Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/313

Այս էջը հաստատված է

հայտ արձանագործներ են՝ Հայկ Բադիկյանը, Ռուբեն Նաքյանը, Խորեն Տեր–Հարությանը, Ակոբ Ակոբովը, Հակոբ (Ժակ) Փափազյանը, Հարություն Ասլանյանը (Հերրի Լայըն), Նշան Թուրը (Թուրունճյան), Վարուժան Պողոսյանը, ճարտարապետներ՝ պրոֆ. Մովսես Գալճյանը, Ժան Մինասյանը, Հրանդ Աղպապյանը, պրոֆ. Հարություն Տիրացյանը։

ԱՄՆ–ի գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց ավանդն ունեն ամերիկահայ գիտնականները։ Դեռես 1840-ական թթ. Յեյլի համալսարանում ուսանած քիմիկոս Խաչատուր Սերոբյանը կատարել է ամերիկյան դեղին թղթադրամի (դոլար) ներկի գյուտը։ Այժմ ԱՄՆ–ում աշխատող ամերիկահայ գիտնականներից ոմանք եկել են սփյուռքահայ այլ գաղութներից։ Միհրան Գասապյանը (մահացել է ճառագայթումից) 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրեց ԱՄՆ–ի առաջին ռենտգենյան լաբորատորիան։ Պրոֆ. Վարազդատ Գազանճյանը պլաստիկ վիրաբուժության (դեմքի և ծնոտի) առաջին մասնագետներից է ԱՄՆ–ում։ Տիեզերական հետազոտությունների ամերիկյան ծրագրին իր մասնակցությունն է բերում «Ինթերնեշընըլ թելեգրաֆ էնդ թելեֆոն քորփորեյշըն»–ի լաբորատորիաների ընդհանուր վարիչ և ընկերության փոխնախագահ Արմիկ Գանտոյանը։ Նրա պաշտոնավարած հաստատության լաբորատորիաներում է պատրաստվել «Քուրիեր 1-Բ» արբանյակը, որն արձակվեց 1960-ին։ Ա. Գանտոյանը նաև ինքնաթիռների կույր վայրէջքի ռադիոտեխնիկական սխեմայի հեղինակն է։ Դ–ր Միհրան Կյուլյանը նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Քորնբերգի և դ–ր Ռոբերտ Սինշեյմերի հետ միասին 1967-ին, Չիկագոյի համալսարանի լաբորատորիայում, ստացավ ԴՆԹ։ Անցյալի և ներկայի անվանի գիտնականներից են՝ մաթեմատիկոսներ Երվանդ Քողբեթլյանցը, Կարլ Կարապետյանը, Տիգրան Էրքիլեթյանը, Հովարդ Նահիկյանը, Պողոս Կարապետյանը, Ֆրեդ Ասատուրյանը, Ալեքսանդր և Սմբատ Աբյան եղբայրները, Արա Ավագյանը, ֆիզիկոսներ՝ Կարապետ Տաղլյանը, Կարապետ Գապաքճյանը, Հարություն Տատարյանը, Տիրան