Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/307

Այս էջը հաստատված է

կենցաղի պայմանները երաժշտական արվեստի զարգացմանը քիչ են նպաստել, անգլիկան եկեղեցին ընդդիմացել է «աշխարհիկ» երգերի ու պարերի տարածմանը, թույլատրել է սաղմոսները։ Աճող ներգաղթի հետ, XVIII դ. 20-ական թթ. տարածում են գտել աշխարհիկ երաժշտությունը, եվրոպական գործիքները։ Պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթը սկզբնավորվել է XVIII դ. 2-րդ կեսին։ 1768-ին Չառլսթոն քաղաքում ստեղծվել է առաջին երաժշտական ընկերությունը, որը կազմակերպել է համերգներ պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ։ Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում, Չառլսթոնում և այլ քաղաքներում տրվել են օպերային ներկայացումներ։ 1775–83-ին, անկախության պատերազմի ժամանակաշրջանում, հանդես են եկել ԱՄՆ–ի առաջին կոմպոզիտորները՝ Ֆ. Հոպկինսոնը (1737–91), Ու. Բիլլինգսը (1746–1800), Ջ. Լայոնը (1735–94) և ուրիշներ։ ԱՄՆ–ի երաժշտության ազգային գծերի ձևավորմանը նպաստել է Ս. Ֆոստերի (1826–64) ստեղծագործությունը։ Նեգրական և կրեոլական բանահյուսության ազդեցությունը նկատելի է ԱՄՆ–ի առաջին դաշնակահար, նշանավոր կոմպոզիտոր Լ. Գոթսչոկի (1829–69) երկերում։ Եվրոպայից եկած մեծ թվով երաժիշտներ 1860-ական թթ. կազմակերպել են բազմաթիվ երաժշտական ուսումնական հաստատություններ և ընկերություններ։ 1883-ին Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնը։ Օտարերկրացիների հետ միասին ելույթներ են ունեցել օպերային երգչուհիներ Լ. Նորդիկան, Ա. Սանդերսոնը, Ջ. Ֆառրարը։ Նշանավոր կոմպոզիտորներ Ջ. Փեյնը (1839–1906), Ջ. Չեդուիկը (1854–1931), Ա. Ֆուտը (1853–1937), Հ. Պարկերը (1863–1919), որ սովորել էին Գերմանիայում, նպաստեցին եվրոպական երաժշտական մշակույթի տարածմանը ԱՄՆ–ում, իրենց ստեղծագործություններում հիմնականում հետևելով Լայպցիգի դպրոցի ակադեմիական ավանդույթներին։ ԱՄՆ–ի պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը համարվում է Է. Մաք–Դոուելը, որը Վայմարի դպրոցի ոգով՝ ռոմանտիկական գաղափարների հետևորդ էր։ Երաժշտության հետագա զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել չեխ կոմպոզիտոր Ա. Դվորժակը, որը 1892–95-ին եղել է Նյու Յորքի կոնսերվատորիայի դիրեկտոր և իր սաներին ուսուցանել է օգտվել ամերիկյան ժողովրդական երաժշտությունից։ XX դ. սկզբին զարգացել է «ֆոլկլորային» երաժշտությունը (Հ. Ջիլբերտ, Չ. Քեդմեն և ուրիշներ), ավելի ուշ նկատելի է դարձել ֆրանս. երաժշտության ազդեցությունը (Չ. Լոեֆլեր)։ 1920-ական թթ. երիտասարդ կոմպոզիտորներ Ա. Քոպլենդը, Ջ. Անթեյլը, Ու. Պիսթոնը, Ռ. Հարրիսը, Վ. Թոմսոնը, որ երաժշտական կրթությունն ստացել էին Փարիզում, իրենց երկերում հետևում էին ֆրանս. ժամանակակից երաժշտությանը։ Միաժամանակ նրանց, ինչպես և ուրիշ կոմպոզիտորների (Չ. Այվզ, Ու. Ռիգգեր, Ջ. Քարպենթեր, Դ. Թեյլոր, Լ. Գրյունբերգ, Ս. Բարբեր, Է. Սիգմեյստեր, Ու. Շուման) ստեղծագործության մեջ ի հայտ է գալիս ազգային երաժշտական ոճի հաստատման ձգտումը։ Այդ ժամանակ էլ ուժգնանում է ջազի ազդեցությունը, որն ԱՄՆ–ում դարձել էր կենցաղային երաժշտության տարածված ձև (ականավոր վարպետներից են՝ Լ. Արմսթրոնգը, Բ. Գուդմենը, Է. Էլինգտոնը, Ի. Բեռլինը)։ Ջազի սիմֆոնիզացիայի հիման վրա Ջ. Գերշվինը ստեղծել է նվագախմբի համար գրված մեծարժեք ստեղծագործություններ և իսկական ազգային օպերա («Պորգի և Բեսս»)։ Ամերիկյան ազգային երաժշտության բնույթը իր վառ դրսևորումն է գտել Չ. Այվզի գործիքային երկերում։ Սկզբնավորվում է երաժշտական կատակերգության յուրահատուկ տարբերակը՝ մյուզիկլը։ 1930-ական թթ. սրվեց ուղղությունների պայքարը, աճեց կոմպոզիտորների ստեղծագործական ակտիվությունը, որոնք հիմնականում խմբված էին Նյու Յորքի «Կոմպոզիտորների լիգայի» (հիմն. 1923-ին) և «Բանվորական երաժշտական լիգայի» շուրջը։ 14 ազգային միություններ համախմբող «Բանվորական մշակութային ֆեդերացիային» կից 1931-ին ստեղծված «Բանվորական երաժշտական լիգան» ընդգրկում էր տարբեր ազգային խմբերի բանվորական երգչախմբեր և նվագախմբեր։ Բանվոր երաժիշտների ակումբի աշխատանքներին մասնակցում էին կոմպոզիտորներ Ա. Քոպլենդը, Ռ. Սեշենսը, Յա. Շեյֆերը, Լ. Ադամյանը, Տ. Քոուելլը, Պ. Սիգերը, Մ. Բլիցշտայնը, Է. Սիգմայստերը։ Նրանք գրեցին առաջադիմական բովանդակությամբ մի շարք օրատորիաներ, օպերաներ, խմբերգեր, մասսայական երգեր։ Բանվորական երաժշտական ինքնագործունեության համար արժեքավոր գործեր գրեց Է. Ռոբինսոնը, հանրաճանաչ «Բալլադներ ամերիկացիների համար» և «Երգ Ջո Հիլլի մասին» գործերի հեղինակը։ Նեգրական երաժշտական ֆոլկլորի հաջող մշակումներով հանդես եկան նեգր կոմպոզիտորներ Գ. Բեռլեյը, Ռ. Դետտը և Ու. Ստիլլը։ ԱՄՆ–ի երաժշտական կյանքի վերելքին նպաստել են առաջին և ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնտեղ հաստատված եվրոպացի խոշոր երաժիշտները։ Ամերիկյան կատարողական մշակույթի զարգացման գործում կարևոր ներդրում են ունեցել Ռուսաստանից եկած երաժիշտները՝ Մ. Էլմանը, Ա. Ասլանովը (Ասլանյան), Ե. Ցիմբալիստը, Ա. Կուսևիցկին, Լ. Աուերը, Ի. Կալամյանը, Յա. Հեյֆեցը, Ա. Ռախմանինովը, Ի. Լևինը, Ռ. Լևինան, Ի. Վինոգրադովան, Վ. Գորովիցը, Գ. Պյատիգորսկին, Ն. Բլինդերը և ուրիշներ։ 1939–45-ին Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից ԱՄՆ տեղափոխվեցին Ի. Ստրավինսկին, Ա. Շյոնբերգը, Պ. Հինդեմիթը, Է. Կշենեկը։ ԱՄՆ–ի ժամանակակից նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտոր, դաշնակահար և նվագավար Լ. Բեռնսթայնը, կոմպոզիտորներ Ս. Բարբերը, Ա. Հովհաննեսը, Յու. Կեյը, Ա. Քոփլենդը, Ջ. Մենոտտին, Ու. Պիսթոնը, Ռ. Սեշենսը, Է. Սիգմայստերը, Ռ. Տարրիսը, Տ. Հանսոնը, Ու. Շումենը, Ռ. Յարդումյանը, դիրիժորներ՝ Ջ. Սելլը, Է. Լայնդսորֆը, Լ. Սազելը, Յա. Օրմանդին, Ա. Ռոձինսկին, Լ. Ստոկովսկին, դաշնակահարներ՝ Ջ. Բրաունինգը, Զ. Բայրոնը, Վ. Կլայբեռնը, Յու. Լիստը, Մ. Ֆրագերը, ջութակահարներ՝ Ե. Մենուհինը, Մ. Ռուբինը, Ռ. Ռիչչին, Ի. Ստեռնը, Բ. Սենովսկին, Կամիլլա Ուիկսը, Է. Ֆրիդմանը, թավջութակահարներ՝ Լ. Ռոզը, Լ. Պառնասը, երգիչներ՝ Ժ. Պիրսը, Պ. Ռոբսոնը, Լ. Թիբբեթը, Լ. Ուորրենը, Ս. Քրմոյանը, երգիչ և կոմպոզիտոր Պ. Սիգերը, երգչուհիներ՝ Լ. Ամարան, Մ. Անդերսոնը, Ռ. Բեմպթոնը, Մ. Դոբսը, Լ. Չուգասզյանը, Լ. Պոնսը, Ռ. Պոնսելը, Լ. Պրայսը, Ռ. Ռոզնիչեկը, Է. Ստիբերը, երաժշտագետներ՝ Օ. Քինկելդին, Պ. Լանգը, Ն. Սլոնիմսկին, Ջ. Չեյզը։ Օպերային թատրոններից են «Մետրոպոլիտեն օպերան» և «Սիթի օպերան» Նյու Յորքում։ Երաժշտական ուսումնական խոշոր հաստատություններից են՝ Ջուլյարդի երաժըշտական դպրոցը՝ Նյու Յորքում, Կյորտիս ինստ․–ը՝ Ֆիլադելֆիայում, Մալքին կոնսերվատորիան՝ Բոստոնում։ Կա մոտ 60 պրոֆեսիոնալ նվագախումբ (առավել հայտնիները գործում են Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Քլիվլենդում)։ Համալսարանները նույնպես ունեն երաժշտական ֆակուլտետներ։ Գործում են բազմաթիվ ուսանողական նվագախմբեր, երգչախմբեր, գործիքային և վոկալ անսամբլներ (Միչիգանի համալսարանի փողային նվագախումբը, Օբեռլինի համալսարանի երգչախումբն ու կամերային նվագախումբը ևն)։ Գոյություն ունեն բազմաթիվ երաժշտական ընկերություններ, ասոցիացիաներ, կազմակերպվում են երաժշտական փառատոներ։

Բալետը։ ԱՍՆ–ի ազգային բալետը կազմավորվել է XX դարի 2-րդ քառորդում։ Ամերիկյան բեմական պարի զարգացման նոր էտապը կապված է Ա. Դունկանի ստեղծագործության հետ։ «Ազատ պարի» կողմնակիցներից էին նաև Ռ. Սեն–Դենին և Թ. Շոուն, որոնք կազմակերպեցին դպրոց, ուր սովորում էին, այսպես կոչված, «մոդեռն պարի» առավել տաղանդավոր ներկայացուցիչները։ Վերջին տարիների բնորոշ երևույթներից մեկը դասական պարի և «մոդեռն պարի» փոխներգործությունն ու փոխհարստացումն է։ 1930-ական թթ. ԱՄՆ–ում կանոնավոր կերպով հյուրախաղեր էր տալիս «Բալլե Ռյուսս դե Մոնտե–Կարլո» խումբը, որը 1938-ին ընդմիշտ հաստատվեց այնտեղ։ Դա առաջին պրոֆեսիոնալ բալետային խումբն էր, որ կանոնավոր կերպով դասական բալետներ էր ներկայացնում Մ. Մ. Ֆոկինի, Լ. Ֆ. Մյասինի և ուրիշների բեմադրությամբ։ Ստեղծվեցին նաև երկու խոշոր բալետային կոլեկտիվներ, որոնք առաջատար դեր են կատարում նաև ներկայումս. «Նյու Յորք սիթի բալլե» (անունը 1948-ից է), որին կից 1934-ից գոյություն ունի Ամերիկյան բալետի դպրոց և «Բալլե թիետր» (1957-ից՝ «Ամերիկյան բալլե թիետր»)։ Հայտնի են նաև «Վաշինգտոնի ազգային բալետը», «Ռոբերտ Ջոֆրի բալլե»–ն (մինչև 1964), «ԱՄՆ–ի բալետը», ղեկավար՝ Ջ. Ռոբբինս (մինչև 1963) ևն։ Ամերիկյան առաջատար պարուհիներից են՝ Ա. Դանիլովան, Ռ. Բորիսը, Մարիա և Մարջորի Տոլչիֆները, Ն. Քեյը, Ռ. Հայթաուերը, Մ. Հեյդենը, Լ. Սերրանոն, Ա. Քենթը և ուրիշներ,