Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/323

Այս էջը սրբագրված է

վատորիայում, երգել հայոց եկեղեցում՝ Մ. Եկմալյանի ղեկավարած երգչախմբում։ 1894-ին ավարտել է Միլանի կոնսերվատորիան, նայն տարին, իտալական խմբերից մեկի հետ, ելույթներ ունեցել Վենետիկ, Ջենովա և այլ քաղաքներում։ 1895-ին հրավիրվել է Մոսկվա, Մեծ թատրոն, աշխատել մինչև 1903։ 1903–04-ի թատերաշրջանում երգել է Թիֆլիսի արքունական թատրոնում, 1904–16-ին՝ Պետերբուրգի ժողովրդական տան օպերայում։ 1914-ին Մոսկվայում Դևի դերերգով մասնակցել է Ա. Ռուբինշտեյնի «Դևը» օպերայի հայերեն ներկայացմանը, որը կազմակերպել էր Հայ օպերային արտիստների ընկերությունը։ 1916-ին տեղափոխվել է Թիֆլիս։ Սովետական կարգերի հաստատումից հետո կազմակերպել է երաժշտական դպրոցներ և մինչև 1932 զբաղվել մանկավարժությամբ։ Ա–ի խաղացանկն ընդգրկել է մոտ 50 օպերա։ Լավագույն դերերգերից են՝ Ամոնասրո, Ռիգոլետտո, Ժերմոն, Կոմս դի Լունա (Վերդիի «Աիդա», «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տրուբադուր»), Վալենտին (Գունոյի «Ֆաուստ»), Դև (Ռուբինշտեյնի «Դևը»)։ Հանդես է եկել նաև մենահամերգներով՝ մեծ տեղ տալով հայ կոմպոզիտորների գործերին։ Ելույթներ է ունեցել նաև Օդեսայի, Կիևի, Նիժնի Նովգորոդի օպերային թատրոններում։ Մահացել է մայիսի 18-ին, Թիֆլիսում։ Մ. Մուրադյան

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ Տիգրան (1835–1897), հայ բանաստեղծ, թատերագիր, մանկավարժ։ Ծնվել է Վանում։ Ավարտել է Վարագի ժառանգավորաց վարժարանը։ Ուսուցչություն է արել Պոլսում և Վանում։ Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1860-ական թթ.։ Թատերական երկերում պատկերել է հայ ժողովրդի պատմական անցյալը («Ողբերգութիւն Մեծին Վարդանայ և Տրդատայ», 1862) և իր ժամանակի կյանքը («Ուսեալ պանդուխտ», 1873, «Մրմունջք», 1873)։ Ունի նաև կատակերգություններ։ Մահացել է մարտի 27-ին, Վանում։


ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ (արաբ․ ամիր – հրամայող, իշխան + պահլ. սպահ – զորք և սալարպետ), Վրաստանում զորքի գլխավոր հրամանատարի պաշտոնը, որ ստեղծել է Դավիթ Շինարար թագավորը (1089–1125)։ Ա–ի տոհմին տրվել էր նաև Լոռին (նախկին Լոռու թագավորության տարածքը)։ Ա–ի պաշտոնը 1122–77-ին Օրբելի տոհմի ժառանգական մենաշնորհն էր, ապա տրվեց ղփչաղներին, իսկ 1186-ից՝ Երկայնաբազուկ–Զաքարյանների տոհմին։ Ս. Երեմյան


ԱՍԻՐ–ՔՈՒՐԴ ԱՐԾՐՈԻՆԻ (վրաց. աղբյուրներում՝ Աբուլ–Հասան) (ծն. թ. անհտ.–մոտ 1191), XII դարի երկրորդ կեսի պետական գործիչ, Արծրունի տոհմից (տես Արծրունիներ)։ Վրաց արքունիքում գրավել է բարձր պաշտոններ՝ իր տոհմի ժառանգական արտոնությամբ վարելով Տփղիսի ու Քարթլիի ամիրապետի (ամիրայից ամիրայի) և արքունի գանձարանապետի տեղակալի («Նուցվալի մեճուրճլեթ–ուխուցեսիսա») պաշտոնները։ Խնամիական կապերով կապված էր Զաքարյան տան հետ, քույրը՝ Սահակդուխտը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի կինն էր։ Մեծ կապեր ուներ առևտրա–վաշխառուական շրջանների հետ։ Գործուն մասնակցություն է ունեցել ազնվականության տարբեր խմբավորումների միջև իշխանության համար մղած պայքարում, որն առանձնապես սրվեց Թամար թագուհու ամուսնության կապակցությամբ։ Խմբավորումներից յուրաքանչյուրը ձգտում էր, որ թագուհու ամուսինը լինի իր դրածոն։ Սկզբում հաղթեց Ա–Ք. Ա.։ Նրա միջնորդությամբ թագուհին 1185-ին ամուսնացավ ռուս իշխան Տուրի Բոգոլյաբսկու հետ, որն իր հոր՝ Անդրեյ Բոգոլյաբսկու սպանությունից հետո փախել էր Հյուսիսային Կովկաս և ապաստանել ղփչաղների մոտ։ Այդ ժամանակից վրաց արքունիքում Ա–Ք. Ա–ի դիրքերն ավելի ուժեղացան։ Նա դարձավ պետական խորհրդի՝ «դարբազիի» անդամ՝ ստանալով արքունի գանձարանապետի («մեճուրճլեթ–ուխուցեսի») պաշտոնը, ինչպես նաև Տփղիսից հարավ նոր հողային տիրույթներ՝ Ռուսթավի հետ միասին։ Մահկանաբերդի Արծրունիների այդչափ ուժեղացումից դժգոհ էին Զաքարյանները և ուրիշներ։ Զաքարյանների ճնշմամբ Յուրի Բոգոլյուբսկին 1188-ին հեռացվեց Վրաստանից, իսկ Թամարն ամուսնացավ օս (ալան) արքայազն Դավիթ Սոսլանի հետ։ Այդ պահից Ա–Ք. Ա–ի ազդեցությունն ընկավ։ Ձգտելով վերականգնել նախկին վիճակը՝ նա միացավ վտարանդի Յուրի Բոգոլյուբսկուն, որը 1191-ին փորձեց վերագրավել վրաց գահը։ Սակայն, Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու Իվանեն պարտության մատնեցին Յուրիի բանակը։ Զաքարյանները դարձան վրաց պետության ամենաազդեցիկ իշխանները։ Ա–Ք. Ա. ապստամբության պարտությունից հետո առանձնացավ Մահկանաբերդում։ Այնտեղ էլ մահացավ։

