Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/278

Այս էջը սրբագրված է

է ճանաչվում, երբ դատարանի նախագահը որոշում է գործը լսել դատական նիստում։ Ա. իրավունք ունի ստանալ մեղադրական եզրակացության պատճենը, մասնակցել գործի դատական քննությանը, ներկայացնել ապացույցներ, մասնակից լինել դրանց զննությանը, հարուցել միջնորդություններ, պաշտպան չցանկանալու դեպքում հանդես գալ պաշտպանական ճառով, բացարկ հայտնել, գանգատարկել պաշտոնատար անձանց գործողությունները, ասել վերջին խոսք, տալ վճռաբեկ գանգատ։ Տես նաև Դատապարտյալ։ Հ. Պիվազյան

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՎԵՐՋԻՆ խՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ, ամբաստանյալի պաշտպանության իրավունքի երաշխիք։ Դատական վիճաբանություններից հետո ամբաստանյալն իրավունք ունի արտահայտվել գործի բոլոր հանգամանքների և կայացվելիք դատավճռի էության վերաբերյալ։ Արգելվում է ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ, սահմանափակել խոսքի տևողությունը, բայց նախագահողն իրավասու է ընդհատել նրան, երբ նա շոշափում է գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ։ Եթե վերջին խոսքում ամբաստանյալը վկայակոչում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը պարտավոր է վերսկսել դատաքննությունը։


ԱՄԲԱՐԻԽՈՒՑԱ (ն. Փերջանկա), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին, շրջկենտրոնից 23 կմ հյուսիս։ 863 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսության հիմնական ճյուղերն են ծխախոտագործությունը, մերձարևադարձ, կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը, անասնապահությունը, շերամապահությունը։ Հացահատիկային կուլտուրաներից մշակում են եգիպտացորեն։ Ունի տարրակն և ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Բնակիչները եկել են Սամսունից, 1882-ին։


ԱՄԲԱՐՁԻԿ, փոխադրովի կամ շարժական մեխանիզմ՝ բեռները փոքր բարձրության վրա բարձրացնելու համար։ Ա–ները ըստ գործողության սկզբունքի լինում են՝ լծակա–ձողային, ատամնավոր փոխանցումով, ձողային, պտուտակային և հիդրավլիկ, ըստ հաղորդակի տիպի՝ ձեռքի, էլեկտրական և պնևմատիկ։ Կիրառվում է շինարարական, մոնտաժային և վերանորոգման աշխատանքներում, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում։


ԱՄԲԱՐՏԱԿ, ջուր ամբարելու կառույց։ Տես Հիդրոտեխնիկական կառույցներ հոդվածում։ Նման է հողային կամ քարալիցքային պատվարին։


ԱՄԲԵՐԴ, անհոսք լիճ Հայկական ՍՍՀ–ում, Արագածի մերձկատարային սարավանդի հարավ-արևմտյան մասում։ Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ։ Մակերեսը՝ 0,17 կմ², ջրի ծավալը՝ 11,7 հզ. մ³, խորությունը՝ 1,7 մ։ Սնումը ձնա–անձրևային է։ Զմռանը ամբողջությամբ սառչում է։ Ջուրը մաքուր է և անուշահամ։ Օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։ Դ. Պողոսյան


ԱՄԲԵՐԴ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Քասաղի աջ վտակը։ Երկարությունը՝ 36 կմ, ավազանը՝ 141 կմ²։ Սկիզբ է առնում Արագածի մերձկատարային սարավանդի (3200 մ) աղբյուրներից։ Վերին հոսանքում անցնում է նախկին սառցադաշտային տրոգով. Բյուրական գյուղի մոտ Արքաշեն վտակն ընդունելուց հետո հոսում է կանիոնով և Ֆրանգանոց գյուղի մոտ թափվում Քասաղ գետը։ Սնումը՝ ձնա–անձրևային և ստորերկրյա ջրերից։ Հորդացումը՝ գարնան վերջին և ամռան սկզբին։ Ամռանը ջրերն օգտագործվում են ոռոգման համար և Քասաղին չեն հասնում։


ԱՄԲԵՐԴ, Անբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է X դ. պատմական Արագածոտն գավառում, Բյուրական գյուղից 1 կմ հս., Արագած լեռան հվ. լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանի վրա։ Բարձրությունը 2300 մ է։ Ըստ Ն. Մ. Տոկարսկու, դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դ., Կամսարականների օրոք։ X դ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ XI դ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրեցին զորակայան։ 1196-ին Զաքարե ամիրսպասալարը հայ–վրացական միացյալ զորաբանակով Ա. ազատագրեց սելջուկներից։ Ամրոցը որպես սեփականություն անցավ նրան։ XIII դ. սկզբին Ա. դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ա.։ XIII դ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։ Ա. իր նշանակությունը կորցրեց թուրք–թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք, XIV դ. վերջերին։

Պահպանվել են Ա–ի դղյակի և բերդապարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ . ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIII դ. վերջին Վսւչուտյանները դղյակի հս–արմ. մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հս. կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հս–արմ., ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ XII – XIII դդ. հս. կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի

Նկարում` Ամբարձիկների տիպերը, ա. լծակավոր ձողային, բ. ատամնավոր փոխանցում ունեցող ձողային, գ. պտուտակային՝ սահուղու վրա, ե. շոգեքարշային, զ. հիդրավլիկ, թ, ժ. անընդհատ գործողության հիդրավլիկ։