Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/374

Այս էջը սրբագրված է

չիի կատարած անատոմիական նկարները թույլ էին տալիս դատել մարդու օրգանիզմի ընդհանուր օրինաչափությունների մասին, որով նա իրավամբ համարվում է պլաստիկ Ա–ի հիմնադիրը։ Վեզալիուսը «Մարդու մարմնի կազմության մասին» աշխատության մեջ մանրամասը ներկայացրեց մարդու Ա.։ Նա առաջինն ուղղեց Գալիանոսի մի շարք սխալները (օրինակ՝ ապացուցեց, որ սխալ է աջ և ձախ սրտերի միջև անմիջական հաղորդակցության գաղափարը)։ 1628-ին անգլիացի բժիշկ Ու. Հարվեյը հայտնաբերեց արյան շրջանառությունը։ Ա–ի հետագա զարգացումը կապված է մորֆոլոգիական գիտությունների (հատկապես՝ համեմատական Ա–ի և միկրոսկոպիական Ա–ի) զարգացման հետ։

Հայաստանում միջին դարերում կատարում էին կենդանահատումներ և դիահերձումներ։ Ա–ի հարցերով զբաղվել են Մխիթար Հերացին, Ներսես Լամբրոնացին, Գրիգորիսը, Գրիգոր Տաթևացին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում կա շուրջ 80 ձեռագիր Ա–ի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ։

Ժամանակակից Ա. կոչվում է նկարագրական կամ նորմալ Ա., քանի որ նկարագրում է նորմալ, չախտահարված ու չձևափոխված օրգանների և հյուսվածքների ձևն ու կառուցվածքը։ Օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերին համապատասխան նորմալ Ա. բաժանվում է՝ ոսկրաբանության, հոդաբանության, մկանաբանության, ընդերաբանության, էնդոկրինոլոգիայի, անոթաբանության, նյարդաբանության, զգայաբանության։

XIX դ. սկսած, որպես ինքնուրույն գիտություններ, Ա–ից անջատվել են հյուսվածաբանությունը՝ օրգանների և հյուսվածքների միկրոսկոպիական կազմության մասին ուսմունքը, ախտաբանական Ա., որն ուսումնասիրում է ախտահարված և ձևափոխված օրգանների ու հյուսվածքների ձևն ու կառուցվածքը, և տեղագրական Ա., որն ուսումնասիրում է մարդու մարմնի այս կամ այն շրջանի օրգանների ու հյուսվածքների փոխադարձ դասավորությունը շերտ առ շերտ՝ կիրառական բժշկագիտության, հատկապես վիրաբուժության, նպատակներով (այս առումով էլ կոչվում է նաև վիրաբուժական Ա.)։ Բացի այդ, ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն դինամիկ Ա. (ուսումնասիրում է մարմնի շարժումները), պլաստիկ Ա. (տես Անատոմիա պլաստիկական), տարիքային Ա. (ուսումնասիրում է օրգանիզմի և նրա առանձին օրգանների փոփոխությունները՝ կապված տարիքի հետ), տիպային Ա. (ուսումնասիրում է օրգանների, հյուսվածքների և համակարգերի անհատական փոփոխությունները), ֆունկցիոնալ կամ տեսական Ա. (ուսումնասիրում է օրգանների ձևերն ու կառուցվածքը՝ կապված նրանց դերի հետ)։

Ժամանակակից Ա–ի ուսումնասիրության առարկաներն են՝ ուղեղի նուրբ կառուցվածքը (ցիտոարխիտեկտոնիկա)՝ կապված նրա ֆունկցիաների հետ, արյան և ավշային անոթների կառուցվածքը, մարմնի տարբեր մասերի անոթների միացումները։ Ա–ի ուսումնասիրության հնագույն և հիմնական մեթոդներն են՝ հերձումը և մարմնի խոռոչների բացումը։ Մարմնի հյուսվածքների նեխումը և նրանց կծկումը կանխելու նպատակով, նախքան հերձելը, դիակին ներարկում են ֆորմալինի լուծույթ։ Կմախքի ոսկրերի պատրաստուկները պատրաստում են կակղեցման (մացերացիայի) տարբեր եղանակներով։ Արյան ու ավշային անոթները, գեղձերի արտատար ծորանները և տարբեր օրգանների խոռոչներն ուսումնասիրելու նպատակով նրանց մեջ ներարկում են հեղուկ կամ պնդացող ներկեր։ Ներարկվող զանգվածների համար որպես հիմք օգտագործում են բևեկնայուղ, մոմ, բևեկնախեժ, սոսինձ, ժելատին, ցելոիդին, արհեստական ռետին, օրգանական ապակի, զանազան պլաստմասսաներ ևն։ Պնդացող զանգվածների ներարկման ժամանակ թթուների ազդեցությունից անոթը շրջապատող հյուսվածքները հաճախ քայքայվում են։ Ժամանակակից Ա–ում լայնորեն կիրառվում են ռենտգենաբանությունը և ռենտգենագրությունը։

Մարդու Ա. դասավանդվում է բժշկական ինստ–ներում և կենսաբանական ֆակուլտետներում։ ՀՍՍՀ–ում մարդու Ա–ի առաջին դասախոսը եղել է Վ. Արծրունին։

Պատկերազարդումը տես 376–77 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Հակոբյան Հ. Մ., Մարդու նորմալ անատոմիա, անոթաբանություն և ներվաբանություն, Ե., 1961։ Հ. Հակոբյան

ԱՆԱՏՈՄԻԱ ԲՈՒՅՍԵՐԻ, բուսաբանության բաժին, ուսումնասիրում է բույսերի և հյուսվածքների ներքին, գլխավորապես միկրոսկոպիական կառուցվածքը։

