զրպարտչական ֆիլմերը, ֆրեյդական ժապավենները։ Հետապնդվում են առաջադեմ կինոգործիչները, նրանց անունները մտցվում են «սև» ցուցակների մեջ, ոմանք արտագաղթում են Եվրոպա։ 1952-ին երևան եկավ պանորամային կինոն՝ «սիներամա»–ն։ 1953-ին թողարկվեցին լայնէկրան ֆիլմեր։ 1958-ին համարյա բոլոր կինոթատրոններում տեղադրվեցին լայնէկրան սարքավորումներ։ «Հոլիվուդի սիստեմի» անկումը հնարավորություն ընձեռեց «անկախ» կինոընկերությունների գործունեության համար։ Դրանցից «Յունայտեդ արտիստս»–ը, որ գլխավորում են Ս. Կրամերն ու Կ. Ֆորմանը, կարճ ժամանակում թողարկեց մի շարք ռեալիստական ֆիլմեր՝ «Կեսօր» (1952, ռեժ. Ֆ. Ցինեման), «Վերջին ափի վրա» (1959), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962, երկու ֆիլմերի ռեժ. Կրամեր), «Հաղթողներ» (1964, ռեժ. Ֆորման), «Յոթ օր մայիսին» (1964, ռեժ. Ջ. Ֆրանկենհայմեր)։ Նյու Յորքում աշխատում են, այսպես կոչված, «Նյու Յորքյան դպրոցի» կինեմատոգրաֆիստները։ Միջոցներ չունենալով նրանք դիմեցին փաստագրական կինոյին, ստեղծեցին ժամանակակից իրականության հրատապ խնդիրները արտացոլող ֆիլմեր՝ «Բաուերիի վրա» (1958), «Վերադարձիր Աֆրիկա» (1959, երկու ֆիլմերի ռեժ. Լ. Ռոգոզին), «ամերիկյան ապրելակերպը» պատկերող՝ «Ցասումնալից աչք» (1960, ռեժ. Ջ. Ստրիկ, Ա. Մեյերս ե Բ. Մադդոու) ֆիլմերը։ 1929-ից Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան (Լոս Անջելես) ամերիկյան և արտասահմանյան լավագույն, ֆիլմերի համար ամեն տարի շնորհում է «Օսկար» մրցանակը։ Ամերիկյան կինոյի ռեալիստական ուղղությունը զարգացնող ռեժիսորների ղեկավարությամբ ստեղծվել է դերասանական արվեստի ամերիկյան դպրոցը, որի լավագույն ներկայացուցիչներն են» Բ․ Դեյվիսը, Ս. Թրեյսին, Ֆ.Մարչը, Հ. Ֆոնդան, Գ. Կապերը, Չ. Լոթոնը, Ա. Քուինը, Բ. Լանքասթերը, Մ. Բրանդոն, Գ. Պեկը։
XVIII. Հայերը ԱՄՆ–ում։
Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են XVII դ. առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի անունը (հիշատակվում է 1618-ին) Ջոն Մարտին (Martin the Armenian) էր։ Հայտնի է նաև, որ երկու շերամաբույծ վարպետներ Թուրքիայից Ամերիկա են գնացել (1653–1654) Վիրջինիայի կառավարչի հրավերով՝ շերամաբուծությունը զարգացնելու նպատակով։ XVII–XVIII դդ. շատ հայեր մուտք են գործել Ամերիկա Արևելյան Եվրոպայի երկրներից, մասնավորապես Լեհաստանից և Հունգարիայից։ XIX դ. 30-ական թթ. սկսած հայերի նոր հոսք է սկսվում դեպի ԱՄՆ, որը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական գործունեության։ 1861–65-ին քաղաքացիական պատերազմին հաջորդած շրջանում, երբ երկիրը թևակոխեց արդյունաբերական բուռն զարգացման շրջանը, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՄՆ սկսեցին գալ հայերի խմբեր։ Պատճառը հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի անապահովությունն էր Թուրքիայում։ 1870-ական թթ. վերջերին Նյու Յորքում, Վուսթերում, Փրովիդենսում սկսեցին ձևավորվել հայ առաջին համայնքները։ XIX դ. վերջին Վուսթերը, որտեղ, երկաթալարի գործարանում, մեծաթիվ հայ բանվորություն էր աշխատում, դարձել էր ԱՄՆ–ի արևելյան նահանգներում բնակվող հայության կենտրոնը։ 1891-ին Վուսթերում կառուցվեց ԱՄՆ–ում հայկ. առաջին եկեղեցին (Ս. Փրկիչ)։ XIX դ. 2-րդ կեսին հայերը սկսել են հաստատվել նաև Կալիֆոռնիայում, որտեղ 1881-ին հիմնվել է առաջին հայ համայնքը (Ֆրեզնո)։
ԱՄՆ գաղթած հայերի թիվը ստվարացավ հատկապես 1894–96-ի համիդյան ջարդերից հետո։ Հայերը հեռանում էին Թուրքիայից, հիմնականում, ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկվելու համար։ Այդ տարիներին ԱՄՆ–ի ֆիլանտրոպիական շրջանները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել. հայերի և Հայաստանի նկատմամբ, ստեղծվեց «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը (նախագահ Ի. Բորրոուս, քարտուղար Ա. Բլեքուել), որը բողոքի ցույցեր կազմակերպեց հայկ. կոտորածների դեմ և հանգանակություններ կատարեց հօգուտ տուժածների։
Վիճակագրական տվյալներով 1820–1899-ին Թուրքիայից ԱՄՆ մուտք էր գործել 95.930 մարդ, որից 30.552-ը՝ հայեր։ 1900-ին ԱՄՆ–ում եղած հայերի թիվը շուրջ 25.000 էր։
1908-ից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912–13), ապա Մեծ եղեռնը ուժեղացրին հայերի գաղթը Թուրքիայից։ 1920-ին հայերի թիվն ԱՄՆ–ում 100 հզ. էր։ Գաղթականական հանձնախմբի հրապարակած տվյալներով, ԱՄՆ։ի հայերի սոցիալական կազմում եղել են. արհեստավորներ և բանվորներ՝ 56,6%, հողագործներ և գյուղատնտ. բանվորներ՝ 23,5%, տարբեր մասնագետներ՝ 2,3%, առևտրականներ՝ 8–10%։ 1930-ական թթ. ԱՄՆ գաղթած հայերի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։ Հայտնի է, սակայն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին նրանց թիվը շուրջ 200 հզ. էր, իսկ 1945-ին՝ 215 հզ.։ 1972-ին ԱՄՆ–ում ապրում էր շուրջ 450 հզ. հայ՝ հիմնականում Նյու Յորք, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Ջերսի, Վիրջինիա, Փենսիլվանիա, Դելավեր, Իլինոյս, Մերիլենդ, Միչիգան, Քոնեքթիքութ, Նյու Հեմփշիր, Վիսքոնսին, Ինդիանա, Օհայո, Միսսուրի, Կանգաս, Նեբրասկա, Կալիֆոռնիա նահանգներում և Կոլումբիա օկրուգում։ Նրանց գրեթե կեսը բնակվում է վեց խոշոր քաղաքներում (իրենց արվարձաններով)՝ Նյու Յորք (60.000), Լոս Անջելես (50.000), Դետրոյտ (40.000), Բոստոն (40.000), Չիկագո (20.000), Ֆիլադելֆիա (12.000)։ Հայաշատ քաղաքներ են նաև Ֆրեզնոն (30.000), Սան Ֆրանցիսկոն (10.000), Փրովիդենսը (10.000) ևն (տես Հայերի տեղաբաշխումը ԱՄՆ–ում քարտեզը)։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին, որոնք