կոնգրեսի երկու պալատներում, այնպես էլ Սպիտակ տանը անբաժան կերպով իշխում են մոնոպոլիստական կապիտալի տարբեր խմբավորումների շահերը ներկայացնող հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները։
III. Բնությունը
ԱՄՆ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հարավային կեսի բարեխառն ու մերձարևադարձային և հեռավոր հյուսիս–արևմուտքի արկտիկական, մերձարկտիկական գոտիներում։ Նրա քիչ կտրտված ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների, Բերինգի ծովի ու Մեքսիկական ծոցի ջրերը։ Արևմտյան ափերի երկարությամբ անցնում է Կալիֆոռնիական սառ հոսանքը, հվ–արլ. ափերով (մինչև հս. լ. 35°) գոլֆստրիմ տաք հոսանքը, հս–արլ. (մինչև հս. լայնություն 38°)՝ լաբրադորյան սառ հոսանքը։ Սառչում են (ոչ ամեն տարի) միայն հյուսիս–արևելյան ծոցերը։ Ատլանտյան և մեքսիկական ափերը ցածրադիր են՝ շրջապատված մայրցամաքային ծանծաղուտի լայն շերտով։ Ատլանտյան ափի հս–արլ–ում շատ են մանր ծոցերը (Մասսաչուսեթս ևն) ու մերձափնյա կղզիները (Լոնգ Այլենդ, Մարթաս Վինյարդ, Նանթաքիթ ևն)։ Գետաբերանները ձագարաձև են (Հուդսոն)։ Հս. լայնության 40°–35° միջև առափնյա մասերն ունեն ծովալճակային բնույթ, խոշոր ծոցերը (Դելավեր, Չեսապիկի ևն) մատչելի են օվկիանոսային նավերի համար։ Հս. լայնության 35°–ից հվ. Խաղաղօվկիանոսյան ափերը լեռնոտ են, ուղղագիծ, կղզիներից զուրկ։ Մայրցամաքային ծանծաղուտի շերտը նեղ է։
Ռելիեֆը բազմազան է։ Տարածքի արլ. մասի և ներքին շրջանների ռելիեֆի մոտ կեսը հարթավայրային է, արմ. մասինը և Ալյասկայինը՝ լեռնային։ Արլ–ում Ապալաչյան լեռներն են (մինչև 2036 մ), իսկ նրանցից արմ. Լավրենտյան սարահարթը և Ներքին հարթավայրը։ Լավրենտյան սարահարթն ունի 300–400 մ բարձրությամբ ալիքավոր մակերևույթ և չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի հետքեր։ Ներքին մասերը ընդգրկում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերն ու Մերձմեքսիկական դաշտավայրը։ Կենտրոնական հարթավայրերը 200–500 մ բարձրությամբ սառցադաշտային կուտակումներով բլրապատ հարթություններ են, հարավում կտրտված ձորակներով և հովիտներով։ Մեծ հարթավայրերը գտնվում են արմ. երկայնության 98°–ից արմ., Կորդիլիերաների նախալեռնային սարահարթում, 500–1600 մ բարձրության վրա։ Մակերևույթն այնքան խիստ է կտրտված գետահովիտներով ու ձորակներով, որ առանձին շրջաններ պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Մերձմեքսիկական տափարակ դաշտավայրն ունի մինչև 150 մ բարձրություն, ափամերձ մասերում ճահճակալված է, եզրավորված մակընթացությունների եզրաբազկի գոտիով։ Մերձմեքսիկական դաշտավայրի և Կենտրոնական հարթավայրերի սահմանագլխին բարձրանում են Օզարկի սարավանդը (մինչև 600 մ) և Օուչիթա բլրաշարքը (մինչև 800 մ)։ Ապալաչյան լեռների և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածված է Մերձատլանտյան նեղ ու տափարակ դաշտավայրը։
