կատարած նրա արշավանքի կապակցությամբ։ Ըստ այդ արձանագրության, Ա. տեղադրվում է Վանա լճին հվ–ից հարող տարածքում։ Այստեղ է գտնվել ուրարտական սրբավայրերից մեկը՝ Ուիշինի «քաղաքը»՝ այժմյան Խորգոմ գյուղի մերձակայքում։
Գրկ. Երեմյան Ս., Հայկական առաջին պետական կազմավորումները (VII–VI դդ. մ. թ. ա.). «ՊԲՀ», 1968, № 3։ Меликашвили Г. Урартоведческие заметки, Вестник древней истории, 1951, № 3.
ԱՅԱԶՄԱ (հուն, օրհնած շուր), գյուղ Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում, Դալիդաղ լեռսւն հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 19 կմ արևմուտք։ 805 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Պահպանվել են մեգալիթյան շրջանի ամրոցի ավերակներ։ Ժամանակակից գյուղը հիմնադրել են հարևան գյուղերից եկած հայերը 1837–40-ին։
ԱՅԱՆՅԱՆ Էդուարդ Մելիքի (ծն. 1919), Սովետական Միության հերոս (15.5.1946), հրետանավոր։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1963)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է մարտի 25-ին, Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Խանլարի շրջան)։ Ավարտել է Ս. Մ. Կիրովի անվ. ադրբեջանական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1941)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Վորոնեժի համար մղված մարտերին, Բելգորոդ–Կուրսկի ճակատամարտին, Դնեպրի գետանցմանը, Ռումինիայի և Հունգարիայի ազատագրմանը։ Հերոսի կոչումն ստացել է Բուդապեշտն ազատագրելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։ 1965-ից ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ԳՀԻ–ի գիտնական–քարտուղարն է։
ԱՅԱՉՉՈ (Ajaccio), քաղաք Կորսիկա կղզում, Կորսիկա դեպարտամենտի (Ֆրանսիա) կենտրոնը։ 40,8 հզ. բն. (1968)։ Նավահանգիստ է և երկաթուղային կայարան։ Զարգացած են ձկնորսությունը, նավաշինությունը, մարջանի հանույթը։ Քաղաքամերձ շրջանում զբաղվում են ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ։ Հայտնի առողջարան է։ Ա–ում է ծնվել Նապոլեոն I Բոնապարտը։
ԱՅԱՌԼՈՒ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք։ 299 բն. (1970), հայեր և քրդեր։ Կոլտնտ–ը զբաղվում է բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, կինո։
ԱՅԱՍ (հուն. Եգեաս), նավահանգստային քաղաք Կիլիկիայում, Հայոց կամ Ալեքսանդրետի ծոցի հյուսիս–
արևմտյան ափին։ Հունա–հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում Ա. եղել է ազատ քաղաք։ II դ. Հռոմի կայսր Ադրիանոսի անունով կոչվել է նաև Հադրիանա։ Մինչև VI դ. հիշվում է իբրև Կիլիկիայի հուն․ արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստը։ Ա. ծաղկեց և զարգացավ հատկապես Կիլիկիայում հայոց տիրապետության ժամանակաշրջանում (XI–XIV դդ.)։ Այն Ռուբինյանների, ապա Հեթումյանների ժառանգական կալվածքն էր և ռազմական հենարանը Ծովային Կիլիկիայում։ Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով։ Ծովահայաց բերդի աղեղնաձև պարիսպը միաժամանակ ծառայել է իբրև նավերի խարսխակապան։ XII – XIV դդ. Ա. արհեստագործական կենտրոն էր։ Ա–ի բնակչության արհեստներից ու զբաղմունքներից հիշատակվում են «ոստայնանկք», «մորթեգործք» կամ «խաղախք»,
«նաւածեփք», «դրամահատք յարքունի փողերանոցնի», «դերձակք», «սայլորդք», «նաւաստիք», «հիւսունք», «ցփսիագործք», «գինեվաճառք», «կրպակաւորք և պանդոկապանք» ևն։ Կիլիկիայի հայկ. պետության ջանքերով Ա. նույն դարերում դարձել էր միջազգային առևտրական ուղիների կարևորագույն հանգույց։ Ջենովայի դիվաններում պահպանված մարհակների, պարգևագրերի ու հրամանագրերի համաձայն, եվրոպական ավելի քան 25 երկրներ ու քաղաքներ (Ֆրանսիա, Իսպանիա, Անգլիա, Ջենովա, Վենետիկ, Պիզա, Ֆլորենցիա ևն) առևտրական հարաբերություններ ունեին Ա–ի հետ։ Ա. սերտ կապերի մեջ էր նաև մայր