Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/380

Այս էջը սրբագրված է

գիտական բնույթի բառարան է։ Գրքում տրված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի գրեթե բոլոր բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող 3754 անուն դեղանյութերի նկարագիրը, նրանց տարբեր զուգորդումների, բուժման միջոցների պատրաստման եղանակները և օգտագործման ձևերը, շոշափված են նաև հանքային ջրերով բուժման, օրգանաթերապիայի և տեղային անզգայացման հարցերը։ Ա. Կծոյան


ԱՆԳԼԵՐԵՆ, պատկանում է հնդեվրոպական լեզուների արևմտագերմանական խմբին։ Ա–ով խոսում և պետական գործավարության, գրականության ու գիտության մեջ Ա. օգտագործում է մոտ 300 մլն. մարդ՝ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում (իռլանդերենի հետ մեկտեղ), ԱՄՆ–ում, Կանադայում (ֆրանսերենի հետ մեկտեղ), Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, մասամբ նաև Արևմտյան ու Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում։ Ա. ՄԱԿ–ում ընդունված պաշտոնական և աշխատանքային հինգ լեզուներից մեկն է։ Ժամանակակից Ա. գերմ. երեք ցեղերի՝ անգլերի, սաքսերի և յուտերի բարբառների պատմական զարգացման արդյունք է։ Որպես առանձին լեզու սկսել է ձևավորվել V դ., երբ անգլո–սաքսերը ներխուժեցին Բրիտանական կղզիները և բնիկների՝ կելտերի (բրիտներ և գեյլեր) մի մասին ձուլեցին իրենց հետ, իսկ մյուս մասին արտամղեցին դեպի Շոտլանդիայի լեռները։ Նրանք օգտվում էին ռունագրերից, որոնք քրիստոնեության մուտքից (VI դ.) հետո փոխարինվեցին լատինական այբուբենով։ Ա–ի պատմության մեջ տարբերում են երեք փուլ՝ հին (V–XI դդ.), միջին (XI–XVդդ.) և նոր (XV դ. մինչև մեր օրերը)։

Հին Ա. եղել է թեքական լեզու, որտեղ տարբեր քերականական իմաստներն արտահայտվել են բառի վերջավորության (fise – «ձուկ», fisees – «ձկան») կամ արմատական ձայնավորի (fōt - «ոտք», fet – «ոտքեր») փոփոխությամբ, խոսքի մասերը միմյանցից տարբերվել են ձևաբանական առանձնահատկություններով, նախադասության անդամներն ունեցել են ազատ շարադասություն։ Հին Ա–ին բնորոշ էին կարճ և երկար ձայնավորների կանոնավոր զուգահեռականությունը, քմային և կոշտ բաղաձայնների հակադրությունը։ Նրա բառապաշարը հիմնականում եղել է միատարր՝ կազմված անգլո–սաքսոնական բառարմատներից։ Սկանդինավցիների ներխուժումների (VIII–XI դդ.) և Անգլիան Դանիային ենթարկելու (1016) հետևանքով Ա. կրեց սկանդինավյան լեզուների ազդեցությունը։ Ա–ի և նրան ազգակից սկանդինավյան բարբառների խաչաձևումը հանգեցրեց նրա քերականության մեջ վերլուծական տարրերի զարգացմանը։ Նորմանների կողմից Անգլիան նվաճելուց (1066) հետո ստեղծվեց յուրատեսակ երկլեզվություն, երբ պետական լեզուն դարձավ ֆրանսերենը, իսկ Ա. մնաց որպես ժողովրդի խոսակցական լեզու։ Նորմանական տիրապետության շրջանում Ա–ի մեջ մուտք գործեցին մեծ թվով ֆրանսերեն բառեր։ XIV–XV դդ., երբ Անգլիայում ձևավորվեց բուրժ. հասարակարգը, փոխվեց Ա–ի հասարակական դերը, ֆրանսերենը դադարեց պետ. լեզու լինելուց, գիտության տարբեր բնագավառներից աստիճանաբար դուրս մղվեց լատիներենը։ Նրանց տեղը գրավեց Ա.։ XV–XVII դդ. կենտրոնական՝ միդլենդյան բարբառների (ներառյալ Լոնդոնի բարբառը) հիման վրա կազմավորվեց Ա–ի ազգային գրական լեզուն։ Ա–ում տեղի ունեցած հնչյունական արմատական փոփոխությունները («Ձայնավորների մեծ տեղաշարժը» ևն) համարյա չեն արտացոլվում հիմնականում միջին շրջանում ձևավորված ուղղագրության մեջ, որի հետևանքով էլ առաջ է գալիս գրության և արտասանության խիստ տարբերություն։ Բազմաթիվ փոխառությունները Ա–ի բառապաշարը դարձրել են խայտաբղետ ու բազմատարր՝ խախտելով բառակազմական բների նախկին պարզ հարաբերությունները։ XVII դ. սկզբին Ա. մուտք է գործել Ամերիկա, ուր կազմավորվել Է գրական լեզվի երկրորդ տարբերակը՝ արտասանության, քերականության, ուղղագրության, բառապաշարի որոշ յուրահատկություններով։ Այսպիսով, ժամանակակից Ա. ներկայանում է մեզ գրական երկու տարբերակներով՝ բրիտանական և ամերիկյան։ Մեծ Բրիտանիայում մասամբ պահպանվել են տեղային հին բարբառները (շոտլանդական, հյուսիսային, միդլենդյան, հարավային), որոնք, սակայն, աստիճանաբար դուրս են մղվում գրական՝ այսպես կոչված «ստանդարտ անգլերենի» կողմից։ ԱՄՆ–ում Ա. ներկայանում է մի շարք բարբառային տարբերակներով (Նոր Անգլիայի, հարավային, կենտրոնական–արևմտյան կամ ընդհանուր ամերիկյան), որոնց միջև տարբերություններն ավելի քիչ են, քան Մեծ Բրիտանիայի հին բարբառների միջև։

