Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/300

Այս էջը հաստատված է

րակարգերի սինթեզի» ռեֆորմիստական տեսության վերահրատարակությունն է։ «Բիզնեսի պատմության» նոր դպրոցի ներկայացուցիչները զբաղվում են մոնոպոլիստական խոշոր խմբավորումների պատմությամբ (առավել հայտնի են Ա. Նևինսի գրքերը, Ֆորդի ե Ռոկֆելլերի, Ռ. Հիդի, Մ. Հիդի և մյուսների բազմահատոր աշխատությունները «Ստանդարտ օյլի» Սասին)։ ԱՄՆ–ի ետպատերազմյան պատմագրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների պատմությանը։ Այս ասպարեզում ստեղծված գրականությանը ունի պրեզենտիստական բնույթ, քաղաքական բացահայտ նպատակասլացություն և օգտագործվում է որպես գաղափարական զենք կոմունիզմի դեմ մղվող պայքարում։ Գործում է այսպես կոչված «սովետոլոգների» կամ «կրեմլոլոգների» մի ստվար խումբ, որոնք մասնագիտանում են սոցիալիստական երկրների պատմության կեղծարարության մեջ։ Լենինիզմի առաջացումը համարում են ցարական Ռուսաստանի առանձնահատուկ պայմանների, ռուս. կապիտալիզմի «անբավարար» զարգացման և քաղաքական դեմոկրատիայի բացակայության արգասիք։ Փորձելով ապացուցել Հոկտեմբերյան հեղափոխության «պատահական» բնույթը և Արևմուտքում պրոլետարական հեղափոխությունների համար նախադրյալների բացակայությունը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին և հետո՝ ամերիկյան բուրժուական պատմաբանները միջազգային կոմունիստական շարժումը հայտարարում են «հեղափոխական պատրանքների» արդյունք։ Համաշխարհային սոցիալիստական սիստեմի առաջացումը և ձևավորումը լուսաբանվում է խեղաթյուրված ձևով, դիտվում որպես այդ սիստեմի մեջ մտնող երկրների «խոտորում» բնական զարգացումից։ Կոլեկտիվացումը հակադրվում է գյուղացիության շահերին, նվազեցվում են սոցիալիստական երկրների տնտ. նվաճումները, խեղաթյուրվում են խաղաղ գոյակցության քաղաքականության նպատակները։

1972-ի սկզբին՝ ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ ամերիկյան պատմաբանները և սոցիոլոգները առանձնահատուկ ուշադրություն էին նվիրում ազգային հարցին, որպես կանոն, ծուռ հայելու մեջ ներկայացնելով լենինյան ազգային քաղաքականության տեսությունը, պրակտիկան, ազգային հարաբերությունների վիճակը Սովետական Միությունում (Ռ. Փայփս, Լ. Թիլլեթ ևն)։

ԱՄՆ–ի պատմությունը մարքսիստական Դիրքերից շարադրված է Ու. Ֆոստերի և Հ. Ապտեկերի աշխատություններում։ Առաջադիմական պատմագրությունը ներկայացրել է նաև ականավոր նեգր գիտնական, գրող և հասարակական գործիչ Ու. Դյուբուան։

