Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/351

Այս էջը սրբագրված է

ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայում», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 ևն)։ Դա արտահայտվել է նան բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840–50-ական թթ. լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850) ևն, կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։ 1870-ական թթ. նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873 ևն), իսկ 1880–90-կան թթ. «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898 ևն)։

(նկ․) Հ. Այվազովսկու ձեռագիրը։

Ա–ի արվեստը լավատեսական Է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Լենինգրադի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով Ա. ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս 1-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։

Ա. ունի հարազատներին ու բարեկամներին պատկերող դիմանկարներ, ինքնանկարներ, գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ։ Ա. բարերար ազդեցության է գործել ռուսական գեղանկարչության վրա։ Նրա արվեստին հետևել են ռուս նկարիչներ Լ. Ֆ. Լագորիոն, Ռ. Գ. Սուդկովսկին, Ա. Պ. Բոգոլյուբովը, Ա. Ի. Կուինջին, ծովանկարչի երեք թոռները՝ Մ.Պ. Լատրին, Ա. Ե. Գանզենը, Կ. Կ. Արցեուլովը և ուրիշներ։

Խոշոր են Ա–ի ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները։ Նրա «Թիֆլիսի տեսարան»–ը (1868) հայ կենցաղային ժանրի առաջին նկարներից Է։ Հայաստանի նկատմամբ Ա–ի տածած սերը արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը» (1882, մասնավոր հավաքածու), «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895) և այլ կտավներում։ Ծովանկարչության բնագավառում նրա անմիջական խորհուրդներով առաջնորդվել են Մ. Ճիվանյանը, Մ. Մահտեսյանը, Վ. Մախոխյանը: Նրա արվեստը որոշակի ազդեցություն է ունեցել Դ. Բաշինջաղյանի ստեղծագործության վրա։

Ա–ի նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի պետական պատկերասրահի՝ Ա–ի նկարների հավաքածուն («Չումակները», 1857, «Գիշերը Կոստանդնուպոլսում», 1862, «Նեապոլի ծովածոցը միգապատ առավոտյան», 1874, «Փոթորիկը ծովի վրա», 1876, «Նոյը իջնում է Արարատից», 1887, «Անդորրություն», 1892 ևն)։

(նկ․) Հ. Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիայում։

Ա–ի գործունեությունը նպաստել է հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ինչպես ամեն մի մշակութային խոշոր երևույթ, Ա–ի արվեստը արտացոլել է իր ժամանակի առաջադիմական գաղափարները։

Պատկերազարդումը տես 352–53 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958, էջ 32–76։ Հարությունյան Գ. Գ., Հովհաննես Այվազովսկու տոհմի ծագումնաբանությունը և ազգանվան փոփոխումը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1965, № 2։ Սարգսյան Մ., Հովհաննես Այվազովսկի, Ե., 1967։ Կուրղինյան Կ. Հ., Հովհաննես Այվազովսկի, «ՊԲՀ», 1967, № 2-3։ Кузьмин И. П., И. К. Айвазовский и его произведения, СПБ, 1901; Барсамов Н. С., Айвазовский, М., 1967; Айвазовский, документы и материалы, Е., 1967. Մ. Ղազարյան

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, կառուցել է Հ. Այվազովսկին՝ Թեոդոսիայում, 1845-ին, որպես տուն և արվեստանոց, ուր 1846-ին բացել է իր նկարների առաջին ցուցահանդեսը։ Դա Ռուսաստանում ժողովրդին մատչելի առաջին թանգարանն էր։ 1880-ին ծովանկարիչն իր տունը վերածել է հանրային պատկերասրահի։ Ա. պ–ում կազմակերպվել են Այվազովսկու գործերի ցուցահանդեսներ, ինչպես և երեկույթներ, ուր ելույթներ են ունեցել նաև դերասան Պ. Ադամյանը, կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը։ Ղրիմի արվեստի այդ կենտրոնում մեծ ծովանկարչին աշակերտել են Ա. Կուինջին, Լ. Լագորիոն, Ա. Ֆեսլերը, Կ. Բոգաևսկին, Մ. Մահտեսյանը, Ս. Լատրին, Մ. Վոլոշինը։ 1921-ին Ա. պ. ազգայնացվել է։ 1925-ից այնտեղ ցուցադրվել են նաև Այվազովսկու հետևորդների գործերը։ 1941-ին Ա. պ–ի ֆոնդերն ու արխիվը պատերազմից փրկվել և տեղափոխվել են Երևան։ 1942-ին, Այվազովսկու ծննդյան 125–ամյակի առթիվ, Երևանում ցուցադրվել է Ա. պ–ի հավաքածուն, որը 1944-ին վերադարձվել է Թեոդոսիա։ 1946-ին ավարտվել է շենքի վերականգնումը, և Ա. պ. կրկին սկսել է գործել։ Այն ծովանկարչության միակ թանգարանն է ՍՍՀՄ–ում, որտեղ պահվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն։

(նկ․) Հ․ Այվազովսկու պատկերասրահը Թեոդոսիայում։