սևահողերը, Մեծ հարթավայրերում՝ շագանակագույն և դարչնագույն հողերը, Կորդիլիերաների սարահարթերում (բացի Ալյասկայից)՝ գորշ անապատատափաստանային և մոխրահողերը, հվ–արլ–ում՝ դեղնահողերն ու կարմրահողերը, Ալյասկայում՝ տունդրային գլեյաճահճային և լեռնատունդրային հողերը։
Կորդիլիերաներում հիմնականում փշատերև անտառներ են, Ալյասկայում՝ տունդրա ու անտառներ, ԱՄՆ–ի հս–արլ–ում՝ փշատերև ու խառն անտառներ, որոնք դեպի հվ. փոխվում են լայնատերև և մերձարևադարձային խառն անտառների։ Ապալաչների շրջանում տարածված են լայնատերև անտառները, ներքին սարավանդներում՝ կիսաանապատային բուսատեսակները։
Կենդանական աշխարհի վրա խիստ ազդել է մարդու գործունեությունը. տափաստանների և անապատների կենդանիների շատ տեսակներ ոչնչացվել են։ Հանդիպում են՝ եղանաեղջյուրներ, անտիլոպներ, կոյար, պրերիաների աղվեսներ, ամերիկյան փորսուղ, մարգագետնային շուն, շառաչող օձ, թունավոր մողես ևն։ Անտառային զոնային բնորոշ են՝ կանադական եղջերուն, որմզդեղը, գորշ արջը, կզաքիսը, լուսանը, կարմիր սկյուռը, վիրջինյան եղջերուն, մոխրագույն աղվեսը, վայրի հնդուհավը, կարոլինյան թութակը։ Կորդիլիերյան անտառներում պահպանվել են ձնային այծը, աստեղջյուր ոչխարը, մոխրագույն հսկա արջը, լեռնային ոչխարը ևն։
Պատկերազարդումը տես աղ. X, 304–305 էջերի միջև՝ ներդիրում։
IV. Բնակչությունը
ԱՄՆ բնակչության թվով աշխարհում գրավում է չորրորդ տեղը՝ ՉԺՀ–ից, Հնդկաստանից, ՍՍՀՄ–ից հետո։ Բնակչության ձևավորման մեջ կարևոր դեր է խաղացել ներգաղթը։ Ամերիկյան ազգը ձևավորվել է XVII դ. 1-ին կեսից՝ Եվրոպայից գաղթած վերաբնակիչների ձուլումից։ Մինչև XIX դ. 60-ական թթ. ներգաղթածների մեծ մասը անգլիացիներ էին, շոտլանդացիներ և իռլանդացիներ։ Այդ պատճառով էլ անգլերենը դարձավ ամերիկյան ազգի լեզուն։ XIX դ. 2-րդ կեսից վերաբնակիչների հիմնական գանգվածը եկել է Իռլանդիայից, Գերմանիայից և սկանդինավյան երկրներից, 80-ական թթ.՝ Իտալիայից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից, ավելի ուշ՝ Եվրոպայի արլ. և հվ–արլ. ագրարային երկրներից։ Ասիական երկրներից ներգաղթածները բնակություն են հաստատել գլխավորապես խաղաղօվկիանոսյան նահանգներում։ 1820–1960-ին ԱՄՆ է ներգաղթել 41,8 մլն. մարդ։ XX դ. 20-ական թթ. ԱՄՆ–ի կառավարության հրատարակած հականերգաղթային օրենքները կրճատեցին չքավոր վերաբնակիչների ներհոսը։ Ժամանակակից բնակչության մոտ 93,1% ԱՄՆ–ում ծնվածներ են։ Եվրոպայից և Ասիայից ուշ շրջանում ներգաղթածների մի մասը (գերմանացիներ, իտալացիներ, իռլանդացիներ, լեհեր, ռուսներ, ճապոնացիներ, հայեր ևն) պահպանել են իրենց ազգային լեզուն ու սովորույթները։ ԱՄՆ–ում ապրող ազգային փոքրամասնությունները (հնդկացիներ, նեգրեր, մեքսիկացիներ, պուերտոռիկացիներ, ճապոնացիներ, չինացիներ, ֆիլիպինցիներ) ենթարկվում են ռասայական խտրականության. նրանց տրվում են ծանր ու ցածր վարձատրությամբ աշխատանքներ, սահմանափակված են նրանց քաղաքացիական իրավունքները, անհամեմատ ավելի բարձր տոկոս է կազմում նրանց գործազրկությունը, անգրագիտությունը։ Երկրի բնիկները՝ հնդկացիները, մեծ մասամբ ոչնչացվել են եվրոպական գաղութարարների կողմից։ 1970-ին ԱՄՆ–ում ապրում էր շուրջ 668,7 հզ. հնդկացի, որից 468,7 հզ. ռեզերվացիաներում։ Հատկապես ծանր է նեգրական բնակչության վիճակը։ Աֆրիկայից նեգրերը որպես ստրուկներ առաջին անգամ ԱՄՆ բերվեցին XVII դ. սկզբին։ Հետագայում ստրկավաճառները նեգրերին Աֆրիկայից փոխադրում էին ստրկատիրական հարավի պլանտացիաները։ Նեգրերի թիվը ԱՄՆ–ում 22,3 մլն. է (1969), որը կազմում է բնակչության ընդհանուր թվի շուրջ 11%։ Նեգրերը խոսում են անգլերեն։ Ստրկության վերացումից հետո (1862) սահմանադրությունը նրանց ճանաչեց լիիրավ քաղաքացիներ, սակայն դա նեգրերին ազատություն և հավասարություն չբերեց։ Ստրկության վերացման օրենքով նեգրերին հող չհատկացվեց, և նրանք ստիպված եղան հող վարձակալել իրենց նախկին տերերից՝ բնավարձային ստրկացուցիչ պայմաններով։ Նեգրերը հիմնականում բնակվում են Հարավի նահանգներում և Հյուսիսի քաղաքների նեգրական գետոներում (առանձնաթաղերում)։ Աշխատանքի, վարձատրության, կրթության, կենցաղային պայմանների, քաղաքացիական իրավունքների հարցերում իրենց վիճակով նեգրերից գրեթե չեն տարբերվում մեքսիկացիները (մոտ 5,6 մլն., 1970) և պուերտոռիկացիները (1,5 մլն., 1969)։
ԱՄՆ–ի բնակչությունը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Միջին խտությունը 1 կմ² վրա 21 մարդ է (1969)։ Խիտ են բնակեցված հին արդ. նահանգները. Նյու Ջերսի՝ 329 մարդ, Ռոդ Այլենդ՝ 281, Նյու Յորք՝ 140, Քոնեքթիքութ՝ 214։ Հյուսիսի ագրարային նահանգներում խտությունը 4–5 մարդ է, հարավում մոտ է երկրի միջինին։ Նոսր են բնակեցված Տեքսաս, Օկլահոմա նահանգները և հատկապես արևմուտքը (1 կմ² վրա 10 մարդ)։ Բնակչությունը համեմատաբար խիտ է Կալիֆոռնիայում և Կոլումբիա գետի հովտում; ԱՄՆ–ի ամենից նոսր բնակեցված նահանգը Ալյասկան է (6 կմ² վրա՝ 1 մարդ)։
Հյուսիսում ապրում է ԱՄՆ–ի բնակչության կեսը։ 1950–60-ին Արևմուտքի բնակչությունը աճել է 38,8%-ով (առանց Ալյասկայի և Հավայան կղզիների), Հարավինը՝ 16,5%-ով, Հյուսիսինը՝ 15%-ով։ Քաղաքային բնակչությունը կազմում է 70% : ԱՄՆ–ում քաղաքների թվին են դասվում 2,5 հզ. ոչ պակաս բնակչություն ունեցող մոտ 2000 բնակավայր։ Կա 130 խոշոր քաղաք (100 հզ. ավելի բնակչությամբ)։ Քաղաքային բնակչության 1/4 կենտրոնացած է «միլիոնանոց» քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում և Դետրոյտում։ Գյուղատնտեսության մեջ զբաղված բնակչության 2/3 վարձու բանվորներ և փոքր ֆերմերներ են։ Ամերիկյան վիճակագրության տվյալներով աշխատուժը (բացառյալ զինվորականները) 1970-ի 2-րդ եռամսյակին կազմել է 82584 հզ. մարդ։ 1971-ի նոյեմբերին երկրում կար 4815 հզ. լրիվ գործազուրկ։ Ինքնագործ բնակչության ավելի քան 80% վարձու աշխատողներ են (կեսից ավելին՝ բանվորներ)։ Նյութական արտադրության ոլորտին բաժին է ընկնում զբաղվածների 50%: Շահագործող դասակարգերը՝ միլիարդատերերը (75 ընտանիք), միլիոնատերերը (175 ընտանիք), խոշոր ու միջին բուրժուազիան և վարձու աշխատանք օգտագործող ֆերմերները, կազմում են բնակչության մոտ 14%:
Պետական լեզուն անգլերենն է։ Խոշորագույն քաղաքներն են Նյու Յորքը, Չիկագոն, Լոս Անջելեսը, Պիտսբուրգը, Սան Ֆրանցիսկոն, Ֆիլադելֆիան, Բոստոնը, Դետրոյտը, Հյուսթոնը, Բալթիմորը ևն։
Քարտեզը տես 288 էջից հետո՝ ներդիրում։
V. Պատմական ակնարկ
Մինչև եվրոպացիների կողմից գաղութացվելը ԱՄՆ–ի ներկա տարածքի հիմնական բնակչությունը հնդկացիներն ու էսկիմոսներն էին, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով։ Այդ ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպացիների հետ նրանց հանդիպելը (XVI դ.) զարգացել է ինքնուրույն, մյուս մայրցամաքների ժողովուրդներից գրեթե անկախ։ XVI դ. ԱՄՆ–ի տարածքում բնակվում էր մոտ 1 մլն. հնդկացի։ Գաղութացման ընթացքում հնդկացիները մասամբ ոչնչացվում էին, մասամբ էլ քշվում դեպի Արևմուտք։ Մինչև XVIII դ. 60-ական թթ. Անգլիան զավթեց գրեթե ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ XVII դ. սկզբին հիմնվեցին առաջին անգլ. գաղութները։ Դրանք հս–ից սահմանակից էին Ֆրանսիական Կանադա տիրույթին, որը XVIII դ. 60-ական թթ. անցավ Անգլիային, իսկ հվ–ից՝ Իսպանական Ֆլորիդային։ Ներկայիս ԱՄՆ–ի տարածքում անգլիացիներն առաջին բնակատեղին (Վիրջինիայում) հիմնել են 1607-ին։ Հետագայում հիմնվել են Մերիլենդը,