322 ԱՄԻՐԽԱՆՑԱՆ
և հանքային ծագում ունեցող դեղերը և դըրանց բաղադրիչ նյութերը։ Նա օգտագործվող բուսանյութերը բաժանել է ընտանի և վայրի տեսակների՝ հաճախ նախապատվություն տալով վերջինին։ Որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել կենդանիների օրգանները (տես Օրգանաբուժություն)։ Մեծ նշանակություն է տվել հանքային ծագում ունեցող դեղամիջոցներին (արջասպներ, երկաթի, պղնձի և այլ մետաղների աղեր, սնդիկ, ծծումբ, ոսկի, արծաթ, մկնդեղ, կապար ևն)։ Որպես դեղանյութ Ա. Ա. կարևոր տեղ է տվել կերակրի աղին։ Ստամոքս–աղիքային հիվանդությունների և սակավարյունության դեպքում աոաջարկել է երկաթ պարունակող տարբեր պատրաստուկներ։ Ծծումբը քսուքի ձևով օգտագործել է մաշկային հիվանդությունների բուժման համար։ Որպես ցավազրկող և քնաբեր միջոցներ նկարագրել է զաֆրանը, մանրագորը, հաշիշը։ Ա. Ա. թողել է ավելի քան 100 դեղատոմս՝ որդերի դեմ պայքարելու համար։ Ա. Ա–ու դեղատոմսերը գրված են պարզ լեզվով, զերծ են ծածկագրերից և հատկապես ընդգծված են բաղադրիչ նյութերի կշռային հարաբերությունները։
Անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ա. Ա–ու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձևը, կառուցվածքը և մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությանը։ Ա. Ա. նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդի ուղին ևն։ Ախտանշագիտության, մասնավոր ախտաբանության և թերապիայի ասպարեզում կարևոր են զարկերակի (պուլս) ռիթմի և հաճախականության, մեզի, կղկղանքի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։
Տեսողական նյարդերի ուղին ըստ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» գրքի (XV դ.)։
Ա. Ա. զբաղվել է նաև աստղաբաշխության հարցերով։
Երկ. Անգիտաց անպետ կամ բառարան բժշկական նյութոց, Վնն., 1926։ Օգուտ բժշկության, Ե., 1940։
Գրկ. Սեպետճյան Հ. Հ., Դեղագործությունը Հայաստանում ըստ Ամիրդովլաթի «Աշխատություններ ՀՍՍՌ ԳԱ հայ բժշկ. և բիոլ. պատմության սեկտորի», 1949, № 2։ Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։ Оганесян Л. А., История медицины в. Армении. т. 3. Е., 1946.
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ (Կնյազև) Նաթան Աբրահամի (1872–1949), հայ կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ։ Ծնվել է մարտի 17-ին, Կ. Պոլսում։ Վաղ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Թավրիզ, ապա Թիֆլիս, ուր ստացել է երաժշտական նախնական կրթությունը։ 1888-ին ընտանիքը տեղափոխվել է Հելսինգֆորս (Ֆինլանդիա). 1892–96-ին սովորել է տեղի կոնսերվատորիայում։ 1897-ին անցել է Մյունխեն, որտեղ ավարտել է պետական երաժշտական ակադեմիան։ Գերմանիայի տարբեր քաղաքներում ելույթ է ունեցել որպես երգեհոնահար։ Այնուհետև Բուլղարիայում (Վառնա, Պլովդիվ, Սոֆիա) երգի, երաժըշտության տեսության և դաշնամուրի դասեր է տվել (այդ շրջանում նրան աշակերտել է Բ. Կանաչյանը), մասնակցել բուլղ. օպերայի կազմավորմանը։ 1908-ին մեկնել է Ռուսաստան։ Օդեսայում երգեհոնի դասեր է տվել կայսերական երաժշտ. վարժարանում, եղել Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար։ Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր։ 1910-ին հրավիրվել է Սոֆիա, որպես «Բուլղարական օպերային ընկերության» նվագավար։ 1912-ին Բոստոնի (ԱՄՆ) օպերային թատրոնի երգչախմբի ղեկավարն ու երգեհոնահարն Էր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա։ 1917-ին ավարտել է իր գլուխգործոցը՝ Բուլղարիայի պատմությունից առնված «Իվանկո» օպերան (բեմ. 1932 ին)։ Գրել է նաև շուրջ 200 աշխարհիկ և հոգևոր երգեր՝ հայկ., ռուս., բուլղ., գերմ., անգլ., շվեդ, տեքստերով, Խ. Բոտևի քերթվածների թեմաներով եղանակված գործեր («Գյորգյովդեն» բալլադը, «Հաջի Դիմիտր» բալետը ևն)։ Նրա գրչին են պատկանում նաև «Ռալիցա» օպերան (1936), «Քրիստոս» օրատորիան, «Բուֆֆ» օպերետը (1940)։ Մահացել է հոկտ. 4-ին։
