Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/36

Այս էջը հաստատված է

36 ԱԲՈՎՅԱՆԻ

(VI դ.), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (VI դ.), Արամուսի տաճարը (VI դ.), Առինջում՝ Ձագավանքը (VII–XIII դդ.) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VII դ.). Գեղարդի վանքը (XII–XIII դդ.), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (XIV դ.) ևն։ Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին, իսկ V–VII դդ., ըստ որոշ տվյալների՝ Ամատունյաց նախարարական տանը։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված էր Երևանի խանության Կըրխ-Բուլաղի և Գսանի-Բասարի մահալների միջև։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց և Երևանի նահանգը կազմվելուց հետո (1849) Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերություն և քաղաքներ։ Գյուղերը փոքր էին և անբարեկարգ։

Նախահեղափոխական Կոտայքում մարքսիստական գաղափարների առաջին տարածողները եղել են Բաքվի, Թիֆլիսի և Երևանի ձեռնարկություններում աշխատող առանձին բոլշևիկ գործիչներ, ինչպես նաև Երևանի թեմական դպրոցի կոտայքցի աշակերտներ, որոնք հարել են բոլշևիկյան «Սպարտակ» կազմակերպությանը։ Սովետական իշխանության հաստատումից հետո 1920-ի դեկտեմբերին հիմնադրվեց Ա. շ֊ի կուսկազմակերպությունը։ Մինչև 1921-ի փետրվարը շրջանի Էլար, Շահաբ, Թազագյուղ, Ելղովան, Բաշգյուղ, Զառ, Ճաթղռան, Գյամրեզ, Թեջրաբակ, Արամուս, Մհուբ, Քանաքեռ գյուղերում կազմակերպվեցին առաջին կուսբջիջները։ 1921-ին էլ տեղի ունեցավ առաջին կուսակցական կոնֆերանսը, որը կոչվեց Կոտայքի շրջանի կուսակցականների ընդհանուր ժողով։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ֊ում կար 117 սկզբն. կուսկազմակերպություն՝ 2997 կոմունիստներով։ 1921–71-ին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ Առաջին կոմերիտական բջիջը կազմակերպվել է 1920-ի դեկտեմբերին, Քանաքեռում։ 1921-ի հուլիսի վերջին կայացավ առաջին կոնֆերանսը, որն ընտրեց շրջկոմ։ Կազմակերպությունն այն ժամանակ ուներ 320 կոմերիտական։ 1972-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ֊ում հաշվվում էր կոմերիտական սկզբն. կազմակերպություն՝ 6729 կոմերիտականներով։

Սովետական իշխանության առաջին տարիներին, մինչև 1925-ի հոկտեմբերի 20-ը, Կոտայքը որպես գավառակ մտել է Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը Հայաստանի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը և իշխանության մարմինները ամենից առաջ ձեռնամուխ եղան սովյալներին օգնելուն։ 1922-ին կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Գաղթականների համար առանձնացվեցին գյուղատեղեր, որտեղ 1922–1925-ին նրանք բնակություն հաստատեցին։ Գաղթական ընտանիքները հիմնականում բնակեցվեցին լեռնային Սարանիստ (Թութիա), Զովաշեն (Դալլաքլու), Աստղաբերդ (Կըզկալա), Սևաբերդ (Ղարաղալա), Ողջաբերդ, Գեղադիր (Քյարփիչլու), Հացավան (Ավդալար), Գետամեջ (Քեթրան) գյուղերում։ Շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։ Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ)։ Սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ Քանաքեռում 1926-ին բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ 1925-ին շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։ 1922-ին նախկին աղայապատկան հողերի վրա կազմակերպվեց Ձագ գյուղի Մյասնիկյանի անվան սովետական տնտեսությունը։ Այստեղ աճեցվող ծխախոտի, խնձորի և վարունգի բերքատու տեսակները հետագայում տարածվեցին շրջանի մյուս գյուղերում։ Առաջին կոլեկտիվ տնտեսություններն Ա. շ֊ում կազմակերպվեցին 1928-ին, Ելղովանում (այժմ՝ Կոտայք) և Ճաթղռանում (այժմ՝ Գեղաշեն)։ Նրանցից յուրաքանչյուրը միավորում էր 12 տնտեսություն։ 1930-ի սկզբներին կոլտնտեսություններ կազմակերպվեցին ևս 24 գյուղերում։ 1934-ին կոլտնտեսությունները միավորում էին 3514, 1935-ին՝ 5408 ընտանիք։ 1936-ին կոլտնտեսություններն արդեն ընդգրկում էին շրջանի բնակչության 95%։ 1934-ին ստեղծվեց մեքենա֊տրակտորային կայան, որն սպասարկում էր 26 տնտեսությունների։ Ավելի ուշ Ջրվեժում կազմակերպվեց 2-րդ ՄՏԿ։

Ա. շ֊ի առաջին արդ. ձեռնարկությունը՝ Արզնիի հանքային ջրերի գործարանը, կառուցվեց 1927-ին։ 1928-ին այնտեղ կառուցվեց նաև Հայաստանում առաջին առողջարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպության ղեկավարությամբ աշխատավորները եռանդուն մասնակցություն ունեցան Քանաքեռի ՀԷԿ֊ի, հատկապես՝ նրա ջրանցքի և ջրավազանի կառուցմանը։ Ա. շ֊ի աշխատավորությունը մասնակցեց նաև 1930-ական թթ. սկսված և 1950-ական թթ. վերսկսված Երևան–Աղստաֆա երկաթուղու շինարարությանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ 1941-ին շրջանի կոմունիստների 54,7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ 1941–1945-ին շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց սովետական զինված ուժերի շարքերը։ ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը՝ Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշևը, արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Ա. շ֊ի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց Գառնիի ջրանցքը, որն Ազատ գետի ջրով ոռոգեց 800 հա հող։ 1945-ին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ Քանաքեռի ջրհան կայանը։

Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ տեղի ունեցան Ա. շ֊ի տնտեսության կառուցվածքում, աննախընթաց չափով աճեց արդյունաբերության տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում։ Կառուցվեցին և գործարկվեցին 12 կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ Արզնիի ապակյա տարաների (1950), բյուրեղապակու (1969), Նոր Հաճընի ճշգրիտ քարերի (1958), Աբովյանի կիսահաղորդիչների (1965), երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, Աբովյանի կահույքի ֆաբրիկան (1964) և այլ ձեռնարկություններ։ Ա. շ֊ում են նաև Արզնիի ՀԷԿ֊ը, Աբովյանշին և Երճանշին