Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/375

Այս էջը սրբագրված է

ները, մարմնի համամասնության ուսմունքը (ուսումնասիրում է մարդու մարմնի չափերը՝ ձգտելով գտնել տարբերակների և տիպերի ծայրահեղ փոփոխականությունը որոշելու բնական «բանալի»)։ Հաստատված է, որ մարդու քթի ստորին սահմանից մինչև գլխի գագաթը (բրեգմա), քթի ստորին սահմանից՝ կրծոսկրի կոթը, լծային կտրուճից՝ պորտը, պորտից՝ ցայլը, լծային կտրուճից՝ ուսահոդը, երկու ազդրոսկրերի գլխիկների միջև ընկած տարածությունը հավասար մասեր են և յուրաքանչյուրը կազմում է ողնաշարի մեկ քառորդը։ Բազկի երկարությունը հավասար է երկու բազկի գլխիկները միացնող գծի երկարությանը, նախաբազկինը՝ կրծքագեղձի պտուկը պորտին միացնող գծին, ձեռքինը՝ պորտը ազդրոսկրի գլխիկին միացնող գծին, ազդրինը՝ ազդրոսկրի գլխիկը հակառակ կողմի կրծքագեղձի պտուկին միացնող գծին, սրունքինը՝ ազդրոսկրի գլխիկը նույն կողմի կրծքագեղձի պտուկին միացնող գծին, իսկ թաթի բարձրությունը՝ լծային կտրուճը պտուկին միացնող գծի կեսին։ Մարմնի կենտրոնը համարվում է ցայլը։ Վերոհիշյալ տվյալները կիրառական մեծ նշանակություն ունեն կերպարվեստում։

Մարմնի համամասնության մարդաբանական ուսումնասիրությունները հիմնված են չափագրության և վիճակագրական միջին թվաբանականի մեթոդի վրա։ Բրածո մարդու դեմքի վերականգնման առաջին միտքը պատկանում է գերմ. գիտնական Շաֆհաուզենին (1887)։ Դեմքի վերականգնման անատոմիական հետազոտություններ են կատարել նաև Բերը, Անուչինը, Կոլմանը, Մերկլեն, Մարտինը, Մակ Գրիգորը և ուրիշներ։ ՍՍՀՄ–ում Ա. պ. որպես գիտություն սկզբնավորվեց 1927-ին, երբ Մ. Մ. Գերասիմովը վերականգնեց մի շարք դիմաքանդակներ (Յարոսլավ Իմաստուն, Անդրեյ Բոգոլյուբսկի, Իվան Ահեղ, Ալեքսանդր Նևսկի և ուրիշներ)։ 1970-ից Ա. Ճաղարյանի ջանքերով Ա. պ. փորձառական հիմքերի վրա դրվեց նաև Հայաստանում։ Այդ կապակցությամբ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից ստեղծվեց մարդաբանության լաբորատորիա։ Ա. Ճաղարյանը ստեղծագործորեն զարգացրեց դեմքի վերականգնման գերասիմովյան համակարգը, լրացրեց մի նոր մեթոդով, որի հիմքում ընկած են պլաստիկական, ռենտգենոլոգիական, տեղագրական անատոմիաների և մաթեմատիկական հետազոտությունների սինթետիկ տվյալների օգտագործումը՝ կերպարվեստի հնարների համադրմամբ։

Լաբորատորիայի գիտական ուղղություններից մեկը պեղածո գանգերի հիման վրա դեմքի արտաքին ձևաբանության հետազոտությունն է։ Լաբորատորիայում վերականգնվեցին Լճաշենի (Սևան) բրոնզի դարի բնիկների, Սյունիքի Գրիգոր Ա. թագավորի, աղվանից Դինար թագուհու, ուրարտացի աղջկա (Կարմիր բլուր), Գանձասարի վանքի հիմնադիր՝ զորավար Հասան Ջալալյանի և հայ ականավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանի դիմաքանդակները։ Որպես ելակետային մոդել, հետազոտության մեջ կիրառվել են գանգի և փափուկ հյուսվածքների համար ռենտգենա–անատոմիական եզրագծային երկու կորեր (պարամետրեր)։ Հետազոտությունը տարվում է երեք փուլով՝ 1. սկզբնական թվային ինֆորմացիայի ստացման համար հիմքի՝ բիաուրիկուլյար գծի ընտրությունը՝ գանգի հատածների և փափուկ հյուսվածքների տարածաչափական չափագրության արտացոլման եղանակով։ 2. Երկու պարամետրերի կապի գոյության և նրա աստիճանի վիճակագրական գնահատումը։ 3. Երկու պարամետրերի կախվածության ձևի որոշումը։ Գանգի և փափուկ հյուսվածքների չափագրական երկու պատահական մեծությունների միջև գոյություն ունի հատուկ կապ, որի դեպքում մի մեծության փոփոխությունից փոխվում է մյուս մեծությունը։ Այդպիսի կապը կոչվում է ստոխաստիկակսւն կապ, որի կարևորագույն ցուցանիշը համահարաբերակցական ցուցանիշն է։ Համահարաբերակցության անհրաժեշտ և բավարար պայմանն է

(որտեղ -ը մաթեմատիկական հավանականության նշանն է), իսկ

համահարաբերակցական ցուցանիշը, որի գոյության տիրույթը ընկած է -1 ≤ ≤ +1 սահմաններում։ Գծային հարաբերակցության դեպքում երկու վիճակագրական մեծությունների կապի աստիճանը բնորոշվում է համահարաբերակցական գործակցի միջոցով, որն արտահայտվում է

