1819-ին ԱՄՆ Իսպանիային ստիպեց զիջել Ֆլորիդան։ 1823-ին հռչակվեց «Մոնրոյի դոկտրինան» (տես Մոնրոյի դոկտրինա 1823)։ Մեքսիկայի դեմ 1846–1848-ին մղած զավթողական պատերազմի հետևանքով ԱՄՆ նվաճեց Մեքսիկայի տերիտորիայի գրեթե կեսը։ 1867-ին ԱՄՆ Ռուսաստանից գնեց Ալյասկան (7,2 մլն. դոլարով)։ XIX դ. 1-ին կեսին ԱՄՆ–ում մեծ թափ ստացավ նեգրերի ազատագրության համար շարժումը (տես Աբոլիցիոնիզմ)։ Տեղի ունեցան նեգր ստրուկների ապստամբություններ՝ 1800-ին Գաբրիելի, 1831-ին՝ Ն. Թյոռների և 1855–59-ին՝ Ջ. Բրաունի ղեկավարությամբ։ Կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև սրված հակասությունները հանգեցրին քաղաքացիական պատերազմի (տես Քաղաքացիական պատերազմը ԱՄՆ–ում 1861–65), որի համար առիթ ծառայեց ստրկության հակառակորդ Ա. Լինկոլնի ԱՄՆ–ի պրեզիդենտ ընտրվելը։ Քաղաքացիական պատերազմը, հատկապես երկրորդ փուլում, բուրժուա–դեմոկրատական հեղափոխության բնույթ ուներ։ Հյուսիսի հաղթանակով վերացվեց ստրկատիրությունը, հեռանկարներ բացվեցին կապիտալիզմի անարգել զարգացման համար։ Չնայած դրան, նեգրերի ազատագրման գործը մինչև վերջ չհասցվեց։
Ստրկության վերացումը բարենպաստ պայմաններ ստեղծեց բանվորական շարժման զարգացման համար։ 1867-ին ԱՄՆ–ում ծագեցին I Ինտերնացիոնալի բաժանմունքներ, 1869-ին ստեղծվեց Աշխատանքի ասպետների միաբանությունը, 1881-ին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան։ 1900–01-ին կազմավորվեց ԱՄՆ–ի սոցիալիստական կուսակցությունը։ Սակայն այդ կազմակերպություններում գերակշռող ազդեցություն ունեին օպորտունիստական տարրերը։ XIX դ. վերջին ամերիկյան կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ 1898-ի իսպանաամերիկյան պատերազմի ժամանակ ԱՍՆ գրավեց Ֆիլիպինները, Պուերտո Ռիկոն և Գուամը, Կուբան փաստորեն վերածվեց ԱՍՆ–ի գաղութի։ 1899-ին ԱՄՆ Չինաստանում հռչակեց «բաց դռների» քաղաքականություն։ 1903-ին ամերիկյան իմպերիալիստները հեղաշրջում կազմակերպեցին Պանամայում՝ այն անջատելով Կոլումբիայից։ Նույն թվականին ԱՄՆ իր իսկ ստեղծած Պանամայի Հանրապետությանը պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, հավերժ օգտագործման համար այդ երկրի տարածքում ձեռք բերեց 16,1 կմ լայնությամբ մի գոտի՝ ջրանցք կառուցելու նպատակով։ Նա միաժամանակ իրավունք ստացավ այդտեղ ամրություններ շինել, զորք պահել, իրականացնել իր իշխանությունը։ 1899–1902-ին և 1906–09-ին ԱՄՆ օկուպացրեց Կուբան, 1912–33-ին (ոչ մեծ ընդհատումներով)՝ Նիկարագուան, 1915–1934-ին Հայիթին, 1916–24-ին՝ Դոմինիկյան Հանրապետությունը։ 1914-ին և 1916–17-ին ԱՄՆ ինտերվենցիա կազմակերպեց Մեքսիկայի, 1917–22-ին՝ Կուբայի դեմ։ ԱՍՆ–ի ռազմատնտեսական պոտենցիալի աճի համար կարևոր խթան հանդիսացավ առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը։ Պատերազմի սկզբին նա հայտարարեց, որ չեզոքություն է պահպանելու, սակայն ամերիկյան մոնոպոլիաները ստանձնեցին պատերազմող երկրներին, գլխավորապես Անտանտի պետություններին սննդամթերք, ռազմամթերք և փոխառություններ տրամադրելու գործը։ Պատերազմի շնորհիվ 1913–1914-ի տնտեսական անկումը տեղի տվեց վերելքի, և ամերիկյան մոնոպոլիաները վիթխարի շահույթներ կորզեցին զենքի ու զինամթերքի վաճառքից։ Չեզոքության տարիները ԱՄՆ–ի կառավարությունը օգտագործեց պատերազմին նախապատրաստվելու համար։ Հետին պլան մղվեցին Միացյալ Նահանգների ա Անտանտի պետությունների տարաձայնությունները, և սուր բնույթ ստացան հակասությունները Գերմանիայի հետ։ Գերմանիան սպառնում էր հաղթանակի դեպքում հաստատել գրեթե անբաժան տիրապետություն համաշխարհային շուկայում։ Միաժամանակ Անտանտի պարտության դեպքում ԱՄՆ կկորցներ նրան տրամադրած զգալի վարկերն ու փոխառությունները։ Բացի այդ, չեզոքությունը ամերիկյան իմպերիալիզմին կզրկեր աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու իրավունքից։ 1917-ի ապրիլի 6-ին ԱՄՆ հրաժարվեց չեզոքությունից և պատերազմ հայտարարեց Գերմանիային, որի հետ հարաբերությունները հատկապես սրվել էին գերմանացիների մղած ստորջրյա պատերազմի հետևանքով։ Պատերազմից հետո, լինելով հաղթող պետությունների թվում, ԱՄՆ ամենագործունյա մասնակցություն ունեցավ հաշտության պայմանագրերի Վերսալ–վաշինգտոնյան սիստեմի ստեղծմանը, որը կոչված էր հաստատելու ուժերի նոր հավասարակշռություն կապիտալիստական աշխարհում։ 1918-ի հունվարին պրեզիդենտ Վ. Վիլսոնը հանդես եկավ այսպես կոչված «14 կետերով»՝ ետպատերազմյան կարգավորման ամերիկյան ծրագրով։ Իմպերիալիստական մյուս տերությունների հետ ԱՄՆ փորձեց Փարիզի հաշտության կոնֆերանսն օգտագործել Սովետական Ռուսաստանի դեմ ինտերվենցիան ընդլայնելու և բլոկադա կազմակերպելու նպատակով։ Վիլսոնը հասավ այն բանին, որ Վերսալի հաշտության պայմանագրի մեջ մտցվեց Ազգերի լիգայի Կանոնադրությունը։ Սակայն ամերիկյան կոնգրեսը չվավերացրեց այդ պայմանագիրը։ Չնայած դրան, Միացյալ Նահանգները շարունակեցին ամենաակտիվ միջամտությունը մյուս աշխարհամասերի գործերին՝ դրա համար օգտագործելով իրենց ֆինանսատնտեսական հզորությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով հարստացած ԱՄՆ պարտապանից վերածվեց պարտատիրոջ, որին Եվրոպայի երկրները պարտք էին ավելի քան 10 մլրդ. դոլար։ ԱՄՆ–ում էր կուտակվել ոսկու համաշխարհային պաշարի ավելի քան կեսը։ «Ամերիկյան միլիարդատերերը գրեթե բոլորից հարուստ էին և գտնվում էին ամենաապահով աշխարհագրական դիրքում։ Նրանք ամենից ավելի հարստացան։ Նրանք իրենց հարկատուներ դարձրին բոլոր, նույնիսկ ամենահարուստ երկրները։ Նրանք կողոպտեցին հարյուր միլիարդավոր դոլարներ։ Եվ ամեն մի դոլարի վրա երևում են կեղտի հետքեր՝ Անգլիայի և նրա «դաշնակիցների», Գերմանիայի և նրա վասալների միջև կնքված կեղտոտ գաղտնի պայմանագրերի, կողոպտված ավարը բաժանելու պայմանագրերի, բանվորներին ճնշելու և սոցիալիստ–ինտերնացիոնալիստներին հալածելու ասպարեզում միմյանց «օգնելու» պայմանագրերի» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 28, էջ 59-60)։
Ետպատերազմյան շրջանում բուռն վերելք ապրեց բանվորական շարժումը։ Այդ վերելքի պայմաններում 1919-ի սեպտեմբերին ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցությունը։
ԱՄՆ մասնակցեց Սովետական Ռուսաստանի դեմ կազմակերպված ռազմական ինտերվենցիային Հյուսիսում (1918–19) և Հեռավոր Արևելքում (1918–20)։ Միաժամանակ ամերիկյան բանվորները ստեղծեցին «Սովետական Ռուսաստանի բարեկամների լիգա» և «Ձեռքերդ հեռու Ռուսաստանից» կոմիտեներ, որոնց անխոնջ պայքարը, բողոքները և պահանջները ստիպեցին ԱՄՆ–ի կառավարությանը 1920-ին իր զորքերը ետ կանչել Ռուսաստանից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սրվեցին հակասությունները ԱՄՆ–ի և Անգլիայի, ԱՄՆ–ի և Ճապոնիայի միջև։ Գերմանիային ՍՍՀՄ–ի դեմ ուղղելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները օժանդակեցին Գերմանիայի ռազմա–արդյունաբերական կարողության վերածնմանը (տես Դաուեսի պլան և Յունգի պլան)։ Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ–ում արտահայտվեց բացառիկ ուժով։ Ճգնաժամի ավերիչ հետևանքների դեմ պայքարելու Հուվերի կառավարության փորձերն անցան ապարդյուն։ Նորընտիր պրեզիդենտը՝ Ֆ. Ռուզվելտը, մի շարք բարեփոխումներով (այսպես կոչված «նոր կուրս») փորձեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և պետական կապիտալիզմի ուժեղացման ճանապարհով ամրապնդել կապիտալիստական կարգերը։ Ռուզվելտի օրոք 1933-ի նոյեմբ. 16-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԱՄՆ–ի և ՍՍՀՄ–ի միջև։ Համաշխարհային երկրորդ պատերազմին նախորդած շրջանում ԱՄՆ վարում էր «չմիջամտելու» քաղաքականություն, որը նշանակում էր թողտվություն ֆաշիստական ագրեսորներին։ 1935-ի օգոստ. 8-ին կոնգրեսն ընդունեց «Չեզոքության մասին օրենքը», որը փաստորեն նպաստեց Իսպանիայի Հանրապետության դեմ գերմանա–իտալական ինտերվենցիային (1936–39)։ ԱՄՆ իր դիրքով նպաստեց նաև 1938-ի Մյունխենյան ամոթալի համաձայնությանը։ ԱՄՆ–ի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությունը հող նախապատրաստեց 2-րդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար։
Պատերազմի սկզբից ի վեր ձևականորեն մնալով չեզոք՝ ԱՄՆ պաշտպանում էր Անգլիային և Ֆրանսիային ընդդեմ Գերմանիայի։ 1939-ի նոյեմբերին կոնգրեսը վերանայեց չեզոքության մասին օրենքը, որը փաստացի նշանակում էր Անգլիա և Ֆրանսիա զենք արտահանելու