍԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, խոսվել է Ամասիա քաղաքում, պատկանում է կա ճյուղին։ Երկաստիճան խլազուրկ բարբառ է. հոգնակին կազմում է նըվէր (աղջիկնըվէր, երեսնըվէր), հոգնակիի ստացականը՝ նըվիս || վընիս, նըվիդ || վընիդ (ձեռնըվիս || ձեռվընիս, տուննըվիդ || տունվընիդ), սահմանական ներկան՝ հետադաս գա մասնիկներով, ձայնավորով սկսվող բայերը սահմանական ներկայում սկզբից ստանում են գ (գէրթամ գա), եզակի 3–րդ դեմքում հետադաս գա–ն ընկնում է (գուգավ, գառնեվ, գուզեվ), հարկադրականի եղանակիչն է բուդու (բուդու էրթամ,