Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/335

Այս էջը սրբագրված է

և 1911-ի դեկտ. 16-ին առաջինը հասել Հարավային բևեռ։ 1918–20-ին «Մոդ» նավով անցել է Եվրասիա մայր ցամաքի երկայնքով արմ–ից արլ.։ 1926-ին գլխավորել է առաջին տրանսարկտիկական արշավախմբի թռիչքը «Նորվեգիա» դիրիժաբլով՝ Շպիցբերգենից Հյուսիսային բևեռի վրայով Ալյասկա։ Զոհվել է Բարենցի ծովում Ու. Նոբիլեի իտալական արշավախմբի որոնումների ժամանակ։

ԱՄՈՒՆԴՍԵՆԻ ԾՈՎ, խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով, Անտարկտիդայի ափերի մոտ, արմ. երկ. 100°–ի և 123°–ի միջև։ խորությունը՝ մինչև 585 մ, աղիությունը՝ մոտ 33,5‰ (ամռանը)։ Ամբողջ տարին ծածկված է սառույցներով։

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ապահարզան, ամուսինների կամ նրանցից մեկի ցանկությամբ ամուսնության լուծումը օրինական կարգով։ Ա–յան դրդապատճառ կարող են լինել համատեղ կյանքում ծագած օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ ՍՍՀՄ–ում Ա. սովորաբար կատարվում է դատական կարգով։ Ամուսինը առանց կնոջ համաձայնության իրավունք չունի Ա–յան գործ հարուցել կնոջ հղիության և մեկ տարեկանից փոքր երեխա ունենալու ժամանակ։ Զագսի մարմինները վարչական կարգով ամուսնությունը լուծում են. երբ ամուսինները չունեն անչափահաս երեխաներ և համաձայն են ամուսնալուծվելու, երբ նրանցից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակա, երբ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանը ամուսիններից մեկին ճանաչել է անգործունակ, երբ նրանցից մեկը դատապարտվել է ազատազրկման ոչ պակաս քան 3 տարի ժամանակով։ Վեճի դեպքում Ա. այս պարագաներում էլ կատարվում է դատական կարգով։ Ս. Հովհաննիսյան


ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, միութենական օրենք, ընդունվել է 1968-ի հունիսի 28-ին, կիրարկվել հոկտ. 1-ից։ Բաղկացած է 5 հատվածից (36 հոդված)։ Հիմունքները սահմանում են ամուսնության, նրա դադարման սկզբունքներն ու կարգը, ծնողների, երեխաների, ընտանիքի մյուս անդամների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորում են որդեգրման, խնամակալության, հոգաբարձության հարցերը, քաղաքաց. կացության ակտերը։


ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՍՍՀ, միասնական օրենսդրական ակտ, որը կարգավորում է ամուսնությունից, ընտանիքից և խնամակալությունից բխող հարաբերությունները։ Ընդունվել է 1969-ի հուլիսի 18-ին, ուժի մեջ մտել 1970-ի հունվ. 1-ից։ Բաղկացած է 5 հատվածից (ընդհանուր դրույթներ, ամուսնություն, ընտանիք, քաղաքացիական կացության ակտեր, ամուսնության և ընտանիքի սովետական օրենսդրության կիրառումը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ)՝ ամփոփված 223 հոդվածներում։ Օրենսգրքի հիմքում ընկած են ամուսնանալու ազատության, մենամուսնության, ապահարզանի հարցում պետական հսկողության, տղամարդու և կնոջ հավասարության, ծնողական իրավունքների բազմակողմանի պաշտպանության, ընտանիքի անդամների փոխօգնության, ընտանիքի ամրապնդման համար պետ. հոգատարության սկզբունքները։ Օրենսգրքով կարգավորվում են ամուսինների, ծնողների, զավակների ու ընտանիքի մյուս անդամների միջև ծագած անձնական և գույքային իրավահարաբերությունները։ Հատուկ գլուխներ են նվիրված որդեգրմանը, խնամակալությանն ու հոգաբարձությանը։ Գ. Ղարախանյան


ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, տղամարդու և կնոջ պատմականորեն պայմանավորված և հասարակության կողմից հավանություն գտած ու կարգավորվող հարաբերությունների ձև, որով սահմանվում են նրանց իրավունքներն ու պարտականությունները միմյանց և երեխաների նկատմամբ։ Ա–յան ձևերի պատմ. փոփոխությունները որոշվում են արտադրաեղանակների զարգացմամբ և կապված են բարոյականության ու իրավունքի հետ։ Նախնադարյան համայնքի վաղ շրջանում տիրապետում էր այսպես կոչված խառնամուսնությանը, երբ տվյալ հոտի յուրաքանչյուր կին կարող էր սեռական հարաբերության մեջ մտնել բոլոր տղամարդկանց, իսկ յուրաքանչյուր տղամարդ՝ բոլոր կանանց հետ։ Մայրական տոհմի ձևավորման շրջանում առաջ են գալիս սեռերի հարաբերությունների կարգավորման առաջին փորձերը, ծնունդ են առնում արտամասնությունն ու խմբամուսնությունը, որի ժամանակ մի տոհմի բոլոր տղամարդիկ կարող էին ամուսնանալ այլ տոհմի բոլոր կանանց հետ։ Մայրական տոհմի զարգացումը հանգեցրեց զուգամասնաթյան առաջացմանը, որը միավորում էր մեկ ամուսնական զույգ։ Ամուսինները շարունակում էին ապրել յուրաքանչյուրն իր տոհմական խմբում (տարատեղային բնակություն), ավելի ուշ ամուսինը ապրում էր կնոջ տոհմում (մայրատեղային բնակություն), սակայն նրանց անձնական գույքը մնում էր բաժանված, իսկ երեխաները պատկանում էին միայն մորն ու, նրա տոհմին։ Խմբամուսնության և զուգամուսնության առանձնահատկությունը ամուսինների հավասարությունն էր։ Մայրիշխանությունից հայրիշխանությանն անցնելու հետ միասին առաջ է գալիս մենամուսնությունը, որը կոչված էր սերտորեն կապելու ամուսիններին միմյանց ու սերնդի հետ և դրանով ապահովելու ընտանիքի կայունությունն ու ամբողջականությունը։ Մենամուսնական ընտանիքը դառնում է հասարակության առաջին տնտ. բջիջը։ Կինը սկսում է ապրել ամուսնու ընտանիքում (հայրատեղային բնակություն) և երեխաների հետ միասին անցնում նրա իշխանության տակ։ Մենամուսնությունն իր ավարտուն տեսքն է ստանում փոքր ընտանիքում, որը, սկզբնավորվելով նախնադարյան համայնական կարգերի քայքայման և մասնավոր սեփականության ձևավորման պայմաններում, նախադրյալներ է ստեղծում կնոջ ճորտացման համար։

