Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/355

Այս էջը սրբագրված է

(նկ․) Այրուձի. 1. Հեծյալ մարտիկների և մարտակառքի երթի տեսարան՝ փորագրված կապարճի վրա, Արգիշտի Ա–ի արձանագրությամբ։ VIII դ.։ Գտնվել է Կարմիր բլուրում (Հայաստանի պատմ. թանգարան)։ 2. Տեծյալ մարտիկի զրահ (վերակազմություն)։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակ։ Գտնվել է Գոլովինոյում (Հայաստանի պատմ. թանգարան)։ 3. Հայոց իշխանի շքերթը (Անիի որմնանկարներից)։ 4. Կիլիկյան Հայաստանի հեծյալ մարտիկ (վերակազմություն):

տած կամ մետաղե զրահներ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրունքակալ, լանջապանակ, սռնապան, կրծքակալ ևն)։ Գլխավոր զենքը երկար նիզակն էր։ Զրահակիր հեծելազորը հայկական բանակի գլխավոր հարվածային ուժն էր։ Գրոհում էր սեպաձև խիտ շարքերով։ Թեթևազեն հեծելազորը, որի համար ընտրում էին համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում։ Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր։ Թեթև հեծելազորը կատարում էր բանակի մարտակարգը ապահովելու (թևերն ու թիկունքը պաշտպանելու, գլխավոր ուժերի ծավալմանը սպասարկելու, ցրված ուժերը կենտրոնացնելու), թշնամուն հետապնդելու, հետախուզելու և այլ պարտականություններ: Հարձակվում էր ցրիվ շարքերով։

Հայոց Ա. կարևոր դեր էր կատարում պարթևա–հռոմեական մրցակցությունում, նրա անցումը մեկի կամ մյուսի կողմը հաճախ ունենում էր վճռական նշանակություն։ Հռոմը մարտունակ հեծելազոր չուներ։ Այդ պատճառով ահեղ հեծելազորատեր Պարթևաստանի դեմ մղվող պատերազմներում ձգտում էր շահել Հայաստանի դաշնակցությունը։ Կրասոսի և Անտոնիոսի արևելյան արշավանքների ձախողման գլխավոր պատճառը հռոմեական պատմիչները համարում են Հայոց թագավոր Արտավազդ Բ–ի դիրքը, նրա 16-հազարանոց Ա. չօգնեց հռոմեացիներին։

Արշակունիների ժամանակ Ա., մասնավորապես ծանրազենը, համալրվում էր ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության անքակտելի մասն էր ձիավարժությունը։ Պատերազմի ժամանակ ցածր խավերից նույնպես ստեղծվում էր առանձին հեծելագունդ, որը կոչվում էր «ռամիկ այրուձի»։ Ա–ի գերագույն հրամանատարը կոչվում էր «ասպետ», որը միաժամանակ «թագադիր» կամ «թագակապ» իշխան էր։ Այդ պաշտոնը Բսւգրատունիների տոհմի մենաշնորհն էր։ Արշակունիները Ա. խիստ մեծացրին հատկապես III–IV դդ., երբ Հայաստանի անկախությանն սպառնաց Սասանյան Պարսկաստանը։ Ըստ Ագաթանգեղոսի և Սեբեոսի, Տրդատ Գ Մեծի Ա. 70 հզ–ից անցնում էր։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ նույնքան Ա. ուներ Խասրով Գ Կոտակը, իսկ Արշակ Բ–ն և Պապը այն հասցրին 12 բյուրի (120 հզ.)։ Արշակունիների օրոք Ա. կազմվում էր նախարարական և արքայական հեծելագնդերից։ Զորանամակը հավաստում է, որ քրիստոնյա Արշակունիների ժամանակ 86 նախարարություններ ներկայացնում էին 84 հզ. ձիավոր մարտիկ, իսկ արքայականը կազմում էր 40 հզ.։ Հայոց Ա. Նավասարդի տոնին մասնակցում էր արքունիքի տոնական արարողություններին, հրապարակային զինավարժություններով ցուցադրում էր իր մարտունակությունը, արժանանում արքայական պատիվների ևն։ Ա–ի զինվորական աստիճանների, հրահանգների, կանոնադրությունների, զինանշանների, դրոշների մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Մովսես Խորենացին գրում է, որ Վաղարշակ թագավորը սահմանեց զինվորական կարգեր՝ առաջին, երկրորդ և երրորդ։ Աղբյուրներում հիշատակվում են «բյուրավորք», «հազարավորք», «գումապետք», «հարդարիչք մարտի», «աղեղնադրոշք», «ասպարախաղք» կամ «ասպախաղք», «դրոշակակիրք», «վառնունիք», «ճակատամուղք» ստորաբաժանումների անուններ, որոնց նշանակության և կառուցվածքի մասին ոչինչ չգիտենք։

