Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/30

Այս էջը հաստատված է

30 ԱԲԽԱԶԱԿԱՆ

բրեյմ) և Սուխումում («Սինոպ» հանգստյան տունը, 1967, ճարտ. Վ. Ալեքսի֊Մեսխիշվիլի, կոմպոզիտորների հանգստյան տունը, 1969, ճարտ. Շ. Դավիթաշվիլի, Գ. Ջաբուա)։ 1959–67-ին Պիցունդայում ստեղծվել է բուժարանների նոր համալիր։

Թատրոնը։ Աբխազ, ժողովրդական երգերը, խաղերը, պարերը հարուստ են թատեր. արվեստի տարրերով։ Հայտնի են ծաղրածուների՝ «քեչեկների» ներկայացումները։ Պրոֆեսիոնալ թատրոնը ձևավորվել է սովետական իշխանության օրոք։ 1921-ին ստեղծվել է ազգային թատերախումբ (ղեկ. Դ. Գուլիա), որը 1928-ին դարձավ Սուխումի թատրոնի աբխազ․ բաժնի կորիզը, 1930-ին՝ դրամատիկական ստուդիա։ Նույն թվականի դեկտ. 9-ին Շանշիաշվիլու «Անզոր» պիեսի ներկայացումով բացվել է Սուխումի աբխազական թատրոնը (1967-ից՝ Ա. Չանբայի անվ.)։ Բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի շատ գործեր։ Ա֊ի թատրոնի ականավոր գործիչներից են՝ ՎԱԱՀև Աբխ. ԻՍՍՀ ժող. արտիստներ Ա. Ագրբան, Ռ. Ագրբան, Ա. Արգուն֊Կոնոշոկը, Մ. Զուխբան, Լ. Կասլանձիան, Շ. Պաճուլիան, Ե. Շակիրբայը, Մ. Կովեն, Դ. Միկվաբիան։

Կերպարվեստը։ Աբխազ․ վարպետները հնուց զբաղվել են փայտի, մետաղի զարդաքանդակումով, բրուտագործությամբ, ասեղնագործությամբ։ Պատրաստել են նախշազարդ հյուսվածքներ, բույսերի, կենդանիների պատկերներով զարդեր։ Պրոֆեսիոնալ կերպարվեստն սկսել է զարգանալ 1930-ական թթ.։ 1935-ին Սուխումում բացվեց գեղարվեստական դպրոց, իսկ 1937-ին՝ ուսումնարան։ Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1941-ին։ Հայտնի են նկարիչներ Ի. Ցոմայան, Չ. Կուկուլաձեն, Ն. Տաբուկաշվիլին, Վ. Դ., Բուբնովան, Գ. Զեդգենիձեն, Ի. Շենգելիան, քանդակագործներ Բ. Գոգոբերիձեն, Գ․ Ռուխաձեն, թատերական նկարիչներ Ն. Ղազբեգին, Ա. Վերուլեյշվիլին։ 1953-ից Սուխումում կազմակերպվում է Ա֊ի նկարիչների ամենամյա ցուցահանդես։

Երաժշտությունը։ Աբխազական երաժշտական ֆոլկլորին բնորոշ են հերոսական, ծիսական֊պաշտամունքային, որսորդական, աշխատանքային, կենցաղային, պատմա֊հեղափոխական երկձայն, երբեմն՝ եռաձայն երգերը։ Ազգային պարերից են զուգապարը և շուրջպարը։ Ժող. գործիքներից են աչարպանը (երկարուկ սրինգ՝ գլխավորապես հովվական մեղեդիների համար), ապխերցան (երկաղի, աղեղնավոր), այումաան (տավղի տիպի, 14 լար.), ախիմաան (գուսլիի տիպի, 28 լար.), տարածված է նաև վրաց. չոնգուրը (աչենգար), որ մեծ մասամբ նվագում են կանայք։ Երգիչ Դ. Լոլուայի աբխազա֊վրաց. երգչախումբը (1914, Սուխում) և մանկավարժ Պ. Շաքրիլի աբխազ․ երգչախումբն ու դրամատիկ խմբակը (1917, Օչամչիրա) ազգային պրոֆեսիոնալ երաժշտական առաջին կազմակերպություններն էին։ 1930-ին Սուխումում բացվեցին երաժշտական ուսումնարան և դպրոց, ավելի ուշ հիմնվեցին ֆիլհարմոնիա, ժող. ստեղծագործության տուն, կազմակերպվեց երգի և պարի պետական անսամբլ։ Գործում են կոլտնտեսային երաժշտական ինքնագործ խմբեր։

Հայերն Աբխազիայում։ Սև ծովի կովկասյան ափերին, մասնավորապես Ա֊ում հայերը հաստատվել են վաղ միջնադարից։ Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Ա. շարունակվել է։ Ա֊ի հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ֊կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ֊արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից։ Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից Ա. հատկապես ուժեղացավ 1895–1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ։ Դեռևս XIX դ. վերջերին Ա֊ում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի, Գուլրիպշ, Բոգապոստա, Մերխեուլի, Ծեբելդա, Գումիստա, Յաշարա, Պսիրցխա, Լեչկոպ, Անուխվա, Մծարա, Կոլդախվար, Ալախաձե, Պիլենկովո, Խաշուպսե ևն։ Հայեր են բնակվում նաև Աբժակվա, Ագուձերա, Ախալշենի և այլ գյուղերում։ Ա֊ում բնակվում է շուրջ 100 հզ. հայ (1969), որոնք ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին։ Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գազրայում, զբաղվում գլխավորապես արհեստներով։

Ա. գաղթած համշենցի հայերը կառուցեցին եկեղեցիներ, բացեցին դպրոցներ։ Դպրոցները պահվում էին հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով։ Երբ XIX դ. վերջին Ա֊ում հայերը շատացան, Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերից կամովին Ա. եկան հայ ուսուցիչներ (Աննա և Գրիգոր Հովսեփյաններ և ուրիշներ), որոնք մեծ գործ կատարեցին տեղի հայ դպրոցը բարելավելու համար։ Ուսուցիչ Մուրադ Մուրադյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց ուսումնասիրեց համշենցիների կյանքն ու կենցաղը և գրեց մի շարք հոդվածներ։ Ա֊ի հայ դպրոցական խորհուրդը