Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/288

Այս էջը հաստատված է

թույլտվություն։ 1941-ի մարտին ընդունվեց Լենդլիզի մասին օրենքը։ Միաժամանակ ԱՄՆ ձգտում էր օգտագործել Անգլիայի դժվարին կացությունը, նրա մի շարք տիրույթներում և ազդեցության ոլորտներում իր վերահսկողությունը հաստատելու նպատակով։ Այսպես, 1940-ին ստորագրված համաձայնությամբ (1941-ի մարտի 27-ին վերջնականապես ձևակերպվեց որպես պայմանագիր) 50 հին էսկադրային ականակիրների դիմաց ԱՄՆ Անգլիայից վարձակալական հիմունքներով Ատլանտյան օվկիանոսի մի շարք կարևոր ստրատեգիական կետերում 99 տարվա ժամկետով տերիտորիաներ ստացավ ռազմական բազաներ կառուցելու համար։

ՍՍՀՄ–ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակումից հետո՝ 1941-ի հունիսի 24-ին, Ֆ. Ռուզվելտի կառավարությունը հայտարարեց Սովետական Միությանը աջակցելու պատրաստակամության մասին։ Նույն թվականի օգոստ. 14-ին ստորագրվեց Ատլանտյան խարտիան՝ ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարությունների դեկլարացիան պատերազմի նպատակների մասին, իսկ սեպտ. 29-ից հոկտ. 1-ը Մոսկվայում տեղի ունեցավ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը, որտեղ որոշումներ ընդունվեցին ՍՍՀՄ–ին զենքի, սարքավորման ու պարենի մատակարարումն ընդլայնելու և ՍՍՀՄ կողմից ԱՄՆ–ին ու Անգլիային հումք տրամադրելու վերաբերյալ։ Ստեղծվեց հակահիտլերյան կոալիցիա ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի գլխավորությամբ։ Պատերազմի հենց սկզբից սրվեցին ամերիկա–գերմանական և ամերիկա–ճապոնական հարաբերությունները։ 1941-ի դեկտ. 7-ին Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ–ի և Անգլիայի Խաղաղօվկիանոսյան տիրույթների ու բազաների վրա։ ԱՄՆ–ի նավատորմը ծանր կորուստներ կրեց հատկապես Պիրլ Հարբորում (Հավայան կղզիներ): 1941-ի դեկտ. 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ–ին: 1942-ի հունիսին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի և Անգլիայի միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ 1942-ին Եվրոպայում երկրորդ ճակատ բացելու մասին։ Սակայն ԱՄՆ և Անգլիան ձգձգեցին երկրորդ ճակատի բացումը մինչև 1944-ը, երբ պարզ դարձավ, որ ՍՍՀՄ ի վիճակի է սեփական ուժերով ջախջախել հիտլերյան Գերմանիային և եվրոպական երկրներն ազատագրել ֆաշիստական լծից։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ մասնակցեց երեք մեծ տերությունների կառավարությունների ղեկավարների կոնֆերանսներին Թեհրանում (տես Թեհրանի կոնֆերանս 1943), Յալթայում (տես Ղրիմի կոնֆերանս 1945), իսկ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո՝ Պոտսդամում (տես Պոտսդամի կոնֆերանս 1945), որտեղ ընդունվեցին պատերազմի և ետպատերազմյան կարգավորման հարցերի հետ կապված համաձայնեցված որոշումներ։ 1945-ին ամերիկյան ինքնաթիռները առաջին ատոմային ռումբերը նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա (օգոստ. 6-ին) և Նագասակի (օգոստ. 9-ին) քաղաքների վրա։ Տասնյակ հազարավոր զոհեր պատճառած այդ ակտը թելադրված չէր ռազմական անհրաժեշտությամբ և հետապնդում էր քաղաքական նպատակներ։ Ճապոնիան կապիտուլյացիան ստորագրեց 1945-ի սեպտ. 2-ին, այն բանից հետո, երբ ՍՍՀՄ զինված ուժերը ջախջախեցին նրա հիմնական ցամաքային բանակը։