Գրկ. Еремян С. Т., Юрий Боголюбский в армянских и грузинских источниках, «Գիտ. աշխտ. ԵՊՀ», 1946, հ. 23։ Ռ. Մաթևոսյան


ԱՄԿՈՒ–ԲԵՐԴ, Ամիկ, Համոկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հյուսիս, բարձրադիր վայրում, պատմական Ամյուկ բերդի ստորոտում։ 1909-ին մնացել էին միայն 30 տուն հայ և 40 տուն քուրդ և թուրք բնակիչներ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և հայկ. վարժարան։ Ա–ի հայկ. թաղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը փրկվել է կոտորածից ու բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Ս. Մելիք–Բախշյան


ԱՄՀԱՐԵՐԵՆ, Եթովպիայի պետական լեզուն։ Պատկանում է սեմական լեզուների հվ. խմբին և սերում է գեեզ լեզվին ցեղակից մի բարբառից։ Ա. տարածված է հիմնականում երկրի բարձրադիր մասում և Տանա լճի շրջակայքում։ Խոսողների թիվը՝ շուրջ 11 մլն.։ Ամենավաղ հուշարձանները, գրված լրացուցիչ նշաններ ունեցող եթովպական գրով (նշանները մոտ 300), վերաբերում են XIV–XV դդ.։ Ա. բարբառային մեծ տարբերություններ չունի, կրել է քուշական լեզուների ազդեցությունը՝ որոշ չափով շեղվելով սեմական տիպից։ Ա–ում արմատները մեծ մասամբ եռաբաղաձայն են, բառակազմությունը հիմնականում վերջածանցային է, շեշտը թույլ Է, բայ–ստորոգյալը դրվում է նախադասության վերջում, տարբերում են երեք խոսքի մաս՝ անուն, բայ և մասնիկ։ Որպես գրական լեզու Ա. սկսել է զարգանալ XIX դ. վերջերից։

Գրկ. Юшманов Н. В., Амхарский язык М., 1959 (ունի մատենագիտ. ցանկ); Armbruster C. H., Initia Amharica pt. 1–3, Cambridge 1908–1920; Cohen M., Traité de langue amharique (Abyssinie), P., 1936. Գ. Ջահուկյան


ԱՄՄԱՆ, Հորդանանի մայրաքաղաքը 1946-ից։ Գտնվում է երկրի հս–արևմուտքում։ 360 հզ. բն. (1971)։ Խճուղիների հանգույց Է, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Կան նավթավերամշակման, տեքստիլ, ցեմենտի, ծխախոտի, կաշվի, սննդի արդ. ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հնում կոչվել է Ռաբբատ–Ամմոն, հելլենիստական–հռոմեական շրջանում՝ Ֆիլադելֆիա։ VII–IX դդ. եղել է Արաբական խալիֆայության կազմում։ Խալիֆայության անկումից (X դ.) հետո կազմել Է Եգիպտոսի և Սիրիայի զանազան պետությունների, 1516-ից մինչև առաջին համաշխարհային պատերազմի վերջը՝ Օսմանյան կայսրության մասը։ 1921-ին Անդրհորդանանի Էմիրության (անգլիական մանդատ) ստեղծումից հետո դարձել է նրա մայրաքաղաքը։ Պահպանվել են հռոմ. կառույցների՝ թատրոնի, Հերկուլեսի տաճարի ևն ավերակները, արաբական շրջանի միջնաբերդը։

Ա–ում հայերն ապրում են հին ժամանակներից։ 1971-ին նրանց թիվը 3000-ից ավելի էր, զբաղվում են արհեստներով և առևտրով։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Գործում են Յուզպաշյան վարժարանը (մոտ 350 աշակերտ), Հայ կաթոլիկների վարժարանը (120) և բողոքականների դպրոցը (80), ՀԲԸՄ–ի, ՀՄԸՄ–ի և ՀԵՄ–ի մասնաճյուղերը, Ս. Թադևոս եկեղեցին (կառուցումն ավարտվել է 1968-ին)։ Մ. Դարբինյան, Գ. Բեքմեզյան


ԱՄՅՈՒԿ, ամրոց Վասպուրականի Առբերանի գավառում, Վանա լճի հյուսիս–արևվելյան ափին, լեռնոտ հրվանդանի վրա։ Հիմնվել է հավանաբար ուրարտ. շրջանում։ IX դ. Ա. Արծրունիներից խլեցին Ութմանիկները (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում)։ Դերենիկ Արծրունի իշխանը (875–886) ետ գրավելու անհաջող փորձ կատարեց։ X դ. սկզբին