Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/282

Այս էջը սրբագրված է

պատերի լորձաթաղանթում և բազմանում։ Ախտանիշներն են՝ լուծ (օրվա ընթացքում 10 և ավելի անգամ), աղիքների ցավ, նքոց, լորձահեղուկային կղկղանք։ Չբուժվելու դեպքում հիվանդությունը վեր է ածվում քրոնիկականի և տևում տարիներ՝ առաջ բերելով բարդություններ (լյարդի, թոքերի, սեռական օրգանների ամեոբային թարախակալումներ, քրոնիկական բորբոքումներ)։ Բուժումը՝ դեղորայքային, դիետա, կլիմայաբուժում, թարախակալումների դեպքում՝ վիրահատական։ Վ. Խաչոյան

ԱՄԵՐԻԿԱ, աշխարհամաս Արևմտյան կիսագնդում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կազմված է Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքներից ու նրանց հարակից կղզիներից։ Տարած. 42,5 մլն. կմ² է, բնակչությունը՝ 479 մլն. մարդ (1967)։ Հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1492–1503-ին։ Կոչվել է Ամերիգո Վեսպուչիի անվամբ։ Մինչև եվրոպացիների մուտքը Ա. բնակեցված էր բազմաթիվ հնդկացի ցեղերով և ժողովուրդներով, հյուսիսում՝ էսկիմոսներով։ Եվրոպացիների տիրապետության հաստատման շրջանում բնիկների զգալի մասը ոչնչացվեց բռնությունների, գաղութարարների բերած հիվանդությունների, անմարդկային շահագործման հետևանքով։ Ա–ի ժամանակակից բնակչությունը կազմված է եվրոպացի վերաբնակիչների և որպես ստրուկներ այնտեղ տարված աֆրիկացիների հետնորդներից, նրանց խառն ամուսնությունից ծնված սերունդներից, բնիկ հնդկացի բնակչության մնացորդներից։ Ա–ի մասին տես նաև առանձին պետությունների վերաբերյալ հոդվածներում։


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ստեղծվել է 1943-ի վերջերին, Նյու Յորքում՝ հակաֆաշիստական պայքար կազմակերպելու, ՍՍՀՄ–ին և Սովետական Հայաստանին զորավիգ կանգնելու մպատակով։ Ա. ա. խ. ամերիկահայ առաջադիմական շրջանները միավորող համագաղութային աոաջին կազմակերպությունն էր, որի մեջ մտան Ամերիկահայ առաջադիմական միությունը, հնչակյանները, ռամկավարները (մինչև 1950) և հայրենակցական միությունները։ Ա. ա. խ–ի նախաձեռնությամբ 1947-ին Նյու Յորքում հրավիրվեց Հայկական կոնգրես։ (Տես Հայկական համաշխարհային կոնգրես


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հայ մշակութային կազմակերպություն ԱՄՆ–ում։ Հիմնադրվել Է 1938-ին ՀՕԿ–ի, Պետական հայ Կարմիր խաչի և Ամերիկայի հայ աշխատավորական միության համատեղ ժողովի որոշմամբ։ Ա. ա. մ. մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի հայաշատ վայրերում։ Ամեն տարի տեղի է ունենում միության համագումար, որն ընտրում է կենտրոնական վարչություն։ Միության ծրագրում խնդիր է դրված, զարգացնել քաղաքացիական կապերն ամերիկյան ժողովրդի հետ, հանրությանը ծանոթացնել Սովետական Հայաստանի իրագործումներին, ամրապնդել մշակութային կապերը մայր հայրենիքի հետ, աշխատել հանուն խաղաղության ու դեմոկրատիայի։


«ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ ՏԱՐԵԳԻՐՔ», հանրագիտական հրատարակություն։ Լույս է տեսել 1925–26-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Կազմել է Հ. Խաշմանյանը։ «Ա. հ. տ.» հայ հասարակական կյանքի, մասնավորապես՝ ամերիկահայ գաղութի կարևոր իրադարձություններին, դեպքերին ու դեմքերին նվիրված հոդվածների հետ միասին զգալի տեղ է հատկացրել հայտարարություններին ու ռեկլամներին, աշխատել է ԱՄՆ գաղթած հայերին ծանոթացնել երկրի վարք ու բարքին։ «Խորհրդային Հայաստանը 1925-ին» ընդարձակ հոդվածում (2-րդ գիրք) պատկերված են հայ ժողովրդի ազգային ու սոցիալական վերածնության առաջին նվաճումները։ «Ա. հ. տ.» տվյալներ է պարունակում առանձին ամերիկահայ հայրենակցական ընկերությունների ու միությունների գործունեության մասին։ Հոդվածներ են նվիրված նկարիչներ Հ. Փուշմանին և Հ. Ալխազյանին, քանդակագործ Հ. Գյուրջյանին, ռումինական ականավոր փիլիսոփա, ծագումով հայ Վասիլ Գոնտային և մշակույթի ուրիշ նշանավոր գործիչների։


