Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/379

Այս էջը սրբագրված է

կոթի ժողովը։ Գտնվելով Սյունիքի գլխավոր ճանապարհի խաչմերուկում՝ հաճախ ենթարկվել է օտար նվաճողների ասպատակություններին։ 1810–20-ին իսպառ զրկվել է հայ բնակչությունից, վերստին բնակեցվել 1828-ին՝ Պարսկաստանից եկած հայ գաղթականներով։ 1897-ի մարդահամարով Ա. արդեն ուներ 1849 բն.։ 1930-ական թթ. Ա–ի բնակիչների գրեթե կեսը, դուրս գալով գյուղից, հիմնեց մի քանի նոր գյուղեր (Սառնակունք, Սպանդարյան, Բորիսովկա)։

(նկ․) Անգեղակոթ։ Խաչքարեր։

Ա–ում կան նեոլիթի, բրոնզի դարի դոլմեններ, դամբարաններ, ինչպես նաև միջնադարյան հուշարձաններ՝ եկեղեցիներ (Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս, Ս.Հազարափրկիչ), մատուռներ, խաչքարեր, գերեգմանատներ (որոնցից մեկը՝ V դարից), վաղ քրիստոնեական շրջանի խոշոր եկեղեցու հետքեր։ Գյուղի մոտ է գտնվում նաև «Վարդան զորավար» ուխտատեղի– հնավայրը։ Մ. Հասրաթյան, Բ. Գասպարյան

ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ԺՈՂՈՎ, գաղտնի ժողով, որի մասին վկայող փաստաթուղթը Իսրայել Օրու՝ 1699-ի ապրիլի 29-ի զեկուցագիրն է Պֆալցի (Գերմանիա) Կուրֆյուրստ Հովհանն Վիլհելմին։ Ըստ այդ թղթի, ժողովը հրավիրվել է Սյունիքի Անգեղակոթ գյուղում, 1699-ի ապրիլին՝ Իսրայել Օրու նախաձեռնությամբ։ Ա. ժ–ին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։ Քննարկել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Հովհանն Վիլհելմին և Պետրոս Առաջինին՝ հայցելով նրանց օգնությունը։ Ա. ժ–ից հետո Իսրայել Օրին վարդապետ Մինաս Տիգրանյանցի հետ ուղևորվեց Եվրոպա, սակայն, ոչ մի արդյունքի չհասնելով, Հայաստանի ազատագրության ծրագրերի իրականացումը կապեց Ռուսաստանից ստացվելիք օգնության հետ։

Գրկ. Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959։ Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ., 1898, с. 21–27. Ս. Պողոսյան


ԱՆԳԵՂ–ՏՈՒՆ (հուն. νγαληνή, լատ. ngalana), գավառ և նախարարություն Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, այժմյան Թուրքիայի Դիարբեքիր վիլայեթի Ակլ կամ Էգիլ գավառի տեղում։ Կենտրոնն էր Անգղ բերդաքաղաքը, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հս., Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։ Ենթադրվում է, որ Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի)։ Անգեղի անունով տեղանուններ կային նաև Հայաստանի Ծաղկոտն գավառում (Անգղ), Սյունիք նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին, Արտամետի մոտ (Անգղ) ևն։ Ա–տ. հեթանոս հայերի նվիրական վայրերից էր, Տորք դյուցազնի գլխ. տաճարատեղը, որտեղից էլ՝ սրա «Տորք Անգեղեայ» («Անգեղի Տորք») անվանումը։ Հելլենիստական դարաշրջանում Ա–տ. մտնում էր Ծոփքի հայկ. թագավորության մեջ։ Ծոփքը Մեծ Հայքի հետ միավորելուց (մ. թ. ա. 94) հետո Տիգրան Բ Սեծը Ա–տ. դարձրեց արքունական կալվածք և ռազմական հենակետ։ Ա–տ. նույն դերն էր կատարում նաև հայ Արշակունիների ժամանակ՝ մինչև IV դ. վերջերը։ Ըստ Ագաթանգեղոսի, Ա–տ. մեծ իշխանը դասվում էր Հայոց 4 սահմանակալ բդեշխություններից անմիջապես հետո։ Զորանամակի համաձայն, Ա–տ., որի զորաթիվը 3400 հեծյալ էր, կատարում էր Հայոց Արևմտյան դարպասի հսկողության պարտականություն։ Ըստ Փավստոս Բուզանդի, Ա–տ. ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր և նրանցից շատերի աճյունների հանգստարանը։ Ենթադրվում է, որ Ա–տ. համանման նշանակություն է ունեցել Արտաշեսյանների, գուցե նաև նրանց նախնիների համար։ IV դ. կեսին Ա–տ. մեծ իշխանն էր արքունի ներքինապետ Դրաստամատը, որը «… հավատարմությամբ պահում էր Անգեղ բերդի գանձերը, նույնպես և բոլոր արքունական բերդերը, որ գտնվում էին այդ կողմերում։ Նույնպես և Ծոփաց աշխարհում Բնաբեղ բերդում եղած գանձերը նրա տեսչության տակ էին և նրա բարձը բոլոր նախարարների բարձերից վեր էր» (Փավստոս Բուզանդ, Պատմ. Հայոցի V դպր., գլ. է)։

