Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/376

Այս էջը սրբագրված է

կառուցեց նոր ամրություններ, իսկ 1149-ին դարձրեց Ռուբինյանների աթոռանիստը։ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Բ–ի օրոք (1185–1219) կառուցվեցին միջնաբերդը, նրա աշտարակավոր պարիսպները և այլ շինություններ։ Ա–ում, բացի կիսավեր Զորավարաց եկեղեցուց, պահպանվել է մի այլ ավերակ եկեղեցի, որը գտնվում է քաղաքից բերդ տանող ճանապարհին։ Մայրաքաղաքը Սիս փոխադրելուց հետո Ա. կորցրեց նախկին նշանակությունը և անշքացավ, իսկ Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո աստիճանաբար ավերվեց։ Դեռ որոշ ժամանակ նրա ամրությունները պահպանեցին նախկին նշանակությունը։ 1467-ին Ա. հիշատակվում է սելջուկ–թուրքերի նվաճած և ավերած քաղաքների թվում։ Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակաշրջանում Ա. նաև կաթողիկոսանիստ էր։ Կաթողիկոսներից հայտեր են Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307), Հակոբ Բ Անավարզեցին (1327–41)։ Ա–ում պահպանվել են միջնաբերդը, քաղաքի պարիսպներն իրենց աշտարակներով, եկեղեցիների, սյունազարդ և քանդակազարդ շենքերի ավերակները, գերեզմաններ, հռոմեական բազմակամար ջրմուղի ավերակները, հունատառ արձանագրություններ ևն։ Ա–ում հայեր ապրել են մինչև XX դ. սկիզբը։ Նրա հայ բնակչությունը զոհվեց 1909-ի կոտորածի ժամանակ (տես Ադանայի կոտորած 1909)։ Ա–ի տեղում այժմ Անավարզա գյուղն է։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։ Վ. Հարությունյան, Մ. Ճնահիրճյան

(նկ․) Անարզաբա ամրոցի ընդհանուր տեսքը։ Անարզաբա ամրոցը։

ԱՆԱՐԶԱԲԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1137, Անարզաբա քաղաքի բնակչության և զորքերի պաշտպանական մարտերը բյուզանդական ու սելջուկ–թուրքական զորքերի դեմ։ 1130-ական թթ. Լևոն Ա իշխանը Բյուզանդիայից գրավեց Կիլիկիայի ծովափնյա քաղաքները։ 1136-ին նրա զորքերը պաշարեցին Սելևկիա քաղաքը։ Լևոն Ա–ի ձեռնարկումները, սակայն, խափանվեցին Բյուզանդիայի նոր արշավանքով։ Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծ բանակով Միջերկրական ծովի վրայով 1137-ին ներխուժեց Կիլիկիա։ Հայկական զորքերը թողեցին Սելևկիան և ետ քաշվելով ամրացան Անարզաբայում, մասամբ էլ Վահկա բերդում։ Բյուզանդացիներին դաշնակցում էին սելջուկ–թուրքակսւն զորամասերը, որոնք առաջինը հարձակվեցին Անարզաբայի վրա։ Հայկական ուժերին հաջողվեց նրանց ետ շպրտել։ Այնուհետև սկսվեց քաղաքի 35-օրյա պաշտպանությունը։ Բազմաթիվ զոհերի գնով թշնամուն հաջողվեց քանդել արտաքին պարիսպը և ներխուժել քաղաք, ուր կատաղի մարտեր բռնկվեցին միջնաբերդի համար։ Հայկական ուժերը գիշերով ճեղքեցին թշնամու պաշարման օղակը և դուրս եկան քաղաքից։ Բայց շուտով ընկան նոր շրջապատման մեջ։ Լևոն Ա զինվորների փոքրաթիվ խմբով անձնատուր եղավ, որդիների՝ Թորոսի, Ռուբենի հետ գերի տարվեց։ Անարզաբայի անկումից հետո Բյուզանդիան շուրջ 7 տարի (մինչև Թորոսի գերությունից ազատվելը և Ռուբինյանների իշխանության վերականգնվելը) տիրում էր Կիլիկիային՝ նրա բերդերում ու քաղաքներում պահելով մոտ 20 հզ. զինվոր։ Ա. պ. պետական անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի հերոսական էջերից է։

Գրկ. Ալիշան Ղ.Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, 2 հրտ., Վաղ–պատ, 1898։ Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952. Ս. Պողոսյան