Հայերի մեջ հնուց մենամուսնությունը եղել է տիրապետող ձև։ Մենամուսնությանը կարգավորվել է և՛ եկեղեցական կանոններով, և՛ քաղաքացիական օրենսդրությամբ։ Հայ ժողովրդի կենցաղում պահպանվում էին մի շարք սովորույթներ, որոնք վկայում են, որ հայերի նախնիներն ունեցել են Ա–յան վաղ ձևեր (հիրատ՝ զուգսւմուսնության մնացուկ, դարձ՝ մայրատեղային բնակության արձագանք)։

Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի (387–439) սահմանած կանոնների 27-րդ հոդվածով արգելվում էր պսակադրությունը՝ առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության։ Քահանաներին արգելվում էր ամուսնացողներին առանց քննության և հարցման ենթարկելու պսակելը։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվելու էին կանոնական պատժի։ Դվինի 719-ի ժողովը պահանջում էր, որ միջնորդներն անպայման հասնեն ամուսնացողների համաձայնությանը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (XII դ.) ևս Ա–յան հիմքում դնում էր զույգերի համաձայնությունը՝ ամուսնական հասակ սահմանելով տղային՝ 15, աղջկան՝ 12 տարիքը։ Սսի 1246-ի Ժողովը սահմանեց տղային 14, աղջկան՝ 12 տարիք։ Ձագավանքի (Կոտայք) 1270-ի եկեղեցաժողովի որոշումներով տղայի համար սահմանվում էր 15, աղջկան՝ 14 (որոշ դեպքերում՝ 10–12) տարիք։ Գավիթ Ալավկա Որդու (XII դ.) կանոններով 10 տարեկանից ցածր հասակ ունեցողներին պսակադրող քահանաները ենթարկվելու էին անեծքի և կարգալուծության։

Հին և միջնադարյան Հայաստանում կային բազմակնության և հարճակալության դեպքեր, թեև եկեղեցին պահանջում էր միակնություն։ Հայոց եկեղեցին դեմ էր երկրորդ Ա–յան, ինչպես և գաղտնի Ա–յան։ Եկեղեցական կանոններով արգելվում էր՝ ազգականների Ա. միմյանց հետ և ազատների (ազնվականներ) Ա. անազատների հետ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատի 356-ի ժողովը պատվիրել է ամուսնացողներին «հեռու մնալ ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից»: Շահապիվանի 447-ի ժողովի սահմանած կանոնախմբի 13 և 14-րդ հոդվածներով ազգականների միմյանց հետ Ա. համարվում է «պղծություն և գարշանք», հեթանոսական մնացուկ։ Եկեղեցին հեթանոսական վերապրուկները համարում էր աղանդների ծագման պայման և պայքարում էր դրանց դեմ։ Նույն ժողովը արգելում էր մինչե չորրորդ ծնունդը հարազատների Ա.։ Արգելվում էր օրհնել ազգակիցների ամուսնական պսակը կամ մասնակցել նրանց հարսանիքին։ Այս պահանջները չէին կատարվում։ Պարտավի 771-ի ժողովը արձանագրում էր, որ «ազատները առանց ամոթի» ամուսնանում են ազգականների հետ։ Նույն երնույթի մասին վկայում են նաև հայ մատենագիրներ Հովհան Մամիկոնյանը (VII դ.), Թովմա Արծրունին (IX–X դդ.), Ստեփանոս Տարոնեցին (X–XI դդ.), Թովմա Մեծոփեցին (XV դ.) և ուրիշներ։

Մխիթար Գոշի (XII–XIII դդ.), Սմբատ Սպարապետի (XIII դ.) դատաստանագրքերում բազմաթիվ հոդվածներ կան Ա–յան մասին։ Մխիթար Գոշը պարտադիր է համարում կնոջ համեմատ տղամարդու տարեց հասակը՝ դա համարելով ամուսնու գերիշխանության պայման։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք։ Անհավատարմության մեջ մեղադրվող կնոջը սպանողը ենթակա էր խիստ պատժի։ Սմբատ Սպարապետի դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։ Հաճախադեպ էին քաղաքական նպատակներով կատարվող Ա–ները, որոնք բարեկամություն էին ստեղծում տարբեր տոհմերի ու իշխանների, նույնիսկ պետությունների միջև։ Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուր.) վկայությամբ, Ա–ից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, որը դեն էր նե–