Արշակունիների անկումից հետո հայկական Ա–ի թիվը նվազեց։ Մարզպանական Հայաստանում (V–VII դդ.), ըստ Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի, Ա. 30 հզ–ից չէր անցնում։ Հայաստանի կախվածությունը Սասանյան Պարսկաստանից հիմնականում արտահայտվում էր Ա. նրան տրամադրելու մեջ։ Պարսկական իշխանությունը աշխարհագիր կատարելիս հաշվառում էր նաև հեծելազորայիններին և նրանց թվի համեմատ ռոճիկ վճարում։ Այդպես էր վարվում նաև Բյուզանդիան։ V–VII դդ. Բյուզանդիայի և Պարսկաստանի դեմ ուղղված հայ ազատագրական շարժումների գլխավոր դրդապատճառներից մեկն էլ Ա–ի ծանր վիճակն էր։Տիրակալները հայկական հեծելագնդերին պարտադրում էին մասնակցել իրենց վարած պատերազմներին՝ դնելով նրանց ճակատամարտի ամենավտանգավոր տեղերում։ 529-ին հատուկ հրովարտակով Հուստինիանոս կայսրը Հայաստանի բյուգանդական մասում արգելեց նախարարներին հեծյալ ուժեր ունենալ։ Այս իրավիճակը տևեց մինչև արաբական նվաճումները (VII դ. կես)։

Արաբները շարունակեցին հայ հեծյալ ուժերի գրանցման և նրանց ռոճիկ վճարելու պարսկական կարգը։ 652-ի հայ–արաբական պայմանագրի համաձայն Հայաստանը կարող էր պահել 15-հազարանոց Ա. (նախկին 30 հզ–ի փոխարեն), որի ռոճիկը (տարեկան 100 հզ. արծաթ) վճարելու էին արաբները։ Այս կարգը պահպանվեց մինչև Աբդալլահ խալիֆը (750–775)։

Բագրատունիների օրոք նույնպես հեծելազորային ծառայությունը գերազանցապես կատարում էին ազատները։ Օտար զավթիչների հարատև սպառնալիքները Բագրատունիներին մղում էին մշտական հեծյալ բանակի հզորացմանը։ Գագիկ Ա–ի ժամանակ (990–1020) արքունական զորագնդերում հաշվվում էր 55 հզ., իսկ իշխանականում՝ 45 հզ. զինվոր։ Բագրատունիների թագավորության անկումից հետո, սելջուկ թուրքերի տիրապետության շրջանում (XI–XII դդ.) հայ «հեծելազորն անտերունչ թափառում էր Պարսից, Հունաց և Վրաց կողմերում։ Ազատների սեպուհ գունդը հայրենազրկվեց…» (Պատմություն Արիստակեսի Լաստիվերտցվո, Ե., 1963, էջ 60)։ XII–XIII դդ. հայ հեծելագնդերը վրաց Բագրատունիների բանակում խոշոր դեր խաղացին ինչպես վրացական պետության հզորացման, այնպես էլ հայկական հողերի՝ Գուգարքի, Տայքի, Սյունիքի, Այրարատի, Հս. Տուրուբերանի և Բարձր Հայքի արլ. մասի ազատագրման