ցածր օրավարձով աշխատում էին Վուսթերի և այլ քաղաքների գործարաններում։ Հազարավոր հայ բանվորներ էին աշխատում Ֆորդի գործարաններում, Չիկագոյի սպանդանոցներում ևն։ Ավելի ուշ առանձին մարդիկ հայտնվեցին բիզնեսի ասպարեզում։ Կալիֆոռնիայում հայերը հռչակվեցին որպես լավ հողագործներ։ Նրանք տնկեցին խաղողի, պտղատու (թուզի, նարնջի, ծիրանի, դեղձի) այգիներ, զբաղվեցին բանջարանոցային կուլտուրաների (ձմերուկ, սեխ ևն) մշակությամբ։ 1960-ական թթ. Սան Վոքին հովտում հայերն ունեին խաղողի, չամչի, մրգերի, գինիների արտադրության ու վաճառքի հետ կապված 20-ից ավելի արտադրական ձեռնարկություններ։ Ընդհանուր առմամբ, հայ ագարակատերերն արտադրում են Սան Վոքին հովտի խաղողի 1/4-ը և բոլոր տեսակի մրգերի՝ 40%-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և հետո հայ բիզնեսմեններ երևացին նաև մեքենաշինության, սարքաշինության, էլեկտրոնիկայի, ինչպես նաև սպասարկման, առևտրի, ֆինանսական կապիտալի ոլորտներում։ Ամերիկահայությունը մասնակցում է երկրի հասարակական–քաղաքական կյանքին։ Ամերիկահայ բանվորությունը մասնակցում է համաամերիկյան արհմիութենական, իսկ նրա հեղափոխական տարրը՝ կոմունիստական շարժմանը։ Գաղութի առանձին ներկայացուցիչներ պաշտոնավարում են պետական ու կառավարական հիմնարկներում, մամուլի օրգաններում։
Ամերիկահայերին միավորող համագաղութային մարմին գոյություն չունի։Նրանք ընդգրկված են տարբեր հասարակական կազմակերպությունների, միությունների ու ընկերությունների մեջ։ Դրանցից հնագույնը «Հայկական միություն»–ն է (Նյու Յորք, 1886)։ XIX դ. 80–90-ական թթ. հիմնվել են նաև «Կաճառ հայկական»–ը (1888, Վուսթեր), «Արարատյան գունդ»–ը (1890, Նյու Յորք), «Հայոց գրադարանի միություն»–ը (1892, Ֆրեզնո), «Հայոց առաջադիմական ընկերություն»–ը (1899, Ֆիլադելֆիա) ևն։ 1906-ից Չիկագոյում գործում է «Ամերիկահայ կրթասիրաց ընկերություն» (1922-ից «Հայ կրթական հիմնարկություն»)։ Ամերիկահայ գաղութային ընկերակցությունը (Նյու Յորք, 1909) խնդիր էր դրել օգնել ԱՄՆ գաղթած հայերին աշխատանք գտնելու և տեղական բարքերին ընտելանալու գործում։ Ամերիկահայ ուսանողական միությունը (1910) նպատակ ուներ միավորել ամերիկյան բուհերում սովորող հայ ուսանողներին և մտավորականներին, հրատարակել հայերեն բառարաններ, ուսումնական ձեռնարկներ։ 1924–37-ին գործել են ՀՕԿ–ի (տես Հայաստանի օգնության կոմիտե) ամերիկյան մասնաճյուղերը։ Աշխույժ գործունեություն են ծավալել Հայ երիտասարդաց միությունը (ՀԵՄ) և հայ օգնության միությունը (ՀՕՄ)։ 1940-ից Նյու Յորքում է գտնվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը, որը գլխավորում է Ալեք Մանուկյանը։ ՀԲԸՄ Ամերիկյան շրջանակի (նախագահ՝ արդյունաբերող և հասարակական գործիչ Էդվարդ Մարտիկյան) մասնա–