Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/275

Այս էջը սրբագրված է

բուդու բսագիմ)։ Հայերենի չուսումնասիրված բարբառներից է։

Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951, էջ 350–51։ Ա. Ղարիքյան

ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, առաջինը՝ «Ամասիացիներու Բարեսիրաց միություն» անվամբ կազմակերպվել է 1919-ի հունվ. 1-ին, Նյու Յորքում, Արմենակ Մանիսաճյանի նախաձեռնությամբ։ Ունեցել է 36 անդամ։ Նպատակն էր՝ օգնել հիվանդ և կարիքավոր հայրենակիցներին։ Միաժամանակ համանըման միություններ են ստեղծվել Բոստոնում և նրա Սթոնհեմ արվարձանում։ 1926-ին Բարեսիրաց միությունը վերակազմվել է «Ամասիո հայրենակցական միության», որը մասնաճյուղեր ուներ Բոստոնում և Ֆիլադելֆիայում։ 1931-ից մասնաճյուղերը դադարել են գործել, իսկ Նյու Յորքի «Հայրենակցականը» թեն պահպանել է գոյությունը, սակայն 1935-ի հունվարից հետո որևէ խոշոր միջոցառում չի ձեռնարկել։ 1927-ին Մարսելում հիմնվել է ֆրանսաբնակ ամասիացիների հայրենակցական միություն։ 1936-ին ամասիացիների միություն է կազմվել նաև Փարիզում։ 1938-ին Փարիզի և Մարսելի միությունները նշել են իրենց հռչակավոր հայրենակից Ամիրդովլաթ Ամասիացու ծննդյան 500-ամյակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միությունները կազմալուծվել են։ 1953-ին վերականգնվել է միայն Մարսելի մասնաճյուղը, որը գործում է ցայսօր։ Ա. հ. մ. թե ԱՄՆ–ում և թե Ֆրանսիայում դադարել են կազմակերպված հայրենակցական միություն լինելուց։ 1966-ին սփյուռքաբնակ ամասիացիների միջոցներով հրատարակվել է «Հուշամատյան Պոնտական Ամասիո» (հեղ. Գ. Սիմոնյան) պատմագիրքը։ Պ. Մարտիրոսյան


ԱՄԱՍԻԱՅԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արևմտյան մասում։ Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 614 կմ²։ Արևմտյան մասով անցնում է ՍՍՀՄ–Թուրքիա պետական սահմանը։ Կենտրոնը՝ Ամասիա։

Նկարում` Ախարյան գետը Ամասիայի շրջանում։

Բնական պայմանները։ Ա. շ. ընդգրկում է Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանը՝ Աշոցքի գոգավորության արմ. մասը։ Շրջանի հվ. մասով անցնում է Շիրակի լշ. արմ. վերջավորությունը։ Արմ. եզրավորվում է Եղնախաղ լշ–ով (Ղուկասյան լ., 3042 մ, Եռակատար լ., 3010 մ)։ Մակերևույթը լեռնոտ է՝ հանգած հրաբխային կոների, լեռնազանգվածների և նրանց միջև ընկած սարավանդների ու գոգավորությունների զուգակցումով, կտրտված Ախուրյան գետի կիրճով։ Տերիտորիայի 28% գտնվում է 1500–2000 մ բարձրության վրա, 72%՝ 2000 մ–ից ավելի բարձրության վրա։ Կլիման խիստ է, ձմեռը երկարատև՝ ուժեղ սառնամանիքներով։ Այստեղ է գտնվում ՀՍՍՀ և Կովկասի ամենացուրտ վայրը՝ Շուրաբադը (-46° C)։ Գարունը ցուրտ է, ամառը՝ զով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 0°–ից 6°C։ Հվ. ցածրադիր մասերում հունվ. միջին ջերմաստիճանը -10° C է, բարձրադիր մասերում՝ -12° C, հուլիսինը՝ համապատասխանաբար 16°C, 12 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 31° C է։ Անսառնամանիք օրերի թիվը հասնում է 130–150։ Տարեկան տեղումները 500–600 մմ է։ Մեծ գետը Ախուրյանն է (ունի ոռոգիչ նշանակություն)։ Հարուստ է աղբյուրներով։ Շրջանի հս–արմ. մասում է գտնվում Արփի լիճը։ Գերակշռում են խոնավ–աղազերծ, տեղ–տեղ պարարտ լեռնային սևահողերը։ Հվ. մասում չափավոր խոնավ լեռնա–կարբոնատային սևահողեր են, բարձրադիր լեոնալանջերին՝ լեռնամարգագետնային դարչնագույն հողեր։ Տիրապետողը մարգագետնա–տափաստանային բուսականությունն է, հվ. մասերում՝ տարախոտա–հացազգիները։ Բարձրադիր լեռնալանջերը ծածկված են ալպյան մարգագետիններով։ Վայրի կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, խայտաքիս, լուսան, դաշտամուկ։ Արփի լճում կա ձկան մի քանի տեսակ։ Ունի ոսկու, մկնդեղի, քրոմի արդյունաբերական նշանակություն չունեցող հանքավայրեր, կրաքարեր և շինարարական ավազ։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 19724 մարդ (1972), ադրբեջանցիներ (70% ), հայեր (29% ), ապրում են նաև ռուսներ։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ² վրա 31 մարդ։ Համեմատաբար խիտ է բնակեցված շրջանի հարավը։ Ունի 26 բնակավայր։ Բնակչության բնական աճով 2 անգամ ավելի է ՀՍՍՀ միջին ցուցանիշից և առաջինն է հանրապետության շրջանների մեջ (1000 շնչին՝ 46 մարդ, 1965)։ 1926–66–ին բնակչությունը կրկնապատկվել է։