Բույսերի Ա–ի ձևավորումը որպես գիտություն և նրա հետագա զարգացումը կապված է մանրադիտակի գյուտի և կատարելագործման հետ։ Թեև «քսիլեմա», «ֆլոեմա» անատոմիական տերմինները հանդիպում են դեռևս հույն գիտնական Թեոփրաստեսի (մ. թ. ա. 372–287) աշխատանքներում, սակայն բույսերի Ա–ի հիմնադիրներ համարվում են իտալացի Մ. Մալպիգին և անգլիացի Ն. Գրյուն, որոնք 1671-ին միմյանցից անկախ, բայց միաժամանակ, հանդես եկան բույսերի Ա–ին վերաբերող իրենց աշխատանքների մասին հաղորդումով։ Հետագայում (Մալպիգին՝ 1675–1679-ին, Գրյուն՝ 1682-ին) հրատարակեցին բույսերի կառուցվածքին նվիրված իրենց աշխատությունները։

XIX դ. 1-ին կեսին բույսերի Ա–ի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցան բջջի օնտոգենեզի վերաբերյալ գերմանացի բուսաբաններ Հ. Մոլի և Կ. Նեհելու աշխատանքներն ու Թ. Շվանի բջջային տեսությունը։ Այդ շրջանում զարգացվեց «հյուսվածք» հասկացությունը և տրվեց դրա դասակարգումը հետևյալ սկզբունքներով. մորֆոլոգիական՝ բջջի կազմության արտաքին հատկանիշներով, ֆիզիոլոգիական՝ բջջի ֆունկցիայով, օնտոգենետիկական՝ բջջի ծագմամբ։ Գերմանացի բուսաբան Ա. դե Բարին բուսական օրգանիզմի հյուսվածքները խմբավորեց ըստ մորֆոլոգիական հատկանիշների և սահմանեց «էպիդերմիս», «խցան», «պարենքիմ», «սկլերենքիմ» ևն հասկացությունները։ Գերմ. բուսաբան Յու. Սաքսը հիմք դրեց հյուսվածքների ֆիզիոլոգիական դասակարգմանը, որն այնուհետև զարգացրեց գերմ. բուսաբան Գ. Հաբերլանդը։ Ըստ վերջինիս, կան առաջացնող, անցկացնող, ծածկող, մեխանիկական և այլ հյուսվածքներ։

Բույսերի Ա–ի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև ֆրանս. բուսաբան Ֆ. Վան Տիգեմի ստելյար տեսությունը, որը հետագայում զարգացրեց ամերիկացի Է. Ջեֆրին։

Բույսերի Ա–ի հիմնական բաժիններն են՝ ուսմունք բջջի մասին (տես Բջշաբանություն), ուսմունք հյուսվածքների մասին և ուսմունք օրգանների մասին։ Բույսերի Ա. սերտորեն կապված է բույսերի ֆիզիոլոգիայի, մորֆոյոգիայի, սաղմնաբանության, էկոլոգիայի, կարգաբանության և բուսաբանության մյուս բաժինների հետ։ Բույսերի Ա–ի ուսումնասիրման հիմնական մեթոդը բույսի որևէ մասի նուրբ կտրվածքները մանրադիտակով հետազոտելն է։ Ըստ ուսումնասիրման մեթոդների և ծառացած խնդիրների բույսերի Ա. բաժանվում է՝ նկարագրականի, ֆիզիոլոգիականի, էկոլոգիականի, համեմատականի, ախտաբանականի և փորձարարականի։ Փորձարարական Ա–ի նոր մեթոդը արհեստական սննդամիջավայրում (in vitro) մեկուսացված հյուսվածքների հետազոտումն Է, որն օգնում Է հայտնաբերելու այն օրինաչափությունները, որոնք առկա են բուսական օրգանիզմի տարբեր բջիջների և հյուսվածքների առաջացման ու զարգացման ընթացքում։ Ներկայումս կիրառվում են ֆազակոնտրաստային, լյումինեսցենտային, Էլեկտրոնային մանրադիտակներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել մանրագույն կառուցվածքները։ Բույսերի օրգանների և տարբեր մասերի անատոմիական հետազոտությունների արդյունքները օգտագործվում են թղթի, քիմիական, սննդի, օծանելիքի, տեքստիլ և այլ արդյունաբերության մեջ։

ՀՍՍՀ– ում բույսերի անատոմիական հետազոտությունները հիմնականում կատարվում են ԳԱ բուսաբանության ինստ–ի բույսերի Ա–ի լաբորատորիայում, որի հիմնադիրներն են Ա. Թախտաջյանը և Ա. Յացենկո–Խմելևսկին։

Գրկ. Яценко-Хмелевский А. А., Краткий курс анатомии растений, М., 1961; Александров В. Г., Анатомия растений, 4 изд., М., 1966; Esau K., Plant anatomy, 2 ed., N. 7 [1965]; Guttenberg Hermann. Pflanzeanatomie, Berlin, Akad. verl., 1966. Վ. Փալանջյան


ԱՆԱՏՈՄԻԱ ՊԼԱՍՏԻԿԱԿԱՆ, ուսումնասիրում Է մարմնի արտաքին ձևերը հանգստի և շարժման վիճակում։ Զբաղվում Է նաև մարմնի ներքին կառուցվածքով, հիմնականում արտաքին ձևերի արտահայտչականությունը վերծանելու նպատակով։ Պլաստիկական անատոմիայում կիրառվում են մարդաչափական, գանգաչափական և գլխազրական ուսումնասիրություն–