Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/316

Այս էջը սրբագրված է

ընդհանուր գործունեությանը՝ նյութական ու բարոյական օգնություն կազմակերպելով սովետական բանակին։

Ետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկահայ կոմունիստները զգալի մասնակցություն ցուցաբերեցին Հայկական համաշխարհային կոնգրեսի (1947)՝ աշխատանքներին, հայրենադարձության շարժմանը, Սովետական Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը։

1947-ի ամռանը ԱՄՆ–ում սկսվեց աննախադեպ հակակոմունիստական կամպանիա, որի հետևանքով զգալիորեն նոսրացան ԱՄՆ–ի կոմկուսի շարքերը։ Հետապնդումներից գերծ չմնացին և հայ կոմունիստները։ Գործելով կիսալեգալ պայմաններում՝ ԱՄՆ–ի կոմկուսի շարքերում նրանք շարունակում են պայքարը։ Վ. Ավետիսյան, Հ. Հակոբյան

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐ (ԱՄՆ–ի բնակիչների ինքնանվանումը), ազգ, կազմում է ԱՄՆ–ի բնակչության մեծամասնությունը։ Ապրում են նաև ԱՄՆ–ից կախում ունեցող երկրներում։ Ա–ի թիվը մոտ 200 մլն. է (1967), որից 22 մլն. նեգրեր և մուլատներ են։ Ազգի կորիզը կազմել են XVII դ. սկզբից Հյուսիսային Ամերիկայում վերաբնակված անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, հոլանդացիները, դանիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները։ Ամերիկյան ազգի ձևավորմանը մասնակցել են նաև հնդկացիները և աֆրիկացիները։ Այն հիմնականում կազմավորվել է մինչև անկախության պատերազմը (1775–83) և նրա ընթացքում։ XIX դ. վերջին ուժեղացավ Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպայից, ինչպես նաև Ասիայից վերաբնակիչների հոսքը դեպի ԱՄՆ, որը երկրի բնակչությունը էթնիկական տեսակետից դարձրեց էլ ավելի խայտաբղետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելացել է վերաբնակիչների թիվը (Լատինական Ամերիկայի Երկրներից, մասնավորապես՝ Մեքսիկայից)։ Ա. համեմատաբար երիտասարդ ազգ են։ Էթնիկական համախմբումն այնտեղ դեռ չի ավարտվել։ Ա–ի մեջ մտնող ազգային շատ խմբեր (լեհեր, իտալացիներ, հայեր և ուրիշներ) պահպանել են ազգային որոշ ավանդույթներ, նաև լեզուն։ Ա. խոսում են անգլերեն, որը և ԱՄՆ–ի պետական լեզուն է։ Սակայն Ա–ի լեզուն բառապաշարով ու արտասանությամբ տարբերվում է անգլիացիների լեզվից։ ԱՄՆ–ում չկա պաշտոնական պետական կրոն։ Երկրում գոյություն ունի մոտ 260 դավանություն և աղանդ։ Ա–ի մեծ մասը բողոքական եկեղեցու հետևորդ է, զգալի թիվ են կազմում կաթոլիկները և հուդայական կրոնի հետևորդները։ Ա–ի տնտեսության ու մշակույթի մասին տես Ամերիկայի Միացյալ Նահանգներ հոդվածում։


ԱՄԵՐԻԿԻՈՒՄ (Americium), Am, տարրերի պարբերական համակարգի III խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, կարգահամարը՝ 95։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝

,

K–, L–, M1–, N– թաղանթները լրացված են։ Պատկանում է տրանսուրանային շարքի ակտինիդներին։ Առաջինն ստացվել է (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, 1944, ԱՄՆ) իզոտոպը, –ը նեյտրոններով ռմբակոծելիս՝ ։ Անվանվել է հայտնաբերման վայրի՝ Ամերիկայի անունով։ Ունի մի շարք իզոտոպներ (237–246), որոնցից ամենակայուններն են՝ ( = 7950 տարի), ( ≈ 100 տարի) և ( = 458 տարի)։ Ա. արծաթագույն փափուկ մետաղ է, խտությունը՝ 13670 կգ/մ, հալման ջերմաստիճանը՝ 995°C, եռմանը՝ 2107°C։ Քիմիական հատկություններով նման է եվրոպիումին։ Մետաղական Ա. ստացվել է 1100°C–ում բարիումով վերականգնելու միջոցով։ Քիմիապես ակտիվ է, օդում օքսիդանում է, միանում ջրածնի և հալոգենների հետ, թթուներից դուրս է մղում ջրածին։ Ունի փոփոխական արժեքականություն՝ + 2–ից +6, որոնցից կայունը +3 է։ Ստացվել են Ա–ի օքսիդները՝ , հալոգենիդները՝ , հիդրիդը՝ , հիդրօքսիդը՝ (բաց կարմիր դոնդողանման նստվածք է) ևն։ Եռարժեք Ա–ի աղերի լուծույթներին բնորոշ է կարմիր գույնը։ Գործնական կիրառություն չունի։