Երկրաբանական կառուցվածքի տեսակետից երկրի ներքին և հս. շրջանները (ամբողջ տերիտորիայի կեսից ավելին) կազմված են Հյուսիս–Ամերիկյան պլատֆորմից, արլ. և հվ–արլ. շրջանները՝ պալեոզոյան ապարներից, Մեքսիկական ծոցի ափերը (տեկտոնական ընկղմման մարզ) վերին պալեոզոյ–չորրորդական հասակի և նստվածքային հզոր շերտերից, արևմտյան շրջանները՝ կորդիլիերյան գեոսինկլինալի տարբեր հասակի խիստ դիսլոկացված ապարներից։ Երկիրը հարուստ է երկաթի, քարածխի, նավթի, բնական գազի, գունավոր մետաղների ու բազմամետաղների, ոսկու, ուրանի, ծծմբի, ֆոսֆորիտների, կալիումական աղերի ևն հանքերով։
Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն օվկիանոսները։ Ալյասկայում կլիման արկտիկական և մերձարկտիկական է, հս. լայնության 40°–ից հյուսիս՝ բարեխառն, հարավ՝ մերձարևադարձային, Ֆլորիդայի հարավում՝ արևադարձային։ Ձմռանը Ալյասկայի մեծ մասի վրա տարածվում է արկտիկական օդը և առաջացնում պարզ ու սառնամանիքային եղանակ, Ալյասկայի հվ. ափերին և արմ. հիմնական տերիտորիաներում խաղաղօվկիանոսյան օդը առաջացնում է տաք և հաճախակի տեղումներով եղանակ։ Պարբերաբար թափանցող արկտիկական սառ և Մեքսիկական ծոցի տաք օդային հոսանքները կենտր. և արլ. շրջաններում եղանակը դարձնում են անկայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 18°C–ից (Կենտրոնական հարթավայրերի հս–ում) մինչև 12°C (երկրի հվ–ում), Ֆլորիդայի հվ. մասում՝ 20°C։ Առավել ցածր ջերմաստիճաններ լինում են Մոնթանա նահանգի արլ–ում (–50°C) և Յուկոնի սարահարթում (-64°C)։ Ամռանը Ալյասկայի վրա գերիշխում է խաղաղօկիանոսյան օդը՝ ափերին առաջացնելով զով ու մառախլապատ, կենտրոնական մասում՝ պարզ ու չոր եղանակ։ ԱՄՆ–ի արևմտյան մերձափնյա մասում, հատկապես հվ–արմ–ում, եղանակը զով է ու չորային։ Տեղումները համեմատաբար շատ են լեռների ծովահայաց լանջերին։ Կենտր. և արլ. շրջանները գտնվում են Մեքսիկական ծոցի տաք ու խոնավ օդի, Կորդիլիերաների ներքին սարավանդները՝ ցամաքային օդի ազդեցության տակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է արմ.–արլ. 14°C–ից մինչև 26°C։ Մեծ հարթավայրերի և ներքին սարավանդների հարավում միջին ջերմաստիճանը 32°C է, Մեռյալ հովտում՝ 56,7°C։ Տարեկան տեղումներն արլ. և հս–արմ. ծովափնյա շերտում 1000–2000 մմ է, Կենտրոնական հարթավայրերում՝ 600–900 մմ, Մեծ հարթավայրում՝ 400–600 մմ, ներքին սարահարթերում ու սարավանդներում՝ 400 մմ և պակաս, Մոխավե անապատում՝ 100 մմ–ից պակաս։
Ներքին ջրերը։ Տերիտորիայի կեսից ավելին ցամաքուրդվում է Ատլանտյան օվկիանոսը թափվող գետերով։ Ապալաչներից Ատլանտյան օվկիանոս հոսող գետերը կարճ են, բայց ջրառատ, ունեն մեծ անկում, կայուն ռեժիմ և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Գետերից նշանավոր են Միսսիսիպին (Միսսուրի և Օհայո վտակներով), Կոլումբիան, Կոլորադոն, Յուկոնը։ Թեննեսի գետի վրա (Օհայոյի վտակ) կառուցված է ՀԷԿ–երի մեծ կասկադ։ Հայտնի է Մեծ լճերի համակարգը, որը ջրանցքներով կապված է Ատլանտյան օվկիանոսի և երկրի ներքին ջրային ուղիների հետ։
Հողաբուսական զոնաները հիմնականում բաշխված են միջօրեականի ուղղությամբ և միայն արմ–ում ունեն լայնական տարածում։ Հս–արլ–ում գերիշխում են գորշանտառային, Կորդիլիերաներում՝ լեռնային գորշանտառային հողերը, Կենտրոնական հարթավայրերում՝ պրերիաների սևահողանման հողերը և