Քարտեզը տես 272 էջից հետո՝ ներդիրում։

Պատմական ակնարկ։ Մինչև հեղափոխությունը Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ա. շ. դարձյալ կազմում էր նույն գավառի (որը 1924 թվականից կոչվեց Լենինականի գավառ) բաղկացուցիչ մասը և հարևան Ղուկասյանի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ։ Ա. շ. նախասովետական Հայաստանի հետամնաց շրջաններից մեկն էր. բնակչությունը հիմնականում զբաղվում էր կիսաքոչվորական անասնապահությամբ։ Չուներ արդյունաբերություն։

Առաջին համաշխարհային պատերազմի, ապա 1918 և 1920-ին թուրքական զորքերի՝ Ամասիայի շրջանը ներխուժելու հետևանքով լիովին քայքայվել էր շրջանի առանց այն էլ թույլ զարգացած տնտեսությունը, թալանվել էր բնակչությունը, մոլեգնում էին սովը, վարակիչ հիվանդությունները։ Հայաստանում սովետական իշխանության հաստատմամբ Ա–ի շրջանի աշխատավորությունը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնմանը և գյուղում կուլտուրական հեղափոխության իրականացմանը։ Մինչ–սովետական Ամասիայում չկար ոչ մի դպրոց։ 1923-ին արդեն գործում էր 7 դպրոց, իսկ 1925–26-ին՝ 16 վեցամյա և տարրական դպրոց՝ 1060 աշակերտով։ Շրջանում հաղթանակեցին կոլտնտեսային կարգերը։ Ա. շ–ում առաջին ՄՏԿ ստեղծվել է 1936-ին։ Կարևոր էր նաև առողջապահական սիստեմի ստեղծումը (1926)։ Շրջկենտրոնում բացվեց հիվանդանոց (1936)։ Խաղաղ աշխատանքն ընդհատեց Հայրենական պատերազմը։ Ա. շ–ից ռազմաճակատ մեկնեց 1767 մարդ, որոնցից 888 զոհվել են։ Շրջանի աշխատավորները մասնակցեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմանը։

Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին, Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, իբրև Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Գավառների վերացումից հետո, 1930-ի սեպտեմբերի 30-ին, Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը դարձավ ինքնուրույն։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 49 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 896 կոմունիստներով, կազմակերպությունն ունեցել է 23 կոնֆերանս։ Կոմերիտական կազմակերպությունը ևս զգալիորեն աճել է և ունի 68 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 2390 կոմերիտականներով։

Ա. շ. հարուստ է մ. թ. ա. 111–11 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամրոցներով (Բանդիվան, Թափաքյոյ, Բալըխլի, Կուզիքենդ և այլ գյուղերում) և միջնադարյան եկեղեցիներով (Չախմախ, Թափաքյոյ, Կուզիքենդ գյուղերում)։

Շրջանի անունը նոր է. նախկինում կոչվում էր Աղբաբա։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի մեջ՝ հարակից շրջանների հետ միասին կազմելով նրա Կանգարք գավառը։ Բագրատունիների օրոք մտնում էր Անի–Շիրակի կենտրոնական թագավորության մեջ, իսկ հետագայում, սելջուկյան կարճատև տիրապետությունից հետո, գտնվում էր Զաքարյան իշխանների տիրապետության ներքո։ Ա. շ. Շիրակի բաղկացուցիչ մասն է և նրա հետ միասին ազատագրվել է թուրք–պարսկական լծից XIX դ. սկզբներին։

Տնտեսությունը։ Սովետական իշխանության տարիներին Ա. շ–ում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել դաշտավարության մեջ։ Անցյալում գրեթե չկային ոռոգվող հողեր, ներկայումս Ախուրյան գետի վրա կառուցված Գյուլլիբուլաղի ջրհան կայանի շնորհիվ 3141 հա ոռոգելի է։ Ախուրյանի աջափնյա ջրանցքի կառուցումով ոռոգվող հողատարածությունները կհաս–