(որտեղից և ստացել է իր անունը)։ Ա–ում 1206-ին հաստատվել է Վարդան Այգեկցին, որտեղ և 1212-ին գրել է իր նշանավոր առակները։ Վանքի տեղում այժմ գտնվում է կաթոլիկական երկու եկեղեցի՝ շրջապատված այգիներով ու պարտեզներով։
ԱՅԳԵԿՈՒԹ, այգեքաղ, խաղողի բերքահավաք։ ժամկետը որոշվում է խաղողի միջին նմուշների պարբերական վերլուծությունների հիման վրա (ՀՍՍՀ–ում՝ սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի վերջը)։ ժամանակից շուտ կամ ուշ Ա. իջեցնում է բերքի որակը (ցածր շաքարայնություն, վնասվածքներ վաղ աշնանային ցրտահարություններից, փտում անձրևներից)։ Հասուն խաղողի ողկույզները կտրում են դանակով կամ մկրատով, դասավորում արկղերում (10–12 կգ) և ուղարկում նախնական վերամշակման կետեր։ Սեղանի խաղողի սորտերը հավաքում են լրիվ հասունության ժամանակ, չոր եղանակին, ողկույզները կտրում են՝ չդիպչելով պտուղներին, պահպանելով դիմացկունությունը բարձրացնող մոմային փառը։ Ա–ից առաջ նախապատրաստում են մառանները, համապատասխան գույքը, ախտահանում տակառները, շենքերը, գործիքները և մեքենաները, ապահովում տարան, փոխադրամիջոցները։
Դեռևս հին ժամանակներից Ա. հայերի համար եղել է ուրախության, խնդության տոն։ Ա. սկսելու հանդիսավոր արարողությունը հեթանոսական ժամանակներում կապված է եղել Նավասարդի տոնակատարության հետ (օգոստոսի կեսերին)։ Մինչև տոնակատարության օրը չէր կարելի խաղող ուտել։ Այս սովորությունը հայ ժողովրդի մեջ պահպանվել է նաև քրիստոնեությունն ընդունելուց հետո։ Այս սովորության նպատակն էր թերհաս խաղող չքաղելն ու չօգտագործելը։ Ընդհուպ մինչև XX դ. սկիզբը Գողթնում, Արարատյան դաշտում և այլ վայրերում Ա–ի առաջին օրը հրավիրում էին ազգականների և բարեկամների, այգում կազմակերպում էին ճաշկերույթ, երգում էին ուրախ երգեր։ Ա․ սկսում էին բարեմաղթանքներով։ Հավաքած խաղողը տեղափոխում էին հնձան, որը գտնվում էր այգու մի անկյունում։ Հրավիրված տղամարդկանցից մեկը բոբիկ ոտքերով տրորում էր խաղողը, հյութը հոսում էր շրջանաձև, փոքր ավազանի մեջ, որտեղից լցնում էին տկերը և տեղափոխում տուն, լցնում մառանում տեղավորված կարասները։ Խաղողի մի մասն էլ կողովներով փոխադրում էին կախանի համար։ Այժմ էլ կոլտնտ. այգիներում Ա. կատարվում է երգով, խնդությամբ։ Ա. պատկերվել է հայ միջնադարյան շատ հուշարձանների քանդակներում (Դվին, V դ., Աղթամարի վանք, X դ. ևն)։
ԱՅԳԵՀՈՎԻՏ (մինչև 1969՝ Ուզունթալա), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևելք։ 2896 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսության արտադրության հիմնական ճյուղերն են այգեգործությունը և հացահատիկային կուլտուրաների մշակությունը։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինոթատրոն, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, հեռախոսակայան, էլեկտրական սղոցարան, աղաց, հացի փուռ։ Ա–ի տերիտորիայում պահպանված պատմական հուշարձաններից նշանավոր են Սրվեղի վանքը, որ կառուցվել է XI դ., վերակառուցվել XIII դ., Ս. Սարգիս մատուռը, «Կոտրած եղծի» եկեղեցին և ուշ միջնադարի ամրոց–պահակատունը։ Ա–ում է ծնվել գնդապետ Ա. Վասիլյանը։
ԱՅԳԵՁՈՐ (ն. Փուշկագ), ավան Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում։ 26 բն. (1970), հայեր։ Ա–ի շրջակայքում կան մոլիբդենի, պղնձի, արծաթի, ոսկու հանքաերևակումներ։ Ունի ակումբ, կինո։
ԱՅԳԵՁՈՐ (մինչև 1939՝ Ղուլալի), գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, Խնձորուտ գետի ափին, շրջկենտրոնից 21 կմ հարավ–արևելք։ 2356 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, կապի բաժանմունք, հիվանդանոց։ Ա–ի շրջակայքում պահպանվել են Ս. Հռիփսիմե եկեղեցու (V–VI դդ.) և միջնադարյան ամրոցի ավերակները։
ԱՅԳԵՁՈՐ (մինչև 1950՝ Մաղանջուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ– արևելք։ 240 բն. (1970), հայեր։ Մտնում է «Զանգեզուր» կաթնաանասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։
