Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/356

Այս էջը սրբագրված է

գործում։ XIII–XIV դդ. թաթար–մոնղոլական նվաճողները վերջ դրեցին հայկական հեծելազորի ինքնուրույն գոյությանը։ Կիլիկյան Հայաստանում Ա. համալրում էին մանր ազնվականները, որի համար կոչվում էին «ձիավորներ» կամ «հեծվորներ»։ Նրանք զգեստավորվում ու զրահավորվում էին եվրոպական խաչակիր ասպետների նման, ստանում զինվորական կրթություն։ Պատերազմների ժամանակ հատուկ հեծելագունդ էր ստեղծվում նաև ցածր խավերից, որը կոչվում էր «ցած հեծելվորք» կամ «ցած շինականք հեծելվորք»։ Կիլիկյան Հայաստանի պետականության վերացումով (XIV դ.), նրա Ա. ևս դադարեց գոյություն ունենալուց։ Մ. Կատվալյան


ԱՅՐՈՒՄ, արագ ընթացող քիմիական ռեակցիա, որն ուղեկցվում է մեծ քանակի ջերմության անջատումով, հաճախ նաև լուսարձակումով։ Ա. բարդ ֆիզիկաքիմիական երևույթ է, սովորական օքսիդացման–վերականգնման ռեակցիա և ինքնարագացող պրոցես։ Վերջինիս պատճառը անջատված ջերմության կուտակումն է և Ա–ի շղթայական բնույթը։ Շատ մեծ ինքնարագացումով ընթացող Ա. առաջացնում է պայթյուն (տես նաև Շղթայական ռեակցիաներ)։ Գազերի առկայության դեպքում Ա. ուղեկցվում է բոցով։ Առօրյա կյանքում ավելի հաճախ հանդիպում են Ա. թթվածնում (օդում)։ Ա. տեղի է ունենում նաև առանց թթվածնի (օր. մետաղների և ջրածնի այրումը քլորում ևն)։ Գործնական նշանակություն ունի վառելանյութերի (ածուխ, նավթամթերքներ, բնական և արհեստական այրվող գազեր) Ա. օդում։ Ա. սկսելու համար սովորաբար հարկ է լինում վառելանյութը նախապես բոցավառել (տաքացում, կայծ ևն)։ Որոշ նյութեր համապատասխան օքսիդիչի առկայությամբ կարող են ինքնաբոցավառվել (օր. սպիտակ ֆոսֆորը օդում ինքնաբոցավառվում է 60°C–ում, ֆոսֆինը՝ սենյակային ջերմաստիճանում)։ Հրթիռային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կարևոր նշանակություն է ստանում հեղուկ և պինդ վառելանյութերի Ա. հեղուկ օքսիդիչների առկայությամբ։ Լ. Գրիգորյան


ԱՅՐՈՒՄ, քաղաքատիպ ավան (1960) Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի ափին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ Երկաթուղային կայարան է։ 1982 բն. (1972), հայեր, ռուսներ։ Կա պահածոների գործարան, որը մշակում է Նոյեմբերյանի և Թումանյանի շրջանների միրգը։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք, ջրմուղ–կոյուղի։ Ըստ ավանդության, վաղ անցյալում թշնամիները, գրավելով այդ բնակավայրը, «այրել» են, որից և առաջացել է Ա. անունը։

(նկ․) Այրումում գտնված արձանիկների (մ. թ. ա. X–VIII դդ.) գծապատկերներ։

1962-ին Ա–ի երկաթուղու կայարանից 3 կմ հվ–արմ. ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվեցին բրոնզե 49 արձանիկներ (մարդկանց, ինչպես և եզան, ձիու, բորենու, գայլի), որոնք վերաբերում են մ. թ. ա. X–VIII դդ., ձուլված են մեծ վարպետությամբ, կրում են ժամանակի կատարելագործված արվեստի կնիքը և պատկերված են շարժման մեջ։ Գ. Նախշքարյան, Հ. Մնացականյան

(նկ․) Բնակելի նոր թաղամաս Այրում քաղաքատիպ ավանում։


ԱՅՐՈՒՑՔ, այրոցի զգացում որկորում։ Պատճառը որկորի մեջ թթու ստամոքսահյութ ընկնելն է, ինչպես և որկորի լորձաթաղանթի գերզգայուն դառնալը։ Առաջանում է ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցերի, լեղապարկի բորբոքումների, երբեմն հղիության ժամանակ։ Բուժումը՝ ստամոքսահյութի թթվությունը չեզոքացնող դեղորայք, հիմքային հանքային ջրեր, դիետայի պահպանում։


ԱՆԱԲԱԶԻՆՍՈՒԼՖԱՏ, վնասատու միջատների դեմ պայքարելու քիմիական միջոց։ Տես Միջատասպաններ։


ԱՆԱԲԱՊՏԻՍՏՆԵՐ (հուն. <άναβαπτίξω – կրկին մկրտում եմ), կրկնակնունքներ, Ռեֆորմացիայի առավել արմատական աղանդավորական հոսանքներից մեկի հետևորդները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, XVI դ.։ Անաբապտիզմի սոցիալական բազան քաղաքային պլեբեյությունն էր, գյուղացիությունը, բյուրգերականության արմատական խավերը։ Պահանջում էին նորից մկրտվել հասուն տարիքում Ա–ի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում եկեղեցական բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարվում հարկ վճարել, կատարել զինվորական ծառայություն, զբաղեցնել հասարակական պաշտոններ։ Նրանք քննադատում էին հարստությունը և սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։ Ա. հավատում էին երկրի վրա «Քրիստոսի արքայության» հազարամյա հաստատմանը ևն։ Այդ ուսմունքը, ըստ էության, սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։ Ա. սերում էին արմատական–միստիկական աղանդից («ցվիկաույան քարոզիչները»՝ Թյուրինգիայում, սակրամենտիստները՝ Նիդերլանդներում) և ամենից վաղ տարածվեցին Գերմանիայում, որտեղ ստացան Թ. Մյունցերի աջակցությունը, և Ցյուրիխում (Շվեյցարիա)։ Նրանք 1524–25-ին մասնակցեցին Գյուղացիական պատերազմին Գերմանիայում։ Գյուղացիական պատերազմի և Շվեյցարիայում Ա–ի պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հս. Նիդերլանդներ և Վեստֆալիա, հատկապես՝ Մյունստեր, որտեղ Ա. գրավեցին իշխանությունը (Մյունստերյան կոմունա 1534–35)։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին բապտիստների հերձվածը։ Վ. Իսկանյան


«ԱՆԱԲԱՍԻՍ», «Նահանջ Բյուրոց» (հուն. – ανάβασις – վերելք, շարժում երկրի խորքով), Քսենոփոնի պատմա–հուշագրական երկը։ Բաղկացած է 7 գրքից, որոնցում նկարագրված է մ. թ. ա. 401-ին գահատենչ Կյուրոս Կրտսերի վարձկան ուժերի՝ 10 հզ. հույների անհաջող արշավանքը Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես II դեմ և Կունաքսայի (Միջագետք) ճակատամարտում պարտվելուց հետո նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Հեղինակը մասնակցել է ամբողջ արշավանքին ու նահանջին (հելլեն զորավարների նենգաբար սպանվելուց հետո նա նահանջող զորքի հրամանատարն Էր)։ «Ա.» արժանահավատ և անփոխարինելի սկզբնաղբյուր է հատ–