ԱՄՆ կապիտալիստական միակ երկիրն էր, որ պատերազմից դուրս եկավ տնտեսապես և ռազմականապես հզորացած։ 1939–45-ին ամերիկյան կապիտալիստների զուտ շահույթները կազմեցին մոտ 60 մլրդ. դոլար, 1931–38-ի 14 մլրդ. դոլարի դիմաց։ 1939–44-ին արդյունաբերության արտադրական հզորությունն ավելացավ 40%-ով, գործազուրկների թիվը կրճատվեց՝ հասնելով 700 հզ.։ Սակայն արտադրության աճն իր գագաթնակետին հասավ 1943-ին։ Այնուհետև սկսվեց անկումը, որն էլ ավելի ուժեղացավ պատերազմից հետո, երբ կրճատվեցին ռազմական պատվերները։ Դրությունը փրկելու նպատակով ամերիկյան մոնոպոլիաները ուժեղացրին արտահանությունը՝ օգտվելով շատ երկրներում, հատկապես Արևմտյան Եվրոպայում, պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական քայքայումից։ Սակայն արդեն 1948-ի վերջին սկսվեց նոր տնտեսական ճգնաժամը, որը փոքր–ինչ մեղմացավ Կորեայի պատերազմի (1950–53) հետ կապված սպառազինության մրցավազքի շնորհիվ։ Ֆ. Ռուզվելտի մահից հետո (1945-ի ապրիլի 12), պրեզիդենտի պաշտոնը ստանձնած Հ. Տրումենի կառավարությունը (1945–53) լայն հարձակում սկսեց բանվորական շարժման և առաջադիմական կազմակերպությունների դեմ, երկրում ակտիվացան հետադիմական կազմակերպությունները։ ԱՄՆ հրաժարվեց հակահիտլերյան կոալիցիայի ներսում համաձայնեցված կուրսից և, ելնելով «ուժի դիրքի» քաղաքականությունից, «սառը պատերազմ» սկսեց ՍՍՀՄ–ի և ժողովրդական դեմոկրատիայի երկրների դեմ, բռնեց Արևմտյան Գերմանիայի վերառազմականացման ուղին, ընդարձակեց ռազմական բազաների ցանցը։ 1947-ի մարտին ԱՄՆ–ի կառավարությունը հռչակեց «Տրումենի դոկտրինան», 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»։ 1949-ին ստորագրվեց Հյուսիս–Ատլանտյան պակտը, որի կազմակերպիչներից մեկը ԱՄՆ էր։ ԱՄՆ–ի կառավարող շրջանները ուժեղացրին զավթողամոլական քաղաքականությունը նաև Լատինական Ամերիկայում և Հարավ–Արևելյան Ասիայում։

1950-ի հունիսին զինված ընդհարում հրահրելով ԿԺԴՀ և Հարավային Կորեայի միջև՝ ԱՄՆ միջամուխ եղավ քաղաքացիական պատերազմին և զինված ինտերվենցիա ձեռնարկեց Կորեայում։ 1951-ի սեպտեմբերին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում ԱՄՆ և Անգլիան սեպարատ հաշտության պայմանագիր կնքեցին Ճապոնիայի հետ։ Նույն ժամանակ կնքվեց ամերիկա–ճապոնական «անվտանգության պայմանագիրը», որով ԱՄՆ իրավունք էր ստանում անսահմանափակ ժամանակով զինված ուժեր պահել Ճապոնիայում։

1952-ին ԱՄՆ–ի պրեզիդենտ ընտրվեց հանրապետական կուսակցության թեկնածու, գեներալ Դ. Էյզենհաուերը, որը նախընտրական շրջանում խաղաղասիրական շատ խոստումներ շռայլեց, հայտարարելով, որ որպես զինվորական ինքը գիտե, թե ինչ է նշանակում պատերազմ և երբեք թույլ չի տա, որ պատերազմի արհավիրքները նորից կրկնվեն։ Սակայն նրա օրոք միջազգային լարվածությունն էլ ավելի ուժեղացավ հատկապես կապված ՍՍՀՄ օդային տարածությունում «Ու–2» լրտեսական ինքնաթիռը խփելու և լրտես–օդաչու Պաուերսին գերելու հետ։ Էյզենհաուերի օրոք պետական քարտուղար Ջոն Ֆոստեր Դալլեսն առաջ քաշեց «պատերազմի եզրին հավասարակշռելու» քաղաքականությունը, որը Էյզենհաուերի հաջորդները լրացրին «կոմունիզմը զսպելու» և «ետ շպրտելու» լոզունգով։ Իրականում ԱՄՆ կարծեցյալ «կոմունիստական ագրեսիայի» վտանգի դեմ պայքարելու քողի տակ փաստորեն իրագործում էր միջազգային ժանդարմի դեր։

1950–60-ական թթ. ԱՄՆ–ի տնտեսությունը զարգանում էր անհավասարաչափ։ Արդ. աճը 1953–54-ին, 1957–58-ին, 1960–61-ին և 1969–71-ին ընդհատվեց արտադրության ճգնաժամային անկումներով։ 1954-ին ուժի մեջ մտավ կոմունիստական գործունեության վրա հսկողություն սահմանելու մասին՝ Հեմֆրի–Բեթլերի օրենքը։ Կոմունիստական շատ գործիչներ ձերբակալվեցին։ Համաշխարհային հասարակայնության կարծիքի ճնշման տակ