բանաձևով։

Այստեղ՝ ( և չափագրված շառավղային պարամետրերն են ականջի արտաքին բացվածքից մինչև գանգի մակերեսը և փափուկ հյուսվածքների եզրագիծը, իսկ և ՝ շառավիղների միջին թվաբանական պարամետրերը)։

Գանգը դեմքի ճշգրիտ վերականգնման միակ առարկայական հիմքն է։ Գանգաբանության հիմունքները հնարավորություն են տալիս վերակառուցված և գծագրական սխեմաներով նմանահանված դիմաքանդակն ընդունել որպես վավերագրական ճշգրիտ պատկեր։ Մեթոդը մեծ նշանակություն ունի անատոմների, դատական բժիշկների, քրեագետների և վիրաբույժների համար։ Բժշկության մեջ այն ունի կիրառական նշանակություն դիմածնոտային և գանգուղեղային տեղագրության, տիպային, հասակային, ծայրահեղ տարբերակների փոփոխականության ուսմունքի բնագավառներում։ Հնագետները, պատմաբանները և մարդաբանները օգտագործում են այս տվյալները ժամանակակից ժողովուրդների ծագումնաբանության պրոցեսները պարզելու համար։

Գրկ. Ճաղարյան Ա., Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը, Ե., 1971։

ԱՆԱՏՈՔՍԻՆ (Anatoxinum), տոքսոիդ (<հուն. άνά - հակա + τοξικόν - թույն), տոքսինի ոչ վտանգավոր ածանցյալ, որը պահպանում է նրա հակածինային և իմունածինային հատկությունները։ Ա ստանում են տոքսինը 37°C–ից 40°C-ում ֆորմալինով վնասազերծելով։ Առաջին անգամ ստացել է ֆրանսիացի Գ. Ռամոնը, 1923-ին։ Բժշկության մեջ կիրառում են դիզենտերիայի, փայտացման, գազային գանգրենայի հարուցիչներից և օձերի թույնից ստացված Ա.։ Ա–ի ներարկումը օրգաններում առաջացնում է ակտիվ, արհեստական, հակատոքսինային իմունիտետ։


ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կաթոլիկական հաստատություն, հիմնվել է Կ. Պոլսում, 1847-ին, հայուհիների կրթության ու դաստիարակության նպատակով։ Մինչև 1914-ը միաբանությունը Թուրքիայի հայաբնակ վայրերում հիմնել էր 30-ից ավելի օրիորդաց դպրոցներ ու որբանոցներ, որոնք Մեծ եղեռնի օրերին փակվեցին, 75 հայ քույրերից 40-ը տարագրվեց. Շատերը զոհվեցին Դեր Էլ–Զորի ճանապարհին։ Ողջ մնացած հայ քույրերը 1919-ից բազմաթիվ հայկական գաղթավայրերում (Ալեքսանդրիա, Հռոմ, Բաղդադ, Բեյրութ, Դամասկոս, Երուսաղեմ, Թեհրան, Կահիրե, Հալեպ, Փարիզ, Ֆիլադելֆիա) բացեցին վարժարաններ ու որբանոցներ, որոնց զգալի մասը գործում է առ այսօր։ Հ. Ներսիսյան


ԱՆԱՐԶԱԲԱ, Անազարբա, Անավարզա, ամրոց և քաղաք Դաշտային Կիլիկիայում, Աիս քաղաքից մոտ 25 կմ հարավ–արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ենթադրվում է, որ անունն ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն–զարբա)։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Ա. բարգավաճել է հռոմեական տիրապետության ժամանակ և ի պատիվ Օգոստոս կայսեր կոչվել Կեսարիա (Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա)։ Պահպանվել է նաև հին անունը։ III դ. եղել է Կիլիկիայի գլխ. քաղաքը, որտեղ հատվել են հունատառ դրամներ։ Ա–ի ամրոցը կառուցված էր երեք կողմից անմատչելի 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա: Ամրոցի արևմտյան ստորոտին, հարթավայրում տարածված էր քաղաքը՝ իր պարիսպներով և չորս դռներով։ Ա. չորս անգամ ավերվել է երկրաշարժից և վերաշինվել։ Հուստինիանոս I կայսեր օրոք (527–565) կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս ու ՛ամբողջ Կիլիկիայի հետ մտել Բյուզանդական կայսրության կազմի մեջ։ Հետագա դարերում մի քանի անգամ նվաճել են արաբները։ Խաչակիրների կարճատև տիրապետությունից հետո, 1104-ին, Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա. (իշխել է 1100–1129) գրավել և վերաշինել է Ա., կառուցել Գևորգ և Թեոդորոս Զորավարաց եկեղեցին։ Կիլիկիայի հայկական պետության սահմաններում ևս Ա. ենթարկվել է օտար նվաճողների ավերածությանը։ 1107-ին և 1110-ին սելջուկները գրավեցին Ա. և կոտորեցին բնակիչներին։ 1137-ին բյուզանդական կայսր Հովհաննես Կոմնենոսը, գրավելով քաղաքը, գերեց Կիլիկիայի Հայոց իշխան Լևոն Ա–ին և նրա ընտանիքին (տես Անարզաբայի պաշտպանություն 1137)։ 1145-ին Լևոնի որդի Թորոս բ, ազատվելով բանտից, վերագրավեց Ա․