Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/331

Այս էջը սրբագրված է

Ամստերդամ։ Քաղաքային ջրանցքներից մեկը։

է մեքենաշինությունը (նավաշինությունը և ինքնաթիռաշինությունը), հատկապես էլեկտրոնային հաշվիչ սարքերի արտադրությունը և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Կան նաև քիմ., նավթավերամշակման, փայտամշակման, ալմաստահղկման, սննդի արդ–յան ձեռնարկություններ։ Հայտնի է սուրճի, կաուչուկի, ծխախոտի, կակաոյի մեծածախ առևտրով։ Ա. բանկային գործի և բորսային առևտրի միջազգային կենտրոն է։ Նավահանգիստը ապրանքաշրջանառության ծավալով (17.9 մլն. տ, 1968) երկրորդն է Նիդերլանդներում (Ռոտերդամից հետո)։ Ընդունում է մինչև 80 հզ. տ ջրատարողության օվկիանոսային նավեր։ Տարանցիկ ապրանքների (գլխավորապես արևմտագերմանական) ծավալը 4–5 մլն. տ է։ Ունի համալսարան (1632), բարձրագույն այլ դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ։ Ա–ում է գտնվում Ռեմբրանդի տուն–թանգարանը։ Ա–ի արտաքին տեսքը հիմնական գծերով ձևավորվել է XVII դարում։ Տերիտորիան կտրտված է բազմաթիվ ջրանցքներով։ Տները կառուցված են ցցերի վրա, իսկ թաղամասերը հիշեցնում են կղզիներ, որոնք միացած են մոտ 500 կամուրջներով։ Ժամանակակից կառուցապատումն ու ճարտ–ը աչքի են ընկնում խիստ արտահայտված մոդեռնիզմով։

Ա. հարուստ է արվեստի և ճարտ. բազմաթիվ հուշարձաններով։ Դրանցից են՝ թագավորական պալատը (նախկինում՝ Ռատուշան, 1648–55), Պետ. թանգարանը (1877-85), Բորսայի շենքը (1897-1903)։

Ա–ում հայերը մշտական բնակություն են հաստատել Աբբաս I շահի բռնագաղթից (1604) հետո։ XVII դ. կեսերին այստեղ բնակվել է մոտ 70 հայ ընտանիք (հիմնականում՝ թանկարժեք քարերի և մետաքսի վաճառականներ), որոնք ապրում էին քաղաքի արլ. մասում, ունեին իրենց շուկան (հայտնի էր «Արևելյան շուկա» անունով) և առևտրակաև նավեր։ Հայկական եկեղեցին կառուցվել է 1714-ին (հետագայում վերակառուցվելով դարձել է հոլանդական դպրոց, այժմ էլ պահպանվում են դռների վերնամասերում արված հայերեն արձանագրությունները)։ 1660-ին Մատթեոս Ծարեցին Ա–ում հիմնել է հայկ. տպարան, որը 1669-ին տեղափոխվել է Լիվոռնո (Իտալիա), ապա Մարսել (Ֆրանսիա) և գործել մինչև 1686-ը։ 1664-ից այն ղեկավարել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ հայտնի դարձավ որպես Ոսկանյան տպարան։ Այստեղ աշխատել են Ավետիս Ղլիճենցը (Ոսկանի եղբայրը), Կարապետ Անդրիանացին, Օհան Երևանցին, Սողոմոն Լևոնյանը և ուրիշներ։ Ա–ում տպագրվել է 18 անուն գիրք՝ Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» չափածո երկը (1660), Աստվածաշունչ (1666), Շարակնոց (1664), «Աղուէսագիրք»–ը. (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»–ը (1669) ևն։ 1685-ին Ոսկան Երևանցու աշակերտ Մատթեոս Հովհաննիսյանը Ա–ում հիմնադրել է նոր տպարան, որի ղեկավարը հետագայում դարձել է Թովմաս Վանանդեցին։ Այստեղ առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»–ը (1695), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»–ը (1695) ևն։ Ա–ում է տպագրվել նաև գերմանացի լեզվաբան Յ. Շրյոդերի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը (1711)։ Վանանդեցիների տպարանը փակվեց 1717-ին։ 1740–50-ական թթ. ընդօրինակվել են հայկ. ձեռագրեր (գրիչ՝ Հովհաննես Ամասիացի)։ XVIII դ. վերջերին և XIX դ. սկզբներին (Նապոլեոնյան արշավանքների ժամանակ) Ա–ի հայ գաղութը անկում ապրեց։ Գաղթօջախը վերստին կյանքի կոչվեց նոր ժամանակներում, երբ Ինդոնեզիայից Ա. գաղթեցին ճապոնական իշխանությունների կողմից 1943-ին տեղահանված հայեր։ 1972-ին Ա–ում հաշվվում էր շուրջ 500 հայ։

Գրկ. Սարուխան Ա., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926։

«ԱՄՍՕՐՅԱԿ», գրական–գեղարվեստական ամսաթերթ։ Լույս է տեսել Հ. Զարդարյանի, Գ. ճփզմեճյանի և Զ. Որբունու (Էքսուզյան) խմբագրությամբ, Փարիզում, 1958-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին։ Տպագրել է գեղարվեստական, քննադատական–բանասիրական նյութեր, գրախոսականներ։ «Ա.»–ին աշխատակցել են սփյուռքահայ գրողներ ու մտավորականներ՝ Բ. Թոփալյանը, Ե. Այվազյանը, Գ. Ֆեներճյանը, Մ. Պարսամյանը։ Մ. Բաբլոյան


ԱՄՏՂԵԼ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփչի շրջանում, Ամտղել գետի ափին, շրջկենտրոնից 29 կմ հյուսիս։ 620 բն. (1968), հայեր, վրացիներ։ Կոլտնտեսությունը զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց։ Ա. հիմնադրել են 1896-ի կոտորածից հետո Համշենից գաղթած հայերը։