Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/291

Այս էջը հաստատված է

թերբեռնվածությունն ու գործազրկությունը։ Զարգանում է պետական մոնոպոլիստական կապիտալիզմը։ Տնտեսության ռազմականացման հետևանքով ավելանում են մոնոպոլիստների շահույթները, իսկ աշխատավորների վիճակը վատթարանում է։ 1969-ին ԱՄՆ–ում սկսվեց տնտ. ճգնաժամ։ Արդյունաբերական արտադրությունը 1970-ին՝ 1969-ի համեմատությամբ նվազեց 3%-ով, կապիտալ ներդրումները կրճատվեցին մետալուրգիայում՝ 7,5%-ով, ավիահրթիռային արդյունաբերության մեջ՝ 33,8%-ով, ավտոմոբիլաշինության մեջ՝ 4,3%-ով, շինանյութերի արտադրության մեջ՝ 18,2%-ով, նավթավերամշակման ասպարեզում՝ 1,8%-ով և բնակարանային շինարարության մեջ՝ 9,8%-ով։ 1969-ին ԱՄՆ–ի ուղղակի մասնավոր ներդրումները արտասահմանում կազմել են 70,76 մլրդ. դոլար։ ԱՄՆ կապիտալ արտահանող խոշորագույն երկիրն է։ Դրան մասնավորապես նպաստում է դոլարի առանձնաշնորհային վիճակը։

ԱՄՆ–ի պատմականորեն ձևավորված տնտեսական շրջանները տնտեսության զարգացման աստիճանով էապես տարբերվում են միմյանցից։ Տնտ. զարգացումը տեղի է ունեցել գաղութացման հետ համընթաց։ Առավել հին զարգացած շրջանը Հյուսիսն է, այնուհետև նախկին ստրկատիրական Հարավը, ապա Միջին ու Հեռավոր Արևմուտքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և, հատկապես, ետպատերազմյան շրջանում սպառազինությունների մրցավազքի շնորհիվ ԱՄՆ–ի Արևմուտքում և Հարավ–Արևմուտքում աճեցին ու հզորացան ռազմական մոնոպոլիաներ («նեոմիլիոնատերեր»)՝ դառնալով լուրջ մրցակիցներ Հյուսիսի և Արևելքի համար, որտեղ տեր ու տնօրեն են Ուոլսթրիթյան խմբավորման մոնոպոլիաները։ Մոնոպոլիստական հին, առաջատար խմբավորումների կողքին (Մորգաններ, Ռոկֆելլերներ, Դյուպոններ, Մելոններ, քլիվլենդյան, չիկագոյան) առաջ են եկել նորերը (Կալիֆոռնիայի, Տեքսասի ևն)։ Երկրի ազգային եկամտի մեծ մասը յուրացնում է կապիտալիստական վերնախավը։ 1964-ին առավել հարուստ ընտանիքների 20%-ին բաժին էր ընկնում բոլոր ընտանիքների եկամուտների 45,5%։ 1965-ին ԱՄՆ–ում կար 90 հզ. միլիոնատեր՝ 1948-ի 13 հզ. փոխարեն։

Արդյունաբերությունը։ ԱՄՆ–ի տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է, որը կապիտալիստական աշխարհում գրավում է առաջին տեղը ոչ միայն արտադրանքի ընդհանուր ծավալով, այլև բնակչության մեկ շնչի հաշվով թողարկվող արտադրանքի արժեքով։ Արդյունաբերությանը բնորոշ է արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանը, հազարից ավելի աշխատողներ ունեցող ձեռնարկությունները տալիս են մետաղաձուլության արտադրանքի ավելի քան 1/6-ը, էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի ավելի քան 1/5-ը, տրանսպորտային մեքենաների մոտ 86%-ը։ Համակենտրոնացումը մեծ է հատկապես ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ Առանձին ճյուղերի զարգացման տեմպերի միջև կա խիստ տարբերություն։ Սպառազինության մրցավազքի ազդեցությամբ և ընդհանրապես ուժեղ մրցման շնորհիվ արագորեն զարգանում են նավթաքիմիան և սինթետիկ նյութերի ու թեթև համաձուլվածքների արտադրությունը։ Արդյունաբերությանը բնորոշ է արտադրության բարձր մեքենայացումը և արտադրական պրոցեսների ավտոմատացումը։ Առավելագույն շահույթ ստանալու ձգտումը և սպառազինության մրցավազքը նպաստում են տեխնիկայի արագ զարգացմանը հատկապես ռադիոտեխնիկայի, միջուկային էներգիայի օգտագործման, սարքաշինության, հաշվիչ մեքենաների, սինթետիկ նյութերի արտադրության ճյուղերում։ Արտադրության մեքենայացումը և ավտոմատացումը, որ զուգորդվում են աշխատանքի լարվածության ուժեղացման հետ, ոչ միայն էականորեն բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը, այլև ավելացնում են գործազուրկների թիվը և ուժեղացնում շահագործման նորման։ Արդյունաբերության տեղաբաշխումը անհավասարաչափ է։ Արդյունահանող արդյունաբերության մեջ արտադրանքի արժեքով առաջին տեղում է Հարավը՝ գլխավորապես երկրի այդ մասում նավթի և գազի հանույթի հարաճուն կենտրոնացման շնորհիվ։ Ետպատերազմյան շրջանում տեղի է ունեցել մի շարք ճյուղերի (տեքստիլ, փայտամշակման, ավիացիոն ևն) զգալի տեղաշարժ Հյուսիսից դեպի Հարավ և Արևմուտք։ Այնուհանդերձ արդյունաբերության մեջ Հյուսիսի տեսակարար կշիռը վճռական է։

Էներգետիկայի հաշվեկշռում գերակշռում են նավթը (39,5%) և բնական գազը (35,6%), մինչդեռ քարածուխը և էլեկտրաէներգիան ունեն ավելի երկրորդական նշանակություն (համապատասխանաբար՝ 20,6% և 4,1%)։ Ածխի, այդ թվում նաև կոքսացվող ածխի մեծ մասը տալիս է Ապալաչյան ավազանը (Փենսիլվանիա, Արևմտյան Վիրջինիա, Կենտուքի նահանգներ)։ Այստեղ է արդյունահանվում ԱՄՆ–ի ամբողջ անտրացիտը։ Երկրորդ տեղը գրավում է կենտրոնական ավազանը (Իլինոյս, Կենտուքի նահանգի արմ. մասը)։ Արևմուտքի ածխի, ինչպես նաև գորշ ածխի (Հյուսիսային Դակոթա, Մոնթանա նահանգներ) հսկայական պաշարները համարյա չեն օգտագործվում։ Նավթի և բնական գազի հանույթի մեծ մասը կենտրոնացված է Տեքսաս, Լուիզիանա, Օկլահոմա նահանգներում և Կալիֆոռնիայում։ Նավթ արդյունահանվում է նաև Լեռնային նահանգներում և Հյուսիսի Կանզաս և Իլինոյս նահանգներում։ Նավթարդյունաբերությունը իրենց հսկողության տակ են վերցրել «Ստանդարտ օյլ օֆ Նյու Ջերսի», «Ստանդարտ օյլ օֆ Կալիֆոռնիա», «Սոկոնի վակուում օյլ», «Գալֆ օյլ» և «Տեքսաս օյլ» մոնոպոլիաները։