Փիլիսոփայությունը։ Կազմավորվել է Ամերիկայի անգլիական գաղութներում, XVIII դ. 1-ին կեսին (Ջ. Էդուարդս,Ս. Ջոնսոն) և հիմնվում էր Ջ. Բերկլիի ու քեմբրիջյան պլատոնականների իդեալիզմի վրա։ XVIII դ. 2-րդ կեսի ամերիկյան լուսավորիչները (Թ. Ջեֆերսոն, Բ. Ֆրանկլին, Թ. Պեն, Ի. Ալեն), լինելով դեիստներ փիլիսոփայության մեջ, հանդես էին գալիս որպես դեմոկրատներ և հեղափոխականներ սոցիալ–քաղաքական բնագավառներում։ Ամերիկյան լուսավորչական փիլիսոփայության մեջ մատերիալիզմը ներկայացնում էին Թ. Կապերը և ուրիշները։ ԱՄՆ–ում ազգային բուրժուազիայի իշխանության հաստատումը XIX դ. հանգեցրեց իդեալիստական փիլիսոփայության զարգացմանը հանձին «բոստոնյան տրանսցենդենտալիստների» ռոմանտիկական դպրոցի (Ռ. Էմերսոն)։ Որպես լուսավորչության դեմ բացահայտ ռեակցիա՝ հանդես եկավ շոտլանդական դպրոցի ամերիկյան վերսիան (Ն. Պորտեր, Ջ. Մակ-Կոշ), որի դեմ XIX դ. 2-րդ կեսին ծառացավ Սենտ Լուիսի դպրոցը։ Այն պրոպագանդում էր աջ հեգելականության տիպի թեիստական և մետաֆիզիկական բացարձակ իդեալիզմ և ճանապարհ հարթեց Ջ. Ռոյսի և այլոց բացարձակ իդեալիզմի համար։ Վոլյունտարիստական և պերսոնալիստական մոտիվները, որ բնորոշ են ամերիկյան իդեալիզմին, առավել պարզորոշ կերպով արտահայտվեցին պրագմատիզմի մեջ, որը առանձնապես մեծ ազդեցություն ձեռք բերեց ԱՄՆ–ում, XIX դ. վերջին և XX դ. սկզբին (Չ. Պիրս, Ու. Ջեմս, Ջ. Դյուի ևն)։ XX դ. ԱՄՆ–ում ձևավորվեցին նեոռեալիզմը և քննադատական ռեալիզմը։ ժամանակակից փիլիսոփայությունը ԱՄՆ–ում բնութագրվում է դպրոցների խայտաբղետությամբ, որոնք իրենցից ներկայացնում են իմպերիալիզմի դարաշրջանի իդեալիստական փիլիսոփայության տարատեսակները (տրամաբանական պոզիտիվիզմ, սեմանտիկական իդեալիզմ, օպերացիոնալիզմ, «նատուրալիզմ», ֆենոմենոլոգիա, օբյեկտիվ իդեալիզմ, պերսոնալիզմ, ինստրումենտալիզմ, նեոթոմիզմ ևն)։ Այսպես կոչված «նատուրալիզմի» ձախ թևի առանձին ներկայացուցիչներ իդեալիստական հոսանքների դեմ պայքարում հանդես են գալիս որպես դիալեկտիկական մատերիալիզմի դաշնակիցներ։ Մարքսիստական փիլիսոփայության ներկայացուցիչները ԱՄՆ–ում, չնայած խիստ ծանր պայմաններին, մշակում և պրոպագանդում են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը։

Քաղաքատնտեսությունը։ ԱՄՆ–ում քաղաքատնտեսությունը ծնունդ է առել գաղութատիրական շրջանում՝ շոշափելով հիմնականում ընթացիկ տնտեսական հարցեր (Ու. Պեն. Ու. Դուգլաս, Ս. Հեյլ և ուրիշներ)։ Այդ շրջանում գրված տնտեսագիտական երկերից առավել կարևորը Բ. Ֆրանկլինի «Հետազոտություն թղթադրամի բնույթի և անհրաժեշտության մասին» աշխատությունն է։ Անկախության պատերազմին հաջորդած շրջանում ԱՄՆ–ի տնտեսագիտական մտքի զարգացման մեջ ակնառու դեր խաղաց Ա. Համիլտոնը (1757–1804), որը սկիզբ դրեց քաղաքատնտեսության մեջ այսպես կոչված «ամերիկյան տնտեսական սիստեմին»։