Թոմպուլյանը, Վազգեն Բարսեղյանը, Հերրի Տաղլյանը, Էնդրյու Նարկիզյանը, Ջորջ Ատոմյանը, քիմիկոսներ՝ Վահան Պապասինյանը, Հարություն Հովհաննես Չագմագճյանը, Զավեն Նալբանդյանը, Վարդգես Մկրտիչյանը, կենսաքիմիկոսներ՝ Մանասե Սևակը (ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ), Չարլզ Գոչաքյանը, Քենեթ Ամիրայանը, մանրէաբան Արծրունի Փախչանյանը, անատոմներ Մարթին Աճեմյանը, Ջոն Պասմաճյանը, բժիշկ–գիտնականներ Միհրան Բարունակյսւնը, Վերոնիկա Արմաղանը, Վահագն Թաշճյանը, հոգեբույժներ Գրեգորին (Գրիգորյան), Կարո Այվազյանը, վիրաբույժներ Համբարձում Քելիկյանը (Քեքլիկյան), Տիգրան Պերպերյանը, Ջոն Ապաճյանը, Նյու Յորքի անեստեզոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԱՄՆ–ի ակադեմիայի պատվավոր անդամ Վիրջինիա Աբգարը։ Սնկաբան Լևոն Լևոնյանը կարևոր աշխատանքներ է կատարել գյուղատնտ. կուլտուրաների սնկային հիվանդությունների դեմ պայքարելու ասպարեզում։ Աչքի ընկնող գիտնականներից են. էլեկտրատեխնիկայի գծով՝ Վլադիմիր Կարապետովը, Հրաչ (Չարլզ) Փափազյանը, Վիլյամ Պողոսյանը, Նորման Պալապանյանը, մեխանիկայի գծով՝ Լևոն Սահակը, Մորիս Լարյանը, օվկիանոսագետ Ռիչարդ Պուլությանը, աստղագետ Առաքել Ավազլյանը, տիեզերական հետազոտությունների գծով՝ Պողոս (Փոլ) Տեր–Կարապետյանը, Կարլ Խաչիկյանը, որ 1958-ին ղեկավարեց «Ատլաս» ամերիկյան բազմաստիճան հրթիռի առաջին արձակումը, Վիկտոր Աֆթանդիլյանը (հրթիռային վառելանյութի մասնագետ)։ Բազմաթիվ են ամերիկահայ գյուտարար–ինժեներները. Սարգիս Թերգյանը ունի գյուտեր ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում. Հարություն (Հերրի) Գըլճյանը էներգետիկային, արհեստական մետաքսաթել արտադրող կատարելագործված մեքենաներին, ատոմային ռեակտորին վերաբերող մի շարք գյուտերի հեղինակ է։ Նա նախագահն է իր իսկ հիմնադրած Ֆիլադելֆիայի «Ինժեներների և կոնստրուկտորների ընկերության», որ բազմաթիվ էլեկտրակայաններ և ինժեներական այլ կառույցներ է նախագծել ԱՄՆ–ի և արտասահմանյան երկրների (Պակիստան, Իսպանիա ևն) համար։

