Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/286

Այս էջը հաստատված է

Հյուսիսային և Հարավային Քարոլինաները, Ջորջիան։ Այստեղ առաջ եկավ խոշոր պլանտացիոն տնտեսություն՝ ծխախոտի, բրնձի և ինդիգոյի մշակությամբ։ 1619-ին Աֆրիկայից Վիրջինիա բերվեց նեգր ստրուկների առաջին խումբը։ Նեգրերի ստրկությունը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց 1656-ին, իսկ Անգլիայում 1661-ին ընդունված օրենքը նախատեսում էր ստրուկների կանոնավոր մատակարարում հյուսիսամերիկյան գաղութներին։ XVII դ. 2-րդ կեսից հվ. գաղութների պլանտատորները սկսեցին լայնորեն կիրառել նեգր ստրուկների աշխատանքը։ 1620-ին հիմք դրվեց Նոր Անգլիայի գաղութներին։ Անկախության պատերազմի նախօրյակին այստեղ արդեն կար 4 գաղութ՝ Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Հեմփշիր և Քոնեքթիքութ։ Հյուսիսում գերակշռում էին միջին և մանր ֆերմերական տնտեսությունները։ Այստեղ ավելի արագ, քան մյուս գաղութներում, զարգացան արհեստներն ու արդյունաբերությունը։ Չորս այլ գաղութներ՝ Փենսիլվանիա, Նյու Յորք, Նյու Ջերսի և Դելավեր, հիմնվեցին Մերձատլանտյան շրջանների կենտրոնական մասում։ Անգլ. գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջընթացի ասպարեզում։ Սկսեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ ստեղծվում էր նոր մշակույթ և գաղափարախոսություն, տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության վերելք։ Դա նոր, հյուսիսամերիկյան բուրժուական ազգի ձևավորման պրոցեսն էր։ Շատ շուտով ամերիկյան բուրժուազիան դարձավ անգլիական բուրժուազիայի մրցակիցը՝ նավաշինության, առևտրի, իսկ ապա նաև մանուֆակտուրայի բնագավառում։ Այդ պատճառով Անգլիան ամեն կերպ արգելակում էր գաղութների տնտեսական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունը շոշափում էր գաղութների բոլոր դասակարգերի շահերը և նրանց մոտ առաջ բերեց մետրոպոլիայից անջատվելու ձգտում, որը XVIII դ. 60-ական թթ. վերաճեց զինված պայքարի՝ անկախության համար (տես Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775–1783)։ Վ. Ի. Լենինի բնորոշմամբ դա հեղափոխական ազատագրական պատերազմ էր անգլիացիների դեմ։ 1776-ի հուլիսի 4-ին ընդունված Անկախության դեկլարացիան (տես Անկախության դեկլարացիա 1776) հռչակում էր ԱՄՆ–ի ստեղծումը։ 1783-ի Վերսալյան հաշտության պայմանագրով Անգլիան ճանաչեց ԱՄՆ–ի անկախությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդի եռանդուն ջանքերով, սակայն իշխանության գլուխ անցան բուրժուազիան և պլանտատորները։ Հարավում պահպանվեց ստրկատիրությունը։ 1787-ին ընդունվեց ԱՄՆ–ի սահմանադրությունը (գործողության մեջ գրվեց 1789-ին)։ ԱՄՆ–ի առաջին պրեզիդենտ ընտրվեց Ջ. Վաշինգտոնը։ XIX դ. սկզբներից ԱՄՆ սկսեց ընդարձակել իր տերիտորիան։ 1803-ին Ջեֆերսոնի կառավարությունը Ֆրանսիայից գնեց Լուիզիանան, իսկ