ԱՆԱՐԽԻԶՄ (<հուն. άν – ան + άρχή – իշխանություն), մանրբուրժուական հասարակական–քաղաքական հոսանք, որը ժխտում Է ամեն մի իշխանության ու պետության, այդ թվում նաև պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը։ Պետությունը դիտելով որպես հասարակական անարդարությունների պատճառ՝ Ա. առաջարկում Է նոր հասարակության ստեղծումն սկսել պետության վերացումից։ Ա. ձևավորվել Է XIX դ. 40-ական թթ. այն երկրներում, ուր գերակշռում Էր մանր ապրանքային արտադրությունը։ Ա–ի գլխավոր գաղափարախոսներն Էին Մ. Շտիռները (Գերմանիա), Մ. Ա. Բակունինը, Պ. Ա. Կրոպոտկինը (Ռուսաստան), Պ. Պրուդոնը, ժ. Գրավը (Ֆրանսիա)։

Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը բացահայտել են Ա–ի սոցիալական արմատները և տեսական սնանկությունը։ Ա–ի սուր քննադատությամբ հանդես է եկել Գ. Վ. Պլեխանովը։ Վ. Ի. Լենինը նշել է պետության հարցում մարքսիզմի և Ա–ի երեք հիմնական տարբերություններ. «Մարքսիստների և անարխիստների տարբերությունն այն է, որ (1) առաջինները, իրենց առաջ նպատակ դնելով պետության լիակատար ոչնչացումը, այդ նպատակն իրագործելի են համարում միմիայն դասակարգերի ոչնչացումից հետո սոցիալիստական ռևոլյուցիայի կողմից, իբրև սոցիալիզմի հաստատման հետևանք, որը դեպի պետության մահացումն է տանում, երկրորդներն ուզում են պետության լիակատար ոչնչացումն այսօրվանից մինչև վաղը, առանց ըմբռնելու այդպիսի ոչնչացման իրագործելիության պայմանները։ (2) Առաջիններն անհրաժեշտ են համարում, որպեսզի պրոլետարիատը, նվաճելով քաղաքական իշխանությունը, ամբողջովին խորտակի հին պետական մեքենան, փոխարինելով այն զինված բանվորների կազմակերպությունից բաղկացած նոր մեքենայով… անարխիստները մինչև անգամ ժխտում են, թե ռևոլյուցիոն պրոլետարիատը պետք է օգտագործի պետական իշխանությունը, ժխտում են նրա ռևոլյուցիոն դիկտատուրան։ (3) Առաջինները պահանջում են, որ պրոլետարիատը ռևոլյուցիայի համար նախապատրաստվի արդի պետությունն օգտագործելու միջոցով, անարխիստներն այդ ժխտում են» (Երկ., հ. 25, էջ 632)։ Վ. Ի. Լենինը ցույց է տվել, որ Ա. և ռեֆորմիզմը ըստ էության օպորտունիզմի տարբեր կողմերն են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ա. վերջնականապես վերածվեց հակահեղափոխական ուղղության և հաճախ ընդունում էր բանդիտիզմի տեսք (օր. մախնովշչինան)։

XX դ. սկզբից Ա. կորցրեց իր դիրքերը նաև եվրոպական բանվորական շարժման մեջ, իսկ որոշ երկրներում նրա գաղափարական հիմքի վրա տարածվեց անարխո–սինդիկալիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անարխիստները որոշ ակտիվություն հանդես բերեցին Իսպանիայում, Իտալիայում, Լատինական Ամերիկայի երկրներում։ 1960-ական թթ. վերջերից հակակապիտալիստական պայքարում բնակչության նորանոր լայն շերտերի (մասնավորապես՝ ուսանող երիտասարդության) ներգրավումն ուղեկցվում է Ա–ին շատ թե քիչ մոտ գաղափարական ուղղությունների աշխուժացմամբ, որը փորձում է օգտագործել հակակոմունիզմը։

Գրկ. Մարքս Կ., Փիլիսոփայության աղքատությունը, Ե., 1948։ Նույնի, Կարծեցյալ պառակտումներ Ինտերնացիոնալի մեջ, Ե., 1941։ Լենին Վ. Ի., Անարխիզմ և սոցիալիզմ, Երկ., հ. 5։ Նույնի, Սոցիալիզմ և անարխիզմ, նույն տեղում, հ. 10։ Նույնի, Պետություն և ռևոլյուցիա, նույն տեղում, հ. 25։ Պլեխանով Գ. Վ., Մեր տարաձայնությունները, Փիլիսոփայական ընտիր երկ., հ. 1, 1960։ Ն. Գասպարյան


ԱՆԱՐԽՈ–ՍԻՆԴԻԿԱԼԻԶՄ, մանրբուրժուական հոսանք բանվորական շարժման մեջ, որ գտնվում է անարխիզմի գաղափարական և քաղաքական ազդեցության ներքո։ Ա–ս. ժխտում է քաղաքական պայքարի և բանվորական ինքնուրույն քաղաքական կուսակցությունների անհրաժեշտությունը և