Հայաստանի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և արևելյան այլ երկրների հետ։ Ա. տեղական և ներմուծվող ապրանքների (սննդամթերք, բամբակ, գործվածք, մորթի, թանկարժեք քարեր, զենք, մետաղ, ներկեր ևն) խոշոր շուկա էր։ Կիլիկիայի թագավորները օտարերկրացի վաճառականներին արտոնյալ պայմաններով ներգրավում էին Ա–ի առևտրի մեջ, որի մաքսից կամ բաժից գոյացած եկամուտը մտնում էր թագավորական գանձարանը։ Հայերն Ա. կոչել են «Հայոց պետության ոսկեղեն խարիսխ», «բազում նավերի նավահանգիստ», եվրոպացիները՝ «Հայոց թագավորի նավահանգիստ»։ Ա–ից 1271-ին հայկական նավով Պտղոմայիս ուղևորվեց վենետիկցի նշանավոր ճանապարհորդ Մարկո–Պոլոն։ Օտարերկրյա շատ վաճառականներ հաստատվել էին Ա–ում, որտեղ ունեին իրենց թաղը, մթերանոցները, ապարանքները, նավերը, դատարանը, հյուպատոսին, եկեղեցին։ Ա–ի մաքսապետը կոչվել է «գլխաւոր բաժտանն Այասոյ» և ենթարկվել արքունի մաքսատան կամ բաժտան վերակացուին՝ Հայոց պռոքսիմոսին։ Ա–ի պաշտոնյաներից էին նաև երկու բերդապահները, որոնց լատինացիք անվանում էին կապիտաններ։ Եգիպտոսի սուլթանությունը Ա. համարում էր իր նավահանգիստ–ահաստանի՝ Ալեքսանդրիայի գլխավոր մրցակիցը, ուստի Ա–ի բարձրացումը գրգռում էր նրա թշնամանքն ու նախանձը։ Եգիպտոսի մամլուքները հաճախակի (1274–75, 1305, 1320, 1322, 1337, 1341–42) արշավել են Ա–ի վրա, ավերել այն, կողոպտել ու բնակիչներին գերել։ Կիլիկիայի հայկ. պետության կործանումից հետո, XV դ. Ա. անցել է մերթ մամլուքներին, մերթ թուրք–կարամանիկներին, մերթ վենետիկցիներին։ XVI դ. սկզբին Վենետիկի դիվաններում և Ծերակույտի հրամանագրերում Ա. հիշատակվում է որպես տակավին շեն քաղաք։ 1522-ից հետո Ա. նվաճել է օսմանյան սուլթան Սուլեյմանը։ Կորցնելով նախկին տնտեսական նշանակությունը՝ Ա. այնուհետև անշքացել է և անկում ապրել։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա–ում ապրում էր մոտ 5000 մարդ, որից 2000 հայեր էին, մնացածը՝ հույներ, արաբներ, թուրքեր։ 1915-ին հայերը տեղահանվեցին։ Այժմ Ա. թուրքաբնակ ավան է՝ շրջապատված միջնադարյան, մասնավորապես՝ հայկական կառույցների, բերդերի, պարիսպների, եկեղեցիների, կամուրջների ու տների ավերակներով։
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էջ 356-97։
(նկ․) Այասի ամրոցը և նավահանգիստը։
ԱՅԲԲԵՆԱՐԱՆ, մայրենի լեզվի ուսուցման առաջին դասագիրքը։ Ա–ով աշակերտը յուրացնում է տպագիր և ձեռագիր տառերն ու նրանց հնչյունային իմաստը, սովորում վանկերով, ապա՝ միաձույլ կարդալ և ըմբռնել բառը, կարդալ ու հասկանալ փոքր տեքստեր, գրել պարզ բառեր և նախադասություններ։ Անունն ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ, բեն)։ Մեզ հասած ամենահին հայերեն ձեռագիր Ա. («Յաղագս իմաստութեան անվարժ տղայոց ուսման») կազմել է Թովմա Մեծոփեցին (1430)։ Առաշին տպագիր Ա. («Փոքր քերականութիւն կամ Այբբենարան») Աբգար Թոխաթեցունն է, որ լույս է տեսել Կ. Պոլսում, 1567-ին։ Աշխարհաբար առաջին Ա. («Նոր այբբենարան») հրատարակվել է Տրիեստում, 1781-ին։ Նոր ժամանակների Ա–ներից նշանավոր են Խ. Աբովյանի «Նախաշավիղ»–ը, Ն. Տեր–Ղևոնդյանի «Մայրենի լեզու»–ն, Ղ. Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի»–ն։ Ա–ներ են եղել նաև «Լուսաբեր»–ը, «Դասընկեր»–ը, Զ. Աճեմյանի, Հ. Հայրապետյանի և Ա. Ճուղուրյանի կազմած դասագրքերը։
ԱՅԲԵԿ (Մուսա Թաշմուհամեդով, 1905–1968), ուզբեկ սովետ, գրող։ Ուզբեկստանի ժող. գրող (1965)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ուզբեկական ՍՍՀ ԳԱ ակադ. (1943)։ Ծնվել է դեկտ. 28 (1905-ի հունվ. 10)–ին, Տաշքենդում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զգացմունքներ», լույս է տեսել 1926-ին։ Լավագույն գործը «Նավոի» (1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946) պատմա–կենսագրական վեպն է։ «Զաֆար և Զահրա» (1951) պոեմում,