Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/349

Այս էջը սրբագրված է

ներ։ Հետազոտել է խաղողի վազի ժառանգականությունը, փոփոխականությունը, առաջարկել սելեկցիոն աշխատանքներն արագացնելու եղանակներ, ծնողական փոփոխակների նպատակադիր ընտրության նոր մեթոդներ։ ՀՍՍՀ–ում կիրառել է խաղողի վազի երկար էտը։ Ա. արժանացել է ՍՍՀՄ ԺՏՆՑ–ի ոսկե (1958, 1961), արծաթե (1957), բրոնզե (1956) մեդալների։ Պարգևատրվել է Կարմիր աստղի ու Կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։

Երկ. Селекция виноградной лозы, Киев, 1960 (соавт. Е. Н. Докучаева).

ԱՅՎԱԶՅԱՆ Սուրեն Բախշիի (ծն. 1915), հայ սովետ, գրող։ Ծնվել է հունվ. 9-ին, Զանգեզուրի գավառի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջան)։ Ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան ադրբեջանական համալսարանի (Բաքու) բանասիրական ֆակուլտետը (1942)։ Առաջին անգամ տպագրվել է 1937-ին։ «Անավարտ գորգը» (1947), «Խորաձորցիք» (1951) պատմվածքների ժողովածուներում և «Լեռնցիներ» (1955) վեպում Ա. պատկերել է սոցիալիստական գյուղը։ Հերոսների ներաշխարհը նա բացահայտում է հոգեբանական նուրբ վերլուծությունների միջոցով («Ձորերի ձայնը», «Լուռ Լալազարը», «Թխկուտի ձորում», «Վիշտը» և այլ պատմվածքներ)։ «Ճակատագիրն հայոց» (1966) պատմավեպում պատկերել է հայ ժողովրդի պայքարը պարսկական և թուրքական բռնակալների դեմ XVIII դարում։ Ա–ի մի շարք գործեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, էստոներեն, ադրբեջաներեն։

Երկ. Խիղճը, Ե., 1957։ Տո՛ւր ձեռքդ, կյանք, Ե., 1962։ Բարի առավոտ, Ե., 1964։ Կա և հետմահու կյանք, Ե., 1970։

(նկ․) Ս. Բ. Այվազյան։


ԱՅՎԱԶՅԱՆ Վարդան Գեորգիի (ծն. 1906), հայ սովետական հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դ–ր (1944), պրոֆեսոր (1946)։ Ծնվել է նոյեմբերի 24 (դեկտ. 6)–ին, Ստավրոպոլում։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1930)։ 1949–57-ին՝ հիդրոտեխնիկայի համամիութենական ԳՀԻ–ի Մոսկվայի մասնաճյուղի դիրեկտոր։ Գիտական–մանկավարժական աշխատանք է վարում Մոսկվայում։ Ա. 1962-ին ընտրվել է ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի էլեկտրակայանների շինարարության և շահագործման մեջ կապիտալ ներդրումների պրոբլեմների փորձագետների հատուկ խմբի նախագահ։ Զբաղվում է կամարային պատվարների հատվածքի ամենաբարենպաստ ձևի ընտրման և էներգետիկայում տեխնիկատնտեսական հաշվարկների մեթոդների մշակման հարցերով։


ԱՅՎԱԶՅԱՆ Վլադիմիր Տիգրանի (ծն. 1915), հայ սովետ, գրաֆիկ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1961), ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967)։ Ծնվել է մայիսի 15 (28)–ին, Փոռ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջան)։ Զբաղվում է լինոփորագրությամբ, օֆորտով։ Հետաքրքրական են Ա–ի «Սանահին» (1958), «Հիդրոէլեկտրակայանի շինարարությունում» (1959), «Անիմալիստական սյուիտ» (1959), «Ձմեռ» (1969) գրաֆիկական շարքերը։

(նկ․ ) Վ. Տ. Այվազյան։ «Ձմռան բնանկար»։ Օֆորտ։ 1969։

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Այվազյան) Գաբրիել Կոստանդինի (1812–1880), մանկավարժ, պատմաբան, թարգմանիչ, հայ եկեղեցական գործիչ։ Հ. Այվազովսկու եղբայրը։ Ծնվել է մայիսի 10-ին, Թեոդոսիայում (Ղրիմ)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի գավառական դպրոցում։ 1826-ին ուղարկվել է Ս. Ղազար (Վենետիկ), որտեղ ավարտելով ուսումը, դարձել է Մխիթարյան միաբանության անդամ (1830), ձեռնադրվել վարդապետ (1834)։ Այնուհետև ստանձնել է փիլիսոփայության և աստվածաբանության ուսուցչի պաշտոն՝ միաժամանակ վարելով միաբանության ընդհանուր քարտուղարի գործերը։ 1842–48-ին դասավանդել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ 1843-ին հիմնադրել և խմբագրել է (մինչև 1848) ­­­«Բազմավեպ»–ը։ 1848–56-ին եղել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրեն և հայոց պատմության ու լեզվի ուսուցիչ։ Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856-ին վերադարձել է հայ առաքելական եկեղեցուն և մնացել Փարիզում, ուր Ս. Թեոդորյանի և Ա. Գալֆայանի հետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը։ 1855–58-ին խմբագրել և հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1858-ին վերադարձել է Ռուսաստան ու նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ։ Թեոդոսիայում հիմնել է Խալիբյան վարժարանը (որի տեսուչն էր 1858–65-ին), շարունակել է հրատարակել (մինչև 1865) «Մասյաց աղավնի»–ն։ 1867-ին Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս, 1871-ից՝ արքեպիսկոպոս։ Գևորգ Դ կաթողիկոսի հրավերով կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1875–76) և Թիֆլիսի թեմական առաջնորդ։ Վախճանվել է ապրիլի 8-ին, Թիֆլիսում։

(նկ․) Գ. Կ. Այվազովսկի։

Ա. գրել է «Համառօտ պատմութիւն ռուսաց» (1836), «Պատմութիւն Օսմանեան պետութեան» (հ. 1–2, 1841), «Նիկոլ եպիսկոպոս և պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877), «Պատմութիւն Խալիպեան ուսումնարանին ազգիս հայոց» (1880), «Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս» (1869), «Ուղղագրութիւն լեզուիս հայոց» (1869), «Նախակրթանք հայերէն լեզուի…» (մաս 1–3, 1860–77), «Ընթերցարան լեզուին ռուսաց» (1862) և այլ գործեր։ Ունի մի շարք կրոնա–աստվածաբանական աշխատություններ։ Տիրապետելով եվրոպական ու արևելյան 12 լեզուների՝ Ա. թարգմանական նշանակալի ժառանգություն է թողել։ Նա իտալերենից թարգմանել է Սիլվիո Բելլիքոյի «Բանտք իմ» վիպակը (1853), ֆրանսերենից՝ Հովսեփ Տրոզի «Խորհրդածութիւնք» տրակտատը (1854), ռուսերենից՝ Ի. Կռիլովի առակները (աշխարհաբար)։

Հայերենից իտալերենի է թարգմանել Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի Պատմությունները (1841, 1843)։

Ա. արտահայտել է կրոնավորների ու ունևոր խավերի շահերը՝ անվերապահորեն պաշտպանելով տիրող հասարակական ու քաղաքական կարգերը։ «Ազգասիրության» ու «միաբանության» կոչելով ազգին՝ նա դատապարտում էր քաղաքացիական պատերազմը, ապստամբությունը, «անհնազանդությունը», հեղափոխությունը և նրանց, ովքեր ընդդիմանում էին «օրհնաբանյալ տերությանը» և «երկպառակության» հրահրում ազգը։ Այս հողի վրա էլ Ա. գաղափարական սուր հակամարտության մեջ էր հայ հեղափոխական–դեմոկրատ Մ. Նալբանդյանի, Ս. Ոսկանի և ուրիշների հետ։ Մ. Նալբանդյանն իր երկերում անհաշտ պայքար է մղել Ա–ու հետադիմական հայացքների դեմ, անխնա քննադատության ենթարկել նրա՝ «քաղաքական կարգերի ընդհանուր պաշտպանության» սկզբունքները։

Երկ. Տեսութիւն կարծեաց տեառն հ. Արսենի վ. Բագրատունւոյ յաղագս հնչման Ղ և Լ տառից, Վնտ., 1852։ Ուրւագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետկոյ, Փարիզ, 1857։ Հազար ու մի առակաւոր բանք ազգայինք և օտարք, ԿՊ, 1874։ Խրիմու հայոց լեզուովը շարադրուած առակներ, Ռոստով–Դոն, 1875։

Գրկ. Նալբանդյան Մ., «Երկու տող», Երկ. լիակտ. ժող., հ. 2, Ե., 1949։ Զարդարյան Վ., Հիշատակարան, հ. 2, Կահիրե, 1933։ Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955, էջ 252–83։ Ս. Շտիկյան