1950-ից հետո ԱՄՆ–ում ստեղծվել է ուրանի հանույթի խոշոր արդյունաբերություն։ Ուրանի հետազոտված պաշարները (Նյու Մեքսիկո, Վայոմինգ, Կոլորադոյի սարավանդ ևն) 1960-ին հասնում էին ավելի քան 75 մլն. տ։ 1970-ին ստացվել է 11,6 հզ. տ ուրանային կոնցենտրատ (որը պարունակում է )։ Երկաթահանքի արդյունահանությունը զարգանում է մեծ տատանումներով՝ կապված հիմնականում մետալուրգիայում տեղի ունեցող կոնյուկտուրային փոփոխությունների և արտաքին շուկայի իրավիճակի հետ։ Այսպես, 1953-ին արդյունահանվել է 121 մլն. տ երկաթահանք, 1960-ին՝ 81 մլն. տ, 1969-ին և 1970-ին՝ 90-ական մլն. տ։ Երկաթահանքի արդյունահանության գլխավոր կենտրոնը Վերին լճի շրջանն է (գլխավորապես Մեսաբիի ավազանը)։ 1970-ին ԱՄՆ տվել է կապիտալիստական աշխարհի պղնձի ավելի քան 34%-ը, ցինկի 22,2%-ը, կապարի 32%-ը։ Պղինձը մեծ մասամբ արդյունահանվում է Արիզոնա և Յուտա, ցինկը՝ Այդահո, Արիզոնա, Մոնթանա և այլ նահանգներում, կապարը՝ Միսսուրի նահանգի հվ–արլ–ում և Այդահո նահանգի հս–ում։ Ոչ մետաղային հանածոներից կարևոր է ֆոսֆորիտների (Ֆլորիդա, Լեռնային նահանգներ), կալիումական աղերի (Նյու Մեքսիկո) և ծծմբի (Տեքսաս, Լուիզիանա) արդյունահանությունը։

Երկրի ջրային էներգիայի ռեսուրսները գնահատվում են 120 մլն. կվտ։ Ամենամեծ պաշարները գտնվում են Արևմուտքում, գլխավորապես Կոլումբիա գետի ավազանում։ Էլեկտրակայանների կարողությունը 51 մլն. կվտ–ից (1940) հասել է մինչև 190 մլն. կվտ (1968)։ ՀԷԿ–երի տեսակարար կշիռը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 31%-ից (1945) իջել է մինչև 4% (1968)։ Էլեկտրակայանների մեծ մասը պատկանում է մասնավոր ընկերություններին։ Խոշոր էլեկտրակայանները հիմնականում կառուցվում ես պետական միջոցներով։ ՀԷԿ–եր շատ են կառուցված Կոլումբիա գետի ավազանում (Գրանդ Քուլի, Չիֆ Ջոզեֆ, Թը Դալզ, Բոնվիլլ ևն) և Թեննեսիում (Ուիլսոն, Ուիլեր ևն)։ Դրանց էներգետիկ բազայի վրա աճել են արդյունաբերության էներգատար ճյուղերը (ալյումինի, ատոմային)։ Ատոմային և ռազմական արդյունաբերության մյուս ճյուղերը էներգիայով բավարարելու համար, 1950-ից հետո, քարածխի բազայի վրա ընդլայնվել է հզոր ՋԷԿ–երի կառուցումը, իսկ 1957-ին շարք է մտել ԱՄՆ–ի առաջին ատոմային էլեկտրակայանը Շիփինգպորտում։

Ծանր և թեթև արդյունաբերության արտադրանքների հարաբերությունը զգալիորեն տարբեր է երկրի գլխավոր շրջանների միջև։ Մեքենաշինության և մետաղամշակման մեջ զբաղված աշխատողների թիվը Հյուսիսում բարձր է երկրի միջինից, իսկ Հարավում, ուր գերակշռում է տեքստիլ և փայտամշակման արդյունաբերությունը, ավելի ցածր, բայց երկրի այս մասում արագորեն աճում են էլեկտրոնիկայի և ատոմային արդյունաբերությունը, սինթետիկ նյութերի արտադրությունը, նավթաքիմիան։

«Ուոլ սթրիթ ջոռնել» թերթը ԱՄՆ–ի պողպատաձուլական հզորությունը 1971-ի սկզբի համար գնահատել է 178,7 մլն. տ՝ 1970-ի սկզբի 176,9 մլն․ տ դիմաց։ Վերջին տասնամյակում դա ամենափոքր աճն է (1960-ական թթ. պողպատաձուլության հզորությունն աճել է 33%)։ Դրանով հանդերձ պողպատաձուլական ձեռնարկությունները և մետալուրգիան ընդհանրապես աշխատում են զգալի