Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/297

Այս էջը սրբագրված է

նող)՝ Ջ. Լոգանը (1674–1751) ու Ջ. Էլիոտը (1685-1765)։

ԱՄՆ–ի գիտության առաջին ներկայացուցիչներից էր ֆիզիկոս և քաղաքական գործիչ Բ. Ֆրանկլինը (1706–90), որի աշխատանքները հիմնականում վերաբերում են էլեկտրականությանը։ 1752-ին նա բացատրեց կայծակի էլեկտրական բնույթը, տվեց շանթարգելի ստեղծման գաղափարը։ 1743-ին Բ. Ֆրանկլինը Ֆիլադելֆիայում հիմնաղրեց Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը։ Մեծ մասսայականություն էին վայելում Ք. Քոլդենի (1688–1776) լույսի բնույթի և Դ. Ռիտենհաուսի (1732–1796) մագնիսականության վերաբերյալ աշխատությունները, աստղագետ Ջ. Ուինթրոպի (1714-1779)՝ ԱՄՆ–ի առաջին աստղադիտարանի (Ֆիլադելֆիա) հիմնադրի աշխատանքները։

1791-ին Ջ. Ռամսեյը պատենտ ստացավ շոգենավի նախատիպի՝ շոգու ուժով շարժվող նավի համար։ Ինը տարի անց Ամերիկայում հայտնվեց բարձր ճնշման շոգեմեքենայի առաջին օրինակը։

Զարգացման հաջորդ փուլում (1783–1913) կատարվեցին համազգային նշանակություն ունեցող մի շարք գիտական աշխատանքներ։ 1809-ին և 1817-ին Ու. Մակլյուրը (1769–1840) հրապարակեց երկրի արևելյան շրջանների երկրաբանական հանույթի արդյունքները։ 1832-ին ֆիզիկոս Ջ. Հենրին (1797–1878) հայտնաբերեց ինքնինդուկցիայի երևույթը և կոնդենսատորի պարպման տատանողական բնույթը։ 1842-ին Կ. Լոնգը կատարեց վիրահատություն, որի ժամանակ կիրառվեց եթերային նարկոզ, Հ. Ուելսը 1844-ին անզգայացման նպատակով ազոտի ենթօքսիդ կիրառելու փորձեր կատարեց։ Ջ. Գիբսը 1873-ին առաջարկեց շոգու էնտրոպիկ դիագրաման։ 1881-ին Ա. Մայքելսոնը (1852–1931) սկսեց լույսի արագության որոշման իր նշանավոր հետազոտությունները։ XIX դ. վերջերին ԱՄՆ–ում սկսեցին զբաղվել Արեգակի սպեկտրի ուսումնասիրությամբ. Ս. Լանգլեյը (1834–1906) կազմեց (1901) այդ սպեկտրի ինֆրակարմիր մասի ատլասը։ 1908-ին Ջ. Հեյլը հայտնաբերեց արևաբծերի մագնիսական դաշտի գոյությանը։

Նշված հայտնագործություններից անկախ, ԱՄՆ–ում գիտության զարգացումը շարունակում էր զգալիորեն կախված մնալ եվրոպական երկրներում գիտության մեջ տեղի ունեցող առաջընթացից։ Սակայն այս փուլի համար բնորոշ է այն, որ ինքնուրույնության հասավ ամերիկյան տեխնիկան։ 1807-ին Ռոբերտ Ֆուլտոնը կառուցեց իր «Քլերմոնթ» շոգենավը։ ԱՄՆ–ում առաջին երկաթուղին Բալթիմորից Օհայոյի ուղղությամբ (12 մղոն) սկսեցին կառուցել 1828-ին և շահագործման հանձնեցին 1830-ին, իսկ 1829-ին Պ. Կապերը պատրաստեց առաջին շոգեքարշը։ 1832–34-ին Ու. Հանթը ստեղծեց կարի մեքենայի գործող մանրակերտը, իսկ 1846-ին Հոուն զգալիորեն բարելավեց դրա կառուցվածքը։ 1837-ին Մորզեն պատենտավորեց էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը։ 1858-ին երևան եկան Ջ. Պուլմանի առաջին ննջարան–վագոնները, Լ867–ին Հոլը ստեղծեց երկաթուղային ազդանշանման և ուղեկապման հարմարանքը, 1869-ին Ջ. Վեսաինգհաուզը ստացավ սեղմած օդով աշխատող երկաթուղային արգելակի առաջին պատենտը։

1876-ին Ա. Գ. Բեյլը պատենտավորեց հեռախոսը, 1877-ին ականավոր գյուտարար Թ. էդիսոնը հայտնագործեց ձայնագիրը, երկու տարի անց առաջարկեց շիկացման էլեկտրական լամպը, իսկ 1882-ին կառուցեց քարածխով աշխատող առաջին արդ. էլեկտրակայանը։ 1887–88-ին Սպրեյգի նախագծով Ռիչմոնդում կառուցվեց առաջին տրամվայը, 1879-ին Զ. Սելդենը պատենտավորեց ավտոմեքենան, որի կոնստրուկցիան առաջիններից էր աշխարհում։ 1903-ին Չ. Մենլին փորձարկեց օդանավ–մոնոպլանը, նույն թվականին Օրվիլ Ռայտը օդանավով թռիչք կատարեց 3,5 վրկ տևողությամբ։ 1905-ին ռադիոտեխնիկ Ֆեսենդենը ստեղծեց հետերոդինային ռադիոընդունիչը, իսկ 1908-ին Լի դը Ֆորեստը՝ ուժեղացուցիչ տրիոդը։