ԱՅԳԵՇԱՏ (մինչև 1935՝ Հաջիղարա), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, Քասաղ գետի ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս։ 1060 բն. (1970), հայեր և քրդեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ , բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո։ Ա–ի տարածքում պահպանվել են նախաքրիստոնեական դամբարաններ, բոլորաձև աշտարակի մնացորդներ և Թարգմանչաց վանքի (VII դ.) ավերակները։
ԱՅԳԵՇԱՏ (մինչև 1950՝ Ղուզիգիդան), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևելք։ 1608 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ։
«ԱՅԳԵՇԱՏ», թնդեցված տեսակավոր գինի։ Արտադրվում է 1940-ից, էջմիածնի շրջանում, «Ոսկեհատ» խաղողից։ Թնդությունը 19 ծավալային % է, շաքարայնությունը՝ 10%, տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5 գ/լ։ «Ա.» ունի դեղին սաթի գույն, մրգահամ է։ Հնեցման ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ա.»–ին շնորհվել են 6 ոսկե, 4 արծաթե մեդալներ, 1 դիպլոմ ու 1 ատեստատ։
ԱՅԳԵՊԱՏ (մինչև 1949՝ Մասումլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ արևելք։ Երևան–Արարատ խճուղու ձախ կողմում։ 1290 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–յան հիմնական ճյուղը այգեգործությունն է, զբաղվում են նաև բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղի խաղողի վերամշակման կետն արտադրում է «Այգեպատ» գինի և կոնյակի սպիրտի հումք։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հիմնադրվել է 1828–29-ին։
ԱՅԳԵՊԱՐ (մինչև 1964՝ Ֆերմենտացիոն գործարանին կից ավան), գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, Տավուշ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևելք։ 600 բն. (1970), հայեր։ Ա–ում կան ծխախոտի ֆերմենտացիայի, մրգի պահածոների և գինու գործարաններ, որոնք վերամշակում են Շամշադինի շրջանում արտադրվող գյուդատնտ. հումքի հիմնական մասը։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո։ Հիմնադրվել է 1937-ին։
ԱՅԳԵՍՏԱՆ (ն. Այասլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս։ 2131 բն. (1970), հայեր։ Տնտեսության հիմնական ճյուղը այգեգործությունն է։ Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հիվանդանոց։ Գյուղը հիմնադրել են Իրանի Ուրմիա և խոյ գավառներից եկած հայերը 1828–29-ին։
ԱՅԳԵՍՏԱՆ (ն. Աբլահ), գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հարավ–արևմուտք։ 442 բն. (1969), հայեր; Կոլտնտ–ը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ 1920-ին Ա–ի բնակիչները հարթավայրի վրա հիմնադրել են նոր գյուղ։ Հին գյուղատեղում կանգուն է եկեղեցին (XV– XVItդդ.)։
ԱՅԳԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճից հարավ, Շատախի գավառում, լեռնային, անտառապատ ու ջրառատ վայրում: XX դ. սկզբին ուներ շուրշ 90 հայ բն.։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղի շրջակայքում կան հանքային տաք աղբյուրներ։ Ա. ուներ եկեղեցի (Ամենափրկիչ) և նախակրթական վաքր վարժարան։ Գյուղից ոչ հեռու գտնվում էր Ծաղկավանքը։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
ԱՅԴԱՀՈ (Idaho), նահանգ ԱՄՆ–ի հյուսիս–արևմուտքում։ Տարածությունը 216,4 հզ. կմ2 է։ 698,3 հզ. բն. (1970)։ Կենտրոնը՝ Բոյսե։ Տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում են Կոլումբիական սարավանդի հվ. ծայրամասը և ժայռոտ լեռները (մինչև 3857 մ բարձր.)։ Արդյունահանում են արծաթ, կապար, ցինկ, ֆոսֆորիտներ։ Մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են գունավոր մետալուրգիան, անտառային և սննդի արդ–ը։ Մշակում են կարտոֆիլ (ցանքատարածությամբ առաջին տեղը երկրռւմ), կերաբույսեր։ Զարգացած է արոտային անասնապահությանը։
ԱՅԴԵՐՈՒԿՆԵՐ (Somateria), սագակերպների կարգի, բադերի ընտանիքի սեռ։ Հայտնի է Ա–ի 5 տեսակ։ Կշռում են մոտ 3 կգ։ Ունեն մեծ գլուխ, կարճ վիզ, լայն կտուց։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով։ Արուն ունի սև և սպիտակ,