ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Հայվազովսկի) Հովհաննես (Իվան) Կոստանդինի (1817– 1900), աշխարհահռչակ ծովանկարիչ։ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853)։ Ծնվել է հուլիսի 17(29)–ին, Թեոդոսիայում, Մոլդավիսւյից գաղթած մանր առևտրական հայի՝ Գեորգ Այվազի կամ Հայվազի (հետագայում՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում։ Երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն՝ Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան։ Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833– 1837-ին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում։ «Անդորր» (1837) նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի և երկու տարով գործուղվել Ղրիմ՝ ինքնուրույն աշխատանքի։ 1839-ի գարնանը Ա. մասնակցել Է Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման։ Այդ շրջանի կտավները («Յալթա», «Հին Թեոդոսիան», «Ծովափ», «Կերչ» ևն) հիմնականում կրում են ուսուցչի՝ Ս. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցությունը։ Դրանցում զգացվում է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յա. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը։ Ծանոթությունը Ա. Ս. Պուշկինի, Վ. Ա. Ժուկովսկու, Ի. Ա. Կռիլովի, Վ. Գ. Բելինսկու, Կ. Պ. Բրյուլովի, Ս. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Ա–ի ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը։ 1840-ին ակադեմիան Ա–ին գործուղել Է արտասահման՝ կատարելագործվելու։ Եղել Է Իտալիայում (նաև Ս. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Փարիզում արժանացել Է ոսկե մեդալի (իսկ 1857-ին՝ Պատվո լեգեոնի շքանշանի), Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ 1844-ին վերադարձել Է Ռուսաստան, ստացել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887-ից՝ պատվավոր անդամ) և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։ Ա. 1845-ին հեռացել Է մայրաքաղաքից, մշտական բնակություն հաստատել Թեոդոսիայում, կառուցել արվեստանոց, փառաբանված արվեստագետի և հայրենասեր քաղաքացու իր մասնակցությունն Է բերել 1853–56-ի Ղրիմի պատերազմին։ Ստեղծել Է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», 1853, «Ծովամարտ», 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 ևն), պաշարված քաղաքում բացել է ցուցահանդես (1854), ոգևորել և օգնել է նրա պաշտպաններին։ Ա. շատ է ճանապարհորդել. եղել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՍՆ–ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868-ին ուղևորվել է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ («Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» ևն), 1869-ին Թիֆլիսում բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար որպես օտարերկրյա մեծ նկարիչ կատարել է իր ինքնանկարը։ Ա. Ռուսաստանում առաջինն Էր, որ, հետապնդելով լուսավորական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլև ռուսական ծայրամասային քաղաքներում, այդ թվում Թիֆլիսում և Բաքվում։ Նա մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ագգային ագատագրական պայքարին։ Ա–ին խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագիրը։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ։ Փայփայել է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։ 1890-ական թթ. հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։ 1898-ին այդ նկարաշարը ցուցադրել Է Մոսկվայում, «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել նույն թեմայով գրչանկարներ։ Նա ապաստան է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին։ Ա. եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին։ Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ իր անունով), Հնագիտական թանգարան (1874), Գեղարվեստական դպրոց (1865), գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել է նավահանգստի (1892–94), երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը ևն։ Ա. մեծ գումարով օգնել է Ռուսաստանի՝ 1891–92-ի սովյալներին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելոռուս չքավոր ուսանողներին։ 1900-ի մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Ա–ի անվան թոշակ։ Նրա անունով Թեոդոսիայում կոչվել է փողոց, զբոսայգի և մոտակա բլուրներից մեկը։ 1887-ին մեծ շուքով նշվել է Ա–ի ստեղծագործական կյանքի 50-ամյա, 1897-ին՝ 60-ամյա հոբելյանը։ Ա. մահացել է ապրիլի 19(մայիսի 2)–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Ա–ին թաղել են զինվորական պատվով, Թեոդոսիայի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում։
(նկ․) Հ. Այվազովսկու ներկապնակը և նկարակալը։
Ա. ստեղծել է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովը՝ օրվա տարբեր, ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական