Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/381

Այս էջը սրբագրված է

տարիներ էին։ Անգլիայում սկսվեց տնտ. և քաղ. ճգնաժամ։ 1637-ի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս I 1640-ի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբ. 3–1653 ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժ. պետական կենտրոնի դեր։ Ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններում Երկարատև պառլամենտը 1640–42-ին իրականացրեց մի շարք բուրժ. վերափոխումներ, որոնք խարխլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ Հեղինակազրկված թագավորը 1642-ի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Ա. բ. հ–յան «սահմանադրական շրջանը» (1640–42)։

1642-ի օգոստ. 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։ Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642–46) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 դեկտեմբեր–1645 հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։ 1645-ի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս I բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646-ի վերջին ավարտվեց պառյամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647-ի փետր. 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647–49-ը եղան Ա. բ. հ–յան բուրժուա–դեմոկրատական շրջանը։ Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավված թագավորական, եպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։ 1646-ին պառլամենտի վճռով ֆեոդալական հողային սեփականությունը վերածվեց բուրժ. ազատ սեփականության, աշխատավոր գյուղացիության հողազրկումը ստացավ նոր ընթացք։ Արգելքներ հարուցվեցին բանվորների աշխատավարձի բարձրացմանը, սահմանվեցին նոր անուղղակի հարկեր։ Այս ամենն առաջացրեց ժող․ զանգվածների լուրջ դժգոհությունը։ Ժողովրդի շահերն էր արտահայտում 1647-ի գարնանը ինդեպենդենտներից անջատված լևելերների («հավասարարների») ձախ մանրբուրժ. դեմոկրատական հոսանքը, որի առաջնորդն էր ականավոր հեղափոխական գործիչ և հրապարակախոս Լիլբեռնը։ Լևելերները զինվորների շրջանում վարելով հեղափոխական ագիտացիա՝ պահանջում էին բոլոր «ազատ ծնված» մարդկանց իրավունքների հավասարեցում օրենքի առջև, լայն ընտրական իրավունքի սահմանում ևն։ Այսպես կոչված «ճշմարիտ լևելերները» (դիգերները), որոնց գլխավորում էր Ջերալդ Ուինստենլին, ավելի հեռուն գնացին։ Նրանք 1649-ին առաջադրեցին գյուղացիական–պլեբեյական հեղափոխական ագրարային ծրագիր՝ մասնավոր սեփականության վերացման, մարդկանց լիակատար հավասարության, հողը գյուղացիներին հանձնելու պահանջով։ Ինդեպենդենտական ազնվական հրամանատարությունը ստիպված էր պաշտպանել զինվորներին, որոնք հանդես եկան բանակի զորացրման վերաբերյալ պառլամենտի որոշման դեմ։ Սակայն, 1647-ի հոկտեմբեր–նոյեմբերին Լոնդոնի արվարձան Պատնիում գումարված համաբանակային կոնֆերանսում Կրոմվելը, Այրտոնը և այլ ինդեպենդենտ գեներալներ ու սպաներ («գրանդներ») մերժեցին դեմոկրատական պառլամենտական հանրապետության ստեղծման լևելերական առաջարկը՝ պաշտպանելով սահմանափակ պառլամենտական միապետությունը։ Կոնֆերանսը ձախողվեց։ Բանակը դրվեց ինդեպենդենտների իրավասության տակ։ Կառլոս I անակնկալ փախուստը գերությունից նորից փոխեց քաղ. կացությանը։ 1648-ի գարնանը թագավորը, դաշինքի մեջ մտնելով շոտլանդացիների հետ, վերսկսեց քաղաքացիական ատերազմը, որը

(նկ․) ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ XVII դ․