ԱՄԵՐԻԿԱ–ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1846–48, ԱՄՆ–ի զավթողական պատերազմը Մեքսիկայի դեմ։ 1835-ին Տեքսասում (Մեքսիկա) բնակվող ամերիկյան պլանտատորները, ԱՄՆ–ի աջակցությամբ, խռովություն բարձրացրին և 1836-ին Տեքսասը հռչակեցին «անկախ պետություն»։ 1845-ին այն միացվեց ԱՄՆ–ին, թեև մեքսիկական կառավարությունը մինչ այդ նախազգուշացրել էր, որ դա կդիտի որպես պատերազմ Մեքսիկայի դեմ։ ԱՄՆ 1846-ի մայիսի 13-ին պատերազմ հայտարարեց Մեքսիկային։ Ամերիկյան զորքերը գրավեցին Կալիֆոռնիան, Վերակրուսը, մայրաքաղաք Մեխիկոն։ 1848-ի փետրվարի 2-ին Գուադալուպե–Հիդալգոյում կնքվեց հաշտության պայմանագիր։ Մեքսիկան կորցրեց իր տերիտորիայի կեսից ավելին (Տեքսասը, Նոր Մեքսիկան, Վերին Կալիֆոռնիան և Արիզոնայի մի մասը)։


«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ» («The voice of America»), ԱՄՆ–ի կառավարության ռադիոհաղորդումները արտասահմանի համար (1942-ից)։ Մտնում է ԱՄՆ–ի ինֆորմացիոն գործակալության մեջ։ 1970-ին հաղորդումներ է տվել 38 լեզուներով, շաբաթական մոտ 850 ժամ՝ 109 հաղորդիչների միջոցով, որոնցից 68 գտնվում է արտասահմանում։ Ամենահզոր վերահաղորդիչ կայանները տեղադրված են Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում, Հունաստանում, Մարոկկոյում, Լիբերիայում, Տաիլանդում, Հարավային Վիետնամում, Ֆիլիպիններում, Ցեյլոնում, Օկինավա կղզում (Ճապոնիա)։ Հաղորդումները կազմված են լուրերից, միջազգային կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից, երաժշտական և գրական ծրագրերից։ «Ա. ձ.» իր աշխատանքների մեջ հաճախ ներգրավում է վտարանդիների և հայրենիքը լքած անձանց այն երկրներից, որոնց համար տրվում են հաղորդումները։ «Ա. ձ.»–ի ռադիոհաղորդումները ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ ուղղված ամերիկյան իմպերիալիստական պրոպագանդի բաղկացուցիչ մասն են։


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (United States of America), ԱՄՆ (USA)։

Բովանդակություն
I. Ընդհանուր տեղեկություններ
II. Պետական կարգը
III. Բնությունը
IV. Բնակչությունը
V. Պատմական ակնարկ
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները
VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
VIII. Զինված ուժերը
IX. Առողջապահությունը
X. Լուսավորությունը
XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները
XII. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը
XIII. Գրականությունը
XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը
XV. Երաժշտությունը
XVI. Թատրոնը
XVII. Կինոն
XVIII. Հայերը ԱՄՆ-ում

I. Ընդհանուր տեղեկություններ

ԱՄՆ–ը պետություն է Հյուսիսային Ամերիկայում։ Տարած. 9.363.400 կմ²։ Բն. 210.194.312 մարդ (1 հունվ. 1973)։ Սահմանակից է Կանադային և Մեքսիկային, ՍՍՀՄ–ից բաժանված է Բերինգի նեղուցով։ Ունի 50 նահանգ և մեկ ֆեդերալ օկրուգ։ Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն։ ԱՄՆ–ը գաղութային տերություն Է։ Նրան են պատկանում Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները Վեստ Ինդիայում, Սամոան ա Գուամը՝ Խաղաղ օվկիանոսում։ 1903-ից «վարձակալում է» Պանամայի ջրանցքի գոտին՝ Պանամայում։ 1947-ին ՄԱԿ–ը ժամանակավորապես ԱՍՆ–ին է հանձնել Կարոլինյան, Մարիանյան և Մարշալյան կղզիների խնամակալությունը։

II. Պետական կարգը

ԱՄՆ ֆեդերատիվ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1787-ին (ուժի մեջ է մտել 1789-ին)։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է, որը (փոխ–պրեզիդենտի հետ միասին) ընտրվում է 4 տարով, անուղղակի (երկաստիճան) ընտրությունների միջոցով։ Պրեզիդենտի և փոխ–պրեզիդենտի թեկնածություններն առաջադրվում են կուսակցական համագումարներում։ Այնուհետև յուրաքանչյուր նահանգ ընտրում է այնքան ընտրող, որքան ներկայացուցիչ ունի կոնգրեսում։ Տվյալ նահանգում քվեների մեծամասնությունը շահած կուսակցությունը իրավունք է ստանում