Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/347

Այս էջը սրբագրված է

1915-ին թուրք ջարդարարները տեղահան արեցին Ա–ի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ–Զորի անապատը։ Թուրքիայի պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաքը։ Թուրքերը նորից հարձակվեցին Ա–ի վրա։ Հայերը 314 օր (1920-ի ապրիլի 1-ից մինչև 1921-ի փետր. 8) հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920–21)։ Սակայն ֆրանսիացիները լքեցին հայերին և հեռացան Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Ա–ի հայերը տարագիր եղան և բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում։ Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվեց Սովետական Հայաստան։ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970-ի սեպտ. 10-ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀՍՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ բնակավայրը։

Գրկ. Սարաֆյան Գ., Պատմություն Անթեպի հայոց, հ. 1–2, Լոս Անջելես, 1953։ Սահակյան Ռ. Գ., Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Ե., 1970։

ԱՅՆԹԱՊ (մինչև 1970՝ Թազագյուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, Երևան–Արտաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևելք։ 5658 բն. (1970), հայեր։ Սովետական տնտեսությունը հիմնականում զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի ցերեկային և երեկոյան միջնակարգ դպրոցներ, կուլտուրայի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժկայան, դեղատուն, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Ա. հիմնել են Խոյից գաղթած հայերը 1829–30-ին։


ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1920–21, Այնթապի հայերի պաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ։ 1918-ի զինադադարից հետո (տես Մուդրոսի զինադադար 1918), երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915-ին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հզ.) և սեբաստահայ գաղթականներ (8 հզ.)։ Սակայն 1919-ի աշնանը Այնթապում թուրք ազգայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանսիական զինվորական իշխանությունների երկդիմի քաղաքականությունը խիստ անապահով կացություն ստեղծեցին հայ բնակչության համար։ Հայերը պատրաստվեցին դիմադրության։ Կիլիկիայում տեղական հայկական իշխանությանը՝ Ազգային միությանը կից ստեղծվեց զինվորական կենտրոնական մարմին (Ա. Լևոնյանի և Ա. Գալեմքարյանի գլխավորությամբ), որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, սահմանեց գիշերային հսկողություն, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը ևն։ Ա. ի–յան ականավոր կազմակերպիչներից էր տեր–Ներսես քահանա Թավուգճյանը։ Օգտվելով Մարաշից ֆրանսիական զորքերի անփառունակ նահանջից, ինչպես նաև Այնթապից ֆրանսիական զորամասերի մասնակի հեռացումից՝ թուրքերը 1920-ի ապրիլի 1-ին հարձակվեցին հայերի և տեղում մնացած ֆրանսիական կայազորի վրա։ Հայերը դիմեցին ինքնապաշտպանության։ Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների, ստեղծվեց շուրջ 750 հոգուց բաղկացած զորախումբ, որը կապ հաստատեց ֆրանսիական զորքերի հետ։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի վերջերը։ Անկարայում 1920-ի մայիսի 30-ին ստորագրված ֆրանս–թուրքական զինադադարի համաձայն, ֆրանսիական զորքերը պետք է հեռանային Այնթապից՝ հայ ազգաբնակչությանը փաստորեն մատնելով կոտորածի վտանգի։ Տեսնելով, որ ֆրանսիական ուժերին ապավինել այլևս չի կարելի, հայերը որոշեցին թուրք–ֆրանսիական հետագա բախումների դեպքում պահպանել զինված չեզոքություն։ Սակայն կռվող կողմերի միջև վերսկսված ռազմական գործողությունները (հուլիսի 29) և թուրքական ոտնձգություններն Այնթապի հայերի նկատմամբ վերջիններիս հարկադրեցին վերստին դիմել ինքնապաշտպանության (մինչև 1921-ի փետրվարի 8-ը)։ Բայց իմպերիալիստական Ֆրանսիայի և ազգայնական Թուրքիայի միջև 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո (տես Թուրք–ֆրանսիական համաձայնագիր 1921) Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ։

Գրկ. Սարաֆյան Գ., Պատմություն Անթեպի հայոց, հ. 2, Լոս Անջելես, 1953։ Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Ե., 1970։ Véou P., La Passion de la Cilicie 1919-1922, P., 1954. Շ. Թորոսյան


ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ 1915-ի հունիսի 20-ին Բոստոնում (ԱՍՆ) հիմնադրվել է այնթապահայերի առաջին՝ «Այնթապի ամերիկահայոց ուսումնասիրաց միություն»–ը, որի նպատակն էր օգնել Այնթապի որբ և աղքատ մանուկների դաստիարակության և կրթության գործին։ 1920-ին Միությունը կազմակերպեց հանգանակություն Այնթապի ինքնապաշտպանության կարիքների համար։ 1921-ից օգնել է Սիրիա, Լիբանան և այլուր ապաստանած տարագիր հայրենակիցներին։ 1924-ի մարտ–մայիս ամիսներին մասնաճյուղեր հիմնվեցին Նյու Յորքում, Չիկագոյում, Տրոյում։ 1924-ի օգոստ. 17-ին Բոստոնում հրավիրվեց բոլոր մասնաճյուղերի պատգամավորական ժողով, որը «Ուսումնասիրաց»–ը վերակազմեց «Ամերիկաբնակ այնթապցիների միության» (Ա.Ա.Մ.) և ընտրեց վարչություն (5 հոգուց), որի գլխավոր խնդիրն էր՝ Միության շուրջը համախմբել այնթապցիներին, նյութական օգնություն ցույց տալ կարիքավորներին և ավելացնել կրթական նպատակներին հատկացվող միջոցները։ 1924-ի դեկտեմբերին կազմվեցին Ֆիլադելֆիայի, 1925-ին՝ Դետրոյտի մասնաճյուղերը։ 1928-ի վերջերին Միությանը միացան Լոս Անջելեսի Այնթապի որբախնամ ընկերությունը (գոյություն ուներ 1920-ից), 1945-ի դեկտ. 2-ին՝ Այնթապցիների ազգային միությունը (ստեղծված 1935-ի մայիսի 12-ին, Բոստոնում), որը մասնաճյուղեր ուներ ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում։ Այնթապցիների ազգային միությունը սփյուռքի ամենազանգվածային հայրենակցական միություններից է և ԱՄՆ–ից դուրս ունի խորհրդատու մարմին Սիրիայում։ Ա. հ. մ. կան նաև Լիբանանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում։ Այնթապցիների հայրենակցական միության կենտրոնական վարչությունը ընտրվում է տարեկան պատգամավորական ժողովում և 2 տարուց ավելի չի կարող մնալ նույն վայրում։ Ա. հ. մ. մասնակցել են համագաղութային ձեռնարկումներին, խրախուսել և գլխավորել մեծ թվով այնթապցիների ներգաղթը Սովետական Հայաստան։ Նրանք սերտ կապ են պահպանում Սովետական Հայաստանի հետ։ Հայկական ՍԱՀ Գերագույն սովետը, ընդառաջ գնալով Ա. հ. մ–ին և Սովետական Հայաստանում ապրող այնթապցիների խնդրանքին, 1970-ի սեպտեմբերին Մասիսի շրջանի Թազագյուղ գյուղը վերանվանեց Այնթապ։ 1960-ից հրատարակվում է «Հայ Անթեպ» (1970-ից «Նոր Այնթապ») պարբերականը (խմբագիր՝ Գ. Պողարյան)։


ԱՅՆԻ (Սադրիդդին Սաիդ–Մուրոդզոդա, 1878–1954), տաջիկ գրող, տաջիկական սովետական գրականության հիմնադիր և ուզբեկական սովետական գրականության սկզբնավորողներից։ Տաջիկական ՍՍՀ ԳԱ առաջին պրեզիդենտ (1951-ից), Ուզբեկական ՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ։ Ծնվել է ապրիլի 15(27)–ին։ Գրական ասպարեզ է մտել 1894-ին։ Գրել է տաջիկերեն և ուզբեկերեն։ Առաջին շրջանի գործերում («Կոչ երիտասարդությանը», 1914, «Մի ծախեք հողը», 1916 ևն) քարոզել է լուսավորչական գաղափարներ։ «Բուխարայի դահիճները» (1920) արձակ ստեղծագործության մեջ պատկերել է ֆեոդալական քաղաքի սովորույթները։ Գրել է «Օդինա» (1924), «Դոխունդա» (1930), «Ստրուկներ» (1934) վեպերը, որոնց թեման միջինասիական ժողովուրդների մղած պայքարն է ազատության համար։ «Հիշողություններ» (ՍԱՀՄ պետ. մրցանակ, 1950, հայերեն թարգմանությամբ՝ «Բուխարա», 1957) վեպում արտացոլել է XIX դ. վերջի և XX դ. սկզբի Բուխարայի կյանքը։ Մենագրություններ է գրել Ռուդաքիի, Ֆիրդուսու, Աբու Ալի–իբն–Սինայի (Ավիցեննա), Սաադիի, Նավոիի և այլ բանաստեղծների մասին։ Մահացել է հուլիսի 15-ին։

Երկ. Բուխարա (Հիշողություններ), Ե., 1957։


ԱՅՆՃԱՐ, հայաբնակ գյուղ Լիբանանում, Բեքաա դաշտում, Դամասկոս տանող ճա–