Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/35

Այս էջը հաստատված է
ԱԲՈՎՅԱՆԻ 35

Դասավանդումը ռուսերեն էր։ Գլխավոր առարկաներն էին՝ թվաբանություն, ռուսաց լեզու, կրոն, հայերի համար՝ հայոց լեզու, ադրբեջանցիների համար՝ ադրբեջաներեն։ Պրոգիմնազիայում ավելանում են լատիներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, վայելչագրություն, գիմնազիայում՝ հունարեն, ֆիզիկա ևն։ Գիմնազիան (արական դասական գիմնազիա) լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոց էր։ Ուներ գիշերօթիկ, գրադարան, արհեստանոց։ 1920-ի դեկտեմբերին գիմնազիայի հիման վրա ստեղծվում է երկրորդ աստիճանի № 2 դպրոցը, որը 1925-ից կրում է Աբովյանի անունը։ 1973-ին Ա. ա. դ. ուներ 24 դասարան՝ 711 աշակերտով, 46 ուսուցիչ֊ուսուցչուհիներով։ Տարբեր ժամանակներում դպրոցում դասավանդել են Հ. Հովհաննիսյանը, Վրթ. Փափազյանը, Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Կ. Մելիք֊Օհանջանյանը, Վ. Թոթովենցը, Ս. Հակոբյանը, Ա. Շավարշյանը, Ս. Մելիքյանը, Ս. Դեմուրյանը, Ս. Առաբելյանը և ուրիշներ։


ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԵԴԱԼ, սահմանել է ՀՍՍՀ Մինիստրների սովետը՝ 1964-ի փետրվարի 28-ի որոշմամբ։ Ա. ա. մ֊ով ՀՍՍՀ լուսավորության մինիստրությունը պարգևատրում է առավել աչքի ընկնող ուսուցիչներին, ժողկրթության և մանկավարժ. գիտ. ականավոր գործիչներին։


ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Կապուտան գյուղի մոտ. հայտնի է նաև Կապուտանի երկաթի հանքավայր անունով։ Այդտեղ երկաթաքարի երևակման մասին հիշատակվում է Վ. Մելլերի ամփոփագրում (1917), ավելի ուշ Կ. Ն. Պաֆֆենհոլցը երկրաբանական հանույթի ժամանակ դելյուվիալ նստվածքներում հայտնաբերել է հանքանյութի բեկորներ։ 1947-ին Հ. Գ. Մաղաքյանը նկարագրել է ապատիտ֊մագնետիտային հանքանյութերի արմատական ելքերը, որից հետո սկսվել է հանքավայրի մանրամասն ուսումնասիրությունն ու հետախուզումը։ Հանքադաշտը կազմված է օլիգոցենի հրաբխածին շերտախմբից՝ հատված հվ֊արմ. ուղղության բեկվածքով, որին հարում է հանքայնացումը։ Մինչև մի քանի տասնյակ մետր հզորության երակաձև ու շերտաձև զանգվածները բաղկացած են հոծ (Fe մինչև 60–65%) և երակիկացանավոր (Fe 20–25%) հանքանյութերից։ Հանքանյութը կազմված է մագնետիտից և հազվագյուտ հողեր պարունակող քլոր֊ֆտոր֊ապատիտի խառնուրդից։ Ամբողջ հանքավայրի համար միջին պարունակությունն է՝ Fe – 32, P2O5–1,3, S–0,1–0,2%։ Ա. ե. հ. ծագումով պատկանում է բուն մագմատիկ տիպին (Շվեդիայի Կիրունա հանքավայրի նմանակը)՝ բարձր ջերմաստիճանային, պնևմատա֊հիդրոթերմալ պրոցեսների վերադրումով։ Հանքանյութի հետախուզված պաշարները մոտ 200 մլն. տ են։

Հ Մաղաքյան


ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1961՝ Կոտայքի շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ֊ում։ Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին։ Տարած. 846 կմ² է, կենտրոնը՝ Աբովյան քաղաք։

Բնական պայմանները։ Ա. շ. գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հս-արլ֊ում, Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։ Հս֊արլ֊ում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լ., 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հս֊ում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արմ֊ում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հվ֊ում՝ Նորքի բարձրությունը։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Ծածկված է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխներից արտավիժած լավաներով ու տուֆերով, որոնք ընդարձակ աստիճաններով Ողջաբերդի լեռնաբազուկից ձգվում են դեպի Գետառի ալյուվիալ հովիտը։ Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։ Շրջանի տերիտորիայի մեծ մասում տեղանքի թեքությունները 8°֊ից չեն անցնում, ուստի տնտեսական յուրացման համար համեմատաբար դյուրին են։ Կլիման ըստ բարձրության փոխվում է տաք֊չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10,0°C֊ից մինչև 2,5°C (Աժդահակի գագաթին), հունվարինը ցածրադիր վայրերում՝ 4,5–5,0°C, բարձրադիր մասերում՝–13,6°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 22,2° և 8,7°C, տարեկան տեղումները 400–970 մմ։ Անսառնամանիքային օրերի թիվը ստորին գոտում՝ շուրջ 200 է։ Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն հողերը։ Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։ Լավ են արտահայտված բնական֊լանդշաֆտային գոտիները (տես քարտեզը)։ Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնատափաստանայինները (գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ ևն)։

Հանքային հարստություններից արդյունաբերական նշանակություն ունեն Աբովյանի երկաթի հանքավայրը, քարաղի, շինանյութերի (պեռլիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, անդեզիտ, տուֆ) հանքավայրերը։ Կան հանքային ջրերի (Արզնի) և բարձրորակ անուշահամ ջրերի աղբյուրներ (Քառասունակն

Բնակչությունը։ Ա. շ֊ում (առանց Աբովյան քաղաքի) բնակվում է 48,3 հզ, մարդ (1972), հայեր (89%), ռուսներ, ուկրաինացիներ, ասորիներ, քրդեր ևն։ Միջին խտությունը 1 կմ² վրա՝ 57,1 մարդ։ Ունի 33 բնակավայր, որոնց հիմնական մասը կենտրոնացած է Գետառի, Հրազդանի, Ազատի հովիտներում, մնացածը տեղադրված են Գեղամա լշ֊ի մեղմաթեք լանջերին։

(Քարտեզը տես 40 էջից հետո՝ ներդիրում)։

Պատմական ակնարկ։ Ա. շ֊ի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են VII դ. «Աշխարհացոյց»֊ում և հայ մատենագիրներ Սեբեոսի, Թովմա Արծրունու, Ասողիկի, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի և Զաքարիա Քանաքեռցու մոտ, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են Ա. շ֊ում պահպանված բազմաթիվ հուշարձանները. Աբովյանի (Էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դ.) ու միանավ եկեղեցին (IV դ.), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դ.), Արզնիի քառաբսիդ եկեղեցին