ԱՄԵՐԻԿՅԱՆ Ցոլակ (Սուլուլիկյան Գալուստ) Քերովբեի (1887–1964), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1947)։ Ծնվել է սեպտեմբերի 23 (հոկտ. 5)–ին, Տրապիզոնում։ Նախնական կրթությունն ստացել է Բաթումի հայկական ծխական դպրոցում, ապա ռուսական քաղաքային ուսումնարանում։ Բեմ է բարձրացել 1906-ին, տեղի հայկական սիրողական թատերախմբում։ Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1909-ին։ Խաղացել է Սիրանույշի, Հ. Աբելյանի, Վ. Փափազյանի թատերախմբերի կազմում, շրջագայել Ռուսաստանի, Կովկասի, Ուկրաինայի, Միջին Ասիայի և Արևմտյան Հայաստանի հայաշատ վայրերում։ Երբեմն էլ ինքն է կանգնել առանձին խմբերի գլուխ և «անհատապաշտսւկան թատրոնի» սկզբունքով առաջնորդել թատերասեր երիտասարդությանը։ 1931-ից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում։ Ա–ի ստեղծած կերպարներից շատերը մտել են հայ բեմարվեստի պատմության մեջ. դրանք են՝ Սատին, Զախար Բարդին . (Գորկու «Հատակում», 1932, «Թշնամիներ», 1950), Մանուկ աղա (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934), Շահ Զեիր (Ջանանի «Շահնամե», 1935), Կավալեր Ռիպաֆրատա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», 1936), Շեյլոկ, Մալվոլիո (Շենքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1937, «Տասներկուերորդ գիշեր», 1944), Մամլոկ (Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկ», 1941), Մուրոմսկի (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1946), Շպուլենկո (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», 1955)։ Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938, «Տժվժիկ», 1961)։ Ա–ի ստեղծած ռեալիստական կերպար– ներին հատուկ են բարձր ներշնչանքը, բեմական հմայքը։ Մահացել է սեպտ. 17-ին, Երևանում։

Գրկ. Հարությունյան Ս. Ս., Ցոլակ Ամերիկյան, Ե., 1957։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967, էջ 351–55։


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԳԵՈՆ, պատերազմի վետերանների կազմակերպություն ԱՄՆ–ում։ Ստեղծվել է 1919-ին։ 1968-ին ուներ 2,3 մլն. անդամ։ Կազմակերպության ղեկավար մարմինն է ազգային գործադիր կոմիտեն՝ լեգեոնի ամենամյա համագումարներում ընտրվող ազգային հրամանատարի գլխավորությամբ։ Ա. լ–ի ստորին օղակները, այսպես կոչված պահակակետերը (թվով 17 հզ.), տարածված են ողջ երկրռւմ։ Գլխավոր շտաբները գտնվում են Ինդիանապոլսում և Վաշինգտոնում։ Առաջնորդվելով «զտարյուն ամերիկացի» ազգայնամոլական տեսությամբ՝ Ա. լ–ի ղեկավարությունը ԱՄՆ–ի ներքին և արտաքին քաղաքականության; մեջ խաղում է հետադիմական դեր։ Ա. լ–ին ֆինանսավորում են խոշոր մոնոպոլիաները։


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդկացիական լեզուներ, Ամերիկայի բազմաթիվ հնդկացի ցեղերի ու ժողովուրդների լեզուները։ Այդ լեզուներից շատերը բավարար չափով ուսումնասիրված չեն, նրանց ցեղակցական կապերը դեռևս չեն պարզվել։ Եղած դասակարգումներով բոլոր հնդկացիական լեզուները բաժանվում են 123 (ըստ Պ. Ռիվեի) կամ 109 (ըստ Վ. Շմիդի) խմբի։ Դրանցից գլխավորներն են. Հյուսիսային Ամերիկայում՝ աթաբասկյան, ալգոնկինյան, սելիշ, սիու, հոկա, պենուտի, իրոկեզյան, մուսկհոգի, կենտրոնական Ամերիկայում՝ ուտո–ացտեկյան, մայա, Հարավային Ամերիկայում՝ կեչուա, այմարա, չիբչա, կարիբյան, արավակյան, տուպի–գուարանի, ժեզ, տուկանո, պանո, արաուկանյսւն, չոն ևն։ Փորձեր են եղել բոլոր այդ լեզուները մեծ ընտանիքներում կամ ծագումնաբանորեն մեկ ընտանիքում միավորելու ուղղությամբ, բայց անբավարար տվյալների պատճառով առայժմ դրանք ընդունելություն չեն գտել։ Իրենց քերականական կառուցվածքով Ա. լ–ի մի զգալի մասը բազմահամադրական տիպի է։