Գրկ. Գույումճյան Մ., Ընդարձակ բառարան անգլիերենե հայերեն, Կահիրե, 1961։ Ильиш Б. А., Строй современного английского языка, М., 1965; Смирницкий А. И., Морфология английского языка, М., 1959; Նույնի, Синтаксис английского языка, М., 1956; Նույնի, Древнеанглийскийо язык, М., 1955; Նույնի, История английского языка, М., 1965; Ярцева В. Н., Историческая морфология английского языка, М.–Л., 1960; Նույնի, Исторический синтаксис английского языка, М., 1961; Швейцер А. Д., Очерк современного английского языка в США, М., 1963; Jones D., English Pronouncing Dictionary, M., 1964; Francis W. N., The Structure of American English, N. Y., 1958; The Concise Oxford Dictionary, L., 1956; Webster's New World Dictionary of American Language, N. Y., 1955. Հ․ Ասմանգուլյան


ԱՆԳԼԻԱ (England, ուշ լատ. Anglia), Մեծ Բրիտանիայի վարչա–քաղաքական մաս, նրա պատմական կորիզը։ Լայն իմաստով «Ա.» ասելով հաճախ հասկանում են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն ամբողջությամբ։ Տարածությունը 131 հզ. կմ² Է (Մեծ Բրիտանիայի տերիտորիայի 54%), բնակչությունը՝ շուրջ 46,5 մլն. մարդ (1970) կամ երկրի ամբողջ բնակչության 83%: Վարչական առումով Ա. բաժանվում է 48 կոմսությունների։ Գլխավոր քաղաքը Լոնդոնն Է։ Ա. երկրի ամենազարգաց ածարդ. շրջանն Է. նրան բաժին Է ընկնում երկաթի հանքաքարի արդյունահանության մեծ մասը, քարածխի՝ 2/3, սև մետալուրգիայի և մեքենաշինության (այդ թվում՝ նավերի, ավտոմոբիլների, ինքնաթիռների, Էլեկտրամեքենաների արտադրության), տեքստիլ և քիմ. արդ–յան հիմնև․ մասը։ Արդ. կարևորագույն կենտրոններն են՝ Մեծ Լոնդոնը, Մանչեստրը, Լիվերպուլը, Լիդսը, Բրեդֆորդը, Շեֆիլդը, Նոթինգհեմը, Լեստերը, Գերբին, Նյուքասլը, Միդլսբրոն ևն։ Ա. միաժամանակ երկրի հողագործական–անասնապահական կարևոր շրջանն Է։ Նրան բաժին Է ընկնում վարելահողերի և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 2/3։ Տրանսպորտային ցանցը խիտ Է։ Նավահանգիստներով (Լոնդոն, Լիվերպուլ, Մանչեստր, Սաութհեմպտոն ևն) կատարվում է երկրի բեռնաշրջանառության 80%։

Ա–ի բնության, պատմության, տնտեսության, մշակույթի մասին մանրամասն տես Մեծ Բրիտանիա հոդվածում։


ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1640–1660, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ XVII դ. կեսին Անգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։ Գյուղում դրամա–ապրանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստական վարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Ա. բ. հ–յան հասունացմանը նպաստեց երկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Ա. բ. հ–յան հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Ա. բ. հ. արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժ. գաղափարախոսություն և կրոնական–քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։

Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ I (1603–25) ևԿառլոս I (1625–49), ընդհարման մեջ մտան պառլամենտի հետ։ Կառլոս I գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629-ին արձակեց պառլամենտը և մինչև 1640-ը կառավարեց միանձնյա։ Դրանք հետադիմության, ահաբեկման, հատկապես պուրիտանների դեմ ուղղված հալածանքի