Հումանիտար գիտությունների տարբեր բնագավառներում աչքի են ընկել Գասպար Մալլարյանը (լեզվաբանություն), ՀՍՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ Սիրարփի Տեր–Ներսեսյանը (բյուզանդագիտություն և հայագիտություն), Լ. Նալպանտյանը (պատմություն) և ուրիշներ։

XIX դ. վերջից ԱՄՆ–ում հետազոտություններ են կատարվել հայագիտության ասպարեզում։ Անցյալի հայտնի հայագետներից են Հարություն Թիրյաքյանը, Մ. Սմբատ Գաբրիելյանը, Մարտիրոս Անանիկյանը, Վահան Քյուրքճյանը, Միհրան Մինասյանը, Բաբգեն Կյուլեսերյանը, Տիրայր Հովհաննեսյանը, Գարեգին Խաչատուրյանը, Տիրան Ներսոյանը և ուրիշներ։ Հայագիտության մեջ բազմամյա վաստակ ունեն ամերիկահայ ավագ սերնդի հայագետներից՝ պատմաբան Հրանդ Ք. Արմենը, հնագետ Հարություն Քյուրտյանը, ազգագրագետ–բանահավաքներ Երվանդ Տեր–Մկրտիչյանը, Տիգրան Մկունդը, քարտեզագիր Հովհաննես Պապեսյանը, պատմաբան Մանուկ Ճիզմեճյանը, միջին և նոր սերնդի ներկայացուցիչներից՝ Ավետիս Սանճյանը, Պողոս Էսապալյանը, Զարեհ Պտուկյանը, Նինա Գարսոյանը, Տիգրան (Ռիչարդ) Հովհաննեսյանը և ուրիշներ։ Հայագիտության զարգացմանը մեծ չափով խթանեց հայ մտավորականների ջանքերով 1955-ին Բոստոնում հիմնադրված «Հայագիտական ուսմանց և հետազոտություններու ազգային ընկերակցություն»–ը (NANSR), որը մասնաճյուղեր ունի մի շարք քաղաքներում։ Հայագիտական ամբիոններ են գործում Հարվարդի, Կոլումբիայի և Կալիֆոռնիայի համալսարաններում, ինչպես նաև հայագիտական դասընթացներ՝ Ջորջթաունի (Վաշինգտոն), Ֆրեզնոյի և մի շարք այլ քաղաքների համալսարաններում ու կոլեջներում։ 1926-ին մի խումբ ամերիկահայ գիտնականների նախաձեռնությամբ ստեղծվեց «Ամերիկահայ գիտական միություն»–ը, որի առաջին նախագահը դարձավ քիմիկոս Զավեն Նալբանդյանը, քարտուղարը՝ կենսաքիմիկոս Մանասե Սևակը։ Միության ներկայիս նախագահն է դ–ր Վարդգես Մկրտիչյանը։ Միությունը հրատարակել է «Գիտական շարժում» (1930, Նյու Յորք), «Բյուլլետեն» (1968-ից, անգլ.) պարբերականները։ 1950-ական թթ. կեսերից սկսեցին ընդլայնվել ու ամրապնդվել ԱՄՆ–ի հայ գաղութի և Սովետական Հայաստանի կապերը։ Դրան մեծապես նպաստել են Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը, իսկ 1964-ից՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ Ներկայումս Հայաստանի մշակութային, հասարակական, գիտական և ուսումնական հաստատությունների հետ հարաբերությունների մեջ են ամերիկահայ հարյուրավոր կազմակերպություններ (մշակութային, հայրենակցական, երիտասարդական միություններ, բարեգործական, կրթական, գիտական հիմնարկներ, դպրոցներ, գեղարվեստական խմբեր, ակումբներ, խմբագրություններ) և հազարավոր ամերիկահայեր (արվեստագետներ, հասարակական գործիչներ, գրողներ, գիտնականներ, գրասերներ)։ Ամեն տարի Հայաստան են այցելում ամերիկահայ զբոսաշրջիկներ, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, գիտական գործիչներից կազմված խմբեր։ Սփյուռքահայ ուսուցիչների կատարելագործման դասընթացներին մասնակցում են ամերիկահայ մանկավարժներ, իսկ ամերիկահայ դպրոցականների խմբեր իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի պիոներական ճամբարներում։ Հայաստանում հաջողությամբ ելույթներ են ունեցել դիրիժոր Հայկ Յաղճյանը, կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, երգիչներ Լուսին Ամարան, Լիլի Չուգասզյանը, Միքայել Քրմոյանը, Արա Պերպերյանը, Շաքե Շահբազյանը, դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, երգեհոնահար Պերճ ժամկոչյանը և ուրիշներ։ Այստեղ ցուցադրվել են արձանագործ Խորեն Տեր–Հարությանի, գեղանկարիչ Քերո Անթոյանի, գծանկարիչ Մինաս Մինասյանի և այլոց ստեղծագործությունները։ Հայաստանի գիտական հաստատությունների հետ սերտ հարաբերություններ են հաստատել ամերիկահայ գիտնականներ Մանասե Սևակը (1896–1967), Վարդգես Մկրտիչյանը, Հարություն Քյուրտյանը և ուրիշներ։ Հայաստանի հրատարակչությունները լույս են ընծայել ամերիկահայ գրողներ Կարապետ Սիտալի, Վահե Հայկի, Բենիամին Նուրիկյանի, Անդրանիկ Անդրեասյանի, Հակոբ Գույումճյանի և ուրիշների ստեղծագործությունները։ Թարգմանվել են հայերեն և հրատարակվել Վիլյամ Սարոյանի վեպերը, թատերգություններն ու պատմվածքները, իսկ Սունդուկյանի անվ. թատրոնը բեմադրել է նրա «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Հայ սովետական գիտնականների համագործակցությամբ Արթին Շալյանը անգլ.