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ Շավարշ Մեհրաբի (1894– 1959), հայ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ ԱՄԿԿ անդամ 1912-ից։ Ծնվել է նոյեմբերի 15-ին, Ղազախի գավառի Կոթիգեղ (այժմ՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան) գյուղում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան։ 1917– 19-ին ընդհատակյա աշխատանք՝ է տարել Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում։ Մասնակցել է Հայաստանում սովետական իշխանության հաստատմանը։ Եղել է Քարվանսարայի (Իջևան) հեղկոմի նախագահ, Հայաստանի Արտակարգ հանձնաժողովի նախագահ, ապա՝ Ներքին գործերի ժողկոմ։ Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, ԿՎՀ, ՀՍՍՀ ԿԳԿ անդամ, ՀամԿ(բ)Կ XIV և XVI համագումարների պատգամավոր։ Մահացել է օգոստ. 26-ին, Երևանում։
ԱՄԻՐՅԱՆ Արսեն Մինասի (1881 – 1918), հայ պրոֆեսիոնալ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։ Ծնվել է նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898-ին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899-ին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902-ին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել Բաքու։ Ա. գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902–06-ին հարել է դաշնակցությանը։ 1906-ին լույս է տեսել Ա–ի «ժամանակն է սթափվելու», իսկ 1907-ին՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով), որտեղ մերկացրել Է այդ կուսակցության քաղաքականությունը։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910-ին, բանտից դուրս գալուց հետո, Ա. անցել է բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև Փետրվարյան հեղափոխությունը (1917) Ա. Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական–պրոպագանդիստական գործունեություն Է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917–18-ին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել Է աշխատավորությանը, մերկացրել Կոմունայի թշնամիներին։ Կոմունայի անկումից (1918-ի հուլիսի 30) հետո ձերբակալվել է և սեպտ. 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ։
Գրկ. Արզումանյան Մ. Վ., Արսեն Ամիրյան, Ե., 1961։
ԱՄԻՐՈՎ Ֆիքրեթ Մեշադի Ջամիլ օղլի (ծն. 1922), ադրբեջանցի կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ծնվել Է նոյեմբերի 22-ին, Գանձակում (Կիրովաբադ)։ 1948-ին ավարտել Է Բաքվի կոնսերվատորիան։ Գրել Է «Սևիլ» օպերան (բեմ. 1953, Ադրբեջանի Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոն), երաժշտական կոմեդիաներ, սիմֆոնիկ մուղամներ՝ «Շար», «Քյուրկ–օվշարի» (1948), «Ադրբեջանական կապրիչչո» (1961), «Սիմֆոնիկ պարեր» (1963), երեք կոնցերտ դաշնամուրի համար նվագախմբի հետ, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, մշակել է ժող. երգեր։ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1949)։
ԱՄԻՐՋԱՆՅԱՆ (Ամիրջան) Բեգլար Աստվածատուրի (1868–1937), հայ օպերային արտիստ (բարիտոն)։ Ծնվել Է հուլիսի 2(14)–ին, Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1876–86)։ 1886–1889-ին սովորել է Պետերբուրգի կոնսեր–