Բուրժուական հեղափոխական–դեմոկրատ Թ. Ջեֆերսոնը հանդես եկավ «հարըստության արիստոկրատացման» դեմ՝ պաշտպանելով միջին և մանր բուրժուազիայի շահերը։ Տնտեսագիտական մտքի հեղափոխական–դեմոկրատական թևի ներկայացուցիչներից էր նաև Թ. Կապերը (1759–1839), որը Ա. Սմիթի և Դ. Ռիկարդոյի հայացքների պրոպագանդիստը եղավ ԱՄՆ–ում։ Սակայն բուրժուական քաղաքատնտեսության զարգացումն ԱՄՆ–ում հիմնականում ընթացել է հակագիտական և գռեհիկ տնտեսագիտական տեսությունների մշակման ուղղությամբ։ Արդ. կապիտալիզմի զարգացման շրջանում տիրապետում էին «ամերիկյան տնտեսական սիստեմի» ջատագովները (Հ. Քլեյ, Վ. Ֆիլիպս, Դ. Ռայմոնդ), որոնք պաշտպանում էին պրոտեկցիոնիզմի և պետական վարկի քաղաքականությունը և «տնտեսական լիբերալիզմի» (ամերիկյան ֆրիթրեդյորների) դպրոցը (Ջ. Մակվիքար, Ս. Նյումեն, Ֆ. Վեյլենդ, Ս. Յանգ)։ Այդ շրջանի խոշորագույն տնտեսագետը Հ. Քերին էր, որի՝ տարբեր դասակարգերի «շահերի ներդաշնակության» տեսությունը զգալի ազդեցություն է ունեցել գռեհիկ քաղաքատնտեսության վրա։ Արդյունաբերական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև հակասությունների սրման շրջանում հայտնվեցին ստրկության «առավելությունները» ապացուցող աշխատություններ։ Աշխատավորների և կապիտալիստների «շահերի ներդաշնակության» տեսակետը շարունակեց զարգացնել Ֆ. Ուոկերը իր աշխատավարձի, շահույթի և ռենտայի տեսության մեջ, որը հիմնված էր «առավելագույն արտադրողականության» սկզբունքի վրա։ «Շահերի ներդաշնակության» գաղափարը օգտագործել է նաև բուրժուական ռեֆորմատոր Հ. Ջորջը, որը միասնական հողային հարկը համարում էր բուրժուական հասարակության բոլոր հակասությունները վերացնելու միջոցը։ XIX դ. վերջին ուժեղացավ պատմա–ինդուկտիվ մեթոդի ազդեցությունը, «պետության տնտեսական դերի» տեսությունը (Հ. Ադամս և ուրիշներ)։ 1885-ին ստեղծված Ամերիկյան տնտեսական միությունը առաջ քաշեց աշխատանքի և կապիտալի հակամարտությունը պետության, եկեղեցու և ժողովրդի «միասնական ուժերով» հաղթահարելու գաղափարը։

Ի հակադրություն բուրժուական քաղաքատնտեսության, զարգանում էին նաև աշխատավորական զանգվածների շահերը արտահայտող ուղղություններ, որոնք, սակայն, գտնվում էին մանրբուրժուական ուտոպիզմի ազդեցության ներքո (Ա. Բրիսբեն, Պ. Գոդվին)։ «Ագրարային ռեֆորմի» գաղափարը պրոպագանդել են Թ. Սկիդմորը և Ջ. Էվանսը, «դրամական ռեֆորմի» գաղափարը՝ Է. Կելոգը։ Տնտեսագիտական մտքի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան ամերիկյան բանվորական շարժման գործիչներ՝ I Ինտերնացիոնալի անդամ Ու. Սիլվիսի և 8-ժամյա աշխատանքային օրվա շարժման կազմակերպիչ Ա. Ստյուարդի գործերը։

Կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական փուլում տեսության մեջ տիրապետող նշանակության ստացավ, ձևավորվեց, այսպես կոչված, ինստիտուցիոնալիզմի ուղղությունը, որը տնտ. օբյեկտիվ օրենքները նենգափոխում էր բնազդների, սովորույթների և բարքերի շարժիչ դերի մասին իդեալիստական պատկերացում–