Մեծ Հայքի 387-ի բաժանումով Ա–տ. դարձավ Հռոմեական կայսրության հինգ հայկական սատրապություններից մեկը՝ Անգելենե անունով։ XI դ. Ա–տ. երբեմն մտել է հայ իշխանությունների կազմի մեջ։ Այնուհետև քոչվորական զանազան հորդաների նվաճումները խափանեցին Ա–տ. վերամիավորումը հայկ. իշխանությունների հետ՝ հետզհետե փոխելով նրա էթնիկական պատկերը։ XX դ. սկզբին գավառն ուներ շուրջ 200 գյուղ, որոնք մեծ մասամբ քրդաբնակ էին։ Ա–ում ցարդ պահպանվում են հայկ. բազմաթիվ ավեր կամ կանգուն հուշարձաններ։ Ս. Երեմյան


ԱՆԳԻՆԱ (<լատ. ango - սեղմում եմ, խեղդում եմ), բկաբորբ, սուր նշիկաբորբ, քմային ավշային հանգույցների (նշագեղձեր) սուր բորբոքում, որն ուղեկցվում է կոկորդի ցավերով, ջերմության բարձրացմամբ (38–40°) և ընդհանուր թուլությամբ։ Սուր վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչները թարախածին մանրէներն են՝ ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, պնևմոկոկերը։ Ա–ի առաջացմանը նպաստող գործոններն են՝ քթի հավելյալ խոռոչների քրոնիկական թարախային բորբոքումները, ատամների ոսկրափուտը, մրսածությունը և օրգանիզմի դիմադրողականության նվազումը։ Լինում է Ա–ի մի քանի տեսակ, կատարային (դմային կամ հասարակ) Ա., ըմպանի լորձաթաղանթը և նշագեղձերը կարմրած են, ջերմությունը բնականոն կամ ենթատենդային է։ Ֆոլիկուլային (պատճուկային) Ա., նշագեղձերը այտուցված և արնալեցուն են, մակերեսը՝ ծածկված դեղնասպիտակ կետերով, թարախակալված ֆոլիկուլներով (պատճուկներով), որոնք ձուլվելով առաջացնում են դեղնավուն փառ։ Լակունային Ա., նշիկների լակունաների (փոսիկների) մեջ առաջանում է էպիթելի անջատված մասերից կազմված բաց դեղնավուն փառ։ Ֆլեգմոնային (թարախուտային) Ա., նշիկների շրջակա հյուսվածքների խորը թարախակալում։ Ա. նաև ախտանիշ է մի շարք վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, քութեշ) և լեյկոզների ժամանակ։

Ա. տևում է 3–7 օր։ Երբեմն առաջացնում է սրտային, երիկամային, հոդային բարդություններ։

Բուժումը. անկողնային ռեժիմ, պարանոցին տաքացնող կոմպրեսներ, կոկորդի ողողումներ ախտահանիչ լուծույթներով (2%-անոց բորաթթվի, կերակրի աղի, կալիումի պերմանգանատի ևն)։ Ծանր դեպքերում՝ անտիբիոտիկներ, սուլֆամիլ–ամիդային դեղանյութեր։ Քրոնիկականի դեպքում՝ նշիկների հեռացում։ Կանխարգելումը՝ օրգանիզմի սիստեմատիկ կոփում, բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների ժամանակին բուժում։ Հ. Հովհաննիսյան


ԱՆԳԻՈՍՊԱԶՄ (<հուն. αγγετον - անոթ + σπάω – ձգում եմ), զարկերակների և մազանոթների պարբերական կծկում, որը խանգարում է հյուսվածքների և օրգանների արյունամատակարարմանը և սնուցմանը։ Պատճառներն են՝ սիմպաթիկ նյարդային համակարգի գերգրգռվածությունը, արյան մեջ ադրենալինի և ադրենալինանման նյութերի ավելացումը։ Ա. նպաստում է անոթների պատերի ախտաբանական փոփոխությունների առաջացմանը (աթերոսկլերոզ)։ Կարող է առաջացնել հիպերտոնիկ հիվանդություն, անգար, կաթված, բրոնխային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ։


ԱՆԳԻՍՏԱՆ, Անգիստանիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հարավ–արևելք, Խոշաբ գետի ձախ կողմում, այգեշատ վայրում։ XIX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բն,, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի շրջակայքում պահպանվել են հին բնակավայրերի ավերակներ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Կոտորածից փրկված բնակիչներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։


«ԱՆԳԻՏԱՑ ԱՆՊԵՏ», Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունը։ Գրել է 1482-ին, Կ. Պոլսում։ Առաջին անգամ հրատարակվել է 1926-ին, Վիեննայում։ «Ա. ա.» դեղանյութերի բազմալեզու (հայերեն, հունարեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն), հանրա–