Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/280

Այս էջը հաստատված է

մատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ՝ երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխն անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով՝ տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ա–ի ջուրը բերվել է կավե խողովակներով, 4–5 կմ հեռավորությունից։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հվ–արմ. կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի)՝ պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Ա.պեղվել է 1936-ին, ՀՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի ու Լենինգրադի պետ. Էրմիտաժի միացյալ ուժերով, ակադ. Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ 1963-ից Ա–ում աշխատանքներ է կատարում ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ ևն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտ., ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1 -2, Ե., 1942–48։ Հարությունյան Ս. Վ., Անբերդի պաշտպանական սիստեմը, «ՊԲՏ», 1967, №1։ Токарский Н. М., Архитектура Армении, IV–XIV вв., Е., 1961; Amberd, Milano, 1972 (Documenti di architettura Armena). Կ. Ղաֆադարյան

ԱՄԲԵՐԴԻ ՋՐԱՆՑՔ, կառուցվել է Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում 1944–1945-ին։ Սկիզբ է առնում Արագածի հվ. լանջերից, Քասաղի վտակ Ամբերդ գետից։ Մայր ջրանցքի երկար. 9 կմ է։ Փոխարինել է Ամբերդ գետից սնվող, զառիթափ սարալանջերով իրար զուգահեռ անցնող 12 հնակառույց ջրանցքներին։ Ա. ջ. երեսապատված է բետոնով։ Ունի 5 մ³/վրկթողունակություն։ Ապահովում է 5 հզ. հա հողերի կայուն ոռոգումը։


ԱՄԲԻՈՆ (հուն. άμβων – բարձունք), 1. Հին Հունաստանում և Հռոմում՝ հատուկ տեղ, որտեղից փիլիսոփաները և հռետորները ճառ էին արտասանում։ 2. Քրիստոնեական եկեղեցիներում՝ բարձր հարթակ (գրակալով)՝ քարոզներ կարդալու համար։ 3. Փայտե բարձր հարմարանք դահլիճում կամ լսարանում, որտեղից կարդացվում են դասախոսություններ, զեկուցումներ ևն։ 4. ՍՍՀՄ բուհերում մեկ կամ մի քանի խիստ հարակից գիտական առարկաների պրոֆեսորա–դասախոսական կազմի ու գիտական աշխատակիցների միավորումը՝ Ա–ի վարիչի ղեկավարությամբ։


ԱՄԲՈԴԻԿ–ՄԱՔՍԻՄՈՎԻՉ Նեստոր Մաքսիմովիչ (1744–1812), ռուս գիտնական, մանկաբարձության, բուսաբանության և ֆիտոթերապիայի հիմնադիրներից Ռուսաստանում։ Կազմել է մանկաբարձության (1784–86) և բուսաբանության (հրտ. 1795) ռուսերեն առաջին ձեռնարկները։ Հայերեն թարգմանված են նրա «Բժշկական բուսաբանութիւն» և «Բնազննութիւն բնութենական հանգամանաց մարդոյ» աշխատությունները, որոնք ձեռագիր վիճակում պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և Մոսկվայի Լենինի անվ. գրադարանում։


ԱՄԲՈՂՋ ԹԻՎ, տես Թիվ։


ԱՄԲՈՂՋ ՖՈՒՆԿՑԻԱ, ֆունկցիա, որը միարժեք է և անալիտիկ (տես Անալիտիկ ֆունկցիա) կոմպլեքս փոփոխականի ամբողջ հարթության վրա։ Որպեսզի –ը լինի Ա. ֆ. անհրաժեշտ է և բավարար, որ մի որևէ կետում տեղի ունենա

պայմանը։ Ա. ֆ. կոչվում է տրանսցենդենտ, եթե կետը նրա համար էապես եզակի կետ է (օրինակ՝ ևն)։

Տրանսցենդենտ Ա. ֆ–ների դասակարգման հիմք է ծառայում

սահմանը, որը կոչվում է Ա. ֆ–ի կարգ և բնութագրում է ֆունկցիայի աճի արագությունը։


ԱՄԲՈՂՋԱԳԼՈՒԽՆԵՐ, քիմերայիններ (Holocephali), կրճիկային ձկների ենթադաս։ Մարմնի երկար, մինչև 1,5 մ։ Կմախքը կրճիկային է, գանգը՝ աուտոստիլիկ (քմաքառակուսային կրճիկը ձուլված է գանգատուփին)։ Թիկնալարը լավ զարգացած է։ Թեփուկներ չունի։ Ա. ծովային, հիմնականում խորջրյա ձկներ են։ Արդյունագործական նշանակություն չունեն։ Բնորոշ ներկայացուցիչը եվրոպական քիմերան է (Chimaera monstrosa)։


ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹ, տես Օղակ։


ԱՄԲՐԿԱ, Ամպրկա, գյուղ Փոքր Հայքում, Արաբկիր քաղաքից մոտ 3 կմ հվ–արլ., Եփրատի աջ ափին, գահավեժ բարձրավանդակի վրա։ XX դ. սկզբին ուներ 709 հայ և մոտ նույնքան էլ թուրք բն.։ Ա. եղել է մերձակա դաշտերի բերքի ամբար, որից էլ առաջացել է նրա անունը։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ուներ եկեղեցի (Ս. Նշան) և վարժարան։ 1915-ին Ա–ի հայերը տեղահանվել են, զգալի մասը զոհվել է։

Գրկ. Փոլատյան Ա. Լ., Պատմություն հայոց Արաբկիրի, Նյու Յորք, 1969, էջ 126 – 28։


ԱՄԵԹԻՍՏ (<հուն. άμέθυστος – չհարբեցնող), միներալ, քվարցի մանուշակագույն տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Բյուրեղները պրիզմայաձև են։ Հանդիպում է պեգմատիտներում, քվարցային երակներում ևն։ Ա–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ուրալ, Անդրկովկաս), Բրազիլիայում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Իջևանի, Կալինինոյի և Թումանյանի շրջաններում։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է ոսկերչության մեջ։


ԱՄԵՆԱԳՆԱՑ, բարձր անցունակության ավտոմոբիլ։ Նախատեսված է ճանապարհային դժվար պայմաններում կամ ճանապարհազուրկ վայրերում օգտագործելու, ինչպես նաև ջրային արգելքները հաղթահարելու համար։ Ա–ները լինում են անվավոր և կիսաթրթուրավոր։ Որոշ տեսակները լողունակ են։ Տես նաև Ավտոմոբիլ։


ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ, միջազգային պայմանագրերով սահմանված իրավական ռեժիմ, ըստ որի կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում միմյանց տրամադրել այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու առավելություններ, որոնցից օգտվում է կամ կօգտվի որևէ երրորդ պետություն։ Ա. ա. ս. կիրառվում է պետությունների առևտրական և տնտեսական հարաբերությունների բնագավառներում։ Հայտնի են Ա. ա. ս. անպայման կամ անհատույց և պայմանական կամ հատուցանելի (փոխհատուցման կամ համարժեքի) ձևերը։ Առաջին ձևը ենթադրում է կողմերի պարտավորությունը՝ անմիջապես, անպայման և անհատույց միմյանց տրամադրել այն բոլոր իրավունքները, արտոնություններն ու առավելությունները, որոնք տրվել են կամ կտրվեն երրորդ պետություններին։ Երկրորդ ձևը նախատեսում է, որ պայմանադիր մեկ կողմի՝ մի երրորդ պետությանը տրամադրած կամ տրամադրվելիք արտոնություններն ու առավելությունները տարածվելու են մյուս կողմի վրա անհատույց, եթե այդպիսիք երրորդ պետությանը տրամադրվել են անհատույց, և միևնույն կամ համարժեք պայմաններով, եթե արտոնություններն ու առավելությունները երրորդ պետությանը տրամադրվել են հատուցմամբ։ Ինչպես սոցիալիստական պետությունների, այնպես էլ նրանց ու կապիտալիստական պետությունների առևտրական հարաբերություններում, որպես կանոն, կիրառվում է Ա. ա. ս–ի անպայման կամ անհատույց ձևը։


ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ երկու կամ մի քանի ամբողջ թվերի, ամենամեծ ամբողջ թիվը, որի վրա բաժանվում է տված թվերից յուրաքանչյուրը։ Օրինակ, 32, 40 և 64 թվերի Ա. ը. բ. 8 է։ a և b թվերի d Ա. ը. բ. և նույն m ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կապված են միմյանց հետ dm = ab առնչությամբ։ Երկու թվերի Ա. ը. բ. գտնելու համար կիրառում են Էվկլիդեսի ալգորիթմը։ Երկու և ավելի բազմանդամների Ա. ը. բ. ամենաբարձր աստիճանի բազմանդամն է, որի վրա բաժանվում է տված բազմանդամներից յուրաքանչյուրը։


ԱՄԵՆԱՇԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից 13–14 կմ հյուսիս–արևմուտք։ XX դ. սկզբներին ուներ մոտ 160 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և ուսումնարան։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը փրկվելով կոտորածներից՝ բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։

ԱՄԵՆԱՓՈՔՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ երկու կամ մի քանի ամբողջ թվերի, ամենափոքր դրական թիվը, որը բաժանվում է այդ թվերից յուրաքանչյուրի վրա։ Օրինակ, 2, 5, 12 թվերի Ա. ը. բ. 60 է։ Երկու կամ մի քանի բազմանդամների Ա. ը. բ. ամենացածր աստիճանի այն բազմանդամն է, որը բաժան-