Առաջին համաշխարհային պատերազմը նպաստեց գիտության ռազմականացմանը, խոշոր ֆիզիկոսները, քիմիկոսները, ինժեներները, ինչպես Ա. Մայքելսոնը, Պ. Բրիջմենը, Ռ. Միլեքենը, ներգրավվեցին ռազմատեխնիկական պրոբլեմների մշակման աշխատանքների մեջ։ ԱՄՆ–ում կենսաբանական գիտությունների զարգացմանը վիթխարի չափով նպաստել են Չ. Դարվինի աշխատանքները։ Բուսաբան Ա. Գրեյը, որին Դարվինը դեռ 1857-ին ծանոթացրել էր տեսակների ծագման տեսության հիմքերին, հանդես եկավ դարվինիզմի պաշտպանությամբ՝ ընդդեմ թունդ հակադարվինիստ Լ. Ագասսիզի (1807–1873)։ Դարվինի գաղափարները մեծ չափով կանխորոշեցին նշանավոր սելեկցիոներ Լ. Բերբանկի (1849–1926) աշխատանքները։ Գերմանացի կենսաբան Ա. Վայսմանի ուսմունքի հիման վրա XIX դ. առաջին տասնամյակներին ձևավորվեց Թ. Մորգանի (1866–1945) Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։

Նկարում` Մաունթ Պալոմարի աստղադիտարանի գմբեթը։

Երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում (1918–1939) ԱՄՆ–ում հանդես են եկել ժամանակակից ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, աստղագիտության, երկրաբանության և կենսաբանության մի շարք նշանավոր հետազոտողներ։ Դեռևս 1916-ին Ջ. Լյուիսն առաջարկեց քիմիական կապի էլեկտրոնային տեսությունը, իսկ 1932-ին իր աշխատակիցների (Հ. Յուրի և ուրիշներ) հետ անջատեց ջրածնի ծանր իզոտոպը՝ դեյտերիումը։ 1923-ին Ա. Քոմպթոնը հաստատեց լույսի քվանտային բնույթը։ 1927-ին Կ. Դևիդսոնն ու Լ. Ջերմերը հայտնագործեցին էլեկտրոնների դիֆրակցիայի երևույթը:

1930-ին ֆիզիկոս է. Լորենսն առաջարկեց մագնիսական ռեզոնանսային արագացուցիչ՝ ցիկլոտրոն ստեղծելու գաղափարը, 1932-ից սկււսւծ կառուցվեցին տարբեր տիպի արագացուցիչներ։ 1932-ին Կ. Անդերսոնը հայտնագործեց պոզիտրոնը, իսկ 1936-ին՝ մեզոնը։ Մեծ ներդրում էին մաթեմատիկոսներ Գ. Բիրկհոֆի, Ջ. Նեյմանի, Ն. Վիների, Օ. Վեբլենի, Ջ. Ալեքսանդերի աշխատանքները դիֆերենցիալ հավասարումների ու հաշվողական մաթեմատիկայի, ֆունկցիոնալ անալիզի և տոպոլոգիայի վերաբերյալ։ Հայտնի են աստղագետներ Հ. Շեփլիի՝ գալակտիկական համակարգերի, Ջ. Հեյլի՝ Արեգակի կառուցվածքի ուսումնասիրության, Գ. Ռեսելի և է. Հաբլի, Օ. Ստրավեի և Կ. Թոմբոուի (հայտնագործեց Պլուտոն մոլորակը, 1930-ին)՝ գալակտիկաների գոյության, աստղերի կառուցվածքի, պայծառության և պտտման վերաբերյալ աշխատանքները։

Գիտության համար արժեքավոր են ԱՄՆ–ի 30-ական թթ. առաջատար երկրաբաններ Կ. Ֆեների, Ջ. Սպյորի, Ու. Տվենհոֆելի, գեոքիմիկոս Դ. Կլարկի, բջջաբան (ցիտոլոգ) Ֆ. Լիլի, ֆիզիոլոգ Ու. Քենոնի, ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս Ֆ. Բենեդիկտի աշխատանքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–1945) գիտահետազոտական աշխատանքը հիմնականում ծառայում էր ռազմական նպատակներին։ Պատերազմի սկզբին կազմակերպվեց գիտական հետազոտությունների նւ տեխնիկական կատարելագործման վարչություն, որի խնդիրն էր գիտության մոբիլիզացումը՝ ռազմական պրոբլեմները լուծելու և ռազմական տեխնիկան կատարելագործելու համար։ Կազմվեցին պետական ռազմական նախագծեր, որոնք կոչված էին լուծելու ստրատեգիական կարևոր պրոբլեմներ (ատոմային ռումբի մշակմամբ զբաղվող «Մանհեթեն նախագիծը», 1941 ևն)։ 1942-ի վերջին ֆիզիկոսներ Հ. Բեթեի և Է. Ֆերմիի ջանքերով գործարկվեց ատոմային ռեակտորը։ 1940-ից հետո Սիբորգը և Մակմիլանը հայտնազործեցին առաջին տրանսուրանային տարրերը, 1945-ին Ռ. Օպենհայմերի գլխավորությամբ պատրաստվեց աշխարհում առաջին ատոմային ռումբը։

Գիտահետազոտական աշխատանքներն զգալիորեն աշխուժացան համալսարաններում։ 1943-ին Հարվարդի համալսարանում կառուցվեց «ԷՆԻԱԿ» առաջին լամպային էլեկտրոնային հաշվիչ մեքենան, 1944-ին Կոլումբիայի համալսարանը շահագործման հանձնեց «Մարկ–1» թարգմանող մեքենան։ Նույն թվականին նո–